Civil Consciousness - Գաղափարական սնանկություն
  • :
  • :


Գաղափարական սնանկություն



ՀՀ–ում արդեն տասնամյակից ավել է, որ քաղաքական փոփոխություններն ի սպառ բացակայում են։ Սկսած 1995 թվականից մեր երկրում ցանկացած համապետական ընտրություններում հաղթող են ճանաչվել գործող իշխանությունների կողմից առաջադրված թեկնածուներն ու կուսակցություները կամ կուսակցական դաշինքները (միակ բացառությունը, կրկին վերապահումներով, կարելի է համարել «Միասնություն դաշինք»–ի հաղթանակը խորհրդարանական ընտրություններում)։ 95–ի խորհրադարանական ընտրություններից սկսած ՀՀ քաղաքացիների մի ստվար զանգված բողոքել է ընտրությունների արդյունքներից և, մեծ մասամբ, այդ արդյունքները հասարակության զգալի մասի կողմից համարվել են համատարած կեղծիքների հետևանք։

Տեղափոխվելով մեր օրեր' երկրի հասարակական կյանքում պետք է արձանագրել բազմաթիվ դրական տեղաշարժեր, որոնք, ցավոք սրտի, որևէ կերպ չեն առնչվում քաղաքական մտքի զարգացվածության հետ։ Քաղաքացիական հատվածում ահռելի առաջընթաց է նկատվում, ինչը արտահայտվում է տարատեսակ քաղաքացիական շարժումների և նախաձեռնությունների տեսքով, բայց, ի հեճուկս վերոգրյալի, ՀՀ–ում բացակայում են քաղաքական փոփոխությունները, ինչը շատերի կարծիքով քաղաքական դաշտի ձախողման կամ գաղափարազուրկ գործունեության հետևանք է հանդիսանում։

Մեր երկրում այսօր քաղաքական ընդդիմություն փաստացի գոյություն չունի։ Նախկինում որպես քաղաքական ընդդիմություն հանդես եկող ուժերը ներկայումս իրենց իսկ ձևակերպմամբ վերածվել են «ոչ իշխանական» ուժերի, ամեն կերպ խուսափում են օգտագործել «ընդդիմադիր» եզրույթը, մի քանի տարի առաջ իշխանական կոալիցիայում եղած և տարբեր օրինագծերի կողմ քվեարկած քաղաքական ուժն այսօր ամեն կերպ պայքարում է իր իսկ կողմից ժամանակին հավանության արժանացրած օրինագծի Դ!ԵՄ և արդյունքում դեռևս շարունակում է իր գործունեությունը քաղաքական դաշտում։ ՀՀ ԱԺ–ն վերածվել է դասական ՈւՀԱ–ի, ԱԺ նիստերի ժամանակ պատգամավորները և կառավարության անդամները միմյանց «Չաթլախ» են անվանում, հենց ԱԺ նիստերի դահլիճում հայհոյում են իգական սեռի ներկայացուցիչ լրագրողներին։ Գրեթե բոլոր պետական պաշտոնյաներն ու կուսակցությունների առաջնորդները հանրությանը հայտնի են իրենց մականուններով և այդպես շարունակ։ Այնպիսի մթնոլորտ է ձևավորվել երկրում, որ բոլոր հարցերը լուծվում են քրեական աշխարհին հայտնի օրենքներով։ Քաղաքական X ուժին սպասարկող «դեղին» մամուլը մեղադրում է մեկ այլ «դեղին» մամուլի քաղաքական Y ուժին սպասարկելու մեջ։ Իսկ հասարակական կամ քաղաքական գործունեությամբ զբաղվող այն անհատները, ովքեր փորձում են արտահայտել այնպիսի կարծիք, որը դուրս է այս կամ այն մեռելածին կուսակցության տեսակետների տրամաբանությունից միանգամից պիտակավորվում են այդ ուժերին սպասարկող «դեղին» մամուլներից որևիցե մեկի կողմից։ Գեբելսյան քարոզչությամբ առաջնորդվող «ԶԼՄ»–ն մեղադրում է մեկ այլ «ԶԼՄ»–ի գեբելսյան քարոզչությամբ զբաղվելու մեջ։ ԱԺ խորհրդարանական խմբակցություններից մեկի ղեկավարը տվյալ խմբակցության ճեպազրույցների ժամին արտահայտում է «իր անձնական» կարծիքն ինչ–որ խնդրի վերաբերյալ, որը հետագայում պարզվում է կապ չունի իր ներկայացրած խմբակցության կարծիքի հետ և այս երևույթը քաղաքական «ԲԱՌԱԴԻՈւԹՅՈւՆ» որակվելու փոխարեն ներկայացվում է որպես «ներկուսակցական ժողովրդավարություն»։ Այս պայմաններում խոսել քաղաքական միասնական օրակարգի ձևավորման մասին ուղղակի անիմաստ զբաղմունք է։

