Civil Consciousness - Ինչպե՞ս է կատարվում անցումը ամբողջատիրական վարչակարգերից ժողովրդավարականի
  • :
  • :


Ինչպե՞ս է կատարվում անցումը ամբողջատիրական վարչակարգերից ժողովրդավարականի

Վերլուծելով Ֆրանսիական Բուրժուական հեղափոխության առանձնահատկությունները՝ ֆրանսիացի հասարակագետ Ալեքսիս դը Տոքվիլը ձևակերպեց հասարակական զարգացման «ոսկե օրենքը», ըստ որի ժողովրդավարացման արագացված գործընթացը հանգեցնում է ստրկության վատթարագույն ձևին: Տոքվիլի կարծիքով այն երկրներում, որոնցում բացակայում են ժողովրդավարական ավանդույթները, կամ դրանք առկա են, սակայն թույլ զարգացած են, արագ բարենորոգումներն ու փոփոխությունները չափազանց վտանգավոր են: Պատճառն այն է, որ հասարակությունը չի հասցնում յուրացնել նորույթը, իսկ փոփոխությունները չեն հասցնում ամրագրվել քաղաքական ինստիտուտներում: Այդ պայմաններում զանգվածների քաղաքական մասնակցությունն առաջ է անցնում այն քաղաքական ինստիտուտների զարգացման մակարդակից, որոնք պետք է ապահովեն տարբեր սոցիալական խմբերի շահերի հաշվեկշիռը:

Բացի վերոնշյալից, հասարակության խիստ բևեռացումը և կայուն քաղաքական կենտրոնի բացակայությունը խոչընդոտում են «շարժումը» բանական ժողովրդավարական սահմաններում պահելու փորձերը: Ասվածը չի վերաբերում հարյուրամայակների ընթացքում ձևավորված ժողովրդավարական արժեքներ և ինստիտուտներ ունեցող այնպիսի երկրների, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Հյուսիսային Եվրոպայի մի շարք պետություններ:

Ժողովրդավարության անցման գործընթացն իրենից ներկայացնում է զարգացման որոշակի փուլերի ամբողջություն, սակայն այդ փուլերի հերթականությունն ու տևողությունը մեծ մասամբ կապված են տվյալ երկրի առանձնահատկությունների հետ: Այնուամենայնիվ, քաղաքագիտական գրականության մեջ առանձնացնում են անցման չորս ընդհանրական մոդել՝ պարտադրված, դաշինքային, բարենորոգչական և հեղափոխական:

Պարտադրված անցման առանձնահատկությունն իր վառ արտահայտված էլիտար բնույթն է, այնսինքն էլիտան ժողովրդավարացման մասին որոշումն ընդունում է միակողմանիորեն՝ ինքնուրույն, և այդ նպատակով կարող է օգտագործել իր բոլոր ռեսուրսները, այդ թվում նաև ուժ:

Անցման դաշինքային մոդելը պարտադրվածից տարբերվում է նրանով, որ այն ոչ թե որևէ էլիտար խմբավորման որոշման, այլ մի քանի խմբավորումների համաձայնության արդյունք է: Այդպիսին էր անցումն Ուրուգվայում, Իսպանիայում, Վենելսուելայում: Դաշինքային անցման դասական օրինակ է «Մոնկոլի պակտը»՝ կառավարության և խորհրդարանական ընդդիմության միջև տնտեսական և քաղաքական համաձայնության հիմնադրույթներն Իսպանիայում:

Ի տարբերություն անցման նախորդ երկու մոդելների՝ բարենորոգչական տարբերակում քաղաքական գործընթացներին ակտիվորեն մասնակցում են ոչ միայն էլիտաները, այլ նաև զանգվածները: Այս պարագայում, որպես կանոն, բացառվում է որևէ մեկի կողմից բռնության կիրառման հնարավորությունը:

Անցման հեղափոխական մոդելը, որպես կանոն, բնութագրվում է զանգվածների ակտիվությամբ և ուժի կիրառմամբ: Անցման այս տարբերակն ավելի դինամիկ է և հղի անկանխատեսելի հետևանքներով:

Այս առումով Ս. Հանտինգտոնն առանձնացնում է ավտորիտար վարչակարգից ժողովրդավարականի անցման իր մոդելները.

Դասական-գծային մոդել (Մեծ Բռիտանիա, Շվեդիա), որն իրենից ներկայացնում է ինքնիշխանի իշխանության աստիճանական սահմանափակում, քաղաքացիների իրանունքների և ազատությունների, խորհրդարանի իրավասությունների անընդհատ ընդլայնում, ընտրական սահմանափակումների վերացում: Արդյունքում խորհրդարանը դառնում է բարձրագույն օրենսդիր իշխանություն և վերահսկում գործադիրի գործունությունը:

Ցիկլային մոդելը ենթադրում է կառավարման ժողովրդավարական և ավտորիտար ձևերի հերթափոխում՝ քաղաքական էլիտայի ժողովրդավարական կողմնորոշման պայմաններում (Լատինական Ամերիկայի և Ասիայի երկրների մեծ մասում): Այս դեպքում ժողովրդի ընտրյալներին իշխանությունից հեռացնում են կամ զինվորականները, կամ բախվելով ընդդիմության ուժեղ դիմադրությանը՝ իրենք են մենաշնորհում իշխանությունը: Այս հանգամանքը վկայում է, որ տվյալ երկրում ժողովրդավարության նախադրյալները դեռևս չեն հասունացել, իսկ տիրապետող քաղաքական կուլտուրայում բացակայում են ժողովրդավարության տարրերն ու արժեքները:

Դիալեկտիկական մոդելը (Իսպանիա, Պորտուգալիա, Հունաստան) նույնպես բնութագրվում է քաղաքական վարչակարգի անկայունությամբ, սակայն անցումը կատարվում է արդեն հասունացած նախադրյալների՝ միջին խավի, զարգացած արդյունաբերության, բավականին բարձր կրթական մակարդակի առկայության պայմաններում: Այս և այլ գործոնների ազդեցության աճը հանգեցնում է ավտորիտար վարչակարգի արագ և անսպասելի կործանմանը, կայուն և կենսունակ ժողովրդավարական վարչակարգի հաստատմանը:

Սակայն անհրաժեշտ է նշել, որ կոնկրետ անցումները դժվար է միանշանակ դասակարգել որպես զուտ բարենորոգչական, պարտադրված, գծային կամ դիալեկտիկական: Որպես կանոն, դրանք համակցում են անցման տարբեր մոդելների բնորոշ տարրեր:


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`883
Տեղադրվել է՝17:16:45 24-05-2014