Civil Consciousness - Քննարկում՝ «Հայաստանի մարտահրավերները» թեմայով
  • :
  • :


Քննարկում՝ «Հայաստանի մարտահրավերները» թեմայով

«Քաղաքացիական Գիտակցություն» ՀԿ անդամները երեկ մասնակցեցին «Հայաստանի մարտահրավերները» թեմայով քննարկմանը, որը տեղի ունեցավ Երևանի Հրազդան հյուրանոցային համալիրի սրահում։ Քննարկումը կազմակերպվել էր հասարակական և քաղաքական դաշտում գործող անհատների կողմից։ Քննարկման ընթացքում ելույթներ ունեցան նախկին ԱԱԾ ղեկավար Դավիթ Շահնազարյանը, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, Աղասի Ենոքյանը, գրող- հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը, «ՔԳ» ՀԿ Խորհրդի նախագահ Նարեկ Սամսոնյանը, «Ազատ Ուսանողների Ֆորում» ՈւՄ Խորհրդի անդամ Դավիթ Ֆիդանյանը և հասարակական դաշտը ներկայացնող այլ անհատներ։ Նարեկ Սամսոնյանը ելույթի ընթացքում շեշտեց ստեղծված իրավիճակում արհեստածին «երկընտրանքների պարտադրանքներից» զերծ մնալու կարևորությունն ու լրատվական դաշտում առկա տարատեսակ կարծրատիպերից ազատվելու անհրաժեշտությունը։ Դավիթ Ֆիդանյանը ևս անդրադարձավ ստեղծված պրոռուսական քաղաքական դաշտին իրական այլընտրանք ձևավորելու կարևորությանը։

Քննարկման ընթացքում բավականին կարևոր շեշտադրումներով ելույթ ունեցավ նաև նախկին ԱԱԾ ղեկավար Դավիթ Շահնազարյանն, ով մասնավորապես նշեց. «Ինքնիշխանություն չունենք, բացարձակապես չունենք այնպիսի ինստիտուտներ, ինչպիսին արտաքին քաղաքականությունն է, էլ չեմ խոսում ներքին խնդիրների, սոցիալական ապահովության, տնտեսության մասին: Քաղաքական համակարգը, համենայն դեպս այն, ինչ ներկայացված է խորհրդարանում, մի վեցյակ է, որոնց մեջ բացարձակապես ոչ մի տարբերություն գոյություն չունի»։

Շահնազարյանի խոսքերով' այսօր ՀՀում տիրում է ամբողջությամբ քրեաօլիգարխիկ համակարգ, որը փորձում է իր կողմից կատարյալ դիկտատուրա հաստատել քաղաքական և հասարակական դաշտում և մենք ներկայումս գտնվում ենք այդ գործընթացի ավարտական փուլում։ Շահնազարյանն ավելացրեց, որ քաղաքական դաշտի զավթումն այդ համակարգի կողմից շատ վաղուց է ստեղծվել. հատուկ դրա համար կուսակցություններ են ստեղծվել. «Այդ կուսակցություններն են «Օրինաց երկիրը», ԲՀԿ-ն: Նրանք այդ նպատակով են ստեղծվել, ՀԱԿ-ը ևս այդ նպատակով է ստեղծվել»։

Ավելացնենք նաև, որ քննարկմանը ներկա էին «ՔԳ» ՀԿ ավելի քան 20 անդամներ՝ կազմակերպության տարբեր ստորաբաժանումներից։

«ՔԳ» ՀԿ լրատվական ծառայություն






Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1452
Տեղադրվել է՝20:16:46 07-04-2014