Civil Consciousness - «Մեր պատասխանը Չեմբեռլենին»
  • :
  • :


«Մեր պատասխանը Չեմբեռլենին»



Վերջերս որոշել էի հոդվածով անդրադառնալ ներկայումս հասարակական դաշտում գործող, քաղաքական ուժերից պոկված տարրերին և այդ տարրերի ունեցած դերակատարմանը հասարակական դաշտում տեղի ունեցող տարատեսակ միջոցառումներին: Ճիշտն ասած, վերոգրյալ հոդվածը, որը պարաստվում էի ներկայացնել ձեր դատին բացարձակապես բաղկացած էր լինելու փաստերից և զերծ էր լինելու անձնական գնահատականներից: Ցավոք սրտի, այսօր տեղի ունեցած փոքրիկ միջադեպն ինձ այլ ելք չի թողնում, քան ուղղակիորեն անդրառանալ դաշտում գործող որոշակի շերտերի կողմից կուտակված կույր ատելությանը և, ներեցեք բնորոշման համար, «փնթի» վերաբերմունքի արդյունքում սպասվելիք վտանգավոր հետևանքներին: Ինչևէ, խոստացված վերլուծական հոդվածը կլինի քիչ ավելի ուշ:

Վերջերս տեղի ունեցած մի միջոցառման ընթացքում հրապարակայնորեն կարծիք հայտնեցի հասարակական շարժումների ընթացքում տեղի ունեցող միջոցառումների ժամանակ ընտրված տեխնոլոգիաների վերաբերյալ, ինչը, բնականաբար, կառուցված էր միջազգային փորձի ուսումնասիրությունների և մասնագիտական մոտեցումների վրա: Բազմիցս հիմնավորված կերպով ներկայացրել եմ իմ կարծիքն առ այն, որ այսօր ինչպես քաղաքական այնպես էլ հասրարակական դաշտում քիչ չեն այսպես ասած՝ «գործից չհասկացող», նախկինում տարբեր քաղաքական ուժերի շահերը սպասարկած, ցանկացած գործընթացում իրավիճակն ապակայունացնող և արկածախնդիր «անհատները»:

«Անհատների» այս տեսակը հասրակական դաշտում աչքի է ընկնում չհիմնավորված ագրեսիվ պահվածքով, ինչն էլ իր հերթին բերում է տարատեսակ բացասական հետևանքների և ինչի պատճառով այսօր հասարակական լայն կոնսոլիդացիայի մասին խոսելն ուղղակիորեն անիմաստ զբաղմունք է:

Ժամանակին տարբեր կայքերում և հեռուստաընկերություններում լրագրողական կարիերա արած, այնուհետև մի շարք հակահիգիենիկ կայքերում տարբեր անգիր արված տեքստեր արտասանած, կամ մեռելածին քաղաքական ուժերի կողմից տարբեր պաշտոնների համար թեկնածուներ առաջադրված ու ձախողված հակահասարակական տարրերն այսօր բարոյականության և մարդկային բարձր արժեքների քարոզով են զբաղված: Չնայած նրան, որ արդեն վաղուց հայկական իրականությունը լի է պարադոքսալ իրավիճակներով, այնուամենայնիվ, այս տեսակի մարդկանց ներկայությունն ավելի ու ավելի է տորպեդահարում քաղաքական և հասարակական մտքի առաջընթացը:

Ես որպես անհատ ցանկացած պարագայում իմ կարծիքներն արտահայտելիս փորձում եմ լինել մաքսիմալ կոռեկտ և դիմացինիս ասված խոսքը լսել մինչև վերջ անկախ նրանից, թե որքանով եմ կիսում դիմացինիս կարծիքը: Երբեք չեմ փորձում բանավիճել այնպիսի մարդկանց հետ, ովքեր իրենց ողջ գործունեության ընթացքում աչքի են ընկել ոչ սկզբունքային և կիսագրագետ դրսևորումներով: Առհասարակ անտեսում եմ հուզականության արդյունքում ծնված, կամ արդեն տարիքն առած, բայց չինքնահաստատված անհատների կողմից արված ցանկացած գնահատական կամ ոչ ադեկվատ մոտեցում և կոչ եմ անում նմանատիպ հակումներ ունեցող անձանց զերծ մնալ իմ հասցեին և իմ ետևից հնչեցվող տարատեսակ ծիծաղելի և ցածրակարգ նախադասություններից:

Որպես «Քաղաքացիական Գիտակցություն» Հասարակական Կազմակերպության Խորհրդի նախագահ ցանկանում եմ նախազգուշացնել այդ մարգինալ և կասկածելի քաղաքական և լրագրողական կարիերա ունեցած կիսագրագետներին, որ ցանկացած նմանատիպ դրսևորում՝ ուղղված կազմակերպության անդամներից որևէ մեկին ստանալու է արժանի և մի քանի անգամ ավելի ծանր հետևանքների հանգեցնող պատասխան: Այո, մենք դաշտում գործում ենք մեծ թիմով, ունենք մասնագիտական հիմնավորումներ ունեցող և շատ կոնկրետ կարծիքներ և գաղափարներ, որոնք կյանքի ենք կոչել և շարունակելու ենք իրականացնել անկախ նրանից, թե ում դուրն է գալիս և ում դուրը չի գալիս: Ի տարբերություն ոմանց՝ մենք երբեք որևէ դեղին մամուլի էջերում տարատեսակ ծիծաղելի հայտարարություններով կամ տեքստերով հանդես չենք եկել ոչ նախկինում և ոչ էլ հիմա: Ի տարբերություն ոմանց՝ մենք դաշտում պատահականությունների և դեֆիցիտի արդյունքում չէ, որ ունենք մեր ուրույն տեղը և հավատացնում եմ բոլորին, որ շատերն իրենց անցած անցյալով և առկա ներկայով ամենամեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող իրենց չհիմնավորված կարծիքները ճշմարտության տեղ ներկայացնել:

Հ.Գ. Մարդկային գործունեության ցանկացած ոլորտում հուզականությունն ու նեղացվածությունը երբեք լավ խորհրդականներ չեն: Այնպես, որ հետևությունները թողնում եմ ձեզ, իսկ ես միշտ ըմբռնումով եմ մոտեցել չբավարարված մարդկանց: Մնացեք բարյավ...

Նարեկ Սամսոնյան


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1885