Civil Consciousness - ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ
  • :
  • :


ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

Ինչպես և խոստացել էինք, ստորև ներկայացնում ենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված՝ 1997 թվականի հուլիսի 2-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահների կողմից հակամարտության կողմերին առաջարկված «ԼՂ հակամարտության կարգավորման համընդգրկուն համաձայնագրի» Փուլային տարբերակը, իսկ Փաթեթային տարբերակը մեր կայքում հրապարակվել էր ավելի վաղ:


ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

Համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության դադարեցման մասին (նախագիծ)
1997թ. դեկտեմբերի 2
Նախաբան

Կողմերը՝ լի վճռականությամբ իրականացնել Լեռնային Ղարաբաղի ձգձգվող հակամարտության խաղաղ կարգավորումը, վերածելով գոյություն ունեցող հրադադարը կայուն խաղաղության, ըմբռնելով խաղաղության և համագործակցության առավելությունը՝ հանուն իրենց ժողովուրդների բարգավաճման և բարեկեցության, ցանկանալով հիմք ստեղծել Կովկասի համատեղ տնտեսական զարգացման համար, հնարավորություն տալով այս տարածաշրջանի ժողովուրդներին ապրել նորմալ և արդյունավետ՝ ունենալ ժողովրդավարական ինստիտուտներ, աճող բարեկեցություն, խոստումնալից ապագա, հասկանալով, որ այս համաձայնագրին համապատասխան համագործակցությունը կհանգեցնի նորմալ հարաբերությունների ողջ տարածաշրջանում՝ առևտրի, տրանսպորտի և կապի ոլորտներում, հնարավորություն կտա մարդկանց միջազգային կազմակերպությունների միջոցով վերականգնել իրենց քաղաքներն ու բնակավայրերը, հաստատել կայունություն, ինչն անհրաժեշտ է տարածաշրջանում արտաքին կապիտալ ներդրումների ծավալի էական մեծացման համար, և ճանապարհ բացել փոխշահավետ առևտրի համար, ինչը կհանգեցնի բոլոր մարդկանց բնական բարգավաճմանը, ինչի նախադրյալները դրված են կովկասյան տարածաշրջանում և որ հաշտությունն ու համագործակցությունը մարդկանց միջև նրանց ահռելի ներուժը կծառայեցնեն ի շահ նրանց հարևանների և աշխարհի ժողովուրդների, լինելով հավատարիմ ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթներին, ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներին ու որոշումներին և միջազգային իրավունքի հիմնարար նորմերին և ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի թիվ 822, 853, 874, 884 Որոշումների ամբողջական իրականացմանը, հիշեցնելով 1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովի ժամանակ ԵԱՀԿ անդամ-պետությունների ստանձնած պարտավորությունը՝ մեծացնել ԵԱՀԿ ջանքերն ու օժանդակությունը հակամարտության խաղաղ կարգավորման խնդրում, նրանց հանձնարարությունները Մինսկի համաժողովի համանախագահներին՝ օպերատիվ կերպով անցկացնել բանակցություններ, և հայտարարությունն իրենց քաղաքական պատրաստակամության մասին՝ տրամադրել ԵԱՀԿ խաղաղության ապահովման բազմազգ ուժեր՝ կողմերի միջև զինված հակամարտության դադարեցման շուրջ համաձայնության հասնելուց հետո, և լի վճռականությամբ՝ բարեխղճորեն շարունակել խաղաղ գործընթացը՝ համապարփակ կարգավորման անհետաձգելի ձեռքբերման նպատակով, ինչը կճշգրտի Լեռնային Ղարաբաղի վերջնական կագավիճակը, ստանձնում են պարտավորություն ներքոշարադրյալ գործողությունների կապակցությամբ:

I. Կողմերը հրաժարվում են և ձեռնպահ են մնում ուժի սպառնալիքից կամ ուժի գործադրումից՝ իրենց միջև վեճերի կարգավորման նպատակով: Նրանք լուծում են բոլոր այդպիսի վեճերը, ներառյալ նաև այն վեճերը, որոնք կարող են առաջանալ սույն Համաձայնագրի իրականացման կապակցությամբ, խաղաղ միջոցներով, առաջին հերթին բանակցությունների ճանապարհով, այդ թվում Մինսկյան գործընթացի շրջանակներում:

