Civil Consciousness - Քաղաքացիական խաղաղ անհնազանդությունն առաջին հայացքից
  • :
  • :


Քաղաքացիական խաղաղ անհնազանդությունն առաջին հայացքից



Ի՞նչ կարող է անել հասարակությունը, երբ ճնշված է:

Ֆերնանդո Մարկոս, Ավգուստո Պինոչետ, Սլոբոդան Միլոշևիչ, Բոտա. զորեղ և դաժան առաջնորդներ, որոնց մեկ ընդհանուր հատկանիշ է միավորում. նրանց բոլորի իշխանությունը ոչնչացվել է քաղաքացիական խաղաղ անհնազանդության արդյունքում: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է հնարավոր նման զորեղ անհատներին զրկել իշխանությունից: Պատասխանը մեկն է՝ դա հնարավոր է այն ժամանակ, երբ քաղաքացիները ոտքի են կանգնում, համախմբվում մեկ գաղափարի շուրջ և պայքարում այդ ռեպրեսիվ իշխանության դեմ: Դա կոչվում է քաղաքացիական խաղաղ անհնազանդություն, որին մասնակցում են խաղաղ բնակիչները՝ պայքարելու հանուն ռեպրեսիվ իշխանության տապալման: Այս խաղաղ անհնազանդությունների հաջող ավարտի համար միայն մարդկային հոծ բազմությունը բավարար չէ, հարկավոր է համակարգային մոտեցում, քանի որ այն չի կարող հաջողվել հանպատրաստի իրականացնելու դեպքում: Այս պայքարի կարևորագույն և հիմնական գաղափարը բարձրացված խնդրին հնարավորինս հնչեղություն տալն է: Ցանկացած շարժման սկզբնական շրջանում ի հայտ եկող խնդիրներից են հիմնականում վախը և տվյալ իշխանությունների անպարտելիության միֆը:

Հասարակական բողոքի ակցիաները, ճիշտ է, կարող են բավականին արդյունավետ լինել, սակայն դա քաղաքացիական անհնազանդության շատ չնչին հատվածն է՝ պայքարի հարյուրավոր մեթոդներից մեկը: Երթերը և հանրահավաքները կարող են ոչ արդյունավետ լինել, եթե դրանք ճիշտ չեն կազմակերպված կամ էլ հիմնված են ինքնաբուխ լինելու կամ ինքնակազմակերպման վրա, քանի որ ոստիկանության կամ էլ անվտանգության ծառայությունների համար դժվար չէ ճնշել նման ակցիաները: Փողոց դուրս եկած մի քանի հարյուր կամ էլ մի քանի հազար մարդիկ ավտորիտար իշխանության համար բնավ վտանգ չեն կարող ներկայացնել, և փողոցային ակցիաները կարող են իրական վտանգ ներկայացնել ձեր և ձեր գաղափարակիցների համար այնքան ժամանակ, մինչև այդ բոլոր բողոքի ակցիաները համակարգված չլինեն, հակառակ դեպքում՝ հասարակական այդ ակցիաները ծիծաղի առարկա են դարձնելու ձեզ և ընդգծելու են ձեր ձեռնակած բողոքի արտահայտման ձևի ոչ արդյունավետությունը և կարճ կյանք են ունենալու: Այս ամենից խուսափելու համար հարկավոր է ընդգրկուն և ճիշտ մարտավարություն մշակել: Խաղաղ անհնազանդության լավագույն մեթոդներից են զանգվածային գործադուլները և բոյկոտները, որոնք կազմակերպված կլինեն այնպես, որ ոստիկանության կողմից արցունքաբեր գազի կիրառման, ծեծի, ձերբակալության կամ էլ հավաքված մարդկանց ցրելու ուրիշ մեթոդների վտանգ չի լինի, իսկ դա նշանակում է, որ կազմակերպված բողոքի ակցիաներին կմասնակցեն ավելի մեծ թվով գիտակից քաղաքացիներ՝ անկախ տարիքից, սեռից և զբաղվածության ոլորտից: Վառ օրինակ է, Հարավ-Աֆրիկյան հանրապետությունում ապարտեիդի դեմ պայքարող շարժման ակտիվիստների ձեռնարկած պայքարի միջոցը: Նրանք պարզապես բոյկոտեցին սպիտակամորթների բիզնեսը՝ հրաժարվելով օգտվել վերջիններիս առաջարկած ծառայություններից: Տասնյակ հազարավոր քաղաքացիների նմանատիպ վարքը ո´չ հակաօրինական էր, ո´չ էլ ծեծի ենթարկվելու վտանգ էր ներկայացնում: Արդյունքում տուժում էր սպիտակամորթների բիզնեսը, որի պատճառով նրանք էլ միացան ապարտեիդի դեմ մղվող պայքարին՝ պահանջելով համակարգային փոփոխություններ:

Խաղաղ անհնազանդության ճիշտ կազմակերպման համար առաջնորդի առկայությունը պարտադիր պայման է: Հարկավոր է, սակայն, ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ միայն առաջնորդի անունը չասոցացվի այդ շարժման հետ, քանի որ այդ դեպքում շարժման շուտափույթ պարալիզացումն անխուսափելի կլինի: Հերիք է միայն ձերբակալեն առաջնորդին, որ խառնաշփոթ սկսվի: Ոստիկանությունն ու անվտանգության ծառայություններն այդ ամենի մասին լավատեղյակ լինելով՝ առաջինը փորձում են մեկուսացնել շարժման առաջնորդին: Այդ ամենից խուսափելու համար շարժման ընթացքում չպետք է ստեղծվի այնպիսի պատկեր, որ այն միայն մեկի կողմից է ղեկավարվում: Նրանք պետք է հստակ գիտակցեն, որ այդ մեկին մեկուսացնելու դեպքում կլինեն այլ անձինք, ովքեր կշարունակեն նախորդ առաջնորդի մարտավարությունը՝ շարունակելով համակարգել շարժումը: Այդ դեպքում անհնար կլինի ձերբակալել բոլոր առաջնորդներին:

Շատերը կարծում են, որ բռնությանը հարկավոր է բռնությամբ պատասխանել: Ճիշտ է՝ բռնությամբ ձեռք բերված ցանկացած բան, պետք է պաշտպանվի բռնությամբ, իսկ բռնությունը թույլերի զենքն է, ովքեր չունեն մտածելու կարողություն և բանական փաստարկներ առաջ քաշելու ունակություն: Զինված ապստամբությունը պայքարի լավագույն միջոց երբեք չի կարող լինել և այն միշտ էլ անհաջողությամբ է ավարտվելու:

Երբ հասարակությունը կորցնում է հարգանքը երկրի ղեկավարի նկատմամբ, ապա դա ավելի է մեծացնում շարժման հաղթանակի հասնելու հավանականությունը: Հումորը և քաղաքական ծաղրը, թերևս, լավագույն մեթոդներն են տվյալ ռեժիմը ծաղրի առկա և ոչ կոմպետենտ դարձնելու համար: Այս դեպքում էլ կրկին անհրաժեշտ է համակարգային մոտեցում. ձեռնակրված յուրաքանչյուր մեթոդ պետք է լավ մշակված և կազմակերպված լինի, որպեսզի հաջողության հասնի:

Հասարակական խաղաղ անհնազանդությունը բացառապես ժողովրդավարական գործընթաց է, որի հանգուցալուծումը միայն ժողովրդավարական բնույթ կարող է կրել:

Անհնար է հաղթանակի հասնել առանց համախմբման, կազմակերպվածության և պայքարի խաղաղ միջոցներին դեմ լինելով: Միշտ հարկավոր է հիշել, որ ոչ մի ղեկավար չի կարող իշխել առանց բնակչության հնազանդության, ովքեր հրաժարվում են աշխատել, հարկեր մուծել, անել այն, ինչ իրենցից պահանջվում է, և երբ անվտանգության ծառայությունները ևս հրաժարվում են ենթարկվել հրամաններին, ոչ մի ավտորիտար ղեկավար չի կարող երկար իշխանավարել:

Հ.Գ.Խաղաղ անհնազանդության այսպես կոչված «տեսության» հեղինակը հնդիկ առաջնորդ Մահաթմա Գանդին է ով 1930-ականներին ապացուցեց իր կողմից ստեղծված տեսության գործնականում կիրառելու արդյունավետությունը: 20-րդ դարը հարուստ է խաղաղ անհնազանդությամբ ուղեկցված շարժումներով, որոնցից յուրաքանչյուրը աչքի է ընկնում իր առանձնահատուկ դրսևորումներով: Այդ շարժումների ընթացքում կիրառված խաղաղ անհնազանդության տեխնոլոգիաները կիրառելի են ցանկացած տեսակի իրավիճակներում: Մենք մեր կայքում կփորձենք պարբերաբար անդրադառնալ այդպիսի շարժումներին, դրանց ընթացքում կիրառված տեխնոլոգիաներին և առհասարակ խաղաղ անհնազանդության պատմությանը: Նշեմ նաև, որ այս և մնացած բոլոր նյութերը գրելիս հեղինակները հիմնվել են առկա մասնագիտական գրականության ուսումնասիրությունների վրա:

«ՔԳ» ՀԿ Ուսումնական Ոլորտի պատասխանատու' Լուսինե Առաքելյան



Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`2179