Civil Consciousness - Հայաստանի Հանրապետության զարգացման միակ երաշխավորը ՀՀ քաղաքացին է
  • :
  • :


Հայաստանի Հանրապետության զարգացման միակ երաշխավորը ՀՀ քաղաքացին է

«Հայեցակետ» հաղորդաշարը վերջերս հյուրընկալել էր «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ Խորհրդի նախագահ Նարեկ Սամսոնյանին:
Ներկայացնում ենք հարցազրույցի առանցքային դրույթները, իսկ հաղորդաշարն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ:

Հարցազրույցի ընթացքում մասնավորապես քննարկվեցին հարցեր կապված Քաղաքացիական հասարակության դրսևորման կարևորության, գոյություն ունեցող քաղաքական դաշտի և քաղաքացիական շարժումների, «երկբևեռ քաղաքական դաշտի» հեռանկարների, ռուսամետ իշխանության ու ռուսամետ ընդդիմության և քաղաքացիական այլընտրանքի ձևավորման հետ:

Քաղաքացիական հասարակության դրսևորման կարևորության հարցին անդրադառնալով՝ Ն. Սամսոնյանը նշեց. «Բավականին դրական է քաղաքացիական շարժումների առկայությունը և դա ոչ թե պետք է լինի ինչ-որ կոնկրետ ժամանակահատվածում միայն, այլ պետք է պարբերական բնույթ կրի, որովհետև քաղաքացիական գիտակցությունը ձևավորվում է քաղաքացիական շարժումների իրավիճակի տերը լինելով, նամանավանդ այնպիսի պայմաններում, ինչպիսի պայմաններում, որ այսօր գտնվում ենք մենք դա ուղղակի անհրաժեշտություն է: Այսինքն, դրա պարբերական լինելը կապված է Հայաստանի զարգացման հետ, որովհետև այսօր փաստացի այն միավորները՝ քաղաքական ուժերը, որոնք պետք է սպասարկեն հասարակության շահը որևէ ձևով չեն սպասարկում դրանք, կտրված են հասարակությունից: Շատ դեպքերում, քաղաքականությունն ինչ-որ մի բիզնես պրոյեկտի է վերածվել, որի միջոցով մարդիկ փորձում են իրենց ապրուստը վաստակել, իսկ այդ պայմաններում քաղաքացիական և հասարակական ակտիվությունն առավել քան կարևոր է դառնում:
Քաղաքացիական շարժումներին սատարող հայտարարությունները, որոնք արվում են քաղաքական կուսակցությունների կողմից փաստեր են, որոնք տեղի են ունեցել, բայց դա դեռևս չի նշանակում, որ քաղաքական ուժերը մոտ են հանրությանը: Այսինքն, այնպիսի տենդենց է նկատվում, երբ որ քաղաքացիական որևէ շարժում է ձևավորվում, որը որ քիչ թե շատ հեռանկարներ է ունենում, քաղաքական ուժերն ամեն հնարավոր ձևով փորձում են իրենց ներկայությունն ունենալ այդ շարժման մեջ, սակայն իրենց մասնակցությունն այդ շարժումների մեջ ո´չ մամուլով է երևում, ո´չ էլ լրատվամիջոցներում է հայտնվում՝ տարբեր հայտարարությունների տեսքով: Քաղաքական կուսակցությունները պարզապես փորձում են այդտեղից ինչ-որ «բաժնեմաս տանել», և դա բնավ չի նշանակում, որ քաղաքական ուժերը մտահոգված են քաղաքացիների խնդիրները լուծելու խնդրով:
Այսօր քաղաքական ուժերը չունեն սեփական օրակարգը, որով կարող են առաջնորդվել, որով կարող են որևէ գործողություն, որևէ միջոցառում իրականացնել, որը հենց հասարակության շահերին կնպաստի:
Բրյուսովի ուսանողական շարժումը սկիզբ առավ ուսանողական մի շարք խնդիրներ լուծելու անհրաժեշտությունից, սակայն գրեթե բոլոր քաղաքական ուժերն այդ խնդիրները լուծելու փոխարեն սկսեցին տարբեր հարվածների միջոցով քայլեր ձեռնարկել այդ ուսանողական շարժումը պառակտելու և տապալելու ուղղությամբ: Իշխանությունը, պարզ է, թե ինչու էր նման մոտեցում ցուցաբերում, որն ի դեպ, ավելի քաղաքակիրթ էր, քան որոշ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների մոտեցումները:
Քաղաքական ուժերի կողմից նման մոտեցում ցանկացած հասարակական շարժման է սպառնում: Մաշտոցի պուրակի շարժումը ևս բացառույթուն չի եղել: Այստեղ ևս քաղաքական ուժերի կողմից շարժումը լիովին այլ հունով տանելու փորձեր են եղել, սակայն Մաշտոցի պուրակում հստակ ձևավորված օրակարգի և այդ օրակարգն իրականացնող մարդկանց ջանքերի շնորհիվ քաղաքական ուժերին հնարավորություն չտրվեց այդտեղից «մասնաբաժին» ստանալ:
«Դեմ եմ» շարժման կազմակերպած վերջին ակցիաների ժամանակ իրենց սատարող քաղաքական ուժերի կողմից քաղաքական ելույթներ եղան, որ ակտիվիստների կողմից բացարձակապես չընդունվեցին: Կոչեր հնչեցին, որոնց ի պատասխան հանրահավաքին մասնակցած ակտիվիստներն այլ կոչեր վանկարկեցին, որպեսզի խլացնեն իրենց դուր չեկած այդ կոչերը: Սա ուղղակիորեն արտացոլում են մեր այսօրվա քաղաքական դաշտում տիրող կոլապսային իրավիճակը. ոչ մի ուրիշ բան:
Երբ որ քաղաքական ուժերն իրենց սեփական օրակարգը հասարակական դաշտ են փորձում բերել, այդտեղ ակնհայտ երևում է քաղաքական ուժերի և հասարակության միջև առաջացած անդունդը:
Քաղաքական և քաղաքացիական շարժումների հակադրությունն արհեստածին բնույթ ունի, որն, ի դեպ, ոչ միայն իշխանությունների կողմից է դաշտ մեկնվում, այլ նաև ընդդիմության: Ըդդիմությունը, հակառակը, փորձում է պնդել և հիմնավորել դրա կարևորությունը: Բնականաբար, քաղաքացիական շարժումների ժամանակ կարևոր է ունեցած բոլոր հնարավոր միջոցներն օգտագործելը, որոնք իհարկե չեն հակասում շարժման մասնակիցների կողմից ընդունված նորմերին ու խաղի կանոններին: Բայց պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել: Այսօր իրենց ոչ իշխանական հայտարարած քաղաքական ուժերը, ովքեր հրաժարվում են ընդդիմադիր եզրույթից անգամ, բացի սահմանադրական դատարանին դիմելու հնարավորությունից որևէ այլ բան անել չէին կարող: Ավելին, նման պարագայում, բավականին մեծ է շարժումն այլ հունով տանելու վտանգը: Հնարավոր է հենց շարժման ներսում այն պառակտելու քայլեր արվեն, որն ի դեպ, «Դեմ եմ» շարժման հանրային քննարկումներին հետևելիս արդեն իսկ նկատվում է, և ցավալի է, որ արհեստական դիսկուրսների միջոցով փորձ է արվում պայքարը շեղել իր բնական հունից: Քաղաքական ուժերը փորձում են այդ շարժման ձեռքերով շագանակներ հանել կրակների միջից կամ սեփականաշնորհել այն:
Բոլոր մարդիկ իրենց դիմացիններին չափում են այն հարթության մեջ, որ հարթությունում, որ իրենք են գտնվում: Երբ քաղաքական դաշտում այսօր առկա «մենաշնորհ» ունեցող գրպանային, արհեստական «քաղաքական ընդդիմություն», «այլընտրանք», «ոչ իշխանականություն» հասկացությունները վերանան և ձևավորվի իրական քաղաքական դաշտ, որը կլինի այնպիսին, ինչպիսին, որ պետք է լիներ, այդ ժամանակ նոր միայն ծավալվող շարժումները պառակտելու փորձերը չեն լինի:
Այսօր քաղաքացիական շարժումները, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական դաշտում գործող շատ և շատ այլ միավորներ բավականին ամուր ներքին իմունիտետ ունեն և փորձում են այդ քաղաքական ուժերին հակադրել իրենց գաղափարները: Ավելին, այսօր մի շարք քաղաքական ուժեր կերազեին ինչ-որ մի այդպիսի շարժումից մի մասնիկ պոկելու և իրենց դաշտ տանելու կարողություն ունենային:»

