Civil Consciousness - Ծոցի Արաբական Երկրների Համագործակցության Խորհուրդը ԱՄՆ-ի Հետաքրքրության Շրջանակներում»
  • :
  • :


Ծոցի Արաբական Երկրների Համագործակցության Խորհուրդը ԱՄՆ-ի Հետաքրքրության Շրջանակներում»






20–
րդ դ. վերջին քառորդին Պարսից Ծոցի տարածաշրջանը քաղաքական, սոցիալական և տնտեսական հարաբերություններում աշխարհի ամենալարված տարածաշրջաններից էր: Մասնավորապես Ծոցի արաբական միապետությունները' ՍԱ, ԱՄԷ, Քուվեյթը, Կատարը, Բահրեյնն ու Օմանը, վերջին տասնամյակներում հայտնվել էին համաշխարհային տնտեսության և քաղաքականության կենտրոնում: Այս միապետություններում տեղի էին ունենում մեծամասշտաբ գլոբալիզացման, տնտեսական կապերի ազգայնացման, միջազգային հարաբերություններում նոր չափանիշների առաջացման գործընթացներ:

Սեղմ ժամանակահատվածում արաբական այս վեց միապետությունները դարձան համաշխարհային տնտեսության մեջ ակտիվ տարրեր, արևմտյան տերությունների ֆինանսական կարևոր դոնորներ, վերջիններիս զինամթերքի և գերզարգացած տեխնոլոգիաների առաջատար ներկրողներ: Նրանք նավթի և գազի առաջատար արտահանողներն են և անմիջականորեն ազդում են համաշխարհային շուկայում դրանց գների ձևավորման վրա, ինչպես նաև նավթային գործոնը դարձրել են իրական զենք' տարբեր ճգնաժամային իրավիճակներում: Երկար տարիներ շարունակ տարածաշրջանում տարբեր ուժային կենտրոնների գոյությունը անկայունության պատճառ է հանդիսացել, իսկ 1990-1991թթ. իրաքաքուվեյթյան կոնֆլիկտից հետո Պարսից ծոցի տարածաշրջանը դարձավ ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ներկայության կենտրոն:

1981թ. ստեղծվեց Ծոցի Արաբական Երկրների Համագործակցության Խորհուրդը, որի կազմի մեջ մտան այս տարածաշրջանից վեց արաբական նավթ արդյունահանող միապետություններ' Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, Օման, Կատար, Բահրեյն և ԱՄԷ: Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ ԾԵՀԽ ստեղծման նպատակն էր այս միապետությունների տնտեսական ինտեգրումը, արագ մոդեռնիզացումը, նավթային միասնական քաղաքականությունը: Սակայն դրա ստեղծման իրական դրդապատճառը այս երկրների անվտանգության ապահովումն էր և տարածաշրջանի ուժային կենտրոններին հակակշիռ ստեղծելը: Հասկանալու համար, թե որոնք են այն շարժառիթները, որոնց պատճառով ստեղծվեց այս խորհուրդը և այն մտավ ԱՄՆ կենսական նշանակության տարածքների մեջ: Հայացք նետենք այդ ժամանակաշրջանին:

1970-1980-ական թթ. Ծոցի տարածաշրջանում գոյություն ունեին երկու ուժային կենտրոններ' Իրաքը և Իրանը, իսկ արաբական միապետությունները ամրապնդում էին իրենց նոր ձեռք բերած անկախությունը, փորձում էին ձևավորել ազգային և նավթային քաղաքականություն: Վերը նշված երկու երկրներն էլ ունեին տարածքային վիճահարույց խնդիրներ արաբական վեցնյակի հետ և միաժամանակ ձգտում էին արաբական միապետություններին գցել իրենց ազդեցության գոտու մեջ: Նրանք համեմատած ԾԵՀԽ խիտ բնակեցված էին, ունեին հզոր բանակ, զարգացած տնտեսություն և նավթադոլլարների բավականին բարձր եկամուտ:

