Civil Consciousness - «Քաղաքական, թե՞ քաղաքացիական». կեղծ դիսկուրս
  • :
  • :


«Քաղաքական, թե՞ քաղաքացիական». կեղծ դիսկուրս



Վերջերս հայ հասարակության ակտիվ շրջանակներում (քաղաքացիական նախաձեռնություններ, կուսակցական գործիչներ) ինտենսիվ քննարկումներ են ընթանում շարժումների՝ քաղաքացիական, թե քաղաքական բնույթի ճշմարտացիության կամ արդյունավետության մասին։ Ի սկզբանե այս դիսկուրսը կեղծ բնույթ ունի և ուղղակիորեն քննարկման օրակարգում է պահվում բացառապես քաղաքական կուսակցությունների թելադրանքով։ Ի դեպ, այս հարցադրումը շահարկվում է թե՛ իշխանական, թե՛ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից։ Բնականաբար, երկու կողմերն էլ փորձում են հարցադրումը ծառայեցնել իրենց նեղ կուսակցական շահերին։ Իշխանական հատվածը փորձում է տարբեր ձևերով «ապացուցել», որ «քաղաքացիական նախաձեռնություններն ու շարժումները այնքան ժամանակ են մնում քաղաքացիական, քանի դեռ չեն պահանջում որևէ իշխանավորի հրաժարականը»։ Վերոնշյալ ձևակերպումների հետ համաձայնվելու պարագայում քաղաքացիական շարժումներին այլ բան չի մնա անելու, քան կոնկրետ հարցեր լուծելու փոխարեն պարզապես կատարել փողոցային ընդդիմությանը կամ քաղաքական ուժին անվնաս փոխարինողի դերը, որի պարագայում ցանկացած բովանդակային պահանջներ ունեցող շարժում միանգամից կվերածվի մարդկանց մարգինալ խմբի։

Քաղաքական ճամբարի մյուս՝ ընդդիմադիր, կամ ինչպես իրենք են իրենց անվանում՝ «ոչ իշխանական» հատվածի հռետորաբանությունը այս դիսկուրսում տրամագծորեն հակառակն է և այս դեպքում էլ այն բխում է միայն ու միայն իրենց նեղ կուսակցական շահերից։ «Ոչ իշխանականներն» էլ փորձում են քաղաքացիական հանրությանը կերակրել մեկ այլ անտրամաբանական ձևակերպմամբ. այն է՝ «ցանկացած շարժում քաղաքական պետք է լինի, որպեսզի էական արդյունքներ գրանցի»։ Առաջին հայացքից այս կոչը իրենից ոչ մի հետին նպատակ չենթադրող կոչ է երևում, և քաղաքագիտական կրթություն ունեցող ցանկացած անհատի հնարավորություն է ընձեռում առանց վարանելու բովանդակային քննարկում ծավալել տվյալ մեկնաբանության ճշմարտացիության շուրջ, սակայն հերիք է ընդամենը այդ մարդկանց հետ սկսել բովանդակային քննարկման ակնկալիքով քննարկումն ու համոզվել՝ «չէ պարոնայք դուք արժանի եք նման իշխանությունների հետ նույն հարթության վրա լինելուն»։ «Ոչ իշխանականները» այս կեղծ դիսկուրսի ընթացքում նույնքան սնանկ են, որքան իրենց քաղաքական հակառակորդները։ Այս մարդիկ էլ, ի հակադրություն իշխանությունների կողմից բերված մեկնաբանությունների, ասում են, թե ցանկացած շարժում, որի կարգախոսի մեջ չկա «հանցավոր ռեժիմի հեռացման պահանջը», դատապարտված է ձախողման, ինչն էլ անուղղակի ձևով ենթադրում է իրենց կողմից առաջ քաշված օրակարգի պարտադրում։

Ավելի պարզ ասած իշխանական թևը ասում է. «ինչ ուզում եք արեք, միայն մեզ մի ասեք հեռացեք», իսկ «ոչ իշխանականներն» ասում են՝ «ասեք, որ էս իշխանությունները հանցավոր են, «քխ»են, օգնեք իշխանափոխություն անենք, հետո ուզում եք մեզ կասեք վատն ենք»։ Այս երևույթը գալիս է ապացուցելու այն ԱՆՇՐՋԵԼԻ իրողությունը, որ քաղաքական դաշտը, ըստ էության, սպառել է իրեն և քաղաքական դաշտում անհրաժեշտ են արմատական համակարգային փոփոխություններ։ Քաղաքացիական դաշտի ակտիվությունը և նույնիսկ քաղաքական օրակարգերի ձևավորման մեջ նրանց դոմինանտությունը գալիս են փաստելու այն անշրջելի իրողությունը, որ ՀՀ գիտակից քաղաքացին այլևս ապավինում է միայն իր սեփական ուժերին, ինչն էլ վաղ թե ուշ հանգեցնելու է՝ միատարր քաղաքական դաշտի փոխարինմանը երիտասարդ և ինքնավստահ քաղաքական դաշտով։ Վերջիվերջո ֆորմալ առումով քաղաքացիական ցանկացած հասուն շարժման վերափոխումը քաղաքական ուժի այդքան էլ բարդ գործընթաց չէ, իսկ հայկական իրականության պարագայում առկա խնդիրների լուծման միակ հնարավոր տարբերակը հենց դա է։

Հ.Գ. Վերջում կցանկանամ բոլոր տեսակի քաղաքական ուժերին հիշեցնել 21–րդ դարի նախաշեմին Սերբիայում ստեղծված իրավիճակը, որտեղ քաղաքական ուժերը իրենց տեղը զիջեցին քաղաքացիական շարժմանը և շարժվեցին այդ շարժման թելադրած օրակարգով։

Նարեկ Սամսոնյան

Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1541