Civil Consciousness - Ինչպե՞ս է առաջացել Բողոքականությունը
  • :
  • :


Ինչպե՞ս է առաջացել Բողոքականությունը

16-րդ դարում միջնադարյան Գերմանիայում ընդհանուր դժգոհության մթնոլորտ էր տիրում: Դժգոհության համար հիմնական շարժառիթն էր հանդիսանում ինդուլգենցիաների վաճառքը: Հռոմի պապերը իրենց իրավունք էին վերապահում վճարով ներել հավատացյալների հանցագործություններն ու մեղքերը' վաճառելով մեղքերի թողության հատուկ գրություն' «ինդուլգենցիա»: 1517 թվականին ինդուլգենցիաների «անխիղճ» վաճառքի դեմ դուրս եկավ գիտնական վանական, Վիտենբերգ քաղաքի համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր Մարտին Լյութերը: Նա համալսարանի դռներին փակցրեց իր կոչը հավատացյալներին'«95 թեզիսները»: Դրանցում Լյութերը դատապարտում էր Ինդուլգենցիաների վաճառքը և վիճաբանության էր կանչում ամենքին, ով իր հետ համաձայն չէր:

Դուրս գալով ինդուլգենցիաների դեմ' Լյութերն ընդունում էր, որ եկեղեցին չի կարող միջնորդ լինել աստծո և մարդկանց միջև: Շուտով Լյութերը հայտարարեց, որ եկեղեցին կարող է գոյություն ունենալ նաև առանց պապի: Նա առաջարկեց այլևս դրամ չուղարկել և կոչ արեց վճռականորեն պայքարել Հռոմի Պապի դեմ:

Ինդուլգենցիաների վաճառքի դեմ ուղղված Լյութերի ելույթի լուրը «չորս շաբաթում տարածվեց մաբողջ քրիստոնեական աշխարհում»: Գերմանիայից հետո բարեփոխումներ սկսվեցին նաև Եվրոպական այլ երկրներում: Կաթոլիկ եկեղեցին կորցնում էր իր նախկին ազդեցությունը:

Առաջարկվող բարեփոխման բոլոր կոմնակիցներին անվանեցին բողոքականներ, իսկ նոր եկեղեցին ' բողոքական եկեղեցի :

Բողոքականությունն ունի երկու' պահպանողական և լիբերալ ճյուղեր: Ներկայումս 2.1 միլիարդ քրիստոնյաներից մոտ 800 միլիոնը բողոքական է, որից 170 միլիոնը ապրում է Հյուսիսային Ամերիկայում, 160 միլիոնը Աֆրիկայում, 120 միլիոնը Եվրոպայում, 70 միլիոնը Լատինական Ամերիկայում, 60 միլիոնը Ասիայում և 10 միլիոնը Օվկիանիայում:

Բողոքականությունն իր մեջ ընդգրկում է դավանական, պաշտամունքային և եկեղեցական առանձնահատկություններով միմյանցից տարբերվող, անկախ եկեղեցիներ և դավանանքներ: Բողոքական եկեղեցիները բաժանվում են երկու մեծ խմբի' լյութերական և ռեֆորմատական: Ռեֆորմատական և լյութերական եկեղեցիների հիմնական տարբերությունն այն է, որ վերջիններն ընդունում են երկու խորհուրդ (Մկրտություն և Հաղորդություն), իսկ ռեֆորմատական եկեղեցիները մերժում են բոլոր խորհուրդները: Բողոքական եկեղեցիները կոչվում են նաև ավետարանական եկեղեցիներ:

Նյութը պատրաստեց՝ Նարինե Ղազինյանը


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1760
Տեղադրվել է՝16:33:55 19-02-2014