II. Կողմերը դուրս են բերում իրենց զինված ուժերը հետևյալ դրույթների համապատասխան' ինչպես մանրամասն շարադրված է թիվ 1 Հավելվածում:

ա) Առաջին փուլում Լեռնային Ղարաբաղից դեպի արևելք և հարավ ընկած ներկայիս շփման գծերի վրա տեղակայված ուժերը կհեռացվեն մինչև թիվ 1 ներդիրում համաձայնեցված գծերը նրանում ներառված գրաֆիկի համապատասխան՝ հատկապես հաշվի առնելով բարձր մակարդակի պլանավորման Խմբի (ԲՄՊԽ) հանձնարարակնները՝ ռազմական տեսակետից հիմնավորված բուֆերային գոտում ԵԱՀԿ բազմազգ ուժերի առաջատար ջոկատների սկզբնական ծավալման համար հնարավորություն ստեղծելու նպատակով բաժանել կողմերին այդ գծով և անվտանգություն ապահովել երկրորդ փուլի դուրսբերման ընթացքում:

բ) երկրորդ փուլում ուժերը դուրս են բերվում միաժամանակ և թիվ 1 Հավելվածում ներառված գրաֆիկի համաձայն՝ հետևյալ կերպ.

1) Հայաստանի ցանկացած ուժ, որը տեղաբաշխված է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, դուրս են բերվում այդ սահմաններից ներս:

2) Լեռնային Ղարաբաղի ուժերը դուրս են բերվում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության 1988թ. սահմանագծից ներս՝ բացառությամբ Լաչինի շրջանի:

3) Ադրբեջանի ուժերը դուրս են բերվում դեպի թիվ 1 Հավելվածում նշված սահմաններից անդին՝ բարձր մակարդակի պլանավորման խմբի հանձնարարականների հիման վրա, և դուրս են բերվում Հայաստանի ցանկացած տարածքից:

4) Ծանր զրահատեխնիկան դուրս է բերվում թիվ 1 Հավելվածում նշված վայրեր՝ բարձր մակարդակի պլանավորման Խմբի հանձնարարականների հիման վրա, ԵԱՀԿ խաղաղության պահպանման գործողության հսկողության ներքո, հիշյալ Հավելվածում շարադրված թափանցիկության և հաշվետվության պահանջների պահպանմամբ:

III. Այն տարածքում, որ ընկնում է այդ դուրսբերման և ուժերի վերադասավորման տակ, կազմավորում է Բուֆերային գոտի և Բաժանարար գոտի՝ հետևյալ դրույթների համապատասխան և ինչպես դա մանրամասն շարադրված է թիվ 2 Հավելվածում:

ա) Ուժերի դուրսբերման ավարտին Բուֆերային գոտին տեղակայվում է 1988թ. ԼՂԻՄ սահմանագծի և Լաչինի շրջանի հյուսիսային և հարավային սահմանագծերի երկայնքով: Բուֆերային գոտին մնում է չբնակեցված և ամբողջությամբ ապառազմականացվում է, բացառությամբ ԵԱՀԿ խաղաղության պահպանման գործողության տարրերի:

բ) Բաժանարար գոտին ապառազմականացվում է, բացառությամբ Մշտական խառը հանձնաժողովի հետ համատեղ գործողությունների համար թույլատրված ուժերի, ինչպես մանրամասն շարադրված է թիվ 2 Հավելվածում, ներառյալ.

1) խաղաղության պահպանման գործողության տարրերը,

2) սահմանային պարեկության և ականազերծման համար նախատեսված ստորաբաժանումները,

3) քաղաքացիական ոստիկանությունը, որի քանակությունը և թույլատրված զինվածությունը նախատեսված են թիվ 2 Հավելվածում:

գ) Բուֆերային գոտում և Բաժանարար գոտում ստեղծվում է ոչ թռիչքային գոտի, որտեղ Կողմերը չեն թույլատրում ռազմական թռիչքներ՝ ԵԱՀԿ խաղաղության պահպանման գործողության վերահսկողության ներքո, ինչպես շարադրված է թիվ 2 Հավելվածում:

դ) Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից վերահսկվող տարածքների անվտաբգությունը, II) հոդվածի համաձայն ուժերի դուսբերումից հետո, ապահովվում է գոյություն ունեցող ռազմական կազմավորումների և Լեռնային Ղարաբաղի անվտանգության կազմավորումների կողմից:

IV) ԵԱՀԿ 1994թ. Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումների համաձայն, Կողմերը հրավիրում և աջակցում են ԵԱՀԿ խաղաղության պահպանման բազմազգ գործողությանը (ԽՊԳ), որը կգործի Մշտական Խառը Հանձնաժողովի (ՄԽՀ) և Հայ-Ադրբեջանական Միջկառավարական Հանձնաժողովի (ՀԱՄՀ) հետ համագործակցված, ինչպես ձևակերպված է 7-րդ կետում: ԽՊԳ-ն հետևում է ուժերի և ծանր զրահատեխնիկայի դուսբերմանը, ռազմական թռիչքների չթույլատրմանը, ապառազմականացման ռեժիմի պահպանմանը և հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին, ինչպես շարադրված է թիվ 2 Հավելվածում: Կողմերը կոչ են անում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին այս նպատակով ընդունել համապատասխան Որոշում սկզբնական շրջանի համար ոչ ավել, քան մեկ տարով և թարմացնել այդ Որոշման դրույթները անհրաժեշտության չափով՝ ԵԱՀԿ Գործող նախագահի հանձնարարականների հիման վրա: Կողմերը համաձայն են, որ խաղաղության պահպանման բազմազգ գործողության ընդհանուր շարունակականւթյունը կդառնա մինիմալ անհրաժեշտ՝ կախված տարածաշրջանում տիրող իրավիճակից և հակամարտության համընդգրկուն կարգավորման տեմպերից: Կողմերը լիովին համագործակցում են ԽՊԳ-ի հետ, որպեսզի իրականացվի սույն Համաձայնագիրը և կանխարգելվի ցանկացած տապալում կամ խաղաղության պահպանման գործողության դադարեցումը:

V) Կողմերը օժանդակում են տեղահանված անձանց անվտանգ և ինքնակամ վերադարձին իրենց նախկին մշտական բնակության վայրեր՝ Բաժանարար Գոտում, ինչպես շարադրված է թիվ 2 Հավելվածում: ԽՊԳ-ն Մշտական Խառը Հանձնաժողովի հետ համագործակցելով հետևում է վերադարձող բնկաչության անվտանգությանը, որպեսզի նպաստի բոլոր կողմերի վստահությանը՝ այդ գոտում ապառազմականացման ռեժիմին հետևելու առումով: Կողմերը բանակցություններ են վարում նաև այլ անձանց արագ անվտանգ և ինքնակամ վերադարձի շուրջ, մի կողմ թողած նրանց, ովքեր ընդգրկված են այս Համաձայնագրի կամ համընդգրկուն կարգավորման ծրագրի մեջ և որոնք տեղահանվել են 1987թ. հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության և լարվածության արդյունքում:

VI) Ուժերի դուրս բերման հետ զուգահեռ Կողմերն անմիջապես միջոցներ են իրականացնում ճանապարհների, երկաթուղիների, էլեկտրահորդալարերի և կապի, առևտրային և այլ հարաբերությունների բացման նպատակով, ներառյալ բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ են թիվ 3 Հավելվածում շարադրված գրաֆիկներին և կոնկրետ դրույթներին համապատասխան հնարավոր կարճագույն ժամկետներում սույնին հասնելու համար: Կողմերը երաշխավորում են այդ կապերի օգտագործումը բոլոր կողմից, ներառյալ էթնիկ փոքրամասնությունները՝ ապահովելով վերջիններիս հասանելիությունն իրենց էթնիկ խմբերին տարածաշրջանի այլ վայրերում: Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է հանել բոլոր շրջափակումները և ապահովել մարդկանց և բեռների փոխադրումը բոլոր այլ Կողմերի համար՝ առանց խոչընդոտների: Կողմերը երաշխավորում են ազատ և անվտանգ երկաթուղային հաղորդակցություն իրար միջև:

VII) Կողմերը լիովին համագործակցում են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի, ՄԱԿ-ի փախստականների գործերով Գերագույն Կոմիսարի և այլ միջազգային կազմակերպությունների հետ՝ հակամարտության կապակցությամբ կալանավորվածներին վերադարձնելու, անհետ կորածների ճակատագրերը հետաքննելու և աճյունները հայրենադարձելու, ինչպես նաև մարդասիրական և վերականգնողական նպատակներով օգնության՝ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներով հակամարտությունից տուժած շրջաններ առանց որևէ խտրականության փոխադրելու շուրջ: Կողմերը Մշտական Խառը Հանձնաժողովի միջոցով համագործակցում են ԵԱՀԿ ԽՊԳ-ի հետ՝ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումնրի շուրջ:

VIII) Կողմերն անհապաղ հիմնում են Մշտական Խառը Հանձնաժողով (ՄԽՀ) սույն Համաձայնագրում Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղին առնչվող խնդիրներին վերաբերվող դրույթների իրականացմանը հետևելու նպատակով: ՄԽՀ-ի նախագահը հանդիսանում է ԵԱՀԿ Գործող նախագահի ներկայացուցիչը՝ մեկ ադրբեջանցի և մեկ լեռնային-ղարաբաղցի փոխնախագահներով: ՄԽՀ-ի հիմնական պարտականությունը համաձայնագրի իրականացմանը հետևելն է. ԵԱՀԿ-ից համանախագահի պարտականությունները ներառում են նաև միջնորդությունը տարաձայնությունների դեպքում, ինչպես նաև թույլատրված միջոցառումների կիրառում արտակարգ իրավիճակների պարագայում, ինչպիսին օրինակ բնական աղետներն են: ՄԽՀ-ն ունի հետևյալ ենթահանձնաժողովները՝ Ռազմական, Տնտեսական, Մարդասիրական և Մշակութային և Կապի Գծով ենթահանձնաժողով: ՄԽՀ-ի կառուցվածքը, գործառույթները և նրան առնչվող այլ մանրամասները շարադրված են թիվ 4 Հավելվածում:

IX) Կողմերն անմիջապես ստեղծում են Հայ-Ադրբեջանական Միջկառավարական Հանձնաժողով (ՀԱՄՀ) Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի կանգարգելմանն աջակցելու, երկու երկրների սահմանապահ զորքերի և անվտանգության այլ համապատասխան ուժերի միջև կապ ապահովելու և ճանապարհների, երկաթուղիների, կապի, խողովակաշարերի, առևտրային և այլ հարաբերությունների բացմանը հետևելու և նպաստելու նպատակով: ՀԱՄԽ-ն ունի երկու համանախագահ՝ մեկը Հայաստանի և մեկը Ադրբեջանի կողմից: Հանձնաժողովի մեջ մտնում է ԵԱՀԿ Գրծող նախագահի կողմից նշանակված ներկայացուցիչը: ՀԱՄՀ-ի կառուցվածքը, գործառույթները և նրան առչվող այլ մանրամասները շարադրված են թիվ 5 Հավելվածում: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը մեկը մյուսի մայրաքաղաքում հիմնում են կապի գրասենյակ:

X) Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը սկսում են վարել երկկողմ և բազմակող բանակցություններ համապատասխան միջազգային և տարածաշրջանային խորհրդաժողովների ժամանակ՝ տարածաշրջանում անվտանգության բարձրացման նպատակով՝ ներառյալ ռազմական թափանցիկությունը և ԵԱՀԿ պայմանագրի լիակատար պահպանումը:

XI) Սույն Համաձայնագրի երեք Կողմերը, այսպիսով վերջ դնելով հակամարտության պատերազմական կողմին, համաձայն են Մինսկի Համաժողովի համանախագահների օժանդակությամբ բարեխղճորեն շարունակել վարել բանակցություններ ԵԱՀԿ Գործող նախագահի կողմից համապատասխանաբար հրավիրված այլ կողմերի հետ հակամարտության մյուս բոլոր կողմերի անհետաձգելի համընդգրկուն կարգավորմանը հասնելու նպատակով, ներառյալ քաղաքական կողմը, ինչը ներառում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը և Լաչինի, Շուշիի և Շահումյանի հետ կապված խնդիրների լուծումը. այսպիսի կարգավորումը՝ բանակցությունների ճանապարհով իրականանալուց և վերոհիշյալ Կողմերի կողմից ստորագրվելուց հետո, ենթակա է ճանաչման միջազգային հանրության կողմից հնարավորինս արագ հրավիրվելիք Մինսկի Համաժողովի ժամանակ:

XII) Յուրաքանչյուր Կողմ լիովին հարգում է մյուս Կողմերի և նրանց բնակչության անվտանգությունը: Կողմերը պարտավորվում են բարեխիղճ հարաբերություններ զարգացնել իրենց ժողովուրդների միջև, օժանդակելով նրանց միջև առևտրին և նորմալ փոխհարաբերություններին, և ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից կամ գործողություններից, որոնք կարող են խաթարել սույն Համաձայնագիրը կամ բարեկամական հարաբերությունները:

XIII) Ի հավելում խաղաղության պահպանմանն ու դուրսբերումը վերահսկելու հետ կապված վերոշարադրյալ հիմնական դրույթների և գոյություն ունեցող սկզբունքների ու ԵԱՀԿ պարտավորությունների մասին հիշատակման, ներառյալ նրանք, որոնք արտացոլվեցին 1992թ. Հելսինկյան փաստաթղթում և 1994թ. Բուդապեշտյան փաստաթղթում, ԵԱՀԿ-ն համապատասխան մեխանիզմների միջոցով հետևում է սույն Համաձայնագրի բոլոր կողմերի լիակատար իրականացմանը և այդ սկզբունքների և որոշումների համաձայն համապատասխան միջոցներ է ձեռնարկում՝ սույն Համաձայնագրի պայմանների խախտման և դրանց նկատմամբ հակազդեցության կանխարգելման ուղղությամբ: Սույն համաձայնագրի վկաները, գործելով ԵԱՀԿ Մշտական Խորհրդի և ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի միջոցով, նպաստում են նրա լիակատար իրականացմանը: Սույն Համաձայնագրի լուրջ խախտման դեպքում նրանք խորհրդակցում են միմյանց միջև անհրաժեշտ քայլերի վերաբերյալ, անմիջապես տեղեկացնում են ԵԱՀԿ Գործող նախագահին և Միացյալ Ազգերի Կազմակերպության Գլխավոր Քարտուղարին և խնդրում են ԵԱՀԿ Մշտական Խորհրդից կամ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդից՝ քննարկել համապատասխան գործողություններն այս կապակցությամբ:

XIV) Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում նրա ստորագրումից և վավերացումից հետո, այն բացառություններով, որոնք բխում են XI կետում հիշատակված համընդգրկուն կարգավորումից: Սույն Պայմանագիրը կարող է փոփոխվել, ավելացվել կամ դադարեցվել բոլոր Կողմերի համաձայնությամբ:

Հավելված

Հավելված 1. Ուժերի դուրսբերման և տեղահանված անձանց վերադարձի իրականացում
Հավելված 2. Բաժանարար Գոտու անվտանգության ռեժիմը
Հավելված 3. Տրանսպորտի և կապի գծերի վերականգնումը
Հավելված 4. Մշտական Խառը Հանձնաժողովը
Հավելված 5. Հայ-Ադրբեջանական Միջկառավարական Հանձնաժողովը

ՄԻՆՍԿԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
Հայաստանի դիրքորոշումը վերը բերված փաստաթղթի վերաբերյալ

Հայաստանը մեկ անգամ ևս ողջունում և բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի համատեղ ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Երևանում 1997թ. սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրեց հայաստանի նախնական նկատառումները, վերապահումներն և առաջարկությունները՝ Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության դադարեցման համաձայնագրի համանախագահների 1997թ. սեպտեմբերի 19-ի նախագծի վերաբերյալ:
Լրացուցիչ քննարկումներից հետո կցանկանայինք սույնով գրավոր ներկայացնել Հայաստանի տեսակետները՝ հիմնականում կենտրոնանալով առաջարկված Համաձայնագրի նախագծի սկզբունքների և բաղադրատարրերի վրա:

1. Ընդհանուր նկատառումներ

Հայաստանն արդեն իսկ հայտնել էր իր դրական վերաբերմունքը հակամարտության կարգավորման փաթեթային մոտեցման սկզբունքի նկատմամբ, որը նախապես ներկայացվել էր համանախագահների կողմից: Այժմ նկատելի է Ձեր հակվածությունը հակամարտության կարգավորման փուլ առ փուլ մոտեցմանը: Հայաստանն այս մոտեցման վերաբերյալ նույնպես առարկություն չունի: Չնայած Համաձայնագրում ներկայացված՝ Շուշիի, Շահումյանի, հետքաշումների և, հատկապես, Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցերի շուրջ ունեցած լուրջ առարկություններին և վերապահումներին, Հայաստանը Համաձայնագրի սույն նախագիծը ընդունում է որպես բանակցությունների հիմք և պատրաստ է ակտիվորեն ու կառուցողաբար բանակցել՝ համաձայնության հասնելու սույն Համաձայնագրի դրույթների շուրջ:

Նախապես կուզենայինք նշել, որ Հավելված 1-ի շուրջ բանակցությունների ընթացքում, որտեղ որոշարկվում է զորքերի ետքաշման ժամանակացույցը, Հայաստանը տարբերակված մոտեցում կորդեգրի գրավված տարածքների նկատմամբ և կպնդի ետքաշումների, շրջափակումների վերացման և անվտանգության միջոցառումների իրականացման փոխշաղկապման վրա:
Կցանկանայինք մեկ անգամ ևս վերահաստատել մեր նախապես արտահայտած տեսակետներն ու դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության դադարեցմանն ուղղված առաջարկության նախագծի կապակցությամբ և նշել, որ այն դրույթները, որոնք չեն արտացոլվել Համաձայնագրի նոր նախագծում, մնում են հրատապ և կենսական:

2. Ներածության վերաբերյալ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին հղումները պետք է հանվեն, քանի որ այդ բանաձևերում տեղ գտած ձևակերպումները լիովին չեն համապատասխանում սույն Համաձայնագրի դրույթներին, մասնավորապես ետքաշումների, շրջափակումների վերացման և անվտանգության միջոցառումների հարցերում:

3. Հիմնական տեքստի վերաբերյալ

Կետ 2-րդ. Ա. 1-ը պետք է ամբողջությամբ հանվի կամ վերախմբագրվի հետևյալ կերպ. «Հայաստանի զինված ուժերը, եթե այդպիսիք տեղակայված են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, պետք է ետ քաշվեն այդ սահմաններից ներս»:

Կետ 5-րդ. Հայաստանի դիրքորոշումն է, որ սահմանազատման գոտին, որը որոշարկվելու է Հավելված 2-ում, պետք է ընդգրկի Շահումյանի շրջանը, որպեսզի ապահովվի այդ շրջանի ազգաբնակչության անվտանգ և կամավոր վերադարձը բնակության նախկին վայրերը: Միաժամանակ Կետ 5-րդի պարբերության վերջում «...Ադրբեջանը 1987 թվականից ի վեր» բառերից անմիջապես հետո պետք է ավելացվի «ընդգրկելով Շուշի քաղաքը» բառերը:

Կետ 10-րդը պետք է տեղափոխվի Կետ 11-րդից հետո, և պարբերության սկզբում պետք է ավելացվեն «կարգավորումից անմիջապես հետո» բառերը: Կամ «շուտափույթ կհաստատեն» բառերը պետք է փոխարինվեն «կձգտեն հաստատել» բառերով:

Կետ 11-րդում «Շուշի» բառը պետք է հանվի, քանի որ Շուշիի հարցը՝ որպես փախստականների հետ կապված խնդիր, առաջարկվել է արտացոլել Կետ 5-րդում:

Կետ 14-րդը չի բավարարում միջազգային երաշխիքների վերաբերյալ Հայաստանի պահանջները և չի փարատում Հայաստանի այն երկյուղներն ու մտահոգությունները, որ Համաձայնագրի դրույթների ապագա խախտումները կմնան անպատիժ և չեն հակադարձվի: Հայաստանը պնդում է հետևյալ ձևակերպումը. «ԵԱՀԿ, ՄԱԿ, ԱՊՀ, ԵՄ և համանախագահող պետությունները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, կստորագրեն Համաձայնագիրը և հետամուտ կլինեն նրա լիակատար իրականացմանը, ինչպես նաև հանձնառություններ կստանձնեն կանխելու և հակազդելու Համաձայնագրի դրույթների լուրջ ոտնահարումներին»:

Կետ 15-րդը պետք է ավելի հստակորեն և աներկբայորեն արտացոլի Հայաստանի դերը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորման հարցում:

Կետ 16-րդ. Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Կողմերից յուրաքանչյուրի սահմանադրորեն նախատեսված ընթացակարգով անցնելուց հետո:


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`946
Տեղադրվել է՝22:53:26 09-06-2014