Civil Consciousness - Հատված Պատմաբան Լեոյի Գրքից
  • :
  • :


Հատված Պատմաբան Լեոյի Գրքից

«Նրանք սպանվեցին, որովհետև հավատացին: Հավատացին ինչպես անմեղ երեխաներ, հավատացին տասնյակ տարիներ շարունակ: «Անհրաժեշտության դեպքում Անտանտը հայերին համարում էր սեփական դաշնակիցը». այդպես գրում էին ֆրանսիական, անգլիական, ռուսական թերթերը: Իսկ հայերը, ցավոք, հավատում էին դրան: Սակայն ինչպիսի~ դավաճանություն, երբ պատերազմի ամենաթեժ պահին նրանք բոլորը լքեցին իրենց «դաշնակցին»' հայերին: Իսկ նրանցից առաջինը նիկոլաևյան Ռուսաստանն էր»:

Հատված պատմաբան Լեոյի գրքից 1915թ. ապրիլյան դեպքերի մասին:

«Այսպես կամաց-կամաց հայտնի էր դառնում, թե ինչպիսի հրեշային դավադրության զոհ էին դառնում հայերը, որոնք հավատացել էին ցարական կառավարությանը: 1915 թ. վաղ գարնանը հայերի դաշնակիցները սկսեցին իրագործել Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովի ծրագրի ամենահրեշային մասը:
Սկիզբը դրվել էր Վանում: Գևորգ կաթողիկոսը Վորոնցով-Դաշկովին ուղղված ապրիլի 14-ի իր նամակում նշում էր, որ Թավրիզից ստացել է տեղեկություն՝ համաձայն որի ապրիլի 10-ից Թուրքիայում սկսվել է հայերի ջարդ: Տասնյակ հազարավոր հայեր զենքը ձեռքին կռվում են թուրքերի և քրդերի դեմ: Նամակով կաթողիկոսը խնդրում էր շուտափույթ զորք մտցնել Վան, ինչպես և նախօրոք պայմանավորվել էին:

Մինչ ռուսական զորքերի ժամանումը, հայերը գրեթե 1 ամիս հերոսաբար կռվում էին Վանում: Արդյունքում ռուսների մուտքը Վան ցնծությամբ ընդունվեց: Ռուսների որոշմամբ Վանի կառավարիչ նշանակվեց դաշնակցային հրամանատար Արամը, ով վաստակել էր հերոսի կոչում և ում կոչում էին Արամ-փաշա: Այդ հանգամանքն էլ ավելի ոգևորեց Արևմտյան Հայաստանի հայերին, որովհետև 5-6-րդ դարերից ի վեր առաջին անգամ այդ մասշտաբի օգնություն էր ցուցաբերվում «փրկիչ ցարի կողմից»:

Սակայն մինչ այդ կովկասյան ղեկավարների կողմից պատրաստվում էր մի փաստաթուղթ, որը ցույց էր տալու ցարական կառավարության իրական մտադրությունը հայերի և հայկական հարցի հետ կապված:

Ստորև ներկայացնում ենք այն.

Գրաֆ Վորոնցով-Դաշկովին
Կովկասյան զորքերի հրամանատար
05.04. 1915
№ 1482
Գործող Բանակ

Ներկայումս կովկասյան զորքերը չունեն բավականաչափ սննդամթերք ձիերին կերակրելու համար: Այս հանգամանքը դժվարություններ է ստեղծում Ալաշկերտում գտնվող զորամիավորումների համար: Այնտեղ մթերք հասցնելը բավական թանկ է, բացի այդ, միանգամայն անհնար է այդ նպատակով կտրել զորքերին սեփական գործերից: Կարծում եմ՝ այդ նպատակով պետք է խմբեր կազմվեն քաղաքացիական անձանցից, որոնց պարտականությունների մեջ կմտնի քրդերի և թուրքերի կողմից լքված հողերի շահագործումը և ձիերի համար կեր վաճառելը:

Շահագործման նպատակով այդ հողերը մտադիր են վերցնել հայերը, սակայն, ըստ իս, դա միանգամայն անթույլատրելի է, քանի որ պատերազմի ավարտից հետո դժվար կլինի ետ վերադարձնել այդ հողերը, կամ ապացուցել, որ գրավված հողերն իրենց չեն պատկանում: Դրա մասին են վկայում ռուս-թուրքական պատերազմից հետո հայերի կողմից գրավված հողերը:

Միանգամայն ցանկալի համարելով այդ տարածքները ռուսներով բնակեցնելու տարբերակը՝ կարծում եմ՝ կարելի է դրան հասնել մեկ այլ միջոցով, որը և բխում է հենց ռուսական շահերից:

Պատիվ է Ձերդ գերազանցությանը ներկայացնել իմ հաշվետվությունն այն մասին, որ անհրաժեշտ է դեպի թուրքերով զբաղեցրած սահմաներ ուղարկել մեզ այս կամ այն կերպ դիմադրություն ցույց տված Ալաշկերտի, Դիադինի, Բայազետի քրդերին: Իսկ ապագայում, երբ այդ տարածքները մտնեն մեր կայսրության մեջ, բնակեցնել դրանք Կուբանից և Դոնից ներգաղթյալներով՝ այդպիսով ստեղծելով սահմանային Կազակային տարածք:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ կարծում եմ, որ անհրաժեշտ է Դոնից և Կուբանից անհապաղ այնպիսի խմբեր բերել, որոնք կզբաղվեն նշված դաշտավայրերում խոտ քաղելով: Նախքան պատերազմի ավարտը ծանոթանալով այդ վայրերին՝ այդ խմբերը հետագայում ներկայացուցչական դեր կստանձնեն և կկազմակերպեն միգրացիա, իսկ միևնույն ժամանակ կպատրաստեն կեր մեր ձիերի համար:

Եթե ձերդ գերազանցության կողմից հավանության արժանանա ներկայացված ծրագիրը, ապա ցանկալի կլինի, որ խմբերը գան նշված վայր իրենց աննասուներով և ձիերով, որպեսզի նրանց կերակրելը չընկնի առանց այդ էլ փոքրաթիվ զորքերի վրա: Իսկ ինքնապաշտպանության նպատակով նրանց կտրամադրվի զենք:

Գեներալ Յուդենիչի ստորագրությամբ
Հաշվետվություն կովկասյան զորքերի հրամանատարին:

Այսպիսով պարզ է դառնում, թե ինչով էր զբաղված Վորոնցով-Դաշկովը: Մի կողմից նա ոգևորում էր և ապստամբության մղում հայերին, մյուս կողմից պատրաստվում էր այդ տարածքները միացնել ռուսական կայսրությանը և բնակեցնել կազակներով:

Գեներալ Յուդենիչի հրամանով արգելվում էր Ալաշկերտի շրջանում հայերին հողեր տրամադրել, քանի որ Կուբանից և Դոնից նա սպասում էր փախստականների մեծ հոսքի, որը պետք է բնակեցվեր Եփրատի ավազանի մոտ և այդ տարածքը կոչվեր «Եփրատյան կազակային միություն»: Այդ նպատակով անհրաժեշտ էր քչացնել հայերի թիվը իրենց իսկ սեփական հողում:

Այսպիսով ռուս արտգործ նախարար Լոբանով-Ռոստովսկու ծրագրի ավարտին (Հայաստանն առանց հայերի) մնացել էր մեկ քայլ, իսկ Յուդենիչի համար դա ոչ մի բարդություն չէր ներկայացնում, հատկապես, երբ արդեն ստացել էր Վորոնցով-Դաշկովի համաձայնությունը:

Ոչ մի կասկած չկա, որ այդ ծրագիրը Թիֆլիս էր հասցրել Նիկոլայ II-ը՝ հայ ժողովրդի վաղեմի և արյունարբու թշնամին:

Սրանք ենթադրություններ չեն: Այն պահից, երբ 1915թ. ապրիլին Յուդենիչի գաղափարները հայտնվեցին թղթի վրա, հայերի նկատմամբ ռուսական բանակի վերաբերմունքն այնպես փոխվեց, որ հայկական բարեգործական շարժման ղեկավարներ Կաթողիկոս Գևորգը և Ազգային Բյուրոյի ղեկավար կազմը ստիպված եղան նամակ հղել Գրաֆ Իլորիան Իլորիանովիչին, ով, պատճառ բռնելով հիվանդությունը, փակել էր իր դռները սիրելի հայերի առջև:

Այսպես, hունիսի 4-ի նամակում կաթողիկոսը բողոքում էր Գեներալ Աբացիևից, ով ուղղակիորեն հալածում էր Մանազկերտի հայերին:

Հատված նամակից.

«Տեղական ներկայացուցիչներից ստացվող տվյալների համաձայն ռուսները ոչ մի օգնություն չեն ցուցաբերում հայերին և խուսափում են նույնիսկ քրիստոնեական համայնքին պաշտպանություն ցույց տալուց: Դա առիթ էր տալիս քրդերին և չերքեզներին շարունակել քրիստոնեական բնակչության թալանը»:

Փոխարենը, ռուսները լուռ հետևում էին իրադարրձություններին և ընկերություն անում սպանդն իրականացնող քրդերի հետ»:

Նյութը պատրաստեց՝ Դավիթ Ֆիդանյան

Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1457
Տեղադրվել է՝14:59:31 03-04-2014