Այսօրվա հայաստանյան քաղաքական դաշտն ունակ չէ որևէ դրական փոփոխություն իրականացնել։ Ցանկացած փոփոխության կոչ կամ գործողություն լի է անորոշությամբ։ Վերջին տասնամյակում տեղի ունեցած յուրաքանչյուր համապետական ընտրություն ունեցել է բավականին բուռն հետընտրական զարգացումներ, սակայն արդյունքում որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս ամենի պատճառները թաքնված են գաղափարազուրկ քաղաքական ուժերի ֆունկցիոնալ թերարժեքության մեջ։ Չկա որևէ հստակություն գործողությունների հաջորդականության, առաջ քաշված պահանջների և դրանց իրականացման միջոցների մեջ։ Ամեն ինչ գուշակության մակարդակի վրա է։ Պահանջում են X պաշտոնյայի հրաժարականը և միայն սահմանափակվում են այդ պահանջով։ Չկա ոչ մի խոսք այդ պաշտոնյային հավանական փոխարինողի մասին, չկա ոչ մի այլընտրանքային ծրագիր, որը կարելի կլինի ներկայացնել ժողովրդի դատին և կարժանանա հանրության որոշակի շերտի աջակցությանը։ Այսպիսի պայմաններում իշխանափոխության մասին խոսելն ուղղակի ֆանտազիայի ժանրից է։ Իշխանափոխությունը հարցի լուծում չէ այն պարագայում, երբ չկա իշխանությանը հավակնող այնպիսի ուժ կամ անհատ, որը կկարողանա շահել ժողովրդի վստահությունը։ Իշխանափոխությունը հարցի լուծում չէ այն պարագայում, երբ չկա հետագա ժողովրդավարական համակարգի ստեղծման նախադրյալներ կամ պատկերացումներ։ Ցանկացած բռնապետության տապալում դեռ երկրի ժողովրդավարացման մասին չի խոսում։

Բռնապետության տապալումը կամ իշխանափոխությունը տվյալ երկրի ժողովրդավարացման ճանապարհին առաջին և ամենահեշտ գործողությունն է։ Ավելի կարևոր է բռնապետության տապալման արդյունքում իշխանության եկող քաղաքական ուժի էությունն ու երկրի ժողովրդավարացմանը նպաստելու ֆունկցիոնալ ունակությունները։

Ւ վերջո պատմության մեջ քիչ չեն այն դեպքերը, երբ մի բռնապետին տապալելուց հետո իշխանության գլուխ է եկել մեկ ուրիշ՝ ավելի դաժան բռնապետ։ Իսկ ինչ մնում է՝ «թեկուզ պոլի փեդ մենակ թե ժողովրդի ընտրյալ» տարբերակով առաջնորդվող, Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալու հայտ ներկայացրած մարդկանց, ապա մի փոքրիկ դիտարկում. Ադոլֆ Հիտլերը «պոլի փեդ» չէր և իշխանության էր եկել բավականին ժողովրդավարական սկզբունքով, նրա իշխանավարության հետևանքներն իր մաշկի վրա զգաց ողջ երկրագունդը։



Նարեկ Սամսոնյան



Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1796