Civil Consciousness - Իտալիայի Ազգային Հեղափոխության Ղեկավարներ
  • :
  • :


Իտալիայի Ազգային Հեղափոխության Ղեկավարներ

Իտալական հեղափոխությունը Մաձինիի, Գարիբալդիի և կոմս Կավուրի գլխավորությամբ երկրի միավորումը հասցրեց ավարտին (1870 թ. սեպտեմբերի 20-ին), այնուամենայնիվ, Իտալիայում հաստատվեց սահմանադրական միապետություն, ուր երկրի ամբողջ իշխանությունը կենտրոնացվել էր Վիկտոր-Էմանուել II թագավորի ձեռքում: Ազգային հեղափոխության ղեկավարներն էին Ջուզեպպե Մաձինին, Ջուզեպպե Գարիբալդին (1807–1882), Կարլո Կատանեոն (1801–1869) և ուրիշները:

Ջուզեպպե Գարիբալդի

Ջուզեպպե Գարիբալդին Իտալիայի ժողովրդական հերոս, գեներալ, իտալական ազգային-ազատագրական շարժման առաջնորդ էր: Դեռևս իր կենդանության օրոք առասպելական հերոս էր ոչ միայն իտալացիների, այլև բոլոր ճնշված ժողովուրդների, այդ թվում՝ հայերի համար:

Ջուզեպպե Գարիբալդին Իտալիայի ազատագրման պայքարի մեջ ներգրավվել է 1833թ-ին՝ հարելով «Ռիսորջիմենտո» (Վերածնունդ) կազմակերպության հեղափոխական թևին: 1834 թ-ին մասնակցել է Ջուզեպպե Մաձինիի Սավոյական արշավանքին: Հեռակա դատապարտվելով մահապատժի՝ Գարիբալդին հեռացել է Հարավային Ամերիկա, որտեղ ավելի քան 10 տարի մասնակցել է տեղացիների ազատագրական պայքարին՝ ընդդեմ Իսպանիայի: 1848–49թթ.-ի ազգային հեղափոխության սկզբին վերադարձել է Իտալիա, կազմակերպել կամավորական ջոկատ և մասնակցել ավստրո-իտալական պատերազմին: Իր իսկ առաջարկով 1849թ-ի փետրվարի 9-ին հռչակված Հռոմի Հանրապետության ղեկավար գործիչներից էր: Հանրապետության անկումից հետո՝ 1849 թ-ին, նորից տարագրվել է:

1859 թ-ի ավստրո-իտալա-ֆրանսիական պատերազմի ժամանակ կազմակերպել է կամավորական (ալպիական հրաձիգների) կորպուս, հաղթական մարտեր մղել Լոմբարդիայում:

1859–60 թթ.-ի իտալական հեղափոխության օրերին, գլխավորելով «Կարմիր շապկավորների հազարյակ ջոկատը, ազատագրել է Սիցիլիան: Այնուհետև գրավել է Նեապոլը, վերացրել Բուրբոնների իշխանությունը Հարավային Իտալիայում և Հռոմն ազատագրելու զինված փորձեր արել (1862, 1867 թթ.): 1866 թ.-ին կամավորների ջոկատով մասնակցել է ավստրո-իտալական պատերազմին, որի շնորհիվ Վենետիկը միացել է Իտալիային:

Գարիբալդին համակրանքով էր վերաբերվում հունգարների, լեհերի, հույների ազգային-ազատագրական շարժումներին: 1870 թ-ին ֆրանսիացիների հետ մասնակցել է ֆրանս-պրուսական պատերազմին, ողջունել Փարիզի կոմունան, ընտրվել Ազգային գվարդիայի կենտկոմի կազմում, օգնել է Իտալիայում կազմակերպելու I ինտերնացիոնալի բաժանմունք: Ջ.Գարիբալդին իրենց կատարած սխրագործությունների համար բարձր էր գնահատում Բ. Կայրոլիի և նրա ընտանիքի դերը:

1943–45 թթ-ին Իտալիայի ազատագրման Դիմադրության շարժման հարվածային պարտիզանական խմբերը Գարիբալդիի անունով կոչվել են Գարիբալդիական բրիգադներ:
Իտալիայի ժողովրդական հերոս Ջուզեպպե Գարիբալդին մահացել է 1882 թ. հունիսի 2-ին, Կապերա կղզում:

Ջուզեպպե Մաձինի
Իտալացի Ջ. Մաձինին մեծ հայրենասեր էր: Ջ. Մաձինին դժվարին կյանք է ունեցել, դատապարտվել է բանտարկության, դրանից խույս տալու համար գործել մե՛րթ Շվեյցարիայում, մե՛րթ Անգլիայում: Լ.Ասինգը Ջ.Մաձինիին դասում է ժամանակի մեծությունների շարքին Դանթեի, Գալիլեյի, Մաքիավելլիի, Ալֆիերիի, Կոլումբոսի և Բայրոնի կողքին, որոնք երազել են Իտալիայի ազատությունն ու անկախությունը: Սակայն վերջիններից տարբերվում էր իր գործնականությամբ: Ջ. Մաձինին պայքարի մարդ էր, երբեք չէր հուսահատվում: Կատարվել էր նրա երազանքը դեռ նրա կենդանության օրոք: Նա տեսել էր իր երկրի ազատությունն ու անկախությունը:

1831 թ. Մարսելում Ջուզեպպե Մաձինին (1805–1872)՝ իտալական ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից մեկը, հիմնադրեց նոր կազմակերպություն, որն ստացավ «Երիտասարդ Իտալիա անունը»: Այն առաջադրեց երկրի միասնության ու ազգային անկախության ծրագիրը, հանրապետության հաստատման պահանջները, ինչպես նաև Իտալիայի պատմության մեջ առաջին անգամ քարոզեց երկրի միավորման և անկախության խնդիրը: Նույնատիպ կազմակերպություններ հիմնվեցին Եվրոպայի մի շարք այլ երկրներում:

Ջ. Մաձինին ձգտում էր համաեվրոպական հեղափոխության: 1834 թ. նա դարձավ նաև «Երիտասարդ Եվրոպա» կազմակերպության հիմնադիրը: «Երիտասարդ Իտալիան» և «Երիտասարդ Եվրոպան» դեմոկրատական կազմակերպություններ էին, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել եվրոպական երկրների հեղափոխական շարժման վրա:

Ջուզեպպե Մաձինին իր ողջ կյանքի ընթացքում ունեցել է վերելքի ու վայրէջքի շրջաններ: Նրա գործունեությունը շատ դիպուկ է բնութագրել պատմաբան Կ. Է. Կիրովան իր աշխատության մեջ, ուր գրում է. «Այնպես ստացվեց, որ Ջուզեպպե Մաձինիի պատմությունը ոչ միայն պատմություն է նրա անձնական հաջողությունների և սխալների, նրա անձնական թռիչքների և անկումների, այլև ինչ-որ չափով իտալական ազգի պայքարի պատմություն' իր անկախության, միասնության, Իտալիայի Վերածնության համար»:

1872 թվի մարտի 10-ին Իտալիան զրկվեց ամենաազնիվ և ամենամեծ մարդկանցից մեկից' Ջուզեպպե Մաձինիից:

Կամիլլո Բենսո Կավուր

Կամիլլո Բենսո Կավուր (1810-1861), կոմս, Պիեմոնտի (Սարդինյան թագավորության) և Իտալիայի վերամիավորման ժամանակաշրջանի պետական գործիչ և դիվանագետ, բուրժուականացող ազնվականության և չափավոր լիբերալ միապետական բուրժուազիայի գաղափարախոս ու առաջնորդ: 1850-52-ին' մինիստր, 1852-61-ին (բացի 1859-ից)' Պիեմոնտի վարչապետ, միաժամանակ' տարբեր մինիստրությունների ղեկավար: Կավուրի նպատակն էր Իտալիայի միավորումը Սավոյական դինաստիայի իշխանության ներքո: 1861-ին Իտալիայի միասնական թագավորության հռչակումով դարձավ երկրի նախագահ:

Ամերիկուհի պատմաբան Մարցիա Դավենպորտը, երբ Գարիբալդիի և կոմս Կավուրի հարաբերության մասին գրում է. «Այս երկու մեծ մարդիկ, երբեք իսկապես չհասկացան ու չսիրեցին իրար: Կավուրը չէր կարողանում գնահատել Գարիբալդիի անանձնական հայրենասիրությունը: Իսկ Գարիբալդին չէր կարողանում հասկանալ եվրոպական դիվանագիտության այն լայնածավալ սարդոստայնը, որի միջոցով Կավուրը զարմանալի խելոքությամբ պետք է հյուսեր իր զգուշավոր ճանապարհը»:

Կավուրին հաջողվեց համոզել Նապոլեոնին գաղտնի պատերազմ ծրագրել Ավստրիայի դեմ: 1859թ. պատճառ դարձավ ճգնաժամի, որը դրդեց Ավստրիային վերջնագիր ուղղարկել պահանջելով, որպեսզի Պիեմոնտին զինաթափվի: Կավուրը չընդունեց վերջնագիրը, որը հանգեցրեց պատերազմ Ավստրիայի հետ: Ֆրանսիացիները աջակցեցին պիեմոնտիցիներին և ավստրիացիներին, որոնք հաղթեցին Մաջենտայի և Սոլֆերինոյի ճակատամարտերում: Ավստրիացիներին ստիպեցին հանձնել Լոմբարդիան Միլանի հետ միասին Նապոլեոն III-ին: Վերջ ի վերջո 1859թ. Նապոլեոնը հանձնեց Լոմբարդիան Վիկտոր-Էմանուել II-ի իշխանությանը:


Վիկտոր-Էմանուել II

Վիկտոր-Էմանուել II (1820-1878), Սարդինայի թագավոր 1849-61-ին և միավորված Իտալիայի առաջին թագավորը 1861-78-ին: Գահ է բարձրացել հոր' Կարլ Ֆելիքսի' գահից հրաժարվելուց հետո: 1850-ին կառավարության մեջ է ընդգրկել Կավուրին, 1852-ին նշանակվել կառավարության ղեկավար, պաշտպանել նրա բուրժուական բարեփոխումների ծրագիրը: 1859-ի ավստրո-իտալո-ֆրանսիական պատերազմում Վիկտոր-Էմանուել II Ջ. Գարիբալդիին նշանակել է կամավորական կորպուսի հրամանատար, բայց ձգտել է սահմանափակել գարիբալդիական գործողությունները: Օգտվելով հանրապետական-դեմոկրատական թևի թուլությունից, Վիկտոր-Էմանուել II-ին հաջողվել է Իտալիան միավորել միապետական հիման վրա' Սարդինական թագավորությանը միացնելով Կենտրոնական և Հարավային Իտալիայի պետությունները:

Նյութը պատրաստեց' Լուսինե Առաքելյան


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`2072
Տեղադրվել է՝15:45:02 12-03-2014