Civil Consciousness - Գդանսկի գործադուլը
  • :
  • :


Գդանսկի գործադուլը

Գդանսկի նավաշինարանում ամեն ինչ պատրաստ էր գործադուլի համար: Աշխատավորները զայրույթի մեջ էին: Իշխանությունները կրկին բարձրացրել էին ապրանքների գները և որոշ մարդկանց էլ զրկել իրենց աշխատանքից: Մարդիկ ուզում էին դուրս գալ դարպասներից այն կողմ և շարժվել դեպի կոմկուսի շենք: Գործադուլի ղեկավարները սկսեցին երգել Լեհաստանի հիմնը, որպեսզի հանգստացնեն մարդկանց, քանի որ բոլորը հիշում էին 1970թ. դեպքերը, երբ նույն վայրում գործադուլի ժամանակ մարդիկ դուրս եկան դարպասներից այն կողմ և մարտի բռնվեցին ուժայինների հետ, որի արդյունքում 6 մարդ մահացավ:

Այս անգամ գործադուլավորները չէին կրկնի նախորդ անգամ կատարած սխալները: Գործադուլավորների մեջ էր 27-ամյա Լեխ Վալենսան, ով 1976 թվականին հեռացվել էր արհմիութենական ակտիվ գործունեության համար, իսկ այժմ 1980թ. վերադարձել էր, որպեսզի օգներ պայքարի դուրս եկած մարդկանց:

Այս անգամ Վալենսան և մյուս առաջնորդներն ամեն ինչ նախօրոք մտածել էին:

Գործադուլը լինելու էր խաղաղ, և եթե իշխանությունները գործադուլավորների ուղղությամբ կրակ բացելու հրաման իջեցներին, ապա դա չէր կարող որևէ արդարացում ունենալ:

Առաջնային նպատակներից էր թույլ չտալ իշխանություններին թաքցնել գործադուլի իրական պատճառները: Ձեռնարկված գործողությունների արդյունքում գործադուլի մասին տեղեկությունները հայտնվեցին Ռադիո Եվրոպայի և BBC-ի եթերներում:

Ուրբաթ առավոտյան գործադուլը նոր թափ ստացավ: Կանգ առավ տրանսպորտը: Գործադուլին 22 գործարան էր մասնակցում՝ մոտավորապես 50 հազար աշխատողներով հանդերձ: Իշխանություններն անջատեցին հեռախոսակապը մյուս քաղաքների հետ՝ վախենալով, որ ալիքը կտարածվի, սակայն արդեն ուշ էր. Գդանսկի գործադուլի մասին ամբողջ Լեհաստանն էր արդեն տեղյակ:

Այդ ընթացքում գործադուլավորների կոմիտեն պահանջների ցանկ էր կազմել, որի հիմնական պահանջն անկախ արհմիություններ ստեղծելու իրավունքն ու գործադուլ անելու իրավունքն էր: Բնականաբար, կոմունիստական կառավարությունը չէր կարող այդ հարցերում զիջումների գնալ:

Շաբաթ օրը նավաշինարանի տնօրենն իր կուսակցական ղեկավարներից հրահանգներ ստանալով՝ հայտարարում է բանակցությունների գնալու պատրաստակամության մասին: Տնօրինությունն առաջարկում էր աշխատավարձի բարձրացում և պայմանների բարելավվում. ամեն ինչ՝ բացի անկախ արհմիություններ ստեղծելու իրավունքից:

Քվեարկությունից առաջ տնօրինությանն արդեն հաջողվել էր իր սեփական մարդկանց ներդնել գործադուլավորների կոմիտեի մեջ: Քվեարկությունը կայանում է: Առաջարկներն ընդունվում են: Մարդիկ սկսում են ցրվել:

Երբ 1000 մարդ շարժվում էր դեպի դարպասներ, Աննա Վալենտինովնան հայտարարում է, որ կայացված որոշումն իրական դավաճանություն է պայքարող մարդկանց նկատմամբ, իսկ Ալինա Պինկովսկայան փորձում էր մարդկանց համոզել, որպեսզի չցրվեն: Հազարավորները լքեցին գործադուլի վայրը: Այնուամենայնիվ, մի քանի հարյուր մարդ շարունակեց պայքարը՝ չլքելով գործադուլի վայրը: Այդ գիշեր նրանք կարևոր որոշում ընդունեցին. այն է՝ ստեղծել Միջգործարանային գործադուլավոր կոմիտե, որը պետք է գործի երկրի բոլոր աշխատավորների անունից:

Կիրակի օրն առավոտյան հազարավոր մարդիկ դարպասներից այն կողմ էին հավաքվել, որպեսզի տարբեր միջոցներով իրենց աջակցությունը ցուցաբերեին գործադուլավորներին:

Միջգործարանային գործադուլավոր կոմիտեն 21 պահանջ ներկայացրեց, որոնք լուրջ աշխատավորների շրջանում իրարանցում առաջացրին:

Գործադուլավորները հանգստյան օրերին մնացին այդտեղ, այնուհետև ևս 15 հազար մարդ միացավ նրանց: Գործադուլային ալիքը տարածվում էր այլ տեղերում ևս: Մարդիկ, հետևելով Գդանսկի գործադուլավորներին, դարպասներից այն կողմ դուրս չէին գալիս, որպեսզի կարողանաին արյունահեղությունից խուսափել: Գործադուլը չէր դադարում. մարդիկ թռուցիկներ էին տարածում՝ «Սոլիդարություն» գրառմամբ:

Գործադուլի 9-րդ օրը Միջգործարանային գործադուլավոր կոմիտեն 500 հազար աշխատավորների անունից հանդես եկավ: Բանակցություններ իրականացնելու նպատակով կառավարությունը պատվիրակություն ուղարկեց Գդանսկ: Պատվիրակության կազմում էր Եժե Կալաձեիցկին:

Մարդիկ պահանջում էին, որ միջոցառումներ ձեռնարկվեին բանակցությունների ընթացքը ողջ նավաշինարարում բարձրախոսով հեռարձակելու ուղղությամբ: Բացի այդ, նրանք պահանջում էին, որպեսզի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ հրավիրվեին, ովքեր պետք է հեռարձակեին տեղի ունեցող դեպքերի մանրամասները: Բանակցություններին մասնակցում էին Վյաչեսլավ Եգիցկին, ով վարչապետի տեղակալն էր և 37-ամյա Էլեկտրիկ Լեխ Վալենսան:

Կոմիտեն բավականին զգույշ էր գործում, որպեսզի սխալներ թույլ չտրվեին, որոնց հետևանքը կարող էր հանգեցնել սովետական բանակի ներխուժմանը:

Աշխատավորների ներկայացուցիչներն առանձնապես չէին շտապում: Նրանք ամեն ինչ անում էին, որպեսզի հիմնականում քննարկվեր անկախ արհմիություններ ստեղծելու գաղափարը՝ ի տարբերություն կոմունիստական կառավարության ներկայացուցիչների, ովքեր ամեն գնով փորձում էին այլ հարցեր քննարկաման առարկա դարձնել:

Վալենսան 2 շաբաթ անընդմեջ տեղի ունեցող բանակցությունների արդյունքների մասին գրեթի միշտ հաշվետվություն էր ներկայացնում գործադուլավորներին: Իշխանությունների համար պարզ է դառնում, որ «Սոլիդարությունն» իրենից լուրջ քայլեր ձեռնարկող ուժ է դառնում:

Գործադուլը շարունակում էր: Նավաշինարանում թանկարժեք սարքավորումներ և կիսասարք նավեր կային: Ռեժիմը ստիպված էր գնալ զիջումների: Մարդիկ հասել էին աշխատավարձի բարձրացման պահանջի իրականացմանը:
Անկախ արհմիությունների ստեղծման գործադուլներ անելու իրավունքին, մամուլում որոշակիորեն «Ցենզուրայի» վերացման և այլն:

Այս հաղթանակից հետո Վալենսան և մյուս առաջնորդները ճանապարհորդում էին ամբողջ երկրով՝ երկրի տարբեր մասերում նորանոր կողմնակիցներ ձեռք բերելով և արհմիության տեղական մարմիններ ստեղծելով: Չորս ամսվա ընթացքում «Սոլիդարության» անդամների թիվը հասավ 10 միլիոնի:

Իշխանությունները սկսում են ռեպրեսիաների ալիքը: Արհմիության ակտիվիստները ձերբակալվում են և հետապնդվում: Մամուլը կրկին ենթարկվում է ամբողջական «Ցենզուրայի», իսկ աշխատավորները իրավունք են ունենում ամսվա մեջ երկու շաբաթ օր աշխատել, որը կնքված պայմանագրի խախտում էր:

«Սոլիդարության» ստեղծումից մեկ տարի անց Լեխ Վալենսան կրկին ղեկավար դարձավ: Պետք է նշել, որ «Սոլիդարության» գործունեության թափանցիկ ժողովրդավարական մոդելը որոշ դեպքերում զգալի վնաս էր հասցնում նախաձեռնությանը, քանի որ բացի այն, որ նա իր մեջ ազնիվ մղումներով ծայրահեղականների մի զանգված էր ներառում, կային նաև իշխանությունների կողմից ներդրված մի զանգված, ովքեր ամեն հնարավոր եղանակով փորձում էին սադրանքներ հրահրել. կոչեր էին հնչեցնում համազգային գործադուլի անցկացման վերաբերյալ, ինչպես նաև Վարշավայում բաց ցույցեր անցկացնելու առաջարկեր էին անում, որպեսզի հետագայում առիթ ստեղծվեր մարդկանց դեմ տանկեր դուրս բերելու և այդ կերպ ամեն ինչ ավարտվելու:

1981թ. դեկտեմբերի 11-ի գիշերն իշխանությունները խափանում են «Սոլիդարության» հավաքը: Ողջ կազմը հենց տեղում է ձերբակալվում, իսկ հաջորդ երկու օրերին «Սոլիդարության» հազարավոր ակտիվիստներ: Դեկտեմբերի 13-ին արտակարգ դրություն է հայտարարվում:

Արտակարգ դրության հայտարարումը վկայում էր միայն մի բանի մասին. ռեժիմը լիովին կորցրել էր վերահսկողությունն իրադրության նկատմամբ և չէր վայելում ժողովրդի համակրանքը:

Արհմիությունն արգելված էր, սակայն «Սոլիդարությունը» դարձավ խաղաղ անհնազանդության շարժում: Մնալով առանց ղեկավարության՝ արհմիությունը շարունակեց գործել երկրի տարբեր մասերում՝ հազարավոր տեղական մարմիններում:

Հաջորդ 7 տարիների ընթացքում թվացյալ հանգստություն էր տիրում, սակայն համակարգը ներսից քայքայվում էր: 1988թ. ամռանն ամեն ինչ փոխվեց. կառավարությունն իվիճակի չէր դիմակայել գործադուլների ալիքին: Իշխանությունն առաջարկեց օրինականացնել «Սոլիդարությունը» միայն մի պայմանով. Լեխ Վալենսան գործադուլը դադարեցնելու կոչ անի:

Երեք օր անց ամբողջ երկիրը կրկին աշխատանքի անցավ:
1989թ. փետրվարին «Սոլիդարությունը», Կոմկուսը, կառավարությունը և եկեղեցին երկրի ապագան որոշելու համար բանակցությունների շարք են սկսում: Երկու ամիս հետո համաձայնություն է կայացվում, որ պետք է ազատ մամուլ, անկախ արհմիություններ լինեն և Լեհաստանում պետք է ժողովրդավարական ընտրություններ անցկացվեն:

Նախընտրական արշավը երկու ամիս տևեց: Չնայած որ «Սոլիդարության» թեկնածուները սիրված էին, ոչ ոք չէր կասկածում կոմունիստների հաղթանակին: 1989թ. Հունիսի 4-ին 60 տարվա ընթացքում առաջին անգամ Լեհաստանում ժողովրդավարկան ընտրություններ տեղի ունեցան: Գիշերը Վալենսայի տան պատուհանների տակ հազարավոր մարդիկ տոնում էին «Սոլիդարությունը» հաղթանակը:
«Սոլիդարությունը» հաղթեց Կոմկուսին:

Դավիթ Ֆիդանյան


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`736
Տեղադրվել է՝14:54:44 24-06-2014