Civil Consciousness - Էթնոքաղաքական կոնֆլիկտ. Ալանդիան կղզիներ
  • :
  • :


Էթնոքաղաքական կոնֆլիկտ. Ալանդիան կղզիներ

Դարեր ի վեր միևնույն աշխարհագրական տեղանքում կողք կողքի ապրող էթնոսներն անընդհատ պայքարել են' տարածքներ գրավելու կամ տվյալ վայրում իրենց գերիշխանությունը հաստատելու համար: Դրա հիման վրա երկարաժամկետ ընդհարումները, ժողովրդի մտածելակերպի մեջ խորն արմատացած վրեժի զգացումը, պատմականորեն ձևավորված ատելությունը, իրոք, շատ մեծ նշանակություն ունեն և կարևոր դեր են խաղում էթնոքաղաքական կոնֆլիկտների ծագման և զարգացման մեջ: Սակայն այս բացատրությունը շատ պարզեցված է և չի տալիս ամբողջական պատկերացում խնդրի վերաբերյալ, քանզի գոյություն ունեն բազմաթիվ էթնիկական խմբեր, որոնց մոտ նույնպես սուր է արտահայտված պատմականորեն ձևավորված փոխադարձ ատելությունը, բայց դա հիմք չի ծառայում, որ նրանք ոչնչացնեն միմյանց հսկայական քանակությամբ' անցյալում տեղի ունեցած քաղաքական ընդհարումների պատճառով:

Էթնոքաղաքական կոնֆլիկտների էության, նրանց դասակարգման առանձնահատկությունների, ծագման պատճառների, դրանցից բխող հիմնահարցերի քննարկումն ու ուսումնասիրությունը հիմք են հանդիսանում ժամանակակից աշխարհում կատարվող իրադարձությունների պարզաբանման համար: Այդ ասպարեզի ճշգրիտ գնահատումը թույլ է տալիս երկրի կառավարությանը վարել այնպիսի ներքին և արտաքին քաղաքականություն, որը հնարավորություն կստեղծի խուսափելու բազմաթիվ սխալներից:
Առավել մեծ ուշադրություն պետք է դարձնել առաջին հերթին բազմազգ և բազմակրոն պետություններին, քանի որ հիմնականում դրանք են ամնիջականորեն գտնվում ռիսկի գոտում:

Էթնոքաղաքական կոնֆլիկտների ուսումնասիրությունը մեծ տեղ է գրավում ժամանակակից քաղաքականության խնդիրների շարքում: Լրատվական միջոցների ամենօրյա տեղեկատվությունը էթնոքաղաքական կոնֆլիկտների նորանոր օջախների վերաբերյալ վկայում է այն փաստի մասին, որ էթնիկական բնույթի ընդհարումների հիմնահարցը պահանջում է շուտափույթ լուծում: Ամեն դեպքում անհրաժեշտ է ճիշտ և հստակեցված մոտեցում, ինչն իր հերթին բխում է այն հանգամանքից, թե որքանով է բացահայտված էթնոքաղաքական կոնֆլիկտի բնույթը, և ինչ չափով են պարզաբանված դրա ծագման պատճառները:

Փորձենք սահմանել «էթնոքաղաքական կոնֆլիկտ» հասկացությունը և նկարագրել դրա էությունը: Էթնոքաղաքական են համարվում այն կոնֆլիկտները, որոնք ծագում են ոչ թե տարբեր պետությունների, այլ միևնույն երկրի պատմականորեն ձևավորված տարածաշրջանում բնակվող տարբեր էթնիկական խմբերի միջև: Այդ իսկ պատճառով շատ հաճախ էթնոքաղաքական կոնֆլիկտներն անվանում են ներքին: Սակայն հարցի այսպիսի դրվածքը բարդ է նրանով, որ պետք է խիստ սահմանազատել էթնիկական և էթնոքաղաքական կոնֆլիտները: Էթնիկական կոնֆլիկտներն այն կոնֆլիկտներն են, որոնք գոյություն ունեն տարբեր էթնիկական խմբերի միջև, բայց որոնք դեռ չեն հասունացել այնքան, որ հասնեն քաղաքականացվածության բարձր աստիճանի, կամ էլ դեռ վերջնականապես չեն ստացել քաղաքական երանգավորում: Ընդ որում, դեպքերի մեծամասնությունում, էթնիկական կոնֆլիկտերը ժամանակի ընթացքում վերածվում են բաց էթնոքաղաքական կոնֆլիկտների: Էթնիկական կոնֆլիկտների շարքին կարելի է դասել օրինակ' Դաղեստանի տարբեր էթնոսների միջև տեղի ունեցող ընդհարումները, իսկ էթնոքաղաքականի վառ օրինակներ են պատերազմները Լեռնային Ղարաբաղում, Չեչնիայում:

Որպես կանոն, կոնֆլիկտները սկսվում են ազգային լեզուների մասին հարցի դրվածքից: Հենց լեզվաբանական թեմատիկան է առաջին հերթին անցնում փակ ձևից բաց քննարկման և ունի մոբիլիզացնող նշանակություն, քանի որ վերաբերվում է տվյալ էթնիկական խմբի կան ազգի բոլոր ներկայացուցիչներին: Այնուհետև, կոնֆլիկտը' կարգավիճակային և տերիտորիալ պահանջների մեծ տեսակարար կշռով, տեղափոխվում է քաղաքական ոլորտ: Ենթադրվում է, որ կոնֆլիկտի հենց այս էտապում կողմերը դիմում են պատմական փաստերին և ավանդույթներին, ինչն ավելի մեծ լարվածություն է մտցնում կողմերի հարաբերությունների մեջ:

Այսպիսով, յուրաքանչյուր էթնիկական հանրության (անկախ նրա թվաքանակից) լեզվի կարգավիճակի հարցը չի կարող լուծում գտնել քաղաքական տարածությունից դուրս: Բացի այդ, պայքարը «մայրենի լեզվի» համար փաստորեն նշանակում է քաղաքական պայքար իշխանության և ռեսուրսների ու նյութական արժեքների բաշխմանը և վերաբաշխմանը մասնակցելու համար:
Հանրության աչքի առաջ ծավալվել և ծավալվում են էթնոքաղաքական կոնֆլիկտների այնպիսի վառ սցենարներ, ինչպիսիք են Բալկաններում, Կենտրոնական Եվրոպայի արևելքում, Միջին Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, նախկին Խորհրդային Միության տարբեր տարածաշրջաններում ծագած ընդհարումները: Ընդ որում, ըստ բոլոր դիտարկումների, այս գտին ընդլայնման տենդենց ունի:

Հետևաբար, կարելի հանգել այն եզրակացությունը, որ էթնոքաղաքական կոնֆլիկտները անխուսափելի երևույթներ են հասարակության կյանքում:
Պատմության փորձը վկայում է այն մասին, որ նման կոնֆլիկտների կարգավորումը պահանջում է միջազգային կազմակերպությունների քրտնաջան աշխատանք: Լուծման բանալին ընկած է այն հիմնահարցի մեջ, որը հնարավորություն կտա ներդաշնակել կոնֆլիկտների կարգավորմանն ուղղված տարբեր տիպի գործողությունները և այն պայմանները, որոնց դեպքում այդ գործողություններն արդյունավետ կլինեն:
Ընդունված է, որ էթնոքաղաքական կոնֆլիկտները սկզբնավորվում են բազմազգ պետություններում: Սակայն, կա կարծիք, որ դա նման հակամարտությունների էական դրդապատճառներից չէ, քանի որ պատմությանը հայտնի են բազմաթիվ բազմազգ պետություններ, որոնք հեռու են ազգամիջյան թշնամանքից և առճակատումից: Այսպիով, էթնոքաղաքական հակամարտությունների դրդապատճառների մեջ զգալի դեր է ունեցել ազգայնականությունը:

Համաձայն ենք Ե. Ստեպանովի այն դիտարկման հետ, ըստ որի, ազգայնականությունից զուրկ չեն ո՛չ ավանդապաշտ, ո՛չ ժամանակակից, ո՛չ նախկին սոցիալիստական և ո՛չ էլ արդի զարգացած ժողովրդավարական պետությունները: Ուստի, էթնոքաղաքական հակամարտությունների անկողմնակալ և արդյունավետ հետազոտման համար հարկ է հրաժարվել այն որպես ժամանակավոր երևույթ դիտելուց: Անհերքելի է, որ ազգայնականությունը գաղափարախոսությունների հետևանքով անընգհատ վերաձևակերպվում է, որը բազմէթնիկ հասարակության համար առավել վտանգավոր է, քանի որ մեկ ազգի շուրջ պետականության կառուցումը էթնոկենտրոնացման վտանգ է պարունակում, ստիպում «մենքը» հակադրել «մնացածին»: Որոշ մասնագետներ պնդում են, որ արտադրական հարաբերությունների զարգացման հետևանքով ազգայնականությանը փոխարինելու է գալիս միջազգայնացումը, որն էլ էթնոքաղաքական հակամարտության հիմնական դրդապատճառներից է: Կարելի է ասել, որ այս երկու երևույթը միմյանցից անկախ գոյություն են ունեցել և միմյանց հերթափոխելու անհրաժեշտոլթյուն պարզապես չունեն: Ազգայնականությունը էթնիկ համայնքի կազմավորման հաջորդ փուլն է, և դեռևս վերջինիս սկզբնավորման նախնական շրջանում կանխատեսելի էր ազգայնականությունը (թեկուզ քողարկված տարբերակով), մանավանդ, եթե հաշվի առնենք, որ էթնիկ ընդհանրության կազմավորման անհրաժեշտ տարրերից էր խմբի անդամների կողմից քաղաքական միասնության ընկալման կարևորությունը:
Հասկանալի է այն փաստը, որ էթնոքաղաքական կոնֆլիկտներն անխուսափելի են հասարակության կյանքում: Այդ իսկ պատճառով հսկայական աշխատանքներ են տարվում այդ հիմնահարցի խաղաղ լուծումների իրականացման գործում:

Առաջին հայացքից անիրական թվացող այս նախադասությունն իրական է դառնում, երբ ուսումնասիրվում է Ալանդիան կղզիների կոնֆլիկտը: Խաղաղ, առանց մարդկային զոհերի լուծված այս հակամարտությունն իրականացավ նախադեպը չունեցող մոդելի կիրառման միջոցով: Մոդելը, կարելի է ասել, անթերի է, սակայն այն դիտարկելիս պետք է հեշվի առնել դրա դրական և բացասական կողմերը, հականալ, թե որքանով այն կաշխատի այլ Էթնոքաղաքական կոնֆլիկտների լուծման գործընթացում: Համատեղելի է այն արդյոք տվյալ երկրում վարվող քաղաքական կուրսի հետ:
Նման աննախադեպ օրինակ է Ալանդիան կղզիների հակամարտությունը, որն իրոք ապացուցում է, որ հնարավոր է խաղաղ ճանապարհով հասնել կոնֆլիկտի լուծման փոխշահավետ համաձայնության:
Ֆինլանդիայի մաս համարվող, բայց ըստ էության անկախ այս արշիպելագը մարմնավորում է այն, ինչին մարդկությունը ձգտել է հազարամյակներ շարունակ։ Նրա բացառիկ կարգավիճակը ժամանակին դիտվում էր որպես ղարաբաղյան հարցի կարգավորման հնարավոր տարբերակ:

Պատկերացրեք մի փոքրիկ երկիր, որտեղ միջին աշխատավարձը 3,000 դոլարին համարժեք եվրո է, որտեղ գրեթե չկա գործազրկություն և կոռուպցիա, առողջապահությունն ու կրթությունն անվճար են, և հանցագործություններն այնքան հազվադեպ են, որ մարդիկ չեն կողպում իրենց տներն ու ավտոմեքենաները։ Պատկերացրեցի՞ք։ Դե ուրեմն համեցեք Ալանդյան կղզիներ, աշխարհի ամենաբարգավաճ վայրերից մեկը։ Բալթյան ծովում գտնվող և ավելի քան 6000 կղզուց բաղկացած այս արշիպելագն ունի Լեռնային Ղարաբաղից էլ ավելի փոքր տարածք և ընդամենը 28.000 բնակիչ, որոնք հիմնականում ազգությամբ շվեդ են։ Տեղացիներն այս ամենում շատ կարևոր են համարում նաև իրենց փաստացի անկախ կարգավիճակը, որը միջազգային հանրության կողմից ամրագրվեց 85 տարի առաջ։ Այդ կարգավորումը թույլ տվեց Ալանդյան կղզիներին, Ֆինլանդիային և Շվեդիային խուսափել ղարաբաղյանի մնան արյունալի հակամարտությունից:

Իսկ այդպիսի հակամարտության վտանգը ծագեց 1917թ., երբ Ֆինլանդիան հռչակեց իր անկախությունը փլուզվող ռուսական կայսրությունից։ Ալանդյան շվեդները (ինչպես և Ղարաբաղի հայերը) նույնպես որոշեցին օգտվել ինքնորոշման իրենց իրավունքից և զանգվածային ստորագրահավաքի միջոցով պահանջեցին տարածքի վերամիավորումը Շվեդիայի հետ։
Ֆինները մերժեցին այս պահանջը, պնդելով, որ Ալանդները Ռուսաստանին բռնակցվել էին Ֆինլանդիայի հետ միասին և հետեւաբար պետք է լինեն նորանկախ ֆիննական հանրապետության կազմում։

Չնայած այս տրամագծորեն հակառակ դիրքորոշումներին, կողմերից ոչ մեկը չդիմեց ուժի կիրառմանը, նախընտրելով հարցը հանձնել Ազգերի լիգայի դատին։ Վերջինս էլ որոշեց 1921թ. Ալանդյան կղզիները թողնել Ֆինլանդիայի կազմում, բայց չափազանց լայն ինքնավարությամբ, որը ֆինների գերիշխանությունը դարձրեց գրեթե ձևական։ Այս որոշումն ալանդացիներին չբավարարեց։ Սակայն չստանալով բավարար աջակցություն Շվեդիայից, նրանք ստպիված էին ընդունել այն։ Կյանքը ցույց տվեց, որ դա ճիշտ քայլ էր։

Ալանդյան կղզիներն ունեն ընտրովի խորհրդարան, որի մեծամասնությունը ձևավորում է կառավարություն։ Վերջինս ունի տարածքի տնտեսությունը կարգավորելու բացառիկ իրավունք, տնօրինում է կրթությունն ու առողջապահությունը, ինչպես նաև վերահսկում է տեղական իրավապահ համակարգը։ Ֆիննական ոչ մի օրենք Ալանդներում ուժի մեջ չի կարող մտնել առանց տեղական իշխանության համաձայնության։ Տարածքի նահանգապետը, որի լիազորությունները հիմնականում արարողակարգային են, նշանակվում է Ֆինլանդիայի նախագահի կողմից, բայց միայն այն բանից հետո, երբ նրա թեկնածությունը հավանություն է ստանում Ալանդյան խորհրդարանի կողմից:
Հելսինկիի իշխանությունները վերահսկում են միայն արտաքին քաղաքականությունը, պաշտպանությունը, դատական համակարգն ու հարկերի և մաքսային տուրքերի հավաքագրումը։ Բայց նույնիսկ այս լիազորություններն են լրջորեն սահմանափակված։
•բնակության իրավունք
•պետական լեզու, կրթություն
•AX տարբերանշանի փոխարեն նախկինում օգտագործել են FL ֆիննական տարբերանշանը:

Ալանդացիները նաև մեծ պատրաստակամությամբ իրենց հաջող փորձը կիսում են ազգամիջյան հակամարտությունների (ներառյալ' ղարաբաղյանը) մեջ ներքաշված ժողովուրդների հետ։ Դրանց ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ այցելում են Շվեդիայից եւ Ֆինլանդիայից գրեթե նույն հեռավորության վրա գտնվող այս կղզիներ։ Պատահական չէ, որ 1990-ականների սկզբներին ալանդյան մոդելը քննարկվում էր որպես ղարաբաղյան հարցի կարգավորման հնարավոր տարբերակ։ Ֆինլանդիայի իշխանությունները Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂՀ պաշտոնյաների համար այդ նպատակով հատուկ հանդիպում էին կազմակերպել Մարիեհամնում։ Սակայն գաղափարը կողմերից ոչ մեկի մոտ էլ մեծ ոգևորություն չառաջացրեց։ Ղարաբաղյան կողմի հիմնական փաստարկն այն էր, որ Ադրբեջանը Ֆինլանդիայի պես քաղաքակիրթ երկիր չէ և երբեք չի լինի։

Նյութը պատրաստեց՝ Սիմա Բոսնոյան

Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1466
Տեղադրվել է՝16:25:06 09-04-2014