Civil Consciousness - Ֆրեդերիկ Բաստիա Մրցակցությունը Ազատություն Է
  • :
  • :


Ֆրեդերիկ Բաստիա Մրցակցությունը Ազատություն Է

Ֆրեդերիկ Բաստիան, թերևս, 19-րդ դարի ֆրանսիացի այն նշանավոր հրապարակախոսն է, ով ամենամեծ եռանդով զինվորագրվեց ազատ առևտրի դատին: Նա նաև «Տնտեսագիտական հանդեսի» հրատարակիչն էր: Ստորև տպագրվող հատվածը վերցված է 1849 թ. Հրատարակված «Տնտեսական ներդաշնակություններ» շարքից, որը տևական ազդեցություն թողեց ողջ Եվրոպայի ազատ առևտրի շարժման վրա: Այդ ազդեցությունը դրսևորվեց հիմնականում Գերմանիայում, որտեղ Ֆ. Բաստիայի աշխատությունը հրատարակվեց արդեն իսկ 1858 թ. Ջոն Պրինս-Սմիթի թարգմանությամբ:

Քաղաքականությունը իր ողջ բառապաշարի մեջ չունի մի այլ բառ, որ այնքան գրգռեր արդի բարեփոխիչների զայրույթը, որքան «մրցակցություն» բառը, որին, որպեսզի այն ավելի արգահատելի դառնա, վերջիններս չեն դադարում փակցնել «անարխիստական» մակդիրը:

Ի՞նչ է նշանակում անարխիստական մրցակցություն: Չգիտեմ: Ի՞նչ կարելի է դնել դրա փոխարեն: Դարձյալ չգիտեմ:
Լսում եմ, թե ինչպես են գոռում' կազմակերպություն: Միություն: Բայց եկեք մեկընդմիշտ հասկանանք' ի՞նչ է դա նշանակում: Վերջապես պետք ես գիտնամ, թե ինչ տեսակ հեղինակություն են ուզում բանեցնել ինձ վրա և երկրագնդի մակերևույթի վրա ապրող բոլոր մարդկանց վրա սույն հեղինակները, քանզի իրականում ես ընդունում եմ մի հեղինակություն' բանականության հեղինակությունը, եթե նրանք նշույլն ունեն: Լավ, ուզո՞ւմ են նրանք ինձ զրկել դատողություն անելու իմ իրավունքից, երբ խոսքը վերաբերում է իմ գոյությանը: Տենչո՞ւմ են նրանք ինձ զրկել ծառայություններս համեմատելու ձիրքից, որ ես մատուցում եմ նրանց, ումից ստանում եմ այդ ծառայությունները: Կարծո՞ւմ են նրանք, որ ես գործեմ իրենց իսկ կողմից գործադրված ստիպողականության և ոչ իմ գիտակցության ազդեցությամբ: Եթե նրանք ինձ թողնեն իմ ազատությունը' կմնա Մրցակցությունը: Եթե նրանք այն շորթեն, ես կդառնամ իրենց ստրուկը: «Միությունը կլինի ազատ և կամովին»,- ասում են նրանք: Բարո՛վ եկաք: Այդ դեպքում միավորվածների յուրաքանչյուր խումբ այդ խմբերի նկատմամբ կլինի այնպիսին, ինչպիսին անհատներն են միմյանց միջև, և մենք դարձյալ կունենանք Մրցակցություն: «Միությունն ամբողջական կլինի»: Բա՛հ, դա արդեն կատակից մի բան էլ վեր է: Ի՞նչ, անարխիստական մրցակցությունն այսօր ավերում է հասարակությունը, և ուրեմն պետք է սպասե՞նք այդ հիվանդություններից բուժվելու համար, և, ձեր գրքի վրա հենվելով, երկրագնդի վրա բոլոր մարդիկ' ֆրանսիացիներ, անգլիացիներ, ճապոնացիներ, կաֆրեր, հոտենտոտներ, լապոնացիներ, կազակներ, պատագոնացիներ, խոսքերը մեկ անե՞ն' մեկընդմիշտ շղթայելու միութենական այն ձևի մեջ, որ դուք եք երևակայում: Սակայն զգուշացեք, դա արդեն իսկ նշանակում է խոստովանել, որ մրցակցությունը անմասնատելի է: Ուստի կհամաձայնվե՞ք ասել, որ անմասնատելի, հետևաբար նախախնամական մի երևույթ կարող է չար աղետ լինել:

