Civil Consciousness - Քաղաքական մշակույթի բացակայություն
  • :
  • :


Քաղաքական մշակույթի բացակայություն



Արդեն վաղուց հայկական իրականության մեջ «քաղաքականություն» բառն ուղղակիորեն չի արտացոլում այն սահմանումները, որոնցով առաջնորդվում է ժամանակակից աշխարհը: Արդեն վաղուց մեր երկիրը դասվում է 3-րդ աշխարհի պետությունների շարքին, ինչը բավականին ցավալի է, մասնավորապես, նոր սերնդի համար: «Քաղաքականություն» բառը մեր երկրում ավելի շատ և հիմնականում ասոցացվում է այս կամ այն մականունավոր պաշտոնյայի «գործունեության», ոչ արդար ճանապարհով աստղաբաշխական գումարներ կուտակած կիսաքրեական կամ քրեական տարրերի և նմանատիպ այլ բացասական երևույթների հետ: Հասարակության սերուցքը հանդիսացող և քիչ թե շատ կրթված երիտասարդները «քաղաքականություն» բառը լսելով միանգամից ետ են վանվում և նրանց փոխարեն քաղաքականությամբ են զբաղվում «սաքուլիկներն» ու տարբեր տեսակի «ուսանողական զորամիավորումները»: «Քաղաքական» կոչվող դաշտում թևավոր խոսք է դարձել «Քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ» նախադասությունը, որն ի դեպ, հնչել է այն մարդու շուրթերից, որը ներկայումս հանդիսանում է մեր երկրի գլխավոր պաշտոնյաներից մեկը:

Հայ քաղաքական իրականությունն ընդհանրացնելու կամ իրավիճակին կարճ գնահատական տալու համար ընդամենը հարկավոր է արձանագրել, որ մեր երկրում այսօր բացակայում է քաղաքական մշակույթը կամ ուղղակիորեն գերակշռում է քաղաքական հակամշակույթը: Այդ իսկ պատճառով ինձ համար արդեն վաղուց զարմանալի չէ, որ Հանրապետականն ու Դաշնակցությունն «ազգային» գաղափարախոսության կրողներ են, զարմանալի չէ, որ Բարգավաճն ու Օրինացը «ազատական» են, մյուսները կիսասոցիալիստական ու սոցիալիստական են և, հետևավաբար, քաղաքական գաղափարախոսությունների մասին խոսելը ևս ավելորդ է:

Այս մարդկանց համար ՀՀ-ն մի տարածք է, որտեղ նրանք բոլորն էլ անխտիր զբաղված են «ձեռնարկատիրականաքաղաքական» գործունեությամբ, որն ամբողջությամբ պայմանավորված է մեկ այլ երկրի շահերը սպասարկելով: ՀՀ քաղաքացիների և այսօրվա համակարգի միջև առաջացած անջրպետը գնալով ավելի ու ավելի է խորանում ինչի արդյունքում մեր երկրի բնակիչների մեծամասնության համար ազգային ինքնագիտակցությունը հավասարվում է ՌԴ քաղաքացիություն ստանալու և այդ երկրում ստրուկի կարգավիճակով ապրելու հետ:

Քաղաքագիտորեն քաղաքական մշակույթը, քաղաքացիական կամ քաղաքական գիտակցությունը, տվյալ պետության քաղաքացիների քաղաքական վարքագիծը և քաղաքական գաղափարախոսությունների առկայությունն ու կիրառելիությունը փոխկապակցված են: Հարկ եմ համարում նաև անդրադառնալ քաղաքագիտության տեսության մեջ «Քաղաքական Մշակույթի» ամենադասական սահմանումներից մեկին, ինչից հետո ընթերցողի համար ավելի հիմնավոր կլինի հոդվածի բովանդակությունը. «Քաղաքական մշակույթը պատմականորեն ձևավորված և հարաբերականորեն կայուն քաղաքական գիտելիքների, գնահատականների և վարքագծի մոդելների, ինչպես նաև քաղաքական հարաբերությունները կարգավորող արժեքների և նորմերի ամբողջությունն է»:

Այս սահմանումը հայկական իրականության հետ համադրելիս բավականին անհարմար իրավիճակում ենք հայտնվում: Պատմականորեն ձևավորված և հարաբերականորեն կայուն քաղաքական գիտելիքներից բխող քաղաքական գործընթացներ մեր երկրում չկան, հակառակը՝ ըստ երկրի գլխավոր պաշտոնատար անձանցից մեկի քաղաքականության մեջ գիտելիքներն այդքան էլ չեն խրախուսվում: Քաղաքական հարաբերությունները կարգավորող արժեքների և նորմերի մասին խոսելը հատկապես անիմաստ է, այդ ամենը պարզելու համար ընդամենը հարկավոր է ուսումնասիրել վերջին տասնամյակում դաշտում գործող ուժերից մի քանիսի քաղաքական գործունեության հետագիծը և վերջ:

Երկրի քաղաքական համակարգը ձևավորող այս կարևորագույն բաղադրիչների ակնհայտ բացակայության պայմաններում մեր երկրի ապագան, մեղմ ասած, մշուշոտ է: Նմանատիպ իրավիճակում ինձ համար բացարձակապես զարմանալի չէ հայկական քաղաքական իրողությունների արատավոր բնույթն ու երկրի բնակչության քաղաքական իներտությունը: Ես արդեն վաղուց որևէ տրամաբանություն չեմ փնտրում այս կամ այն քաղաքական ուժի կողմից ծավալած գործունեության մեջ:

Եվս մի մեջբերում. «Քաղաքական մշակույթի ձևավորման և զարգացման կարևորագույն գործոնը քաղաքական գիտելիքն է»: Քաղաքական գիտելիքների ծավալը, խորությունը, ընկալելիությունը և ճշտգրտությունը, վերջին հաշվով, պայմանավորում են քաղաքական գիտակցությունը և քաղաքական վարքագիծը: Քաղաքական մշակույթի նյութականացված արտահայտությունն են հանդիսանում քաղաքական ինստիտուտները, քաղաքական վարչակարգը, որոնք էլ իրենց հերթին քաղաքական գիտակցության միջոցով առնչվում են քաղաքական գաղափարախոսության հետ: Այսքանից հետո ակնհայտ է դառնում քաղաքական հակամշակույթը քաղաքական մշակույթի վերածելու, կամ առհասարակ քաղաքական մշակույթ ձևավորելու համար անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը, որի իրականացման կարևորագույն նախապայմանն է քաղաքական սերնդափոխությունը: Այն անհատները, ովքեր այսօր համարվում են քաղաքական դաշտի այս կամ այն սեկտորի գլխավոր գործող անձինք արդեն վաղուց սպառել են իրենց: Այդ անհատները մսխել են հասարակության վստահության պաշարները, բոլորով միասին նպաստել են արտագաղթին և այդպես շարունակ: Նախորդ նախադասությունը, բնականաբար, չի նշանակում, որ այդ անհատների «հրամանատարության» տակ գործող երիտասարդները փայլում են իրենց գիտելիքներով և, բնականաբար, ես մեր երկրում քաղաքական մշակույթի ձևավորումը տարբեր սեկտորների «սաքուլիկների» հետ չեմ կապում, բայց առանց այդ մարդկանց հեռանալու ուղղակի անհնարին է դաշտը մաքրել հենց այդ նույն «սաքուլիկներից» :

Հ.Գ. Քաղաքական մշակույթի ձևավորման և դրա զարգացման համար հարկավոր պայմանների ստեղծումը կախված է յուրաքանչյուրիցս: Դեռևս ՀՀ-ում բնակվող գիտակից երիտասարդներից և հասարակական ակտիվություն ցուցաբերող բազմաթիվ միավորներից շատերն ունակ են ձևավորել այն պայմանները, որոնք անհաժեշտ են վերոգրյալի ձևավորման և զարգացման համար և իմ խորին համոզմամբ մենք վաղ թե ուշ ունենալու ենք Ինքնիշխան և զարգացող Հայաստան:


Նարեկ Սամսոնյան


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1200