Civil Consciousness - Քաղաքական առասպելի էությունն ու տեսակները
  • :
  • :


Քաղաքական առասպելի էությունն ու տեսակները

Քաղաքական առասպելը հավատալիքների համակարգի վրա հենվող պատկերացումների կայուն համակարգ է: Այն հնարավորություն է ընձեռում կանոնակարգել և մեկնաբանել տագնապահարույց փաստերն ու իրադարձությունները, մտովի կառուցել կոլեկտիվի ներկան և ապագան: Առհասարակ առասպելը մարդուն հնարավորություն է ընձեռում հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ: Այս առումով քաղաքական առասպելը կանոնակարգում է քաղաքական իրականությունը: Այն ստեղծում է հատուկ, առասպելական իրականություն, որը մարդը, սոցիալական խմբերը, հասարակությունն ընկալում են որպես միակ օբյեկտիվ իրականություն: Օբյեկտիվ իրականությունը խեղաթյուրելու համար մարդն առասպել է ստեղծում: Մյուս կողմիսց ինքն առասպելն է արարում մարդուն, գրավում նրա ներաշխարհը, ծրագրավորում նրա գործունեությունը:

Քաղաքական առասպելն օգտագործվում է հավաքական նպատակների իրականացման, իշխանության համար պայքարի և տիրապետության հաստատման համար: Հետևաբար քաղաքական առասպելը պետք է ընկալելի, հասանելի լինի առօրեական գիտակցությանը:

Տարբերում են տեխնոլոգիական, որոնք ստեղծվում են պահի խնդիրների լուծման համար, և հավերժական առասպելներ: Վերջիններս հենվում են նախաձևերի և նախաօրինակների վրա: Դրանք գրեթե հնարավոր չէ ոչնչացնել, կարող են վերադառնալ այլ կերպարանքով:

Առասպելը, այդ թվում նաև քաղաքականը, ծագում է այն ժամանակ, երբ այս կամ այն խումբը կամ հասարակությունը բախվում է իր մեջ բացահայտ կամ թաքնված վտանգ պարունակող անհասկանալի և իր կողմից չվերահսկվող նոր երևույթի հետ: Հենց այդ պատճառով էլ առասպելի արարումն ու զարգացումը նկատվում է սոցիալական աղետների, խոր ճգնաժամերի, պատերազմների և հեղափոխությունների ժամանակ: Հոգեբանական առումով առասպելի արարումը կապված է արմատական փոփոխությունները տրամաբանորեն բացատրելու անընդունակության հետ: Վերջինս պայմանավորում է անհատի վերադարձը աշխարհի ընկալման և նրա հետ փոխգործունեության նախկին փորձին:

Քաղաքական առասպելին բնորոշ են հետևյալ առանձնահատկությունները.

  • դրանք ինքնաբերաբար չեն հայտնվում, այլ ստեղծվում են գիտակցաբար և նպատակամետ,
  • դրանց հիմքը քաղաքական գործիչների կողմից գիտակցված և քարոզվող, զանգվածային գիտակցության յուրացրած կոլեկտիվ ակնկալիքներն ու սպասելիքներն են,
  • առասպելում միահյուսվում են երկու տարաբնույթ հատկություն. սթափ հաշվարկը և ֆանտաստիկ հավատը, որը քաղաքական գործիչներին թույլ է տալիս ազատվել բոլոր բարոյական արգելքներից,
  • դրանք հնարավոր չէ հերքել ռացիոնալ փաստարկների միջոցով,
  • դրանք անմիջականորեն կապված են քաղաքական իրականության հետ և կոչված են արադարացնել իրադարձությունների այս կամ այն ընթացքը,
  • խորհրդանիշների միևնույն հավաքածուն կարող է ընդգրկվել տարբեր առասպելներում, իսկ միևնույն առասպելը կարող է ունենալ տարբեր ուղղվածություն և հուզական ընկալում,
  • վերացարկվածությունը՝ առասպելը չի հարաբերակցվում էմպիրիկ իրականության, սոցիալական և պատմական ժամանակաշրջանի հետ, ապրում է իր սեփական ժամանակային չափումով,
  • հավատի հիմնարարությունը հենվում է ստուգում չպահանջող դոգմաների վրա:
Քաղաքական առասպելի բոլոր հնարավոր սյուժեներից կարող ենք առանձնացնել չորսը՝ դավադրության, ոսկե դարի, հերոս փրկչի և միասնության մասին առասպելները:

Դավադրության մասին առասպելը իրականության բացատրության ամենահարմար և ստուգված միջոցներից է: Սխեման, ըստ որի կառուցվում է առասպելը, պարզ է և բավականին արդյունավետ: Այն հնարավորություն է ընձեռում գտնել տարբեր երևույթների և իրադարձությունների մեկնաբանությունները, ստեղծել աշխարհի ամբողջական և ոչ հակասական նկարագիրը: Դավադրության մասին առասպելը դիցաբանական գիտակցության արդյունք է, քանզի դրանում առկա են ցանկացած առասպելին բնորոշ գործող անձինք՝ չար ուժեր և դավադրության զոհեր: Հերքել դավադրության մասին առասպելը բավականին դժվար է, քանի որ այն կառուցվում է չապացուցվող աքսիոմների հիման վրա: Ընդունելով այդ աքսիոմները՝ մարդն ընդունում է նաև այդ առասպելը: Դավադրության մասնակիցները կարող են լինել ժողովրդի թշնամիները, գաղտնի ծառայությունները և այլն: Դրանց գաղտնի գործունեությունն ուղղված է խմբի, հասարակության, պետության գրավմանը կամ ոչնչացմանը: Քանի որ դավադրությունը կազմակերպում են «մութ ուժերը», ապա դրանց դեմ ուղղված պայքարում կարելի է օգտագործել ցանկացած միջոց:

Ոսկե դարի մասին առասպելում կոչ է արվում վերադառնալ դեպի «պայծառ անցյալ», որտեղ իշխում էին սերն ու հավասարությունը, աշխարը պարզ էր ու հասկանալի: Վերջինիս գոյությունն արդարացված է այնքանով, որքանով դա նախապատրաստում է այդ ապագան: Այսպիսով, դիցաբանական ժամանակը կարող է գոյություն ունենալ միայն «անցյալ-ներկա-ապագա» ցիկլի շրջանակներում: Քաղաքական տեխնոլոգների համար կարևորն այն է, որ առասպելը հնարավորություն է ստեղծում «կանգնեցնել ժամանակը», իդեալականացնել անցյալը կամ ներկան:

Հերոս-փրկչի մասին առասպելը կոնկրետ անձին օժտում է խարիզմատիկ հատկություններով: Նա պետք է ունենա առաքյալի շնորհ, օժտված լինի մարտնչող զորավարի չգերազանցված տաղանդով, բարոյական հատկանիշներով և այլն: Հերոսի բացառիկ կարգավիճակը առասպելական տարածությունում ընթացող ողջ անցուդարձին գերբնական իմաստ է տալիս՝ հաղթահարելով արգելքներն ու դժվարությունները հերոսը հասնում է իր նպատակին: Ընդ որում որքան ավելի ուժեղ է թշնամին, այնքան արժեքավոր է հաղթանակը:

Ինչպես նշվեց, հերոս-փրկչին ներկայացվում են մի շարք պահանջներ, որոնց իմացությունը հնարավորություն է ընձեռում ստեղծել կամ գաղտնազերծել առասպելը: Հերոսի կենսագրականում կարևոր դեր է խաղում նրա ծագումը: Այն պետք է լինի արտասովոր: Հերոսը պետք է հայտնվի այնտեղ, որտեղ մահացու վտանգ կա:

Միասնության մասին առասպելը հիմնված է «բարեկամներ-թշնամիներ», «յուրայիններ-օտարներ» հակադրության վրա: Բոլոր թշվառությունների և դժբախտությունների պատճառը «նրանք» են, այսինքն՝ «թշնամիները»: «Նրանք» ձգտում են խլել մեր արժեքները, հետևաբար փրկության միակ միջոցը միասնությունն է, «նրանց» հակադրվելը: Այդ առասպելը «բարեկամների» միջև բացառում է հակասություններն ու կոնֆլիկտները:


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`824
Տեղադրվել է՝18:40:05 31-05-2014