Եվ այս բոլորից հետո' ի՞նչ է Մրցակցությունը: Արդյոք դա ինքնին գոյություն ունեցող և գործող մի բան է, ինչպես խոլերա՞ն: Ո՛չ, Մրցակցությունը լոկ ճնշման բացակայությունն է: Ինչ որ ինձ հետաքրքրում է, ես ինքս եմ ուզում ըտրել և ոչ թե ուրիշն ընտրի ինձ համար' իմ կամքին հակառակ: Ահա ամենը: Եվ եթե ինչ-որ մեկը հավակնում է ինձ վերաբերող գործերի մասին իմ դատողությունը փոխարինել իր դատողությամբ, ես կառաջարկեի նրան իր սեփական գործարքները փոխարինել իմիններով: Երաշխիք կա՞, որ դրանից գործն ավելի լավ կգնա: Ակնհայտ է, որ Մրցակցությունը հենց ազատությունն է: Վերացնել գործելու ազատությունը' նշանակում է վերացնել ընտրելու, դատելու, համեմատելու հնարավորությունը, հետևաբար նաև կարողությունը: Դա նշանակում է սպանել գիտակցությունը, սպանել միտքը, սպանել մարդուն: Ինչ հանգրվանից էլ նրանք ելնեն, ահա թե ուր են հասնելու միշտ արդի բարեփոխիչները. հասարակությունը բարելավելու համար նրանք ոչնչացնում են անհատին, այն պատրվակով, թե ամեն չարիք բխում է դրանից, կարծես թե ամեն բարիք նույնպես դրանից չի բխում: Մենք տեսնաք, որ ծառայությունը ծառայություն է բերում: Խորքում, մեզնից յուրաքանչյուրն այս աշխարհում իր կարծիքը սեփական ջանքերով հոգալու պատասխանատվություն է կրում: Արդ, մեկ մարդը մեզ խնայում է մեկ ցավից, մենք էլ մեր հերթին նրան պետք է խնայենք մեկ այլ ցավից: Նա մեզ բավարարություն է պատճառում իր թափած ջանքով, մենք էլ պարտավոր ենք նույնը նրան հատուցել:

Բայց ո՞վ է անելու համեմատությունը: Քանզի այս ջանքերի, այս ցավերի ու այս փոխադարձ ծառայությունների մեջ ամենայն անհրաժեշտություն կա համեմատություն անել, որպեսզի հասնենք հավասարակշռության և արդարության, եթե որպես կանոն մեզ չպարտադրեն անարդարությունը, անհավասարությունն ու պատահականությունը, որ մարդկային գիտակցությունը կասկածից դուրս դնելու մի այլ ձև է:

Բավական է գիտենալ, որ Մրցակցությունը այլ բան չէ, քան որևէ բացարձակ հեղինակության բացակայությունը, որպես փոխանակումների դատավոր, որպեսզի դրանից եզրակացնենք, որ այն անմասնատելի է: Չափից ավելի ուժ գործադրելը որոշապես կարող է նեղացնել, հակառակել, խանգարել փոխանակման ազատությունը, ինչպես, ասենք, քայլելու ազատությունը, բայց այն այլևս չի կարող ոչնչացնել փոխանակման կամ քայլելու ազատությունները, առանց ոչնչացնելու մարդուն: Այս ամենը այսպես է և մնում է իմանալ, թե Մրցակցությունը մարդկությանը բարի՞ք, թե՞ չարիք է պատճառում. հարց, որից բխում է մեկ այլ հարց' մարդկություն արդյոք բնությամբ առաջադե՞մ է, թե՞ ճակատագրորեն հետադեմ:

Չեմ երկյուղում ասել' Մրցակցությունը, որ կարող ենք լիովին անվանել ազատություն, հակառակ տհաճությունների, որ այն առաջացնում է և ի հեճուկս այն ճամարտակումների, որոնք նրան ուղեկցում են, ըստ էության, ժողովրդավարական օրենքն է: Դա ամենաառաջադեմ, ամենահավասար և ամենահամայնական օրենքն է այն բոլոր օրենքներից, որոնց Նախախնամությունը վստահել է մարդկային հասարակությունների առաջադեմությանը:

Նյութն արտատպված է Ֆրիդրիկ Նաոմանի անվան' «Հանուն ազատության» հիմնադրամի կողմից տպագրված «Ազատականության հիմունքները» գրքից



Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1206
Տեղադրվել է՝17:45:41 29-03-2014