«Երկբևեռ քաղաքական դաշտի» և սահմանադրական փոփոխությունների հեռանկարներին գնահատական տալով՝ Ն. Սամսոնյանը նշեց. «Այսօր մեզ մոտ առկա է մի ընդհանուր համակարգի մեջ գտնվող երկու քաղաքական ուժեր՝ իրենց արբանյակներով. Հանրապետականն ունի կամ ուներ ՕԵԿ, իսկ Բարգավաճ Հայաստանն ունի ՀԱԿ: Նույն երկբևեռ քաղաքական համակարգն է, որտեղ երկու կողմերն էլ ունեն ընդհանուր շահեր. հայհոյել մեկը մյուսին որքան ուզում են: Բայց և ունեն մեկ ընդհանուր արգելված կանոն. չդիպչել Ռուսաստանի, մասնավորապես՝ Կրեմլի շահերը ներկայացնող որևէ խնդրի:
Խորհրդարանական հանրապետություն դառնալու համար մեր երկիրը դեռևս երկար ճանապարհ ունի անցնելու, քանի որ խորհրդարանական հանրապետությունը ենթադրում է ուժեղ կուսակցական համակարգի առկայություն, իսկ մեր երկրում կուսակցական համակարգ բառացիորեն գոյություն չունի. կան գործող կուսակցություններ, որոնք փորձում են այս կամ այն կերպ ազդեցություն ունենալ քաղաքական իրադարձությունների վրա: Սա, մասնավորապես, վերաբերում է խորհրդարանական ուժերին, ովքեր «քաղաքական» եզրույթի տակ տեղավորվելու իրավունք չունեն՝ թե´ տեսականում, թե´ գործնականում: Քաղաքական կուսակցություններում բացակայում է կուսակցական ժողովրդավարությունը, փոխարենն աչք է զարնում վերջիններումս առկա մենիշխանությունն ու անհատապաշտությունը»:

Երկբևեռ քաղաքական համակարգի պայմաններում իշխանափոխության հնարավորություններին անդրադարձ կատարելով՝ Ն. Սամսոնյանը նշեց. «Մեկից մյուսին փոխանցվող իշխանությունը երբեք չի կարող ծառայել հասարակության շահերին քանի դեռ այն ձևավորված չէ հասարակության կողմից և քանի դեռ այդ իշխանության շահառուն ոչ թե հասարակությունն է, այլ այս կամ այն օլիգարխը և այս կամ այն օլիգարխի «պահած» «ընդդիմադիր» թերթերն ու լրատվամիջոցները:
Այսօր ԶԼՄ-ները քարոզչականից բացի որևէ այլ գործառույթ չեն իրականացնում: Նրանցից մեկը մյուսին մեղադրում է մյուսի քարոզչությունն իրականացնելու մեջ՝ դա արատավոր երևույթ ներկայացնելով: Մի բուլվարային լրատվամիջոց մյուսին մեղադրում է այդպիսին լինելու մեջ: Նման պայմաններում կայացած կուսակցական համակարգ պահանջող քաղաքական փոփոխություն իրականանցելը, որն անմիջականորեն կապված է երկրի կառավարման համակարգի փոփոխության հետ, ոչ այլ ինչ է եթե ոչ ձևական անվանումների փոփոխություն:
Այսօր մի քաղաքական ուժ մյուսներին և, մասնավորապես, հասարակական սեկտորին մեղադրում է գործող Նախագահի հրաժարականը չպահանջելու մեջ՝ քաղաքական արդի վիճակը պայմանավորելով միայն վերջինիս գործունեության հետ և հայտարարում է, որ նրանք ովքեր չեն միանում իրենց կոչերին իրավունք չունեն քաղաքականությունից խոսել, սակայն այդ ուժը սնվում և «ատամներով պաշտպանում» է քաղաքական մի ուժի, որը բազմիցս հայտարարել է, որ իրենց օրականգում չկա ՀՀ Նախագահի հրաժարակի պահանջը:
Եթե Մաքսային Միություն մտնելով դասվելու ենք Նազարբաևի և Պուտինի պես առաջնորդներ ունեցող երկրների շարքին, ավելորդ է անգամ փորձել ժողովրդավարության մասին խոսել՝ ժողովրդավարության հաստատման ելքը կառավարման համակարգի փոփոխության մեջ տեսնելով: Այն պայմաններում, երբ Հայաստանի քաղաքական ուժերից որևէ մեկը չի խոսում մեր երկրում Կրեմլի կողմից իրականացվող ինտերվենցիայի դեմ, որն ուղղակիորեն կասեցնում է մեր երկրի զարգացման գործընթացը, վկայում է այն մասին, որ այսօր Հայաստանի քաղաքական ուժերը, ովքեր այս կամ այն կերպ գործում են դաշտում, նշանակված են Ռուսաստանի Դաշնության, մասնավորապես, Կրեմլի կողմից: Այսինքն, և´ ընդդիմությունը, և´ իշխանությունը նշանակված են Կրեմլից:
Քաղաքական ուժերից մեկը հայտարարում է Մաքսային Միության անշրջելի լինելու փաստի մասին այն դեպքում, երբ որ անշրջելի անգամ Սովետական Միությունը չէր: Նման տեսակետի հիմքերը խորն են, որոնք գալիս են Կրեմլի կողմից իրականցվող սնուցումից, որը ոչ միայն ֆինանսների տեսքով է լինում, այլ նաև «թույլտվության»: Բացի այդ, այս քաղաքական ուժերը չունեն իրենց քաղաքական սեփական գիծը և վստահ են, որ Հայաստանում իշխանություն փոխողը Կրեմլն է, և ընդդիմությունն ու իշխանությունը մրցավազքի են դուրս եկել Մոսկվային իրենց՝ միուսից առավել հպատակությունը ցույց տալու համար:»

Ամփոփելով «ՔԳ» ՀԿ Խորհրդի նախագահն իր խոսքն ուղեց ՀՀ բոլոր քաղաքացիներին.
«Քաղաքական կյանքում ամենակարևոր և ամենահիմնական գործոնը ոչ թե բնակիչն է, այլ քաղաքացին: Այսօր մենք մեծ մասամբ բնակիչներ ենք և մեզ համար ցպահանջ է բնակչից քաղաքացու վերածվելը: Քաղաքացիական գիտակցությամբ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կստիպեն ցանկացած տիպի իշխանության, կուսակցության սպասարկել իրենց շահերը, քանի որ այսօր դա է մեր խնդիրը:
Պետք չէ մոռանալ այն փաստի մասին, որ Հայաստանի Հանրապետության թե´ անվտանգության, թե´ զարգացման, թե´ պահպանման միակ երաշխավորը եղել է և պետք է լինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Երբ քաղաքացին իր հույսը դնում է մեկ այլ պետության վրա, մեկ այլ ուժի վրա, այդ քաղաքացին արդեն իսկ դատապարտում է իր բարեկեցիկ ապագան: Հայաստանի Հանրապետության քաղաքացին է Հայաստանի Հանրապետության տերը:»

«ՔԳ» ՀԿ լրատվական ծառայություն


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1463
Տեղադրվել է՝23:25:17 22-04-2014