Civil Consciousness - «Կուսխորհուրդներն» ու կրթական համակարգը
  • :
  • :


«Կուսխորհուրդներն» ու կրթական համակարգը

«Ուսանողի Գիտակցություն»

Ցանկացած պետության զարգացման հիմնական երաշխիքներից մեկը պետության ներսում տարբեր սոցիալական խմբերի և պետական ինստիտուտների միջև հակակշիռների մեխանիզմների առկայությունն է: Ցանկացած բնույթի միատարրություն միայն կարող է լճացման երաշխիքը հանդիսանալ և ուրիշ ոչինչ: Հակակշիռների մեխանիզմներով կառավարվող և զարգացող պետություններում գործող կրթական համակարգերը, սովորաբար, պատրաստում են իրենց պետական համակարգը զարգացնելուն միտված սերունդներ: Մասնագիտական ունակություններից զատ՝ կրթական համակարգն իր պետության երիտասարդ քաղաքացիների մեջ նաև սերմանում և խրախուսում է այնպիսի արժեքային համակարգ, որն իր ներքին դիմադրողականությամբ կարողանա դիմակայել ապագայում պետությանը սպառնացող թե´ ներքին, և թե´ արտաքին մարտահրավերներին: Պետության ապագայի մասին մտածող կրթական համակարգում պետությունը և իշխանությունը հստակ տարանջատված են մատուցվում երիտասարդներին, ինչը ապագայի համար պատրաստում է ոչ թե տվյալ պահի իշխանությունների վերարտադրությունն ապահովող, այլ պետության գոյատևման շարունակականությամբ մտահոգ և պետականամետ Քաղաքացիներ: Նմանատիպ կրթական համակարգը խրախուսում է ուսման մեջ առաջադիմություն գրանցած, կարգապահ, գիտակից և օրինապահ ուսանողներին: Այսպիսի կրթական համակարգի առկայության պայմաններում մասնավոր կամ պետական կրթական համակարգի մասին բանավեճերը երկրորդական նշանակություն ունեն և հիմնականում տեղի են ունենում միայն գաղափարական դաշտում, ինչն էլ, ըստ էության, այս կամ այն համակարգի կողմնակիցների անելիքն է, այսինքն՝ երկու տարբերակի առկայության պայմաններում էլ հիմնական սկզբունքը չի խախտվում: Հենց նմանատիպ կրթական համակարգում են ձևավորվում քաղաքական կամայականությունների հիմնական հակակշիռը հանդիսացող և տվյալ երկրի ապագան կերտող ուսանողների'«Ուսանողի Գիտակցությունը» : Համենայնդեպս, ժամանակակից աշխարհում զարգացած պետությունների փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ կրթական համակարգերում ուսանող քաղաքացիներն իրենց երկրների կայացման և հետագայում զարգացման գործընթացների առաջամարտիկներն են հանդիսացել: Ավելին՝ մարդկության պատմության ողջ ընթացքում ժողովրդավարության բոլոր ալիքներն ուղեկցվել են ուսանողների գերակտիվ մասնակցությամբ: 20-րդ դարում տեղի ունեցած և հաջողությամբ ավարտված բոլոր խաղաղ անհնազանդության շարժումների սկիզբն ազդարարել են ուսանողական շարժումները: Այս հոդվածաշարի շրջանակներում մենք մեր կազմակերպության անդամների կողմից պատրաստված հոդվածներով և համացանցում առկա տեսահոլովակներով կանդրադառնանք նաև համաշխարհային ուսանողական շարժումներին, որոնք իրենց յուրօրինակ դրսևորումներով արժանի են խորը և հանգամանալից ուսումնասիրության: 

Հայկական իրականություն

Հայաստանում առկա կրթական համակարգը (ինչպես հանրությանը ծառայելուն կոչված մնացած բոլոր համակարգերը), մեղմ ասած, չի կատարում իր հիմնական գործառույթները: Կրթական համակարգում առկա արժեքային համակարգը և համակարգի սուբյեկտների և օբյեկտների միջև փոխհարաբերությունների կարգավորման նորմերը նմանվում են հանցավոր աշխարհում ընդունված կանոններին: Այս համակարգում դասավանդող ուսուցիչներն ու դասախոսները հիմնականում հարմարվողական կեցվածքով օժտված, համակարգի արատավոր բարքերի նկատմամբ անտարբեր և կենսաբանական զանգվածի նմանվող մարդիկ են: Այս մարդկանց գերակշիռ մեծամասնությունը, ընդունելով իրենց վզին փաթաթված կանոնները, որևէ ձևով չի ընդվզում կրթօջախներում իրենց պետերի կողմից կատարվող ապօրինությունների դեմ, չի ընդվզում այդ պետերի կողմից երաշխավորվող և իրավականորեն ուսանող կոչվող երիտասարդների լկտի պահվածքի դեմ: Իրենց ավագ սերնդի ներկայացուցիչների հարմարվողական պահվածքը փոխլրացնում են այն ուսանողները, որոնց համար բուհը ուղղակիորեն ասոցացվում է «փողով դիպլոմ գնելու» հետ:

Ուսանողների շարքերում կան նաև դրական բացառություններ, ովքեր, անկախ անբարենպաստ հանգամանքներից, գիտելիքներ են կորզում իրենց բուհերից, սակայն ուսանողների մի խումբ էլ կա, որին չանդրադառնալը կնշանակի ոչինչ չասել համակարգի բնույթի արգասիքը հանդիսացող արատավոր հետևանքների մասին: Ուսանողների այս խումբը հանրությանը քաջ հայտնի Ուսանողական խորհրդի ուսանողներն են, կամ ինչպես իրենց պետերն են իրենց շատ դիպուկ որակել՝ բուհերի «Զորքը»:

Ուսանողական Խորհուրդներ կամ «Զորք».

Այս ուսանողական խմբերին, այսուհետ՝ «Զորքին», բնորոշ հիմնական դրսևորումներն են կրիմինալին և արատավոր արժեհամակարգի սպառմանը նպաստող գործողություններին սպասարկելը: «Կուսխորհուրդների» անդամների, այսուհետ՝ «Զորքի զինվորների», գերակշիռ մեծամասնությունը Հանրապետական կուսակցության անդամներ են և իրենց լկտիությունն ու սանձարձակությունը զարդարում են ՀՀԿ կրծքանշաններով: «Զորքն» ամեն հնարավոր և անհնարին միջոցներով պարտավոր է պաշտպանել իր հովանավորյալների կողմից իրականացվող ապօրինությունների անխափան ընթացքը: Դրա դիմաց «զորքի զինվորները» ստանում են բուհերի ներսում գործելու լիակատար ազատություն, մեկնում են տարբեր տեսակի գործուղումների, կարողանում են առանց դժվարության և առանց սովորելու ստանալ իրենց անհրաժեշտ թվանշանները, հավաքագրում են իրենց նման ուսանողներին՝ դարձնելով սկզբում «Զորքի զինվորներ», ապա ՀՀԿ անդամներ և շարունակում են իրենց «զինվորական» կարիերան՝ հետագայում նշանակվելով տարբեր բուհերի ռեկտորների օգնականներ, ապա տեղակալներ և այդպես մինչև ԿԳ նախարար: Հատկանշական է նաև, որ յուրաքանչյուր բուհ ունի իր «զորքը» և «զորքերը» համակարգող «զորապետերը», որոնք էլ ենթարկվում են արդեն իրենց «գումարտակի» հրամանատարին: Ուսանողական խորհուրդների նմանատիպ տրանսֆորմացիան, մեղմ ասած, տարակուսելի է և վստահաբար կարելի է ասել, որ հիմնականում այս խնդրի լուծումով է պայմանավորված կրթական համակարգի կոտրված ողնաշարի ապաքինումը: Իմ խորին համոզմամբ՝ այս խնդրի լուծման բանալիներն առկա են, և դրանք գտնվում են հենց այն երիտասարդների ձեռքերում, ովքեր կողք-կողքի սովորում են այդ «զինվորների» հետ:

Հ.Գ. Վստահաբար կարելի է ասել, որ կրթական և հատկապես Ուսանողական խորհուրդներում տիրող իրավիճակի լուծման համար անհրաժեշտ է նախ և առաջ պատկերացնել այս կառույցներում տիրող արժեքային համակարգը, «զինվորների» և սովորական ուսանողների փոխհարաբերությունների ձևերը, հրապարակայնացնել «զինվորների» կողմից կատարվող ապօրինությունները և դրանց պատճառահետևանքային կապերը: Այսուհետ «ՔԳ» ՀԿ «Ազատ Ուսանողների Ֆորում» ուսանողական միությունը և այս խնդրով մտահոգ մի խումբ անհատներ, ինչպես նաև, մի շարք ուսանողական և քաղաքացիական կազմակերպություններ ու նախաձեռնություններ տարբեր միջոցներով և պարբերաբար անդրադարձ են կատարելու կրթական համակարգում տիրող խայտառակ իրողություններին, հատկապես՝ «զորքերի» վերածված ուսանողական խորհուրդների կողմից կատարված՝ հանրությանը հայտնի և անհայտ ապօրինություններին: Այս հոդվածաշարում, մասնավորապես, անդրադարձ է կատարվելու տարբեր բուհերի ուսանողական խորհուրդներում տիրող իրավիճակներին, այդ իրավիճակներում իրենց ուղղակի մասնակցությունն ունեցած և մինչ այս լուսանցքներում մնացած մարդկանց ու նրանց ուղղակի հովանավորյալներին:


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`4093
Տեղադրվել է՝16:53:17 29-01-2014