Civil Consciousness - Ժողովրդավարացման ալիքներ
  • :
  • :


Ժողովրդավարացման ալիքներ

Տարբեր տարածաշրջաններում և պետություններում ընթացող ժողովրդավարացմանը միտված անհավասարաչափ փոփոխությունները նկարագրելու համար Ս. Հանտինգտոնն իր «Երրորդ ալիք, ժողովրդավարացումը XXդ. վերջին» աշխատության մեջ օգտագործում է «ժողովրդավարացման ալիք» հասկացությունը: Այս հասկացության միջոցով բացատրվում է մի շարք երկրների անցումը ոչ ժողովրդավարական վարչակարգից ժողովրդավարականի: Այդ անցումը կատարվում է որոշակի ժամանակահատվածում և քանակական առումով գերազանցում է այն երկրներին, որոնցում տեղի է ունենում հակառակ գործընթացը: Ժողովրդավարացման ալիքը ենթադրում է ինչպես քաղաքական համակարգի ազատականացում, այնպես էլ մասնակի ժողովրդավարացում:

Այնուամենայնիվ, պետք է նշել, որ պատմության տարբեր ժամանակահատվածներում ժողովրդավարացմանը զուգահեռ ընթացել են նաև հակադիր գործընթացներ. որոշ երկրներում գերիշխել է միտում դեպի ավտորիտար և ամբողջատիրական քաղաքական վարչակարգերի հաստատումը կամ վերահաստատումը: Պատմական այդ գործընթացները Հանտինգտոնն անվանում է «հետադարձ ալիք»:

Հետևաբար ժողովրդավարացումը պետք է դիտել որպես ցիկլային գործընթաց, որում ցիկլերը միշտ չէ, որ անխուսափելի են:Որպես այդ ցիկլերի ի հայտ գալու հավանականության վրա ազդող հիմնական գործոններ կարելի է առանձնացնել որևէ կոնկրետ երկրի տնտեսական իրավիճակը, քաղաքական ուժերի հարաբերակցությունը, քաղաքական մշակույթի մակարդակը և այլն:

Վերլուծելով ժողովրդավարության հաստատմանը և նրա ժամանակավոր պարտությանը վերաբերող պատմական նյութերը՝ Հանտինգտոնն առանձնացնում է ժողորդավարացման հետևյալ ալիքները՝

Ժողովրդավարացման առաջին՝ երկարատև ալիք, որը սկսվել է 1828թ. և շարունակվել մինչև 1926թ.: Ժողովրդավարացման այս ալիքն իր արմատները վերցնում է Ամերիկյան և Ֆրանսիական հեղափոխություններից, սակայն ազգային ժողովրդավարական ինստիտուտների ի հայտ գալը դեռևս 9-րդ դարի երևույթ է: Այս փուլին բնորոշ էին խորհրդարանականության ամրապնդումը, կուսակցական համակարգերի ձևավորումը, ընտրական սահմանափակումների կրճատումը, ինչպես նաև ընտրական իրավունքի ձեռքբերումը: Առաջին ալիքի արդյունքում ժողովրդավարական դարձան մոտավորապես 30 պետություն, այդ թվում Շվեյցարիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, մի շարք եվրոպական պետություններ, ավելի ուշ նաև Իտալիան և Արգենտինան:

Առաջին հետադարձ ալիքը սկսել է 1922թ. մարտին Հռոմում՝ կապված Մուսսոլինիի կողմից Իտալիայի միանգամայն խոցելի և կոռումպացված ժողովրդավարության վերացման հետ, և շարունակվել մինչև 1942թ.: Այս փուլին բնորոշ էին ֆաշիստական, կոմունիստական գաղափարախոսությունների աճը: Ավելի քիչ, քան մեկ տասնամյակի ընթացքում ռազմական հեղաշրջման արդյունքում վերացվեցին Լեհաստանում, Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում նոր հաստատված ժողովրդավարական համակարգերը: Ընդհանուր թվով 17 երկրից, որոնցում ժողովրդավարությունը հաստատվել էր 1910-1931թթ.՝ 13-ում վերահաստատվեց ավտորիտարիզմը, այդ թվում, բացի վերոնշյաներից, նաև Պորտուգալիայում, Գերմանիայում, Հունաստանում, Բրազիլիայում, Արգենտինայում և այլ երկրներում: Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Բրիտանիան և ժողովրդավարական համակարգ որդեգրած այլ երկրներում հակաժողովրդավարական շարժումները սկսեցին 1930-ական թվականներին:

Ժողովրդավարացման երկրորդ կարճատև ալիքը սկսել է 1943թ.՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, և շարունակվել մինչև 1962թ.: Արդյունքում ժողովրդավարական համակարգեր հաստատվեցին Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Դանիայում, Բելգիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում: 1950-ական թվականների սկզբում ժողովրդավարության ուղին բռնեցին նաև Թուրքիան և Հունաստանը:

1960-ական թթ. երկրորդ կեսին ժողովրդավարացման երկրորդ ալիքն արդեն սպառել էր իրեն և քաղաքական զարգացումներն ու վարչակարգի փոփոխություններն ավելի ավտորիտար բնույթ էին կրում: Ասվածն առավելապես վերաբերում է Լատինական Ամերիկային՝ մասնավորապես Պերուին՝ կապված ընտրությունների արդյունքեները փոխելու նպատակով ռազմական միջամտության հետ: Հունաստանում ռազմական հեղաշրջման արդյունքում հաստատվեց «Սև գնդապետների» դիկտատուրան: Նահանջի ալիքն ընդգրկեց նաև երրորդ աշխարհի պետությունների մեծ մասը:

Ժողովրդավարացման երրորդ ալիքը սկսվում է 1974թ. Պորտուգալիայում «Մեխակների Հեղափոխությամբ»: 80-ական թթ. ժողովրդավարությունը հաղթանակեց Բրազիլիայում, Չիլիում, Արգենտինայում, Ուրուգվայում, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի սոցիալիստական երկրներում: Այն միաժամանակ թափանցեց նաև Աֆրիկայի, Հարավային և Հարավարևելյան Ասիայի երկրներ:

Ուսումնասիրելով ժողովրդավարացման փուլերը տարբեր երկրներում և պատմական տարբեր ժամանակահատվածներում՝ Հանտինգտոնը չի բացառում երրորդ հետադարձ ալիքի հավանականությունը: Ասվածը հիմնավորում է այնպիսի պատճառներով, ինչպիսիք են դժվարությունները, որոնց բախվում են նոր ժողովրդավարությունները, համաշխարհային, տարածաշրջանային և ազգային տնտեսական ճգնաժամը, կարճ ժամկետում բազմաթիվ բարեփոխումների իրականացման պատճառով ծագած սոցիալական և քաղաքական լարվածությունը, էլիտար խմբերի հիասթափությունը ժողովրդավարական արժեքներից, որևէ պետության վերադարձն ավտորիտարիզմի, ինչը կարող է շղթայական ռեակցիա առաջացնել նաև նրա ազդեցության ոլորտում գտնվող պետություններում:


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1002
Տեղադրվել է՝20:25:13 20-05-2014