Civil Consciousness - 1886թ. մայիսի 4. «Հայմարկետի խռովություն»
  • :
  • :


1886թ. մայիսի 4. «Հայմարկետի խռովություն»

1886թ. մայիսի 4-ին Չիկագոյի Հայմարկետ հրապարակում աշխատավորների կողմից անցկացվող ցույցի ժամանակ տեղի ունեցած արյունալի միջադեպը պատմության մեջ հայտնի դարձավ «Հայմարկետի խռովություն» անվամբ, իսկ այսօր համարվում է աշխատավորների իրավունքների համար մղվող պայքարի խորհրդանիշ:

Այն սկսվել էր որպես խաղաղ հավաք ի աջակցություն ութժամյա աշխատանքային օրվա համար գործադուլ անող աշխատավորների և ի պատասխան նախորդ օրը ոստիկանության կողմից սպանված մի քանի ցուցարարների: Անարխիստների փոքր խմբի կողմից անցկացվող ցույցի մասնակիցների թիվը ժամերի ընթացքում հասավ 1,500-ի, արդյունքում' ոստիկանությունն այն ցրելու փորձեր սկսեց: Սակայն այն պահին, երբ ոստիկանությունը փորձում էր ցրել հավաքվածներին, անհայտ անձի կողմից դեպի ոստիկանությունը ռումբ նետվեց, վերջինս էլ, ի պատասխան դրան, անմիջապես կրակահերթ բացեց: Արդյունքում' յոթ ոստիկան և չորս քաղաքացի մահացավ, իսկ ավելի քան հարյուրն էլ վիրավորվեցին:

Միջադեպին հաջորդող դատական գործընթացների արդյունքում դավադրության մեղադրանքով ձերբակալվեցին ցույցի ութ առաջնորդները: Սակայն որևէ ապացույց գոյություն չուներ, որ հենց նրանք էին պատրաստել կամ նետել ռումբը: Նրանցից չորսը մահվան դատապարտվեցին, մեկը ինքնասպանություն գործեց, իսկ մնացյալ երեքը, բանտում յոթ տարի անցկացնելուց հետո, Իլինոյիս նահանգի նահանգապետ Ջոն Ալթգելդի կողմից արդարացվեցին՝ անարդար դատավարության հիմքով:

Հայմարկետ հրապարակի միջադեպը համարվում է 1889 թվականից սկսած մայիսի 1-ն Աշխատավորների Միջազգային Օր հռչակելու պատճառ:

Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1032
Տեղադրվել է՝15:57:04 06-05-2014