Civil Consciousness - Քեմալաբոլշևիկյան մերձեցումը և Առաջին հանրապետության անկումը
  • :
  • :


Քեմալաբոլշևիկյան մերձեցումը և Առաջին հանրապետության անկումը

Հետաքրքիր է, որ 1918թ.-ին հայ ժողովուրդը գրեթե ոչինչ չունենալով կռվեց ու հաղթեց թշնամուն: Արդյունքում, պետություն ստեղծեց, իսկ երկու տարի անց, երբ քիչ թե շատ կանոնավոր բանակ և ավելի մեծ քանակությամբ զենք ուներ, առանց որևէ լուրջ դիմադրության տեղի տվեց թուրքական զավթիչներին:

Պատճառներն ավելի շատ հոգեբանական էին և դա հասկանալու համար բավական էր կարդալ այդ ժամանակաշրջանի պատմությունից ուղղակի հետևյալ միտքը «Զորքի շրջանում տիրում էր այն տրամադրությունը, որ իրենք գործ ունեին ռուս-թուրքական միացյալ ուժերի հետ»: Եվ, իրոք, այդ ժամանակաշրջանում քեմալականները և բոլշևիկներն առավել քան մերձեցված հարաբերությունների մեջ էին: Բոլշևիկները, տարված իրենց հեղափոխական գաղափարներով, քեմալական Թուրքիային դիտում էին որպես «Հեղափոխական պայքարի կենտրոն արևելքում»՝ ամեն հնարավոր միջոցով աջակցելով քեմալականներին, իսկ 1920թ. օգոստոսի 24-ին կնքեցին քեմալաբոլշևիկյան գաղտնի համաձայնագիրը: Պատահական չէ, որ սույն գաղտնի համաձայնագրով նրանց հատկացվեց 200,4 կգ ոսկի զենք-զինամթերք, իսկ այնուհետև զորախմբեր, ինչպես իրենք էին ասում, «հայ իմպերիալիստների» դեմ կռվելու: 1920թ. օգոստոսի վերջին բոլշևիկյան առաջին զորախումբը՝ 7000 հոգի, ժամանեց Էրզրում: Քիչ ավելի ուշ քեմալականերին օգնության եկավ մեկ այլ զորախումբ՝ 10.000 հոգի: Եթե առաջին զորախմբի պարտականությունն էր մասնակցել Հայաստանի դեմ ռազմական գործողություններին, ապա երկրորդ զորախմբի խնդիրն էր պահել Միջագետքի ճակատը, որպեսզի այնտեղ տեղակայված բրիտանական ուժերը չկարողանան թիկունքից հարվածել քեմալականներին և այդ ձևով օգնեն Հայաստանին:

1920թ. սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցավ Արևելքի ժողովուրդների համագումար, որտեղ հարց բարձրացվեց Ռուսաստանի ու Թուրքիայի մեջտեղից վերացնել հայկական սեպը: Խոսքն այն մասին էր, որ թուրքական բանակը հարձակվի Հայաստանի վրա, իսկ ռուսական բանակը հայերին պաշտպանելու պատրվակով մտնի Հայաստան և խորհրդայնացնի այն: Այսպիսով, քեմալաբոլշիկյան մերձեցումը կորստաբեր եղավ հայ ժողովրդի և պետականության պահպանման համար, որի արդյունքներն իրենց երկար սպասեցնել չտվեցին. Հայաստանը խորհրդայնացավ և Ալեքսանդրապոլում նվաստացուցիչ պայմանագիր կնքնվեց: Քեմալականներն արդեն 1920թ. ամռանը պատրաստ էին Հայաստանի վրա հարձակվել: Սակայն այդ ժամանակ Խորհրդային Ռուսաստանն իր համաձայնությունը չտվեց, և 1920թ. սեպտեմբերին թուրքերին հաջողվեց բոլշևիկներից Հայաստանի վրա հարձակվելու թույլտվություն ստանալ: Սեպտեմբերի սկզբին հայերի և թուրքերի միջև փոքր սահմանային բախումներ սկսվեցին: 1920թ. սեպտեմբերի 28-ին թուրքական բանակը հարձակման անցավ: Ռազմական գործողություններն ընթանում էին Կարսի և Սուրմալուի ճակատներում:

