Civil Consciousness - Ի՞նչ փուլերով է կատարվում ժողովրդավարացումը
  • :
  • :


Ի՞նչ փուլերով է կատարվում ժողովրդավարացումը

Չնայած ժողովրդավարացման գործընթացը յուրաքանչյուր երկրում դրսևորում է տարբեր առանձնահատկություններ, այնուամենայինիվ, նկատելի են անցման բովանդակությունը բացահայտող միջանկյալ փուլեր, որոնք բնորոշ են ժողովրդավարացման ուղին բռնած ցանկացած երկրի: Այսպես, վերլուծելով հետսովետական անցման գործընթացը՝ Զ. Բժեզինսկին առանձնացնում է հետևյալ երեք փուլերը.

1.Ըստ Բժեզինսկու՝ առաջին փուլը, որպես կանոն, տևում է 1-5 տարի: Այդ ընթացքում տեղի է ունենում քաղաքական համակարգի փոխակերպում, տնտեսության կայունացում: Դա ժողովրդավարական ինստիտուտների հաստատման՝ մամուլի նկատմամբ կուսակցական հսկողության վերացման, ոստիկանական պետության գործառնության դադարեցման, ժողովրդավարական փոփոխությունների ձգտող կոալիցիայի ձևավորման փուլն է:

2.Երկրորդ փուլում, որը սովորաբար տևում է 3-10 տարի, փոխակերպման է ենթարկվում տնտեսական համակարգը: Քաղաքական առաջնահերթությունների շարքին են դասվում նոր սահմանադրության և ընտրությունների մասին օրենքի ընդունումը, ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, կառավարման պետական համակարգի ապակենտրոնացումը, ձևավորված ժողովրդավարական կոալիցիայի համախմբումը և այլն:

3.Երրորդ փուլի շրջանակներում (10-12 տարի) տեղի է ունենում քաղաքական համակարգի համախմբում, առանց պետության միջամտության' տնտեսական զարգացում:

Ուսումնասիրելով Լեհաստանի, Արևելյան Գերմանիայի, Չեխոսլովակիայի, Բուլղարիայի, Հունգարիայի և Ռումինիայի փորձը՝ Կ. Մենգեսն առանձնացնում է տասը փուլ.

1.ժողովրդավարամետ ուժերի ձևավորում և ամրապնդում,

2.վարչակարգի ճնշողականության նվազում,

3.կառավարող կուսակցության ներսում բարենորոգիչների հեղինակության աճ,

4.վարչակարգի կողմից ժողովրդավարամետ ուժերի ճանաչում,

5.վարչակարգի կողմից ազատ ընտրությունների կազմակերպման նախադրյալների ստեղծում,

6.առաջին ազատ և արդար ընտրությունների անցկացման փուլ,

7.նոր ընտրված ժողովրդավարական ուժերի կողմից սեփական գործառույթների աստիճանական իրագործում,

8.ժողովրդավարամետ և հակաժողովրդավարական ուժերի հարաբերություններում լարվածության պահպանում,

9.երկրորդ համաժողովրդական ընտրությունների կազմակերպում,

10.ժողովրդավարական ինստիտուտների համախմբում՝ եթե ընտրություննեն իրոք եղել են արդար և ազատ:

Հատկանշական է նաև դասակարգման Վ. Շեյնիսի տարբերակը: Նա առաջարկում է անցման ցիկլային տարբերակ, որտեղ առաջին փուլը բնութագրվում է նախկին քաղաքական վարչակարգի ճգնաժամով և բարոյաքաղաքական մեկուսացմամբ, ինչպես նաև անկայուն ժողովրդավարական և շուկայական ծրագրերով իշխանության ձգտող կոալիցիայի ձևավորմամբ: Երկրորդը՝ այդ կոալիցիայի հաղթանակի կամ կիսահաղթանակի, նոր՝ ավելի «գիշատիչ» բյուրոկրատիայի ձևավորման, զանգվածային հիասթափության, «փողոցի կորստի» և կոալիցիայի քայքայման փուլն է: Երրորդ փուլում, օգտագործելով զանգվածների հիասթափությունը՝ իշխանության են գալիս նախկին վարչակարգի հետ գենետիկորեն կապված քաղաքական լիդերները և կազմակերպությունները:


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`965
Տեղադրվել է՝18:45:03 26-05-2014