Civil Consciousness - Սարդինայի Թագավորությունն ու Իտալիայի Միավորումը
  • :
  • :


Սարդինայի Թագավորությունն ու Իտալիայի Միավորումը

Սարդինայի Թագավորություն

Սարդինայի թագավորությունը պետություն է Իտալիայում: Այն գտնվում է ֆրանսիական սահմանի մոտ: Սարդինայի թագավորությունը կազմված էր Սարդինա կղզուց և Պիեմոնտից, որը գտնվում էր Իտալիայի հյուսիսում: Այն կազմավորվել է Սարդինա կղզին Սավոյայի դքսությանը միացնելուց հետո: Սարդինայան թագավորությունը մասնակցել է հեղափոխական Ֆրանսիայի դեմ պատերազմին, որի հետևանքով կորցրել է Սավոյան և Նիցցան: Նապոլեոնյան կայսրության անկումից հետո, 1814-15 թ. Վիեննայի կոնգրեսի որոշմամբ, Սարդինայի թագավորությունը վերականգնվել է նախկին սահմաններում, նրան տրվել է նաև Լիգուրիան: Սարդինայան թագավորությունը շարունակել է կառավարել Սավոյական դինաստիան, որի հետադիմական քաղաքականությունն առաջ է բերել 1821-ի Պիեմոնտի հեղափոխությունը: XIX դ. 40-ական թթ. Պիեմոնտում սկսվել է արդյունաբերական հեղաշրջում: Սարդինայի թագավորությունը դարձել է իտալական' տնտեսապես զարգացած պետություններից մեկը, որն ուներ համեմատաբար ուժեղ բանակ և վարում էր արտաքին անկախ քաղաքականություն:

1848-ի հեղափոխությունը թագավոր Կարլոս Ալբերտին հարկադրել է սահմանադրություն հրապարակել և գլխավորել համաիտալական ազգային-ազատագրական պայքարը ավստրիական Հաբսբուրգների դեմ: Սակայն հեղափոխության հանդեպ խոշոր բուրժուազիայի ունեցած վախը և Կարլոս Ալբերտի դավաճանական տակտիկան հանգեցրել են իտալական զորքերի պարտությանը: Թագավորը հարկադրված հրաժարվել է գահից: Նրա որդին' Վիկտոր Էմանուել II և Կ.Բ. Կավուրի կառավարությունը ծրագրում էին ընդարձակել Սարդինայի թագավորությունը: 1855 թ.-ից Սարդինայի թագավորությունը մասնակցել է 1853-56 թ. Ղրիմի պատերազմին (ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմում): 1859-ին Ֆրանսիայի հետ պատերազմել է Ավստրիայի դեմ: 1859-ին Ցյուրիխի պայմանագրով Սարդինայի թագավորությանը միացվել է Լոմբարդիան: 1859-60 թ.իտալական հեղափոխության հետևանքով Սարդինայի թագավորությանը միացվել են համարյա բոլոր իտալական պետություններն ու մարզերը: 1861 թ. մարտի 17-ին Սարդինայի թագավորությունը պաշտոնապես անվանվել է Իտալական թագավորություն:

Իտալիայի Միավորումը

18-րդ դարի ընթացքում մտավոր փոփոխության արդյունքում սկսվեցին փլուզվել ավանդական արժեքները և հաստատություները: Բրիտանիայից և Ֆրանսիայից սկսեցին արագ տարածվել ազատագրական գաղափարները: 1789 թ. ֆրանսիական հեղափոխությունը դարձավ լիբերալ իտալացիների ծնունդը:
1815թ. Վիեննայի կոնգրեսը վերականգնել էր ավստրիական գերիշխանությունը Իտալիայի թերակղզում, բայց ամբողջությամբ Իտալիան թողել էր մասնատված: Կոնգրեսը բաժանել էր տարածքները մի շարք եվրոպական ազգերի և նապոլեոնյան պատերազմներում հաղթողների միջև: 1815 թ. Վիեննայի կոնգրեսից հետո Իտալիան մասնատվեց և տրոհվեց մանր պետությունների:

Այն ժամանակ, երբ համագումարը տեղի ունեցավ կային 3 հիմնական խոչընդոտներ միավորման համար.
1. Ավստրիան հյուսիսում օկուպացրել էր Լոմբարդիան և Վենետիկը:
2. Հռոմի Պապի իշխանությունը Իտալիայի թերակղզում:
3. Տարբեր պետությունների առկայությունը, որոնք պահպանել էին իրենց անկախությունը, որոնցից էր Սարդինայի թագավորությունը:

1848-1849 թթ. գլխավոր խնդիրն էր ֆեոդալա-բացարձակապետական կարգերի, պետական մասնատվածության և օտարերկրյա բռնատիրության վերացումը, միասնական ազգային իտալական պետության ստեղծումը: Հեղափոխությունը սկսվեց Սիցիլիայի ժողովրդական ապստամբությամբ (1848 հունվար): 1848 թ. փետրվար մարտին Նեապոլիտական, Սարդինիայի թագավորություններում, Մեծ Տոսկանյան դքսությունում և Պապական պետությունում հռչակվեցին չափավոր բուրժուական սահմանադրություններ:

1848-1849 թթ. իտալա-ավստրիական պատերազմը ավստրիական տիրապետությունից Իտալիան ազատագրելու համար մղվող պատերազմ էր, որը սերտորեն կապված էր 1848-1849-ին իտալական պետություններում ծավալված բուրժուական հեղափոխության հետ: 1848 թ. մարտին ժողովրդական ապստամբության հաղթանակի հետևանքով ավստրիական զորքերը վտարվեցին Լոմբարդիայից և Վենետիկից (Ավստրիայի իշխանության տակ էին գտնվում 1815 թ.-ից): Մարտին Սարդինայի (Պիեմոնտի) թագավոր Կարլ Ալբերտը պատերազմ սկսեց Ավստրիայի դեմ: Սակայն իտալական պետությունների կառավարվող շրջանների և անձամբ Կարլ Ալբերտի դավաճանական քաղաքականության (վախենում էին հեղափոխական շարժման խորացումից) հետևանքով իտալական զորքերը 1848 թ.հուլիսի 25-ին Կուստոցայի մոտ պարտվեցին: Օգոստոսի 6-ին ավստրիական զորքերը մտան Միլան, իսկ 3 օր անց Կարլ Ալբերտը զինադադար կնքեց, որը առաջ բերեց մասսաների դժգոհությունը: Լոմբարդիան նորից միացվեց Ավստրիային: Հեղափոխական նոր վերելքը Կարլ Ալբերտին ստիպեց 1849 թ. մարտի 20-ին վերսկսել ռազմական գործողությունները: Սակայն արդեն մարտի 23-ին Նովարայի գլխավոր ճակատամարտում իտալական զորքերը գլխովին ջախջախվեցին: Կարլ Ալբերտը փախավ Իտալիայից: Նրա որդի Վիկտոր Էմանուել II-ը մարտի 26-ին զինադադար կնքեց: Ավստրիական զորքերը նորից օկուպացրին Լոմբարդիան և Վենետիկը: Օգոստոսի 6-ին Միլանում կնքվեց հաշտություն, որով Սարդինիայի թագավորությունը Ավստրիային վճարեց 65 մլն ֆրանկ ռազմատուգանք:

1848 թ. մարտին ժողովրդական ապստամբությամբ Լոմբարդիան և Վենետիկը թոթափեցին ավստրիական լուծը: Վենետիկում հռչակվեց հանրապետություն: Մարտի 23-ին Սարդինայի թագավորությունը, ժողովրդական մասսաների ճնշման տակ, պատերազմ հայտարարեց Ավստրիային, որն ավարտվեց Սարդինայի հանրապետությամբ: Լոմբարդիան և Վենետիկն անցան Ավստրիայի տիրապետության տակ:

Հեղափոխության առաջին փուլում (1848 թ. հունվար-օգոստոս) հակաֆեոդալական ազգային շարժման գլուխ կանգնած էր լիբերալ բուրժուազիան, որը ձգտում էր պայքարը սահմանափակել սահմանադրական բարեփոխումների շրջանակներում և երկիրը միավորել «վերևից»' Սավոյան դինաստիայի կամ Հռոմի պապի գլխավորությամբ: Հեղափոխության երկրորդ փուլում (1848 թ.օգոստոսից մինչև 1849-ը) շարժումը ղեկավարում էին բուրժուազիայի հեղափոխական տարրերը: Բուրժուական հեղափոխական դեմոկրատների (Ջ. Մաձինի, Ջ Գարիբալդի) ծրագիրը նախատեսում էր երկրի դեմոկրատական միավորումը, ժողովրդական պատերազմ ընդդեմ Ավստրիայի և համաիտալական սահմանադիր ժողովի գումարում' Իտալիայի ապագա քաղաքական կառուցվածքի հարցը որոշելու համար: Շարժումը մեծ թափ ստացավ Պապական պետություններում, որտեղ 1849 թ.փետրվարի 9-ին Սահմանադիր ժողովը պապին զրկեց աշխարհիկ իշխանությունից և հռչակեց Հռոմեական համրապետություն: Սակայն հանրապետական իշխանությունները չլուծեցին ագրարային հարցը և ձգտեցին բուրժուազիայի չափավոր տարրերի հետ փոխզիջման, որը ջլատեց հանրապետության ուժերը: 1849 թ. մայիսին ավստրիական բանակը գրավեց Ֆլորենցիան, հուլիսի 3-ին եվրոպական (Ֆրանսիա, Ավստրիա, Իսպանիա, Նեապոլ) և ներքին հեղափոխության միացյալ ուժերով Հռոմեական հանրապետությունը ջախջախվեց, օգոստոսի 22-ին ընկավ Վենետիկը: Չնայած պարտությանը, Իտալիայի բուրժուական հեղափոխությունը զգալի ազդեցություն ունեցավ իտալական ժողովրդական ազգային-ազտագրական պայքարի հետագա զարգացման վրա:

1848–1849 թթ. եվրոպական հեղափոխություններից և մասնավորապես իտալական ազատագրական շարժումից հետո էլ չլուծվեց Իտալիայի վերամիավորման հարցը, քանի որ այդ շարժումը միատարր չէր: Պատմական այդ մեծ առաքելությունը վիճակված էր 1859–1860 թթ. իտալական հեղափոխությանը:

XIX դ. կեսին իտալական ազգային-ազատագրական շարժման չափավոր լիբերալ ուղղության ղեկավարն էր Պիեմոնտի վարչապետ կոմս Կամիլո Բենսո Կավուրը (1810–1861), իսկ վերջինիս մահից հետո՝ 1861 թ., միասնական Իտալիայի թագավոր Վիկտոր-Էմանուել Երկրորդը (1820–1878): Նա իր ողջ գիտակցական կյանքը նվիրել էր իր ժողովրդին՝ «ազգային միության գաղափարներին»: Այդ գործում չէր անտեսում հանճարավոր Կավուրինը և անվեհեր Գարիբալդիի սուրը: 1859–1860-ական թվականներին իտալական ազգային-ազատագրական շարժման ընթացքում, երկրի կենսունակ բոլոր ուժերը համախմբվեցին Վիկտոր-Էմանուելի շուրջը: Վիկտոր-Էմանուելը շատ ճարտար ու ժողովրդական մարդ էր: Վիկտոր-Էմանուելը մղել է կռիվներ Պաստրենգոյի (1848 թ. մայիս) և Կուստոցայի (1848 թ. հուլիսի 25–26-ին) ճակատամարտերում, որտեղ վերջինս՝ հասարակ զինվորի պես կռվում էր: Եվ դրանով բարձրացավ նրա ժողովրդականությունը: Վիկտոր-Էմանուելը Իտալիայի ազատագրման բոլոր դրվագներում գործեց հերոսաբար: Լոմբարդիան և Վենետիկն ազատագրեց Ավստրիայից, Տոսկանան, Մոդենը, Պարմը՝ դքսերից, Նեապոլիտանյան թագավորությունը՝ Ֆրանչեսկո II-ից, իսկ Հռոմը՝ պապից: Նրա մահը սգում են Իտալիայի քաղաքները՝ Հռոմը, Թուրինը, Միլանը և այլն: Վիկտոր-Էմանուելն ավարտին հասցրեց Իտալիայի միավորման գործը:

Նյութը պատրաստեց' Լուսինե Առաքելյան

Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1368
Տեղադրվել է՝17:58:11 14-03-2014