Թուրքերը սեպտեմբերի 29-ին գրավեցին Սարիղամիշը և Կալլվանը: Կարսի ճակատում թուրքեր կենտրոնացրել էին 50.000 զինվոր, իսկ հայերն այստեղ ունեին 16.000-անոց զորաբանակ: Հոկտեմբերին հակահարձակման անցնելու երկու փորձերն էլ ձախողվեցին: Հոկտեմբերի 30-ին գրեթե առանց դիմադրության թուրքերը գրավեցին Կարսը և անառիկ համարվող Կարսի բերդը:

Կարսի գրավումից հետո հայկական բանակի 2 գեներալ և ՀՀ խորհրդարանի 4 պատգամավոր գերի ընկան: Միանգամայն այլ կերպ դասավորվեցին ռազմական գործողությունները Սուրմալուի ճակատում: Այստեղ Դրոյի գլխավորած հայկական զորքերում խիստ կարգուկանոն էր տիրում: Անխափան գործում էր կապը թիկունքի հետ: Այս ճակատում հոկտեմբերի 20-ին հարձակման անցած թուրքերը հայկական զորամասերին ստիպեցին նահանջել դեպի Արաքս:

Սակայն հոկտեմբերի 26-ին հակահարձակման անցած հայերը ստիպեցին թուրքական դիվիզիային անցնել Հայկական Պարի հարավային կողմը: Ռազմական գործողություններում հայկակական կողմի համար բարեհաջող ելք ապահովեց գնդապետ Թարխանյանի զորաջոկատը: Վերջինս Մարգարայից Իգդիր տանող ճանապարհով, որը գրավված էր թուրքերի կողմից, զինամթերք հասցրեց Իգդիր: Սակայն պատերազմի ելքը կանխորոշված էր Կարսի անկումով: Երկու կողմերն էլ դա շատ լավ գիտակցում էին և գրեթե միաժամանակ միմյանց զինադադարի առաջարկ արեցին:

Նոյեմբերի 6-ին թուրքերը պահանջեցին, որ հայկական զորքերը տեղաբաշխվեն Ալեքսանդրապոլից 15 կմ արևելք գտնվող Ջաջուռ և Աղին գյուղերում: Հայերը համաձայնվեցին այս պահանջի հետ: Սակայն նոյեմբերի 8-ին թուրքերը շատ ավելի ծանր պահանջներ առաջ քաշեցին: Հայկական կողմը մերժեց այդ պահանջները, և, արդյունքում, ռազմական գործողությունները վերսկսվեցին:

Բարոյալքված հայկական բանակը կրկին պարտություն կրեց և Հայաստանի կառավարությունը ստիպված էր ընդունել թուրքերի պահանջը: Հայկական բանակը պետք է հեռանար երկրի խորքը, իսկ Ախուրյանի և Արագածի միջև ընկած տարածքը թուրքերը գրավելու էին: Նոյեմբերի 18-ին պատերազմն ավարտվեց:

Հատկանշական է այն, որ բացի արտաքին թշնամու կատարած գործունեությունից, երկրի ներսում, ըստ էության, 5-րդ շարասյան ձևաչափով գործում էին հայ բոլշևիկները, որոնք ամեն ինչ անում էին երկիրը խորհրդայնացնելու համար: Հայաստանի խորհրդայնացման քաղաքականությունը գործնական տեսք ստացավ 1920 թվականի սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցավ ՌԿԲԿ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի և Ադրբեջանի կոմկուսի քաղբյուրոյի համատեղ նիստի ընթցքում՝ Հայաստանի կոմկուսի կենտկոմի և նրա Արտասահմանյան բյուրոյի անդամների մասնակցույթամբ, որի ժամանակ քննարկվեց Հայաստանի խորհրդայնացման հարցը։ Իսկ 1920 թվականի նոյեմբերի կեսերին հայ կոմկուսի կենտկոմի և նրա Արտասահմանյան բյուրոյի անդամներից ստեղծվեց Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե, որի մեջ մտնում էին Սարգիս Կասյանը (նախագահ), Ասքանազ Մռավյանը, Սահակ Տեր-Գաբրիելյանը, Ալեքսանդր Բեկզադյանը, Ավիս Նուրիջանյանը և ուրշները։ Շուտով Հայ հեղկոմը և Հայ կոմկուսի կենտկոմը փոխադրվում են Ղազախ և Հայաստանի խորհրդայնացման համար նախապատրաստական աշխատանքները սկսվում են։

