Civil Consciousness - Սոցիալական սուբյեկտների քաղաքական վարքագիծն ու դրա դրսևորումները
  • :
  • :


Սոցիալական սուբյեկտների քաղաքական վարքագիծն ու դրա դրսևորումները

Քաղաքական վարքագիծը սոցիալական սուբյեկտների արձագանքն է քաղաքական համակարգի գործունեությանը: Այն կարելի է բաժանել քաղաքական մասնակցության և քաղաքական աբսենտիզմի:

Նեղ իմաստով քաղաքական աբսենտիզմը ընտրություններին մասնակցելուց հրաժարվելն է, իսկ լայն իմաստով՝ քաղաքական վարքագիծ, որը բնորոշվում է ցանկացած տեսակի քաղաքական մասնակցությունից հրաժարվելով:

Քաղաքական մասնակցությունը քաղաքացիների ազդեցությունն է քաղաքական համակարգի գործառնության, քաղաքական ինստիտուտների ձևավորման, քաղաքական որոշումների ընդունման գործընթացի վրա: Ամերիկյան քաղաքագետներ Ս. Վերբան և Ն. Նին ընդգծում են, որ քաղաքական մասնակցությունն առաջին հերթին գործիքային ակտիվություն է, որի միջոցով քաղաքացիները փորձում են ազդել կառավարության վրա, այնպես, որ այն նախաձեռնի իրենց համար ցանկալի գործողություններ: Քաղաքական մասնակցության ձևերից է՝

1) իրավասությունների դելեգացման գործողություններ,

2)ընտրական կամպանիայում թեկնածուներին և կուսակցություններին աջակցմանն ուղղված ակտիվ գործողություններ,

3) մասնակցությունը հանրահավաքներին և ցույցերին,

4) մասնակցությունը կուսակցությունների և շահերի խմբերի գործողություններին:

Քաղաքական մասնակցության ձևերի առավել ընդգրկուն դասակարգումը տվել է անգլիացի գիտնական Ա. Մարշը: Նա առանձնացնում է քաղաքական մասնակցության երեք հիմնական ձև՝

1) օրթոդոքսալ,

2) ոչ օրթոդոքսալ,

3) քաղաքական հանցագործություններ:

Օրթոդոքսալի շարքին են դասվում քաղաքական համակարգի կայուն գործառնությունը, ինչպես նաև օրինական ձևով նրան ներկայացվող պահանջները:

Օրենքով չարտոնագրված կամ քաղաքական համակարգի դեմ ուղղված գործողությունները նա դասում է ոչ օրթոդոքսալի շարքին:

Քաղաքական հանցագործություն է համարում ոչ լեգիտիմ բռնություն կիրառող գործողությունները:

Համանման դիրքորոշում ունի նաև Ու. Միլբրայթը, ով տարբերում է կոնվենցիոնալ մասնակցություն (լեգալ և օրենքով կանոնակարգվող, որոնց շարքին են դասվում քվեարկությունը, ընտրական կամպանիաները, կուսակցություններին մասնակցելը) և ոչ կոնվենցիոնալ (մասնակցություն ցույցերին, խռովություններին):

Ըստ ակտիվության՝ քաղաքական մասնակցությունը լինում է ակտիվ և պասիվ, ըստ մասնակցության ձևի՝ ընդունելի և ոչ ընդունելի:

Քաղաքական մասնակցությունը հաճախ բաժանում են ինքնավարի և մոբիլիզացիոնի: Ինքնավարը անձնական և խմբային շահեր հետապնդող անհատների ազատ և կամավոր գործունեությունն է, որը հարկադրական բնույթ է կրում: Որպես կանոն, մոբիլիզացիոն համակցությունը ուղղված է քաղաքական աջակցմանը, նպատակը իշխող էլիտային նվիրվածության, համաժողովրդական միասնականության և իրականացվող քաղաքական աջակցության ցուցաբերումն է: Սա կարելի է համարել կեղծ մասնակցություն, քանզի այն շահերի իրականացման միջոց չէ:

Մասնակցության ամենատարածված ձևերից է ընտրազանգվածային վարքագիծը: Դրա ուղղվածության վրա առաջին հերթին ազդում է որոշակի կուսակցության կամ սոցիալական խմբի հետ կոնկրետ անհատի նույնականացումը:

Քաղաքական վարքագծի և մասնակցության ձևերի մեջ իրենց ուրույն տեղն ունեն բողոքի ձևերը: Քաղաքական բողոքը քաղաքական համակարգի, նրա առանձին տարրերի, նորմերի, արժեքների և ընդունվող որոշումների նկատմամբ բացասական վերաբերմունքի բացահայտ ցուցադրումն է: Մասնակցության այդ ձևին են պատկանում ցույցերը, հանրահավաքները, երթերը, գործադուլները, զանգվածային և խմբային բռնի ակցիաները: Բողոքող վարքագծի պատճառները և մեխանիզմները բացատրող ամենատարածված հայեցակարգը դեպրիվացիայի հայեցակարգն է: Դեպրիվացիան սուբյեկտի անբավարարվածության վիճակն է: Այն իրական և ակնկալվող վիճակների անհամապատասխանության արդյունք է:

Բողոքի ձևերը առավել սուր են արտահայտվում տնտեսական աճին հաջորդող անկման ժամանակաշրջանում, երբ մարդիկ սկսում են համեմատել իրենց ներկան նախկին վիճակի հետ:

Հ.Գ. Խոսելով հայ հասարակության մասին՝ կարելի է ասել, որ վերջին շրջանում քաղաքական վարքագծի արմատական փոփոխություն է դիտվում: Եթե նախկինում հասարակության մեծ մասի քաղաքական մասնակցությունը կարելի էր նկարագրել ծայրահեղ աբսենտիզմով, ապա այսօր այն կարելի է բնորոշել քաղաքական մասնակցության բարձր աստիճանով: Ասվածը վերաբերում է հատկապես երիտասարդ շրջաններին, ում մոտ նկատվում է սեփական իրավունքների նկատմամբ հետաքրքրության աճ և դրանց պաշտպանության հետ անմիջապես առնչվող քաղաքական և քաղաքացիական գործընթացներին ակտիվ մասնակցություն:


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`832
Տեղադրվել է՝12:35:43 27-06-2014