Պետք է նկատի ունենալ, որ դեռևս երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Մերձավոր և Միջին Արևելքում ԱՄՆ-ի ամբողջ քաղաքականությունն ուղղված էր վերջինիս տնտեսական, քաղաքական և ռազմավարական դիրքերի ընդլայնմանն ու ամրապնդմանը: ԱՄՆ-ի հետաքրքրությունը այս ստրատեգիական գոտու նկատմամբ պայմանավորված էր մի շարք դրդապատճառներով և տարածաշրջանի երկրների շահերի բախումով: Դրդապատճառներից են ԱՄՆ-ԽՍՀՄ դիմակայությունը համաշխարհային քաղաքականության գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում նաև Պ. Ծոցի տարածաշրջանում, ԱՄՆ ձգտում էր հսկողություն ունենալ տեղական պետական ռեժիմների վրա և նրանց հավատարիմ վիճակում պահել ԱՄՆ-ի համար, մուտք ունենալ ԾԵՀԽ նավթային պաշարներին, որոնք կազմում են նավթի համաշխարհային պաշարներից 43,9 %, իսկ գազը' 15,5%: Բացի այդ Ծոցի համագործակցության խորհուրդը նկատելիորեն ազդում է Մերձավոր Արևելքի քաղաքական իրավիճակի վրա, համարյա թե ոչ մի որոշում չի կայացվում առանց Ս. Արաբիայի մասնակցության, որը համագործակցության խորհրդի ամենաազդեցիկ և հարուստ երկիրն է: Ս. Արաբիայում են գտնվում Մեքքան և Մադինան, ուր ամեն տարի մուսուլմանները հաջ են կատարում: ԾԵՀԽ-ն մուսուլմանական աշխարհի կարևոր մասնիկն է: Այս վերջին հանգամանքը ԱՄՆ-ի համար մեծ նշանակություն ուներ, քանի որ ԾԵՀԽ-ի հետ սերտ դաշնակցային հարաբերությունների մեջ մտնելով՝ ԱՄՆ անշուշտ ձգտում էր արաբաիսրայելական հարցը լուծել հնարավորինս հօգուտ Իսրայելի' ստանալով ՍԱ և ամբողջ ԾԵՀԽ համաձայնությունն ու աջակցությունը:

1968թ. Մեծ Բրիտանիայի կողմից ընդունվեց Սուեզից դեպի արևելք ընկած տարածքից զորքերի դուրս բերման մասին որոշումը: Սա հանդիսացավ ԱՄՆ-ի գործունեության ակտիվացման առաջին խթանը, վերջինս հայտարարեց էներգապաշարների հսկողության և անվտանգության պահպանման անհրաժեշտության մասին: 1980թ. ԱՄՆ նախագահ Կարտերը հայտարարեց, որ Պ. Ծոցի տարածաշրջանը մտնում է «ԱՄՆ-ի և նրա ատլանտյան դաշնակիցների կենսական նշանակության շահերի» մեջ' իր նավթային և բնական գազի պաշարներով: Հենրի Քիսսինջերը իր «Դիվանագիտութուն» գրքում գրում է. «ԱՄՆ և այլ զարգացած ժողովրդավարական պետությունները ծայրաստիճան շահագրգռված են, որ Պ. Ծոցի տարածաշրջանում չգերիշխեն այնպիսի ռեժիմներ, որոնց նպատակները թշնամական են մեզ: Զարգացած երկրների տնտեսությունը կախված է Պարսից ծոցի տարածաշրջանի էներգառեսուրսների մատակարարումից»: Այս տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքերին մեծ վնաս հասցրեց 1979 թ. Իրանի իսլամական հեղափոխությունը, այն լիովին խարխլեց ԱՄՆ դիրքերը, որը զրկվեց իր հուսալի դաշնակից շահական Իրանից, իսկ Իրաքը' Սադամ Հուսեյնի վարչակարգով ԽՍՀՄ-ի հետ սերտ հարաբերությունների մեջ էր:

Հաշվի առնելով այս երկու պետությունների դիրքորոշումը, բացառելով այստեղ իր ներկայության իսպառ վերացումը և միաժամանակ կախվածության մեջ գտնվելով ծոցի արաբական երկրների նավթից' ԱՄՆ իր քաղաքական վեկտորը աստիճանաբար ուղղեց դեպի Սաուդյան Արաբիա, իսկ 1981թ. ԾԵՀԽ կազմավորումից հետո դա տարածվեց նաև մնացած արաբական միապետությունների վրա:

ԱՄՆ-ի հետ համագործակցելը անհրաժեշտ էր նաև ԾԵՀԽ երկրներին, որոնց 80-90-ական թթ. արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից էր Իրանի Իսլամական Հանրապետության և Իրաքի Հանրապետության դեմ ռազմական գերազանցություն ձեռք բերելը: Դրան հասնելու համար ծոցի արաբական միապետությունները ձգտում էին հենվել Արևմուտքի երկրների' մասնավորապես ԱՄՆ-ի վրա, և կարելի է ասել, որ դա ԾԵՀԽ-ի երկարաժամկետ ռազմավարությունն էր:

ԱՄՆ-ի և արաբական վեցնյակի կողմից միմյանց կարևորման գործընթացում կարևորվում են Ծոցի տարածաշրջանում տեղ գտած չորս շղթայական իրադարձություններ. 1979թ. Իրանի իսլամական հեղափոխությունը, 1981թ. ԾԵՀԽ ստեղծումը, 1980-1988թթ. Իրան–իրաքյան պատերազմը և 1990-1991թթ. Իրաք-քուվեյթյան պատերազմը: Հատկապես վերջին իրադարձությունը մեծ ազդեցություն ունեցավ տարածաշրջանի հետագա իրավիճակի վրա:

ԾԵՀԽ-ի համար մեծ սպառնալիք հանդիսացավ 1990թ. օգոստոսի 1-ին սկսված Իրաքի ագրեսիան Քուվեյթի դեմ: Մինչև ծոցի երկրորդ պատերազմի ավարտը կամ դրա նախանշանները, ԾԵՀԽ-ի երկրները գտնվում էին սարսափի և անկարողության մեջ: Ս. Հուսեյնը չէր թաքցնում, որ ինքը չի բավարարվի միայն Քուվեյթի գրավումով: Նա սպառնում էր Ծոցի արաբական միապետություններից ԱՄԷ-ին, ՍԱ-ին, Բահրեյնին և Կատարին: ԾԵՀԽ երկրները գիտակցում էին, որ միայն սեփական ուժերով անհնար է հասնել ռազմական հաջողության Իրաքի դեմ: Արևմտյան պետությունները' ԱՄՆ-ի գլխավորությամբ միջամտեցին այս կոնֆլիկտին և, 1991թ. հունվարի 16-17 Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի ղեկավարությունների կողմից ընդունվեց համատեղ որոշում «խնդիրը ռազմական ուղիով լուծելու» մասին: 1991թ. հունվարի 17-ին սկսվեց «Փոթորիկն անապատում» ռազմական օպերացիան, որտեղ բացի ԱՄՆ-ի,ԾԵՀԽ զորքերից կային նաև արաբական մի շարք երկրների, ՆԱՏՕ–ի բազմազգ զորամիավորումներ: 1991թ. փետրվարի 28-ին Ծոցի երկրորդ պատեարզմն ավարտվեց:

