Civil Consciousness - Թե ինչպես «եղբայրական» Ռուսաստանը Ղարաբաղը նվիրեց Ադրբեջանին
  • :
  • :


Թե ինչպես «եղբայրական» Ռուսաստանը Ղարաբաղը նվիրեց Ադրբեջանին

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ծագել է 1917թ. Ռուսաստանյան կայսրության փլուզման արդյունքում Անդրկովկասում երեք ազգային պետությունների' Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հանրապետությունների կազմավորման շրջանում: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, որի 95 տոկոսը հայեր էին, գումարեց իրենց առաջին համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրեց Ազգային խորհուրդ և կառավարություն: 1918-1920թթ. Լեռնային Ղարաբաղն ուներ պետականության բոլոր ատրիբուտները' ներառյալ բանակն ու օրինական իշխանությունները:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ նախաձեռնություններին ի պատասխան՝ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը դիմեց ռազմական գործողությունների: 1918թ. մայիսից մինչև 1920թ. ապրիլը Ադրբեջանի և նրան սատարող Թուրքիայի զինված ստորաբաժանումները հայ ազգաբնակչության հանդեպ իրագործեցին բռնություններ և ջարդեր (1920թ. մարտին միայն Շուշիում կոտորվեց և տեղահանվեց շուրջ 40 հազար հայ): Սակայն, դրանով հնարավոր չեղավ պարտադրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ընդունել Ադրբեջանի իշխանությունը:

1919թ. օգոստոսին Ղարաբաղը և Ադրբեջանը, ռազմական բախումը կանխելու նպատակով, կնքեցին նախնական պայմանագիր, որով համաձայնվեցին երկրամասի կարգավիճակի խնդիրը քննարկել Փարիզի խաղաղության խորհրդաժողովում:

Ռուսական սադրանք կամ թե ինչպես նվիրվեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին

Անդրկովկասում խորհրդային կարգերի հաստատումն ուղեկցվեց քաղաքական նոր կարգերի ստեղծմամբ: Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի տարածք է ճանաչվում նաև Խորհրդային Ռուսաստանի կողմից: 1920թ. օգոստոսին Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված համաձայնագրով, ռուսական զորքերը ժամանակավորապես տեղակայվեցին Լեռնային Ղարաբաղում:

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո, 1920թ. նոյեմբերի 30-ին, Ադրբեջանի Հեղկոմը (Հեղափոխական կոմիտե-այն ժամանակվա բոլշևիկյան իշխանության գլխավոր մարմին) իր հայտարարությամբ Ադրբեջանի կողմից նախկինում հավակնած տարածքները' Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը, ճանաչեց որպես Հայաստանի անբաժանելի մաս:

Ադրբեջանական ԽՍՀ Ազգային խորհուրդը, հիմք ընդունելով Ադրբեջանի Հեղկոմի և Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ կառավարությունների միջև կնքված համաձայնագիրը, 1921թ. հունիսի 12-ի հռչակագրով Լեռնային Ղարաբաղը հռչակում է Հայկական ԽՍՀ անբաժանանելի մաս:

Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի նկատմամբ հավակնություններից հրաժարվելու մասին Խորհրդային Ադրբեջանի հայտարարության և Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև համաձայնության հիման վրա' 1921թ. հունիսին, Հայաստանը նույնպես Լեռնային Ղարաբաղը հայտարարեց իր անբաժանելի մաս:

Հայաստանի կառավարության ընդունած դեկրետի տեքստը հրապարակվեց ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի մամուլում («Բաքվի աշխատավոր», Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի օրգան, 1921թ. հունիսի 22): Այսպիսով, տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հայաստանին միացման իրավական ամրագրումը: Միջազգային իրավունքի և նորմերի համատեքստում (միջազգային իրավական իմաստով), կոմունիստական վարչակարգի ընթացքում սա եղավ վերջին օրինական ակտը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

Անտեսելով իրողությունը՝ 1921թ. հուլիսի 4-ին Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հրավիրում է լիագումար նիստ, որի ընթացքում նույնպես հաստատվում է Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ մաս հանդիսանալու փաստը: Սակայն, Մոսկվայի թելադրանքով և Ստալինի անմիջական միջամտությամբ, հուլիսի լույս 5-ի գիշերը վերանայվում է նախորդ օրվա որոշումը և ընդունվում է Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկելու և այդ տարածքում ինքնավար մարզ կազմավորելու վերաբերյալ պարտադրված որոշումը' չպահպանելով նույնիսկ ընթացակարգը: Այս որոշումն աննախադեպ իրավական ակտ է միջազգային իրավունքի պատմության մեջ, երբ երրորդ երկրի կուսակցական մարմինը (ՌԿ(բ)Կ), առանց որևէ իրավական հիմքի կամ իրավասության, որոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Ադրբեջանական և Հայաստանի ԽՍՀ-ները 1922թ. դեկտեմբերին ընդգրկվեցին ԽՍՀՄ-ի կազմավորման գործընթացներում, իսկ Ղարաբաղի տարածքի ընդամենը մի հատվածում 1923թ. հուլիսի 7-ին, Ադրբեջանական ԽՍՀ Կենտրոնական գործադիր հեղափոխական կոմիտեի որոշմամբ կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը' Ադրբեջանական ԽՍՀ կազմում, որով, ըստ էության, ոչ թե լուծվեց, այլ ժամանակավորապես սառեցվեց ղարաբաղյան հիմնախնդիրը: Ավելին, ամեն ինչ արվեց, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ընդհանուր սահման չունենա Հայաստանի հետ:

Սակայն ողջ խորհրդային ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հայությունը երբեք չհաշտվեց այդ որոշման հետ և տասնյակ տարիներ շարունակաբար պայքարեց Մայր հայրենիքին վերամիավորվելու համար:

Ադրբեջանական ԽՍՀ կազմում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լինելու ամբողջ ժամանակահատվածում այդ հանրապետության ղեկավարությունը կանոնավոր և հետևողականորեն ոտնահարել է հայ բնակչության իրավունքներն ու շահերը: Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից վարվող խտրական քաղաքականությունը դրսևորվում էր մարզի սոցիալ-տնտեսական զարգացման արհեստական կասեցման, այն Ադրբեջանի հումքային ածանցյալի վերածելու, ԼՂԻՄ-ի հայաթափման նպատակով ժողովրդագրական գործընթացին ակտիվ միջամտության, հայկական կոթողների և մշակութային արժեքների ոչնչացման ու յուրացման փորձերի մեջ:

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի խտրականությունն իր ազդեցությունն ունեցավ նաև Ղարաբաղի բնակչության վրա և դարձավ վերջինիս գաղթի հիմնական պատճառը: Արդյունքում, Ղարաբաղի բնակչության հարաբերակցությունը փոփոխվեց. եթե 1923 թվականին հայերը կազմել են Լեռնային Ղարաբաղի բնակչության 94,4 տոկոսը, ապա 1989թ. տվյալներով հայերի թիվը նվազել է մինչև 76,9 տոկոս: Հայաթափման քաղաքականությունն առավել հաջող ընթացավ մեկ այլ հայկական տարածքում' Նախիջեւանում:

ԼՂԻՄ-ի ժողովուրդը և Հայկական ԽՍՀ իշխանությունները Ղարաբաղն Ադրբեջանական ԽՍՀ-ին փոխանցելու որոշումը վերանայելու խնդրանքով ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին ուղղված բազմաթիվ դիմումներ են հղել, որոնք անտեսվել են կամ մերժվել՝ պատճառ դառնալով նախաձեռնողների հանդեպ կիրառվող հալածանքների: Նշված դիմումների թվում են Հայկական ԽՍՀ Կառավարության և Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի 1945թ. դիմումը ԽՍՀՄ կառավարությանը և Համամիութենական կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեին, 1963թ. ԼՂԻՄ ազգաբնակչության ավելի քան 2,5 հազար, իսկ 1965թ. ավելի քան 45 հազար ստորագրությամբ նամակները' հասցեագրված ԽՍՀՄ ղեկավարությանը, 1977թ. ԽՍՀՄ նոր Սահմանադրության համաժողովրդական քննարկումների շրջանակում ԼՂԻՄ աշխատանքային կոլեկտիվների առաջարկությունները:

Ռուսական քաղաքականությունը Հայաստանի և հայերի նկատմամբ միշտ կործանարար հետևանքներ է ունեցել, իսկ արդեն հակամարտության զինված գործողությունների ընթացքում Կրեմլի ուղղորդմամբ ռուսական զինված ուժերը բազմաթիվ զինված գործողություններ են իրականացրել հայկական զորքերի դեմ: Ռուսական հայատյաց քաղաքականության ակնառու դրսևորումներից էին «Օղակ գործողությունը», 1990 թվական մայիսի 27-ի հայտնի դեպքերը:

Մեր օրերում ևս Կրեմլը հնարավորինս կոշտ քաղաքականություն է վարում մեր երկրի նկատմամբ: Կրեմլը ամեն հնարավոր միջոց գործադրում է, որպեսզի տապալի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, քանի որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում մեր տարածաշրջանը վերջնականապես կազատվի ռուսական ազդեցությունից: Վերջին շրջանում ՌԴ-ն Ադրբեջանին է վաճառում տարբեր տեսակի հարձակվողական զինամթերք, որը, բնականաբար, պարզ է, թե երբ և ում դեմ է օգտագործվելու:

Այսօր կարելի է վստահաբար ասել, որ պուտինյան Ռուսաստանը առանց մեկ վայրկյան մտածելու ԼՂ շրջակա տարածքներն ու բուն ԼՂ-ն կփոխարինի Ադրբեջանի՝ Մաքսային կամ Եվրասիական միությանը միանալու երաշխիքների հետ: Իսկ մեր երկրում ռուսական 5-րդ շարասյունը իր զանգվածային լրատվական միջոցներով և գրպանային ընդդիմությամբ դեռ շարունակում են բղավել հայ-ռուսական «բարեկամության» և Միկոյանի արձանը տեղադրելու կարևորության մասին:

Հ.Գ. Երբեմն պատմությունը ամենալավ ուսուցիչն է, բայց միայն այն դեպքում երբ քաղաքական գործընթացների հիմքում ընկած են լինում պրագմատիկ հաշվարկներն ու պատմական իրողությունները ճիշտ գնահատելու կարողությունը:

Մոտ օրերս մեր կայքում կհրապարակենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված՝ մինչ այս ամենաքննարկված փաստաթղթերը՝ 1997 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահների կողմից հակամարտության կողմերին առաջարկված «ԼՂ հակամարտության համընդգրկուն համաձայնագրերի» Փուլային և Փաթեթային տարբերակները:


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1139
Տեղադրվել է՝13:43:01 04-06-2014