Civil Consciousness - Ի՞նչ ասել է քաղաքական և գաղափարախոսական պլյուրալիզմ
  • :
  • :


Ի՞նչ ասել է քաղաքական և գաղափարախոսական պլյուրալիզմ

Քաղաքական պլյուրալիզմը մի սկզբունք է, համաձայն որի միաժամանակ կարող են գոյություն ունենալ տարբեր կուսակցություններ: Սահմանադրական առումով քաղաքական պլուրալիզմ նշանակում է, որ բոլոր կուսակցությունների իրավահավասարությունը երաշխավորվում է սահմամադրությամբ, դրանք բոլորը հավասար են օրենքի առջև, և արգելվում է դրանցից որևէ մեկի նկատմամբ խտրականության դրսևորում կամ որևէ մեկին արտոնության շնորհում:

Քաղաքական պլյուրալիզմի պայմաններում անձի իրավունքներն ու ազատությունները բազմազան են և ընդգրկում են կյանքի բազմապիսի ոլորտներ: Այս ազատություններն ու իրավունքները ենթադրում են նաև քաղաքական կյանքում կարծիքների, դիրքորոշումների բազմազանության գոյության իրավունք, ինչպես նաև դրանց հավասարություն:

Քաղաքական ոլորտում կարծիքների, մոտեցումների և գործունեության սկզբունքների բազմազանությունն ընդունելով, թույլ տալով նրանց հավասար գոյությունը՝ անձին հնարավորություն է տրվում քաղաքական կյանքին մասնակցելիս ընտրել իր դիրքորոշումներին, համոզմունքներին համապատասխան սկզբունքներ:

Անձի քաղաքական կյանքին մասնակցելու իրավունքն իրականանում է հիմնականում կուսակցություններ կազմելու, դրանց անդամագրվելու իրավունքի միջոցով, որը նշանակում է, որ քաղաքական պլյուրալիզմը ենթադրում է բազմապիսի, տարատեսակ կուսակցությունների գործունեության իրավունքը, նրանց հավասարությունը:

Ժողովրդավարական պետությունների սահմանադրություններում անպաjման ճանաչվում է քաղաքական պլյուրալիզմի սկզբունքը, իսկ ամբողջատիրական, բռնապետական պետություններում նախապատվությունը տրվում է կոնկրետ որևէ կուսակցության:

Բազմակուսակցականության անհրաժեշտությունը հատկապես կարևոր է այն իմաստով, որ պետությունը ապահովագրվում է ամբողջատիրական դառնալու հնարավորությունից: Բազմակուսակցականության սկզբունքը թույլ է տալիս ձևավորել ժողովրդավարական մարմիններ: Այն ենթադրում է նվազագույնը երկու կուսակցության գոյություն:

Քաղաքական պլյուրալիզմը ենթադրում է նաև կուսակցությունների իրավահավասարություն: Բոլոր կուսակցությունների, ինչպես և ցանկացած միավորման համար գործում են գրանցման համար հավասար պայմաններ, գույքի պաշտպանության, գործունեության դադարեցման միասնական օրակարգ: Պետք է նշել նաև, որ օրենքով սահմանված դեպքերում չի բացառվում կուսակցության գործոընեության կասեցումը: Սահմանափակումը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ վտանգված են պետության սահմանադրական կարգը, հասարակական բարոյականությունն ու մարդկանց իրավունքները:

Գաղափարախոսական պլյուրալիզմը մի սկզբունք է, ըստ որի գաղափարախոսական բոլոր ուսմունքները, հայեցակարգերը կարող են միաժամանակ գոյություն ունենալ, և մարդիկ ազատ են դավանելու ցանկացած գաղափարախոսություն:Սահմանադրական առումով գաղափարախոսական պլյուրալիզմ նշանակում է, որ բոլոր գախափարախոսությունների ազատությունը և հավասարությունը երաշխավորովում է սահմանադրությամբ, դրանք բոլորը հավասար են օրենքի առաջ, և արգելվում է դրանցից որևէ մեկի նկատմամբ խտրականության դրսևորում կամ որևէ մեկին արտոնության շնորհում:

Ժողովրդավարական պետությունների սահմանադրություններում գաղափարախոսությունների համար սահմանված են որոշակի սահմանափակումներ, եթե դրանք օգտագործվում են սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասսայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն և պատերազմ քարոզելու նպատակով:

Ամբողջատիրական, բռնապետական պետություններում գաղափարախոսական պլյուրալիզմը մերժվում է և նախապատվությունը տրվում է կոնկրետ գաղափարախոսոության, որը, որպես կանոն, ամրագրվում է սահմանադրությամբ: Գաղափարախոսական պլյուրալիզմի սկզբունքն ընդհանուր առմամբ բխում է խոսքի ազատության, տեղեկատվության ազատության, մտքի և խղճի ազատության, դավանանքի ազատության, կարծիքը պնդելու և համոզմունքները արտահայտելու ազատության, գրական, գեղարվեստական, գիտական ստեղծագործության ազատության իրավունքներից:

Մի շարք պետությունների (Ռուսաստան, Բուլղարիա, Բելառուս, Ուզբեկստան, Ուկրաինա, Սլովենիա) սահմանադրություններում գաղափարախոսական պլյուրալիզմի պաշտպանության նպատակով ամրագրված է, որ ոչ մի գաղափարախոսություն չի կարող լինել պետական կամ պարտադիր:

Գաղափարախոսական պլյուրալիզմի սկզբունքն անմիջականորեն կապված է քաղաքական պլյուրալիզմի սկզբունքի հետ, քանզի գաղափարախոսությունները ընկած են քաղաքական կուսակցությունների գործունեության հիմքում:



Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`765
Տեղադրվել է՝21:03:04 14-06-2014