Civil Consciousness - Ազատություն և Կրթություն, Ջոն Ստյուարտ Միլ
  • :
  • :


Ազատություն և Կրթություն, Ջոն Ստյուարտ Միլ

Ջոն Ստյուարտ Միլ (1806-1873), փիլիսոփա և պատմաբան Ջեյմս Միլի որդին, նույնպես ազատական, համարվում է 19-րդ դարի Անգլիայի թերևս ամենաառաջին ազատական մտածողը: Ուշ շրջանի տնտեսական երկերում իր կնոջ՝ կանանց իրավունքների պաշտպան Հարիեթ Թեյլոր Միլի ազդեցությամբ ավելի ու ավելի էր հակվում սոցիալիզմին «թույլ փոխզիջումների» գնալու կողմը (համաձայն Լյուդվիդ ֆոն Միզեսի): Այնուհանդերձ, իր «Ազատության վերաբերյալ» (1859) դասական ակնարկից ստորև բերված հատվածում ապացուցում է, որ ինքը համոզված ազատական է և անվերապահորեն դեմ է պետության լիակատար հսկողությանը կրթության վրա:

Իրեն վերաբերող հարցերում անձը պետք է ազատ լինի անելու այն, ինչ ցանկանում է, սակայն նա չպետք է ազատ լինի ուրիշների համար ինչ-որ բան անելիս՝ պատճառաբանելով, թե մյուսի խնդիրները նաև իրենն են: Պետությունը, որը թեպետ հարգում է յուրաքանչյուրի ազատությունը, երբ դա հատկապես իրեն է վերաբերվում, հակված է արթուն հսկողություն սահմանել իր իշխանության կիրառման վրա, ինչը հնարավորություն է տալիս իշխել մյուսների վրա: Այս պարտավորությունը համարյա ամբողջովին արհամարհվում է ընտանեկան հարաբերություների դեպքում, որոնք մարդկային երջանկության վրա իրենց ունեցած ուղղակի ազդեցությամբ ավելի կարևոր են, քան մյուս բոլոր դեպքերը միասին: Այստեղ կարիք չկա մանրամասնել ամուսինների ՝ իրենց կանանց նկատմամբ համարյա բռնակալ իշխանությունը, որովհետև չարիքի վերացման համար անհրաժեշտ է միայն, որ կանայք ունենան նույն իրավունքերը, և օրենքով նույնքան պաշտպանված լինեն, որքան այլ անձինք, որովհետև այս առարկայի առնչությամբ հաստատված անարդարության պաշտպանները չեն օգտվում ազատության կոչից, այլ հանդես են գալիս որպես իշխանության հաղթանակողներ: Երեխաների դեպքում է, որ ազատության սխալ օգտագործված հասկացությունները խոչընդոտում են պետության պարտականությունների կատարմանը: Կարելի է կարծել, թե երեխաները տառացիորեն, և ոչ թե փոխաբերաբար են կազմում մարդու մի մասը, և օրենքի նույնիսկ նվազագույն միջամտությունը երեխաների վրա ունեցած բացարձակ և բացառիկ վերահսկողությանը ավելի ցավոտ հարց է, քան սեփական գործողությունների ազատությանը միջամտելու ցանկացած փորձ:

Մարդկության մեծամասնությունը ազատությունը շատ ավելի ցածր է արժևորում, քան իշխանությունը: Վերցնենք կրթության օրինակը: Արդյոք արդեն բացահայտ աքսիոմա չէ՞, որ պետությունը պետք է պահանջի ու պարտադրի իր երկրում ծնված ամեն մի քաղաքացու որոշակի չափանիշի կրթությունը: Սակայն կա՞ մեկը, որ չի վախենում ճանաչել ու պնդել այս ճշմարտությունը: Հազիվ թե որևէ մեկը ժխտի, որ ծնողների (կամ ինչպես օրենքն է ասում՝ հոր) ամենասուրբ պարտականություններից է երեխայի աշխարհ գալուց հետո զբաղվել նրա դաստիարակությամբ և կրթությամբ, որը նրան պետք կգա կյանքում իր բաժին դերը իր և մյուսների հանդեպ պատշաճ կատարելու համար: Սակայն մինչ սա  միաձայն հռչակվել է որպես հոր պարտականություն, այս երկրում ոչ ոք լսել անգամ չի ուզում, որ հարկավոր է ստիպել նրան իր պարտքը կատարել: Փոխարենը նրան պարտավորեցնելու, որ որոշ ջանքեր գործադրի երեխայի կրթությունն ապահովելու համար, նրան ընտրություն է ընձեռվում՝ ընդունել կամ չընդունել անհատույց առաջարկված կրթությունը: Դեռևս չի գիտակցվում, որ ոչ միայն առանց մարմնական սնունդ, այլև մտավոր սնունդ տալու հնարավորության երեխա լույս աշխարհ բերելը բարոյական հանցանք է թե՛անհաջողակ զավակի, թե՛ հասարակության հանդեպ, և եթե ծնողը չի կատարում իր պարտականությունը, ապա պետությունը պետք է հասնի դրա իրականացմանը, եթե հնարավոր է՝ ծնողի հաշվին: Եթե ընդհանուր կրթության պարտադրումը երբևէ ընդունվի, կվերանան այն դժվարությունները, թե ինչ և ինչպես պետք է պետությունը սովորեցնի, որոնք, այժմ այս խնդիրը պարզապես վերածում են աղանդների ու կուսակցությունների մրցասպարեզի, ինչի պատճառով կրթության փոխարեն ժամանակ ու աշխատանք է վատնվում կրթության մասին վեճերի վրա: Եթե կառավարությունը որոշի ամեն մի երեխայի համար կրթություն պահանջել, ապա իրեն կմնա այն ապահովելու հոգսը: Կառավարությունը ծնողների հայեցողությանը կթողնի որոշել, թե որտեղ և ինչպես կրթություն ստանալ, և բավարարվել միայն օգնելով վճարել ազքատ դասի երեխաների ուսման վարձը, և իր վրա վերցնելով նրանց ուսման ծախսերը, ում համար ուրիշ ոչ ոք չի վճարելու: Պետական կրթության դեմ առարկությունները վերաբերում են ոչ թե պետության կողմից կրթության պարտադրմանը, այլ նրա կողմից կրթության ղեկավարմանը, որը բոլորովին այլ բան է: Ես կտրականապես դեմ եմ, որ որ ժողովրդական կրթության ամբողջ կամ մեծ մասը գտնվի պետության ձեռքում: Այն ամենից բացի, ինչ ասվել է բնավորության անհատականության, կարծիքների և վարվելակերպերի բազմազանության կարևորության մասին, անառարկելի է նաև կրթության բազմազանության կարևորությունը: Ընդհանուր պետական կրթությունը պարզ հնարանք է մարդկանց միմյանց նման դարձնելու համար: Նրանք մարդկանց տալիս են այն ձևը, որը դուր է գալիս կառավարության տիրապետող ուժին, լինի դա միապետը, հոգևորականությունը, ազնվականությունը կամ էլ ներկա սերնդի մեծամասնությունը: Պետության կողմից ստեղծված և վերահսկվող կրթությունը պետք է գոյություն ունենա, եթե առհասարակ գոյություն ունենա, միայն որպես խթան մրցակցող փորձարարությունների համար, մյուսներին որոշակի բարձր չափանիշի վրա պահելու նպատակով: Իհարկե, այն կարող է գոյություն ունենալ, քանի դեռ հասարակությունը այսքան հետադեմ վիճակում է և չի կարող ապահովել ու չի ապահովի կրթական պատշաճ հաստատություններ, և քանի դեռ կառավարությունը հանձն է առել առաջադրանքը: Այս դեպքում, անկասկած, կառավարությունը՝ որպես չարյաց փոքրագույնը, կարող է հանձն առնել դպրոցների ու համալսարանների գործը: Ընդհանուր առմամբ, եթե երկրում գտնվեն բավարար թվով անձինք, ովքեր ի վիճակի կլինեն ապահովել կրթություն իշխանությունների հովանու ներքո, նույն անձինք կկարողանան ու կցանկանան նույնպիսի լավ կրթություն ապահովել կամավոր սկզբունքով, կրթությունը պարտադիր դարձնելու օրենքով նախատեսված դրամական հատուցման հավաստմամբ և անվճարունակներին պետական օգնություն տրամադրելով:

Նյութն արտատպված է Ֆրիդրիկ Նաոմանի անվան' «Հանուն ազատության» հիմնադրամի կողմից տպագրված «Ազատականության հիմունքները» գրքից

Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1442
Տեղադրվել է՝18:10:28 18-03-2014