Civil Consciousness - Գոլոդոմոռ (տեսանյութ)
  • :
  • :


Գոլոդոմոռ (տեսանյութ)

Անցյալ դարի Գերմանական ֆաշիստական համակարգի հետ մարդկության գլխին պատուհաս էր նաև սովետական կոմունիստական համակարգը: Այս երկու համակարգերի միջև բազում նմանություններ կային, սակայն ամենամեծ նմանությունը միլիոնավոր մարդկանց միտումնավոր բնաջնջումն էր: Նրանք կանոնավոր կերպով ոչնչացնում էին սեփական քաղաքական հակառակորդներին: Կոմունիստները, ինչպես և ֆաշիստները, գաղափարական հիմնավորում էին տալիս իրենց գործողություններին: Նրանք սկզբում ստեղծում էին «թշնամու կերպար», որն ապահովում էր գաղափարական հիմք, այնուհետև անցնում էին ֆիզիկական բնաջնջման: Ամենավառ օրինակը նացիստների կողմից կազմակերպված «Հոլոքոստն» էր, իսկ կոմունիստների կողմից՝ Ուկրաինական «Գոլոդոմոռը»:

Տարբեր գնահատակններով Հոլոքոստի ընթացքում մահացել է 6-10 միլիոն մարդ: Մոտավորապես այդքան մարդ էլ մահացել է Գոլոդոմոռի ընթացքում: Այդ մարդիկ մահացել են ոչ թե պատերազմական գործողությունների ընթացքում, այլ կոմունիստների և ֆաշիստների կողմից ստեղծված բնաջնջման մեքենայի միջոցով:

Հաճախ Ուկրաինական Գոլոդոմոռի պատճառները կապում են 1930-ականների Սովետական Միությունում արտադրողական ճգնաժամի, մասնավորապես՝ հացահատիկի պակասի հետ: Սակայն դա պարզապես մեթոդ էր, որը կիրառվեց Ստալինի կողմից՝ ուկրաինական ժողովրդին վերջնականապես ծնկի բերելու նպատակով: Սովետական տոտալիտար մեքենայի համար գլխավոր խոչընդոտն ուկրաիանական գյուղական համայնքն էր, որը դիմադրում էր և, ըստ էության, չէր ենթարկվում: Այդ ամենին գումարած՝ գյուղական համայնքը հետևողականորեն պահպանում էր ուկրաիանական ժողովրդի ավանդույթները, մի բան, որը խոչընդոտ էր կոմունիստների համար, ում վերջնական նպատակն էր զրկել ուկրաինացիներին ազգային դիմագծերից, թուլացնել նրանց ազգային իմունիտետը և, վերջիվերջո, ձուլել նրանց:

Ուկրաինայի ոչնչացման համար որոշվեց կիրառել ամենաարդյունավետ մեթոդը՝ սովը: Այդ ծրագրի իրագործման համար բավականին նպաստավոր իրադրություն ստեղծվեց 1920-ականների վերջին: Որոշվեց Սովետական Միության մոդեռնիզացման հարցը: Ագրարային տնտեսություն ունեցող պետությունը պետք է կարճ ժամանակահատվածում դառնար արդյունաբերական պետություն: Քանի որ Սովետական Միությունը չուներ սեփական արտադրություն, արտահանվող ապրանքների մեջ հիմնական տեղը զբաղեցնում էր հացահատիկը: 1927թ. հացահատիկի գնման համար կոմունիստները ֆիքսված գին սահմանեցին, սակայն գյուղացիները հրաժարվեցին կոմունիստներին այդ գնով հացահատիկ վաճառել, քանի որ այն շուկայականից բավական ցածր էր: Արդյունքում երկրում առաջացավ արտադրողական ճգնաժամ: Գյուղացիներին հնազանադեցնելու համար նրանք սկսեցին կիրառել կոլեկտիվացման գործընթաց, որը հնարավորություն էր տալիս վերահսկել գյուղը: Հիմնական թիրախը կուլակներն էին: Ստալինի հրահանգով այդ դասը պետք է վերացվեր: Սակայն ժամանակի ընթացքում կուլակների դեմ պայքարը վերածվեց բոլոր գյուղացիների դեմ պայքարի: Գյուղացին չպետք է ունենար սեփականություն:

Սովետական Միության մեթոդները բուռն դժգոհություն առաջացրեցին գրեթե բոլոր շրջաններում, սկսվեցին գյուղացիական ելույթներ: Սակայն ամենաբուռն դժգոհությունը Ուկրաինայում էր, որտեղ գյուղացիությունը պայքարում էր զենքը ձեռքին: 1930թ. ապրիլին իրադրությունը անկառավարելի էր և տեղ-տեղ նույնիսկ անկախության կոչեր սկսեցին հնչել: Ելույթները ճնշելու նպատակով 1930թ. մոտ 300 հազար մարդ ձերբակալվեց, մի մասը գնդակահարվեց, որոշ մասն էլ ուղարկվեց համակենտրոնացման ճամբարներ:

1932թ. հունիսի 6-9-ը Խարկովում տեղի ունեցավ համաուկրաինական կուսակցական 3-րդ համաժողովը, որի թեման էր հացահատիկի արտադրությունն Ուկրաինայում: Դա այնքան կարևոր իրադարձություն էր, որ Մոսկվայից ժամանել էր ներկայացուցիչ Մոլոտովը: Համաժողովի որոշմամբ տարեկան 306 փութ հացահատիկ պետք է ուկրաինական կողմը տար պետությանը, և գյուղացիներն իրենց ամբողջ հողային ունեցվածքը պետք է տրամադրեին պետությանը: Բնականաբար, աղքատության մեջ գտնվող երկիրը չէր կարող կատարել այդ պահանջները:

Նոյեմբերի 8-ին Չեկայի կողմից որոշում ընդունվեց, համաձայն որի մինչև պահանջները չկատարվեին, ուկրաինական գյուղերը զրկվում էին մթերքից: Նոյեմբերի 18-ին արդեն ուկրաինական կենտկոմն ընդունում է մի որոշում, որը և հետագայում կոչվում է Գոլոդոմոռ: Համաձայն այդ որոշման՝ պահանջը չկատարող գյուղերի մուտքի մոտ տեղադրվում էին սև տախտակներ, ինչը նշանակում էր, որ տվյալ գյուղ արգելվում էր մթերք ներմուծել: Մարդկանց նույնիսկ արգելվում էր լքել բնակավայրերը: Երկրի սահմանի երկայնքով զինվորականներ էին հերթապահում: Մարդկանց արգելված էր նույնիսկ վաճառել երկաթուղու տոմսեր: 1933թ. հունվարի 22-ին մի որոշում ընդունվեց, որով ցույց էր տրվում, որ սովետական իշխանությունների կողմից կիրառվում էր միտումնավոր բնաջնջման քաղաքականություն: Որոշումը հետևայլն էր. սովից բոլոր փախչողները պետք է հետ վերադարձվեին սեփական բնակության վայրեր: Ակտիվիստները մտնում էին մարդկանց տները, պարտադրանքով վերցնում հացահատիկ և տանն առկա ողջ սննդամթերքը: Փաստորեն, սև ցուցակում հայտնված գյուղերը սովի էին մատնվում և կտրվում արտաքին աշխարհից: Մարդիկ սնվում էին կատուներով, շներով, գրանցվել են նաև հանիբալիզմի դեպքեր, որոնք պահպանված են բազմաթիվ փաստաթղթերում: Ուկրաինական Գոլոդոմոռի ժամանակ զոհվեցին միլիոնավոր մարդիկ' տարբեր գնահատականներով մինչև 8 միլիոն մարդ:

Հ.Գ. Այս ամենի հետ մեկտեղ ոչ պակաս զայրացնող էր սովետական իշխանության ցինիզմը: Երբ սովի մասին տեղեկությունները հասնում էին իշխանությանը, այն ցինիկաբար քարոզ էր տանում, որ դա կուլակների ձեռքի գործն է և սով չկա, իսկ կուլակները, պարզապես, հակասովետական տարրեր են:

Մանրամասները տեսանյութում'

Նյութը պատրաստեցª Դավիթ Ֆիդանյան


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1366
Տեղադրվել է՝23:55:35 28-03-2014