Civil Consciousness - ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՖԻԿՑԻԱՆ
  • :
  • :


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՖԻԿՑԻԱՆ

Ֆրիդրիխ Աուգուստ ֆոն Հայեկը (1899-1992) տնտեսագիտության գծով նոբելյան մրցանակակիր է (1974թ.), 20-րդ դարի, թերեւս, ամենանշանավոր ազատական գործիչը: Իր ուսուցիչ Լուդվիգ ֆոն Միզեսին հետևելով' խիստ քննադատության էր ենթարկում սոցիալիզմի տեսությունն ու պրակտիկան: Անգլիայում 1944-ին հրատարակած “Ճանապարհ դեպի ստրկություն” գրքում նա քննադատում է ինչպես ձախ, այնպես էլ աջ ամբողջատիրական գաղափարախոսությունները, մատնանշում դրանց կառուցվածքային նմանությունը' վրդովմունք առաջացնելով հատկապես սոցիալիստական ճամբարի երկրներում: Նույնքան սուր էր նաև համընդհանուր բարեկեցության պետության նրա քննադատությունը, որում, ըստ ֆոն Հայեկի, պետության աճող միջամտությունը տնտեսությանը խարխլում է յուրաքանչյուր ազատ հասարակության հիմքերը: Հետագա գործերում, օրինակ' “Ազատության բաղադրիչները” (1960) նա զարգացնում է ազատ հասարակության փիլիսոփայական արդարացումը, որը դուրս է գալիս զուտ տնտեսականի սահմաններից և սերտորեն կապվում իրավական մտածողության հետ: Դա հատկապես երևում է ստորեւ բերված տեքստից, որը հատված է 1976-ին կարդացած մի դասախոսությունից: Հայեկը դրանում, հենվելով Հյումի փաստարկման վրա, քննադատական վերլուծության է ենթարկում սոցիալական արդարության հասկացությունը: Զարմանալի չէ, որ կոմունիստական համակարգի փլուզումից հետո Արևելյան Եվրոպայում ինքնաբուխ կերպով ստեղծվեցին Հայեկի անվան ակումբներ:


Տասը տարուց ավելի ես եռանդուն կերպով փորձել եմ պարզել “սոցիալական արդարություն” հասկացության իմաստը: Փորձս ձախողվել է: Կամ, ավելի ճիշտ ասած, եկել եմ այն եզրակացությանը, որ ազատ մարդկանց հասարակության համար այս արտահայտությունն ընդհանրապես իմաստ չունի: Սակայն շատ հետաքրքիր է մնում պարզել, թե ինչու՞ է այդ արտահայտությունը մոտավորապես մի դար շարունակ կենտրոնական դեր խաղացել քաղաքական բանավեճում և ամենուրեք հաջողությամբ օգտագործվել առանձին խմբերի' այս կյանքի բարիքներում համեմատաբար խոշոր բաժին ունենալու հավակնությունն արտահայտելու համար: Հենց այդ հարցով էլ ես այստեղ նախ և առաջ կզբաղվեմ:


Սկզբում կուզենայի կարճ շարադրել այն, ինչի մանրամասն քննարկմանը ես հետամուտ եմ եղել “Իրավունք, օրենսդրություն եւ ազատություն” խորագրով վերջերս հրատարակված իմ ուսումնասիրության մեջ, և բացատրել, թե ինչու՞ եմ եկել այն եզրահանգմանը, որ “սոցիալական արդարությունը” պետք է դիտել ընդամենը որպես բացարձակապես ոչինչ չասող արտահայտություն: Այն սովորաբար օգտագործում են հատուկ հավակնություններ արդարացնելու համար, առանց դրանք հիմնավորելու: “Սոցիալական արդարության խաբկանքը” ենթավերնագիրը կրող այդ գիրքը գլխավորապես գրվել է մտավորականներին համոզելու մտադրությամբ, որ “սոցիալական արդարության” գաղափարը, որն իրենք այդքան սիրում են, ինտելեկտուալ առումով կասկածելի է: Ի դեպ, ոմանք դա արդեն հասկացել են: Բայց քանի որ “սոցիալական արդարությունը” նրանց համար արդարության միակ ձևն է, որին նրանք անդրադարձել են, նրանք եկել են այն եզրակացության, որ “արդարություն” հասկացությունն օգտագործելն ընդհանրապես անիմաստ է: Ուստի ես ստիպված էի այդ գրքում նախևառաջ պարզաբանել, որ անհատների արդար վարվելակերպի կանոնները պարտադիր են ազատ մարդկանց խաղաղ հասարակությունը պահպանելու համար, մինչդեռ սոցիալական արդարություն ստեղծելու փորձերը այդպիսի հասարակության հետ անհամատեղելի են:


“Սոցիալական արդարություն” հասկացությունն այսօր ամենուր օգտագործում են որպես այն բանի հոմանիշ, ինչը մինչև այժմ կոչվել է “բաշխման արդարություն”: Գուցե այս հասկացությունը մի քիչ ավելի հասկանալի պատկերացում է տալիս այն մասին, թե ի՞նչ կարող է այն նշանակել: Եվ այն միաժամանակ ցույց է տալիս, թե ինչու՞ չի կարող կիրառվել շուկայական տնտեսության արդյունքների նկատմամբ: Չի կարող լինել բաշխման արդարություն այնտեղ, որտեղ ոչ ոք ոչինչ չի բաշխում: Արդարությունն իմաստ ունի միայն որպես մարդկային վարվելակերպի կանոն: Շուկայական տնտեսությունում ապրանքներով ու ծառայություններով փոխադարձաբար իրար սպասարկող անհատների վարվելակերպի ոչ մի կանոն չէր կարողանա ապահովել այնպիսի մի բաշխում, որի մասին իմաստ կունենար ասել, թե արդար է կամ անարդար: Որքան էլ արդար վարվեին անհատները, ընդհանուր արդյունքը չի կարելի համարել ոչ արդար և ոչ էլ անարդար, քանի որ յուրաքանչյուրի համար ստացված արդյունքը մյուսները ոչ պլանավորած կլինեն և ոչ էլ կանխատեսած:


Այն, որ “սոցիալական արդարություն” հասկացությունը բացարձակապես զուրկ է բովանդակությունից, երևում է այն փաստից, որ չկա միակարծություն այն հարցի վերաբերյալ, թե ի՞նչ է պահանջում սոցիալական արդարությունը առանձին դեպքերում: Ապա նաև այն բանից, որ հայտնի չեն չափանիշներ, որոնց հիման վրա կարելի կլիներ որոշել, թե ո՞վ է իրավացի, երբ մարդիկ տարբեր կարծիքներ են ունենում, և որ նախապես հորինված ոչ մի բաշխման համակարգ չի կարող իրականում կիրառվել մի հասարակության նկատմամբ, որում անհատներն ազատ են այն իմաստով, որ իրենց սեփական գիտելիքը կարող են օգտագործել իրենց սեփական նպատակների համար: Անհատի բարոյական պատասխանատվությունն իր սեփական գործողություների համար, իրոք, համատեղելի չէ այդպիսի համապարփակ բաշխման համակարգի իրականացման հետ:


Թեև բազմաթիվ մարդիկ դժգոհ են բաշխման այսօրվա համակարգից, փոքր հարցումը ցույց կտար, որ նրանցից և ոչ մեկը չունի իսկապես հստակ պատկերացում այն մասին, թե բաշխման ո՞ր համակարգը կարելի է դիտել որպես արդար: Միակ բանը, որին կհանդիպենք, կլինեն անհատական դատողություններ անարդար համարված առանձին դեպքերի մասին: Ոչ ոք չի գտել մինչև այսօր մի ընդհանուր կանոն, որի հիման վրա կարելի կլիներ բոլոր առանձին դեպքերի վերաբերյալ եզրակացնել, թե ինչն է “սոցիալապես արդար”: Միակ բացառությունը դա “Նույն վարձատրությունը նույն աշխատանքի համար” կանոնն է: Ազատ մրցակցությունը, որը բացառում է ուզած “արժանիք” կամ “կարիք” ու նման այլ բաներ հաշվի առնելը, ինչի վրա հիմնված է սոցիալական արդարության պահանջը, պիտի հանգեցնի այդ կանոնին:


Մարդկանց մեծ մասը շարունակում է հավատալ սոցիալական արդարությանը, անգամ եթե հայտնաբերել է, որ չգիտի, թե դա ինչ է նշանակում, եւ դրա պատճառն  այն է, որ կարծում են, թե այդ արտահայտության մեջ մի բան պիտի լինի, եթե գրեթե բոլորը դրան հավատում են: Գրեթե բոլորը հավատում են մի բանի, որի նշանակությունը չեն հասկանում, եւ դրա պատճառն այն  է, որ մենք մի ավելի վաղ և այլաբնույթ տիպի հասարակությունից, որում մարդիկ շատ ավելի երկար են ապրել, քան այսօրվա հասարակությունում, ժառանգել ենք խոր արմատներ գցած բնազդներ, որոնք չեն սազում մեր արդի քաղաքակրթությանը: Մարդիկ, իրոք, միայն այն ժամանակ դուրս եկան պարզունակ հասարակությունից, երբ որոշակի պարագաներում նրանցից ավելի շատ ու շատերը սկսեցին հաջողություն ունենալ այն բանի շնորհիվ, որ արհամարում էին հենց այն սկզբունքները, որոնք միավորել էին հին խմբի անդամներին:


Չպետք է մոռանալ, որ մարդը մինչև վերջին տասը հազար տարին, որոնց ընթացքում ստեղծել է գյուղատնտեսությունը, քաղաքներն ու վերջապես “մեծ հասարակությունը”, առնվազն հարյուր անգամ ավելի երկար ապրել է իրենց սնունդն իրար մեջ բաժանող մոտ հիսուն հոգուց բաղկացած փոքր խմբերում: Այն տարածքում, որում նրանք ապրում և որը պաշտպանում էին, տիրող կարգը հիմնված էր խիստ աստիճանակարգության վրա: Այդ տեսակի հասարակական կարգի կարիքներն իրենց կնիքը թողեցին այն բարոյական զգացումների զգալի մասի վրա, որոնցով այսօր էլ դեռ ղեկավարվում ենք և որոնց հավանություն ենք տալիս' հանդիպելով ուրիշների մոտ: Դրանք խմբեր էին, որոնցում, առնվազն տղամարդկանց համար, տեսանելի առարկայական ընդհանուր նպատակի համատեղ հետապնդումը առաջնորդի ղեկավարության ներքո կենդանի մնալու պայմանն էր ճիշտ այնպես, ինչպես և ավարի տարբեր բաժինների հատկացումը խմբի առանձին անդամներին' ըստ իրենց' խմբի գոյատևման համար ունեցած նշանակության: Ավելին քան հավանական է, որ այն ժամանակ ձեռք բերված բարոյական զգացումներից շատերը ոչ թե պարզապես փոխանցվել են սովորելու կամ ընդօրինակելու միջոցով, այլ բնածին են եղել կամ ժառանգված:


Բայց պարտադիր չէ, որ այն ամենը, ինչ մեզ համար այդ իմաստով բնական է, այլ պայմանների ներքո տեսակի բազմացման համար լավ կամ օգտակար լինի: Այդ փոքր խումբը իր պարզունակ ձևով մի բան ուներ, ինչն այսօր էլ շարունակում է հրապուրիչ լինել շատերի համար, նկատի ունեմ մի միասնական նպատակ կամ ընդհանուր նպատակների աստիճանակարգություն ու միջոցների գիտակցաբար կատարված հատկացում' ըստ առանձին անձանց արժանիքների մասին ընդհանուր կարծիքի…


Արդեն բազմիցս առաջարկվել է այն տեսությունը, որը բացատրում է, թե ինչպե՞ս է գործում շուկան, կոչել կատալակտիկա, հին հունարենից թարգմանաբար նշանակում է “փոխանակել” կամ “առևտուր անել”: Ես այս բառը հատկապես սիրեցի, երբ հայտնաբերեցի, որ Հին Հունաստանում բացի “առևտուր անել”-ուց նշանակել է նաև “հանրության մեջ ընդգրկել” և “թշնամուն բարեկամ դարձնել”: Ուստի առաջարկել եմ, որ շուկայի այն խաղը, որի միջոցով օտարին մեր նկատմամբ բարեկամաբար ենք տրամադրում ու մեզ օգտակար դարձնում, կոչվի “կատալակտիկայի խաղ”:


Շուկայական գործընթացն, իրոք, միանգամայն համապատասխանում է անգլերեն լեզվի Օքսֆորդյան բառարանում տրված “խաղ” բառի սահմանումին.  դա “կանոններով մրցույթ է, որի արդյունքը որոշվում է հակառակորդի ճարպկությանն ու ուժին գերազանցող ճարպկությամբ ու ուժով կամ էլ նաև բախտով”: Այդ տեսանկյունից սա և’ ճարպկության խաղ է, և’ վիճակախաղ: Նախևառաջ սա խաղ է, որի նպատակն է յուրաքանչյուր խաղացողից կորզել ամենամեծ գումարը ընդհանուր “բանկի” համար, որից յուրաքանչյուրը կշահի մի անորոշ բաժին:


Այս խաղը հավանաբար սկսել են այն մարդիկ, որոնք հրաժարվել էին իրենց ցեղի պաշտպանությունից ու պարտավորություններից, որպեսզի օգուտ քաղեին իրենց անծանոթ մարդկանց կարիքները բավարարելուց: Երբ վաղ նեոլիթում վաճառականները նավակներով Բրիտանիայից Ֆրանսիա քարե կացիններ էին բերում' սաթի կամ գուցե նույնիսկ արդեն գինով լիքը կուժերի դիմաց փոխանակելու համար, նրանց նպատակն այլևս անծանոթ մարդկանց կարիքները բավարարելը չէր, այլ հնարավորինս մեծ շահույթ ստանալը: Հենց այն պատճառով, որ նրանց հետաքրքրում էին միայն այն մարդիկ, ովքեր նրանց ապրանքների համար ամենաբարձր գինը կվճարեին, նրանք շփման մեջ էին մտնում մինչ այդ իրենց բոլորովին անծանոթ մարդկանց հետ, որոնց կենսամակարդակը նրանք շատ ավելի մեծ չափով կարող էին բարձրացնել, քան իրենց հարևաններինը, եթե սրանց տված լինեին իրենց կացինները, որոնցով սրանք ևս անշուշտ որևէ օգտակար բան կկարողանային անել:


Ուրեմն, կատալակտիկայի այս խաղի արդյունքն անխուսափելիորեն կլինի այն, որ բազմաթիվ մարդիկ կունենան շատ ավելին, քան իրենց համաքաղաքացիների կարծիքով իրավունք ունեն, և գուցե շատ ավելի մարդիկ ավելի քիչ կունենան, քան իրենց համաքաղաքացիների կարծիքով արժանի են ունենալ: Զարմանալի չէ, որ շատերը ցանկանում են ուղղել այդ' վերաբաշխման որևէ կամային ակտի միջոցով: Բայց վատն այն է, որ այն համախառն արտադրանքը, որն իրենց կարծիքով դեռ բաշխման ենթակա է, միայն այն պատճառով ընդհանրապես գոյություն ունի, որ շուկան տարբեր աշխատանքներ վարձատրելիս քիչ ուշադրություն է դարձնում ցանկությունների կամ կարիքների վրա, տանելով նրանց, ովքեր որոշակի գիտելիքներ, նյութական օժանդակ միջոցներ և անհատական ունակություններ ունեն, դեպի այնտեղ, որտեղ նրանք յուրաքանչյուր պահին ամենամեծ ավանդը կարող են ունենալ համախառն արտադրանքի ստեղծման մեջ: Նրանք, ովքեր պայմանագրով ապահովված եկամուտի հարմարավետությունը գերադասում են անընդհատ փոփոխվող հնարավորություններից օգուտ քաղելու ռիսկին դիմելու անհրաժեշտությունից, կհամարեն, որ անարդարացիորեն զիջում են ռեսուրսների շարունակական վերաբաշխման արդյունքում մեծ եկամուտներ ստացողներին:


Հաջողակների մեծ եկամուտները, լինեն դրանք վաստակված, թե՞ պատահական, կարևոր տարր են արտադրության գործոններն այնտեղ ուղղորդելու, որտեղ դրանք մեծագույն չափով կնպաստեն այն ընդհանուր “բանկի” աճին, որից յուրաքանչյուրն իր բաժինը պիտի ստանա: Մենք բաշխելու այդքան բան չէինք ունենա, եթե անհատի այն եկամուտը, որի ակնկալիքով նա մեծագույն չափով նպաստել է “բանկի” աճին, արդար չհամարվեր: Ուստի շատ մեծ եկամուտներն էլ կարող են երբեմն արդար լինել:  Սակայն ավելի կարևոր է, որ նման եկամուտների մատչելի լինելը անհրաժեշտ պայման է, որպեսզի նրանք, ովքեր պակաս նախաձեռնող են, պակաս հաջողակ ու պակաս խորամանկ, կարողանան ունենալ այն կանոնավոր եկամուտը, որը ստանալու հույս ունեն:


Սակայն այն անհավասարությունը, որից բողոքում են այնքան շատերը, միայն Արևմուտքում մարդկանց մեծամասնության համեմատաբար բարձր եկամուտներ ստանալու նախապայմանը չէր: Ճիշտ է, ոմանք, թվում է, կարծում են, թե եկամուտների այդ համընդհանուր մակարդակի նվազումը կամ առնվազն դրա աճի դանդաղումը այնքան էլ բարձր գին չէ իրենց պատկերացմամբ արդար բաշխման համար: Բայց այսօր այդպիսի փառամոլության առաջ մի խոչընդոտ կա: Կատալակտիկայի խաղի արդյունքում, որն այնքան քիչ է հետաքրքրվում արդարությամբ, բայց դրա փոխարեն մեծագույն չափով խթանում է արտադրողականության աճը, հնարավոր է դարձել համաշխարհային բնակչության մեծ աճ, որի ընթացքում որոշ չափով մեծացել են նաև մարդկանց մեծամասնության եկամուտները: Այսօրվա և վաղվա անխուսափելիորեն ավելի աճած բնակչության կարիքները մենք կկարողանանք հոգալ միայն այն դեպքում, եթե լրիվ օգտվենք այն խաղից, որից բխում են արտադրության մեծագույն արդյունքները:


Ասում են, թե Աֆրիկայում դեռևս համայնքներ կան, որոնցում հմուտ երիտասարդները վարանում են օգտվել ժամանակակից առևտրային մեթոդներից (և այդ պատճառով ի վիճակի չեն բարելավելու իրենց դրությունը), որովհետև ցեղի բարքերը պահանջում են, որ նրանք իրենց մեծ աշխատասիրության, հմտության և իրենց բախտի արդյունքը կիսեն իրենց ցեղակիցների հետ: Նման հմուտ մարդկանց ավելի մեծ եկամուտը կնշանակեր միայն, որ նրանք ստիպված կլինեին այն կիսել դրա իրավունքն ունեցող  ավելի ու ավելի շատ  մարդկանց հետ: Ուստի նրանց կենսամակարդակը երբեք էապես չի բարձրանա նրանց ցեղի միջին մակարդակից:


Մեր հասարակությունում “սոցիալական արդարության” կարևորագույն հակազդեցությունը կայանում է նրանում, որ անհատներին թույլ չի տալիս հասնելու այն բանին, ինչին կկարողանային հասնել լրացուցիչ ներդրումային միջոցներով, եթե նրանց տրվեր այդ հնարավորությունը:  Սա ևս անհամապատասխան սկզբունքի կիրառում է մի քաղաքակրթության նկատմամբ, որի արտադրողականությունը բարձր է, որովհետև եկամուտները շատ անհավասար են և այդ պատճառով առկա սուղ միջոցները ներդրվում են միայն այնտեղ, որտեղ ստացվում են ամենաբարձր հասույթները: Այս անհավասար բաշխման շնորհիվ է, որ աղքատները շուկայական տնտեսությունում ավելի շատ են ստանում, քան կստանային կենտրոնացված համակարգում:


Այս ամենը անհատական վարվելակերպի պարտադիր վերացական կանոնների հաղթանակի արդյունքն է ընդհանուր որոշակի նպատակների նկատմամբ, թեև սա դեռևս կատարյալ հաղթանակ չէ: Այս զարգացումը, որը սոցիալիստները հիմա ուզում են շրջել, հնարավոր է դարձրել ինչպես “բաց հասարակության” գոյությունը, այնպես էլ անհատական ազատությունը: Սոցիալիստներին սատարում են ժառանգված բնազդները, իսկ նոր պահանջներ առաջացնող նոր բարեկեցության պահպանման համար անհրաժեշտ է ձեռք բերված կարգապահություն, որը  մեր շրջապատում ապրող դեռևս չընտելացված բարբարոսները, որ իրենք իրենց “օտարացված” են անվանում, հրաժարվում են ընդունել, թեև հավակնում են ստանալու նրա տված բոլոր բարիքները:

Ֆրիդրիխ Աուգուստ ֆոն Հայեկ


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1939
Տեղադրվել է՝20:39:20 20-12-2013