1920 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության վիճակը խիստ ծանրացավ, և դա հարկադրեց Համո Օհանջանյանի գլխավորած կառավարությանը հրաժարական տալ։ Նոյեմբերի 24-ին Հայաստանի խորհրդարանը Սիմոն Վրացյանի գլխավորությամբ նոր կառավարություն ստեղծեց։ Զգալով պահի լրջությունը և հայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական բնաջնջման վտանգը՝ Վրացյանի կառավարությունը փորձեց բարելավել հարաբերությունները Խորհրդային Ռուսաստանի հետ։ Սակայն Նոյեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանին արված առաջարկը չի ընդունվում։ Լեգրանը հայտարարում է, որ Խորհրդային Ռուսատանի կառավարությունը Հայաստանի խորհրդայնացման կուրս է վերցրել։ Նույն օրը հայ հեղկոմը Ղազախից անցնում է Իջևան և այստեղ Հայաստանի ժողովրդին ուղղված հռչակագիրը հրապարակում, որով Հայաստանը հռչակվում է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն: Իրականում, Հայաստանը խորհրդային էր հռչակվում ոչ թե «ժողովրդի կամքով ու ցանկությամբ և նրա կողմից բարձրացված իրական ապստամբությամբ», այլ Հայաստանի կոմկուսի և Հայհեղկոմի պարտադրանքով. Իջևան են մտնում հայկական հատուկ ապստամբական գունդը և 11-րդ բանակի զորամիավորումները։ Նոյեմբերի 20-ին Լեգրանը Հայաստանի Հանրապետության կառավարությունից վերջնագրի ձևով պահանջում է իշխանությունը հանձնել հայ բոլշևիկներին։ Դեկտեմբերի 1-ին հանրապետության խորհրդարանի, կառավարության և դաշնակցության բյուրոյի միացյալ նիստում խորհրդայնացման պահանջը «որոշ պայմաններով», ի վերջո, ընդունվեց: Կառավարության անդամներ Դ. Կանանյանին և Հ. Տերտերյանին հանձնարարվեց համապատասխան պայմանագիր ստորագրել Բ. Լեգրանի հետ: Ի կատարումն կառավարության հանձնարարականի՝ 1920թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվում է հայ-ռուսական համաձայնագիր, որով Հայաստանի Հանրապետությունը խորհրդայնացվում էր: Հայաստանի խորհրդայնացումից մի քանի ժամ անց՝ դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, այլևս գոյություն չունեցող Հայաստանի առաջին հանրապետության կառավարության կողմից լիազորված հայկական պատվիրակությունը (ղեկավար՝ Ա. Խատիսյան) Ալեքսանդրապոլում ստորագրում է թուրք-հայկական հաշտության պայմանագիր, որը նվաստացուցիչ էր հայկական պետության և հայ ժողովրդի համար: Տարածքային կորուստներից բացի, Հայաստանը կրելու էր նաև ներքին ինքնուրույնության զգալի սահմանափակումներ, զրկվելու էր ընդհանուր պարտադիր զինվորական ծառայություն իրականացնելուց և բանակ ունենալու իրավունքից: Այպիսով, ավարտվեց Հայաստանի առաջին հանրապետության գոյության կարճ ժամանակաշրջանը: Հայաստանի Հանրապետությունը հայտնվել էր քեմալաբոլշևիկյան սվինների արանքում և նման պայմաններում, երբ, բոլշևիկյան ուժերն անգամ ներսից էին պետության դեմ գործում, Հայաստանի Հանրապետության գոյությունը որպես անկախ պետություն բացառված էր:

Դավիթ Ֆիդանյան


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`905
Տեղադրվել է՝19:01:08 21-06-2014