Civil Consciousness - Ֆիսկի Համալսարանի ուսանողական շարժում
  • :
  • :


Ֆիսկի Համալսարանի ուսանողական շարժում



Խաղաղ Անհնազանդություն

20-րդ դարի 2րդ կեսին ԱՄՆ-ում տեղի ունեցած քաղաքացիական շարժումը, որը ղեկավարվում էր Մարտին Լյութեր Քինգի կողմից, շատերին է հայտնի: Այդ շարժումը պատկանում էր Խաղաղ անհնազանդության պայքարի տեսակին, որոնց մեկնարկը տրվել էր 20-րդ դարի առաջին կեսին, հնդիկ Մահաթմա Գանդիի կողմից:

Այսօր որոշեցի հնարավորինս հանգամանալից անդրադառնալ, Մարտին Քինգի կողմից ղեկավարված ընդհանուր շարժման մասնիկը հանդիսացող, ուսանողական շարժմանը: Հայկական իրականությունը այսօր լեցուն է տարատեսակ ուսանողական և Խաղաղ Անհնազանդություն անունը ստացած շարժումներով, որոնք իրականում տրամագծորեն տարբերվում են, իրենց իսկ ընտրած անվանման մեկնաբանությունից: Ինչևէ, փորձենք այսօր պատմական էքսկուրսի ձևով անդրադառնալ նախորդ դարում տեղի ունեցած ուսանողական շարժումներից մեկին:

1960-ական թվականներին, Ամերիակայի Նեշվիլ քաղաքում գտնվող Ֆիսկի համլսարանը սևամորթների համար նախատեսված միակ առաջնակարգ ԲՈՒՀ-ն էր, որտեղ սևամորթները զերծ էին մնում տարատեսակ ռասսայական խտրականության դրսևորումների հետ բախվելուց, բայց քաղաքում նրանք անընդհատ բախվում էին ռասսայական խտրականության բազմաթիվ դեպքերի: Այդ ժամանակահատվածում ԱՄՆ-ի տարբեր հատվածներում սևամորթների նկատմամբ՝ մնացած քաղաքացիների կողմից, տեղի էին ունենում տարատեսակ բռնություններ: ԱՄՆ-ում այդ տարիներին գոյություն ուներ ռասսայական խտրականություն, որը համաշխարհային պատմության մեջ առավել հայտնի է Սեգրիգացիա տերմինով: Այդ ժամանակ Նեշվիլի հասարակական բոլոր վայրերում Սեգրիգացիան վառ արտահայտված բնույթ էր կրում: Այս քաղաքը երկու ռասսաների քաղաք էր համարվում, բայց սևամորթների և սպիտակամորթների միջև որևէ շփում գոյություն չուներ՝ ոչ՛ համալսարաններում, ոչ՛ դպրոցներում, ոչ փողոցներում, ոչ՛ աշխատանքի վայրերում, ոչ՛ եկեղեցում: Նեշվիլը բացարձակ Սեգրիգացված քաղաք էր համարվում, բայց շատերին դա գոհացնում էր և նրանք ոչինչ չէին էլ ցանկանում փոխել:

Նեշվիլի Ֆիսկի համալսարանի ուսանողները տեղյակ էին, որ ԱՄՆ-ում գոյություն ունեն մարդիկ, ովքեր պայքարում են ընդդեմ Սեգրիգացիայի' ամբողջովին խաղաղ միջոցներով և նրանք որոշում են միանալ այդ շարժմանը ու սկսել իրենց պայքարը հանուն հավասարության և մարդու իրավունքների հաստատման: Համալսարաններում և դպրոցներում դասախոսները ուսանողներին ներկայացնում էին ԱՄՆ-ի Անկախության Հռչակագիրը, օրենքները և իրավունքները, Սահմանադրությունը, սակայն, իրական կյանքում նրանք անընդհատ բախվում էին լիովին ուրիշ իրավիճակի հետ: ՈՒսանողների պայքարելու ցանկությանը շուտով արձագանքում է Օհայոյի համալսարանի հոգևորական, մեթոդաբան Ջեյմս Լոուսենը և ուսանողներին հնարավորություն է ընձեռում նախապատրաստվել և մասնակցել Սեգրիգացիայի դեմ ծավալվող համընդանուր շարժմանը: Լոուսենը 30 ամյա, բավականին հանգիստ խառնվածքով մարդ էր: նա 3 տարի անցկացրել էր Հնդկաստանում և ուսանել էր Մահաթմա Գանդիի՝ Խաղաղ Անհնազանդության շարժման առանձնահատկությունները: Լոուսենը, Մարտին Լյութեր Քինգի գործողություններից ոգևորված, սկսեց պլանավորել ուսանողական նոր շարժումը: Ֆիսկի համալսարանից ոչ հեռու գտնվող փոքրիկ եկեղեցում Լոուսենը սկսեց ուսանողների հետ անցկացնել երեկոյան պարապմունքներ «Խաղաղ Անհնազանդության շարժման հմտություններ» թեմայով: Լոուսենը պարապմունքները սկսում է գլխավոր նպատակը սահմանելուց և այդ նպատակն է լինում' «Վերջ դնել Նեշվիլում արմատացած Սեգրիգացիային»: Այս պարապմունքներին սկզբնական շրջանում մասնակցում էին միայն սևամորթ ուսանողներ: Ուսանողներից շատերը, հենց սկզբից, պարզապես անհնարին էին համարում Խաղաղ և օրինական միջոցներով առարկայական արդյունքներ գրանցելը, քանի որ այն իրականությունը, որում նրանք ապրում էին ուղղակի թույլ չեր տալիս դա պատկերացնել: Ուսանողներից շատերը հետագայում խոստովանում էին, որ այդ պարապմունքներին հաճախելու նրանց միակ շարժառիթը դասընթացները անցկացնելու ոճն էր: Լոուսենը ուսանողներին բացատրեց Սեգրիգացիայի դեմ կազմակերպվելիք շարժման մանրամասները: Նրա կողմից առաջ քաշված հիմնական պահանջը ուսանողներին կայանում էր Խաղաղ Անհնազանդության շարժման մարտավարության և կանոնների սերտման և պահպանման մեջ: Լոուսենը իր դասախոսությունները սկսեց Խաղաղ Անհնազանդության նշանակության բացատրությունից: Նա ուսանողներին ներկայացրեց Խաղաղ Անհնազանդության Քրիստոնեական ծագումնաբանությունը, մեթոդիկան, շարժման ընթացքում մեթոդիկայից ընդհանրապես չշեղվելու անհրաժեշտությունը: Դասընթացների ընթացքում կոնկրետ դեպքեր էին քննարկվում և մեկնաբանվում: Լոուսենը անընդհատ շեշտում էր Գանդիի հայտնի միտքը. «Մենք գտնվում ենք հավերժական փնտրտուքի մեջ»:

«Եթե ձեզ ապտակում են, հարկավոր է ընդհամենը առանց աչքերը թարթելու նայել ապտակողի աչքերի մեջ, դա նրա վրա ավելի մեծ ազդեցություն կգործի, քան նույն ձևով, կամ ավելի վատով նրան պատասխանելը»: Ցավոք սրտի Խաղաղ Անհնազանդությունը շատերի կողմից ընկալվում է մեկ այտին ապտակելու դեպքում մյուսը պարզելով և բացի դրանից ոչինչ չանելով: Իրականում դա լիովին հակառակ ազդեցությունն է ունենում ապտակողի վրա, այդպիսով դու հարվածում ես նրան, բայց այդ հարվածը կատարում ես այլ զենքով: Խաղաղ Անհնազանդության կողմնակիցներին նախ և առաջ հարկավոր է հակառակորդի նկատմամբ բարոյական հաղթանակ տանելը, այս շարժման ձևը պահանջում է ահռելի ջանքեր, այն ամենադաժան կռվից ավելի ջանքեր է պահանջում: Խաղաղ Անհնազանդության հիմնական սկզբունքները ներկայացնելուց հետո Լոուսենը անցնում է խնդիրների սահմանմանը և որպես առաջին և հիմնական խնդիր է ձևակերպվում քաղաքի կենտրոնում գտնվող ռեստորանների ապասեգրիգացումը և դա համարվում էր Մահաթմա Գանդիի կողմից ստեղծված խաղաղ Անհնազանդության տեսության կիրառման առաջին փուլը՝ «Գտնել, վեր հանել և ուսումնասիրել խնդիրը, ընտրել թիրախները և կենտրոնանալ դրանց լուծման վրա»: Ակցիաների կատարմանը անցնելուն ուսանողները պատրաստվում են մի քանի ամսվա ընթացքում: Սկզբանական շրջանում սերտելով շարժման տեսական մասը ուսանողները սկսում են գործնական պարապմունքները: Շարժումը հաջողելու համար ուսանողները պետք է պատրաստ լինեին բարոյական և ֆիզիկական վիրավորանքներին և ոչ մի կերպ չտրվեին փախչելու, կամ համարժեք գործողություն կատարելու գայթակղությանը: Չի կարելի ակցիաների համար փողոց դուրս բերել չկազմակերպված և ցանկացած գործողության պատրաստ 20-ից 25 հոգու, հարկավոր է ունենալ համակարգված աշխատող և կարգուկանոնին խստորեն հետևող անձնակազմ: Խաղաղ Անհնազանդության շարժման ամենակարևոր կետերից մեկը կարգուկանոնն է, որի անհրաժեշտությունը ցավոք սրտի քչերի կողմից է ընկալվում: Այսպիսի շարժումներում կարևոր են պարապմունքները, գործողությունների ճշտգրիտ կատարումը և հնարավորինս շատ նոր մարդկանց ներգրավվումը: Վերոնշյալ միջոցները նմանատիպ պայքարը վերածում են լայնածավալ շարժման, որը աչքի է ընկնում իր կազմակերպվածությամբ, կարգապահությամբ և նպատակասլացությամբ, ինչին անհնար է հասնել ինքնակազմակերպման, կամ ոչ համակարգված լինելու պայմաններում: Այսպիսով ուսանողները իրենց առաջին նստացույցային ակցիայի համար ընտրում են շաբաթ օրը: Ուսանողները լավ գիտեին, թե իրենց ինչպիսի փորձություններ են սպասվում, քանի որ նրանք արդեն բավականին երկար ժամանակ պատրաստվել էին դրան: Առաջին ակցիան անցկացվում է ռեստորաններից մեկում. ուսանողները 20 հոգանոց խմբով մտնում են ռեստորան, իմանալով, որ իրենց կարող են նույնիսկ ձերբակալել, և պարզապես առանց ոչինչ անելու նստում են նստարաններին և ուտելիք են պահանջում: Շուտով ուսանողների խմբին է մոտենում մատուցողներից մեկը և հայտարարում, որ ռեստորանի սեփականատերը նրան արգելել է Նեգրերին սպասարկել  և միանգամից «հասարակական անվտանգության նկատառումներից ելնելով» փակում են ռեստորանը, բայց ուսանողները մնում են նստած՝ զբաղվելով ընթերցանությամբ և տնային աշխատանքներով: Այդ օրը որևէ արտառոց դեպք չի գրանցվում, ակտիվիստները բռնության չեն ենթրկավում: Հաջորդ օրը տարբեր պարբերականների էջերում տեղ է գտնում ուսանողության կողմից իրականացված ակցիան: Այս ամենի արձագանքները հասարակության շրջանում զայրույթ են առաջացնում, բոլոր ռեստորանատերերին արգելում են սևամորթներին սպասարկել: Առաջին փորձից մեկ շաբաթ անց ուսանողները կրկին վերադառնում են: Նրանց՝ ռեստորաններում հայտնվելը հետաքրքրասիրություն, ջղայնություն և սպառնալիքների տարափ է առաջացնում, բայց որևէ ձերբակալություն տեղի չի ունենում: Սպիտակամորթները վտսհ էին, որ այս ակցիաները շուտով դադարելու են և որևէ արդյունք չեն գրանցելու: 1960 թվականի փետրվարի 27-ին դասընթացները շարունակվում են և շարժման մասնակիցների թիվը այնքան է աճում, որ ուսանողները կարողանում են միևնույն ժամանակ 6 ռեստորանում ակցիա իրականացնել: Շարունակվող ակցիաները նույն խաղաղ և համակարգված բնույթն էին կրում: Այս անգամ ուսանողներին զգուշացվել էր հնարավոր ծեծկռտուքի սանձազերծման և դրան հաջորդող ձերբակալությունների հավանականության մասին և այդ ամենը հաղթահարելու պատրաստակամությամբ ուսանողները դուրս են գալիս փողոց: Ակցիային մասնակցող ուսանողները բաժանված էին մի քանի խմբի: Նրանց մեջ կային ուսանողներ, ովքեր վերահսկող գործառույթ էին իրականացնում և կողքից դիտորդի դերում էին, կային նաև հնարավոր ձերբակալության դեպքում իրենց ընկերների տեղը զբաղեցնելու պատրաստակամություն ունեցող ուսանողների խմբեր: Այս ակցիայի ժամանակ մթնոլորտը ավելի քան շիկացած էր: Ուսանողները նույն ձևով զբաղեցրել էին իրենց տեղերը ռեստորանում, բայց այս անգամ նրանք պարզապես դաժան ծեծի ենթարկվեցին սպիտակամորթների կողմից: Ինչպես և սպասվում էր քաղաքային Ոստիկանությունը առաջին 20 րոպեների ընթացքում չմիջամտեցին այդ անմարդկային գործողություններին, իսկ 20 րոպե անց նրանք պարզապես ձերբակալեցին ուսանողներին և տարան ոստիկանական բաժանմունք: Ոստիկանների զարմանքին չափ ու սահման չկար, երբ ճանապարհին նրանց զեկուցեցին, որ բոլոր ռեստորաններից բերման ենթարկված ուսանողներին փոխարինելու էին եկել այլ խմբեր: Այսպես ողջ օրվա ընթացքում ուսնողները մեկը մյուսին փոխարինելով, պարզապես կաթվածահար արեցին քաղաքաի ողջ անցուդարձը, այդ ողջ ընթացքում չխախտելով օրենքի տառը այն դեպքում, երբ իրենց դաժան ծեծի և ծաղրուծանակի էին ենթարկում: Հաջորդ օրը ոստիկանությունը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որտեղ նշվում էր ուսանողներին բերման ենթրկելու պատճառները: Պատճառաբանությունը մասնավորապես պայմանավորված էր ուսանողների կողմից ոստիկանների «օրինական» պահանջներին չենթարկվելով:  Այդ օրերին բանտերը լցված էին հարյուրավոր սևամորթ և սպիտակամորթ ուսանողներով: Ուսանողները նշում էին, որ իրենք առաջնորդվում էին հստակ փիլիսոփայությամբ, որը կոչվում էր Խաղաղ Անհնազանդություն: Խաղաղ Անհնազադության ուժը ավելի զորեղ էր, քան ոստիկանական մահակների, դատախազների ու ողջ ոստիկանական ու իշխանական համակարգի ուժը: Ուսանողների ցանկությունը, տանջվելու և համբերատար լինելու պատրաստակամությունը ուղղակիորեն ոչնչացնում էր հակառակորդի ողջ ուժը: Ուսանողները բանտերում հայտնվելը համարում էին իրենց հաղթանակը, լրագրողները այդ օրերին արդեն գիտակցում էին, որ համազգային նշանակության իրադարձություն են լուսաբանում: Շարժմանը մասնակցող ուսանողները գիտակցում էին, որ իրենք պատմություն են կերտում: Ձերբակալություններին հաջորդած երկուշաբթի օրը ուսանողները Ոստիկանությունում սկզբունքորեն հրաժարվում են գրավի դիմաց ազատ արձակվելու առաջարկից, ինչի արդյունքում Ոստիկանական բաժանմունքի մոտակայքում են հավքվում հազարավոր քաղաքացիներ: Քաղաքի ողջ սևամորթ հասարակությունը ներգրավվում է շարժման մեջ և սկսվում է զանգվածային դրամահավաքն ու հանրահավաքները ի պաշտպանություն ձերբակալված ուսանողների: Վարձվում են քաղաքի լավագույն փաստաբանները, որպեսզի դատարաններում պաշտպանեն ուսանողների իրավունքները: Մարդիկ չէին կարողանում հավատալ, որ այդ երիտասարդները, ովքեր որևէ ձևով օրենքը չեն խախտել հայտնվել են բանտերում և մի քանի օրվա ընթացքում սևամորթ հանրությունը մոբիլիզացվեց և ուսանողների սկսած շարժումը հրդեհի նման տարածվեց ողջ քաղաքով: Միչև շարժման մասնակիցները սպասում են քաղաքային իշխանությունների արձագանքին, Քաղաքապետը հանդիպում է լրագրողների հետ և հայտարարում, որ ցանկացած օրինախախտ պետք է պատժվի, այդպիսով կանգնելով հաստատությունների սեփականատերերի կողքին, այն դեպքում, երբ ուսանողները տառացիորեն որևէ օրենք չէին խախտել: Քաղաքապետի այս հայտարարությունից առաջ և հետո ուսանողներին ծեծի ենթարկած և ոչ մի խուլիգան չձերբակալվեց:

Թե՛ քաղաքային իշխանությունները, թե՛ ոստիկանությունը չէր սպասում նմանատիպ ընթացք ունեցող շարժման սկզբնավորմանը: Նրանք կարծում էին, որ ձերբակալություններից հետո ամեն ինչ կավարտվի, սակայն խաղաղ անհնազանդությունը այլ բան է ենթադրում: Ձերբակալություններից մեկ շաբաթ անց ոչինչ չփոխվեց: Ցանկացած ուսանողական ակցիային հետևում էին նորանոր ձերբակալություններ: Այդ ընթացքում Նեշվիլի ուսանողական շարժումը համազգային հռչակ է ձեռք բերում, Լոուսենի կողմից անցկացված սեմինարներին արդեն մասնակցում են ռեկորդային թվով ուսանողներ: Սեմինարների անցկացման համար նոր, ավելի մեծ, տարածք է վարձակալվում: Խաղաղ Անհնազանդության հիմնական սկզբունքներից մեկը քարոզելու և իրազեկելու միջոցով շարժման շարքերում հնարավորինս շատ մարդկանց ներգրավվածությունը ապահովելն է և այդ սկզբունքին հետևելով շարժման ղեկավարները դիմում են բոլորին ու շատ շուտով շարժման մեջ են ներգրավվում նաև մեծ քանակությամբ սպիտակամորթ քաղաքացիներ: Սկսվում է առարկայական փոփոխությունների շրջանը: Շարունակվող նստացույցերին գումարվում է նաև քաղաքաի կենտրոնում գտնվող առևտրի կենտրոնի բոյկոտը, որին մասնակցում են ավելի մեծ թվով մարդիկ: Ուսանողները կոչ են անում քաղաքացիներին չօգտվել այնպիսի հաստատության մատուցած ծառայություններից, որտեղ կիրառվում է ռասսայական խտրականությունը: Շատ կարճ ժամանակահատվածում ողջ սևամորթ բնակչությունը բոյկոտում է քաղաքաի կենտրոնի առևտրի կենտրոնները: Սեգրիգացիայի կողմնակից սպիտակամորթները վախենում են քաղաքի կենտրոնում հայտնվելուց և դրանով ավելի են նպաստում մասսայական բոյկոտի գաղափարին: Ըստ այդ ժամանակվա տնտեսագիտական հաշվարկների, քաղաքի կենտրոնում գտնվող շատ խանութներ կորցնում են իրենց եկամուտի 40 տոկոսը:

Այս ամենը հանգեցնում է նրան, որ քաղաքաի կենտրոնում պայթեցվում է սևամորթ ուսանողների պաշտպանությամբ զբաղվող փաստաբաններից մեկի բնակարանը: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժում: Ահաբեկչության հաջորդ օրը ուսանողները Նեշվիլի քաղաքապետին հանդիպման են հրավիրում քաղաքապետարանի բակում և քաղաքի մի ծայրից մինչև քաղաքապետարան կազմակերպում են «Լռության Երթ»: Քաղաքապետի հետ հանդիպումը հեռարձակվում է բոլոր հեռուստաընկերություններով: Հանդիպման ընթացքում ուսանողների կողմից հնչեցված մի քանի ուղիղ հարցերից հետո քաղաքապետը ընդունում է, որ հարկավոր է անհապաղ ապասեգրիգացնել քաղաքը և այդ օրվանից սկիզբ է դրվում Նեշվիլի հասարակական և այլ վայրերում սեգրիգացիայի վերացման գործընթացին:

Հ.Գ. Նեշվիլի ուսանողական շարժման հաջողության բանալին բնականաբար կայանում էր շարժման մարտավարության և ռազմավարության ճիշտ ընտրության մեջ: Իրականում այս օրինակը Խաղաղ Անհնազանդության գրանցած հաջողությունների շարքում այդքան էլ մեծ տեղ չի զբաղեցնում, բայց ներկայումս հայկական իրականության մեջ բավականին արդիական է նմանատիպ մասնավոր դեպքերի հիշատակումը: Այսօր մեր կրթական համակրագը ավեի աղետալի վիճակում է գտնվում, քան 60-ականների ամերիկյան կրթական համակարգը: Մեր ԲՈւՀ-երի ուսանողական խորհուրդները արդեն վաղուց վերածվել են կուսակցական շտաբների: ՀՀ-ում գնալով ավելի ու ավելի է հասունանում ճշմարիտ ուսանողի պահանջարկը: Այս համատեքստում մենք պարբերաբար անդրադառնալու ենք տարբեր ժամանակահատվածներում, տարբեր երկրներում տեղի ունեցած և հաջողության հասած ուսանողական շարժումների, որոնք ինչ-որ չափով կնպաստեն մեր ԲՈւՀ-ական համակարգին այդքան անհրաժեշտ' «Ուսանողի գիտակցության» ձևավորմանը:


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1552