1990-91թթ. Քուվեյթի դեմ Իրաքի ագրեսիայի հետևանքով ստեղծված քաղաքական իրողությունը և պատերազմական գործողությունները նորագույն պատմության մեջ մտել են որպես Ծոցի երկրորդ պատերազմ (Gulf War II)' առաջինը համարելով 1980-88թթ. Իրանա-իրաքյան պատերազմը: Ծոցի երկրորդ պատերազմը բացառիկ նշանակություն ուներ ԱՄՆ-ի համար, դրա շնորհիվ Սադամ Հուսեյնի վարչակարգը լիովին ճնշվեց, այն թույլ տվեց ԱՄՆ իրականացնել 1998, 2003 թթ. ռազմական ծրագիրը և Իրաքը դարձնել սեփական ազդեցության և ռազմական ներկայության կենտրոն: Պետք է նշել, որ քուվեյթյան ճգնաժամի ընթացքում ԱՄՆ վարում էր բավականին նուրբ քաղաքական խաղ: Այսպես՝ ԱՄՆ Իսրայելին չմտցրեց Իրաքի դեմ ռազմական կոալիցիայի մեջ, քանի որ հասկանում էին դրա գաղափարական վտանգը. այդ դեպքում դժվար կլիներ համակրանք և համաձայնություն առաջացնել ԱՄՆ-ի և Ս. Արաբիա-Քուվեյթի միջև: Միաժամանակ ԱՄՆ ձգտում էր ամեն գնով պահպանել Ծոցի տարածաշրջանում իր առաջատար դաշնակցի դիրքերը, ինչը նրան հաջողվեց:

Ամփոփելով կարելի է ասել, որ 90-ական թթ. Պարսից ծոցի տարածաշրջանում տեղի ունեցավ ազդեցության կենտրոնների փոփոխություն. թուլացան երկու խոշոր երկրների' Իրանի և Իրաքի պոտենցիալները: Իրաքը զրկվեց իր նախկին հզորությունից, իսկ Իրանը այնքան էր թուլացել իրանաիրաքյան պատերազմից, որ այդ ժամանակ նշանակալի վտանգ չէր ներկայացնում ԾԵՀԽ-ի համար: Իրաքի Հանրապետության վրա դրված միջազգային ծանր սանկցիաները երաշխավորում էին Ծոցի արաբական միապետությունների անվտանգությունը, ինչը ԾԵՀԽ գլխավոր նպատակն էր: Հենց այդ պատճառով էլ ԾԵՀԽ չեզոք և համախոհ դիրքորոշում գրավեց Իրաքի հանդեպ ԱՄՆ-ի սանկցիաների կիրառման հարցում: Հենց այդ սանկցիաները ազդեցիկ խթան հանդիսացան ԾԵՀԽ երկրների ռազմական և տնտեսական պոտենցիալի զարգացման համար:

Այս պատերազմը խորացրեց և ուժեղացրեց Ծոցի արաբական միապետությունների զինամթերքի մրցարշավը. միայն 1992թ. ԾԵՀԽ 157 մլրդ դոլլարի սպառազինություն էին գնել արևմտյան երկրներից: Չնայած 1990-1991թթ. Քուվեյթյան ճգնաժամից ԾԵՀԽ-ի կրած դժվարություններին, հսկայական ֆինանսական և մարդկային կորուստներին, վերջինիս արտաքին քաղաքական դիրքերը ուժեղացան ամբողջ Մերձավոր և Միջին Արևելքում և Ծոցի արաբական միապետությունների դինաստիաները դարձան էլ ավելի անձեռնմխելի: Դրա հետ մեկտեղ պատերազմը ցույց տվեց, թե ինչ մեծ շարժիչ ուժ է նավթը արևմտյան երկրների և գլխավորապես ԱՄՆ-ի համար. ԱՄՆ չի թողնի ԾԵՀԽ-ին ճգնաժամային իրավիճակում, երբ վտանգված են նրանց նավթահանքերը:

Գնահատելով Ծոցի պատերազմի հետևանքները, ինչպես քաղաքական, այնպես էլ ընդհանուր ամբողջական տեսադաշտից, մեծ հետաքրքրություն է առաջ բերում Ծոցի արաբական միապետություններում շրջանառվող տեսակետը, որ «տեղական երկրների միակ փրկիչն Արևմուտքն է, և առաջին հերթին ԱՄՆ»: ԾԵՀԽ' Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ դարձավ ԱՄՆ-ի առաջատար դաշնակից, հանդես գալով ԱՄն-ի համար որպես միջնորդ և նրա շահերի երաշխավորող տարածաշրջանում:


Նյութը պատրաստեց՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ուսանողուհի Նանե Ենգոյան

Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1370