Civil Consciousness - Լեգիտիմ քաղաքական իշխանության բնորոշումը
  • :
  • :


Լեգիտիմ քաղաքական իշխանության բնորոշումը

Այսօր առավել հաճախ, քան երբևէ կասկածի տակ է դրվում այս կամ իշխանության լեգիտիմության հարցը, ուստի նախ և առաջ անհրաժեշտ է պարզել, թե ինչ ասել է լեգիտիմ քաղաքական իշխանություն և տալ հստակ սահմանազատում լեգիտիմության և լեգալության միջև:

Լեգիտիմությունն այն իշխանության բնութագիրն է, որն ընդունում են զանգվածները և հենվում իշխանության կարգադրություններին նրանց կամովին ենթարկվելու սկզբունքի վրա: Ի տարբերություն լեգալության, որը միայն պետական փաստաթղթերում իշխանության իրավաբանական ամրագրումն է և բնորոշ է ներկայիս գրեթե ցանկացած քաղաքական իշխանության՝ խոսքն իշխանության հասարակական ճանաչման, վստահության և աջակցության մասին է:

«Լեգիտիմություն» տերմինը ծագել է XIX դ. առաջին կեսին և արտահայտում էր միապետի, որպես գերագույն իշխանության միանձնյա կրողի, իշխանության վերահաստատման անհրաժեշտությունը: Սակայն լեգիտիմության հիմնավորման պահանջը ծագել է ավելի վաղ: Միջին դարերում դա եկեղեցու գերիշխանության ընդունումն էր: Թովմա Աքվինացին և Հովհան Սոլսբերցին փորձում էին հիմնավորել, որ միակ օրինական իշխանությունը եկեղեցու իշխանությունն է:

Մեր օրերում լեգիտիմությունը քաղաքակիրթ իշխանության պարտադիր հատկանիշն է: Այս կամ այն իշխանության և, իհարկե, կառավարող խմբի լեգիտիմության կամ ոչ լեգիտիմության հարցը հնարավոր չէ լուծել միանշանակ ձևով: Խնդիրները լեգիտիմության չափանիշների, հիմքերի և սկզբունքների մշակումն է: Ըստ էության լեգիտիմության հիմքերը սոցիալական հնչեղություն ունեցող պատճառներն ու համգամանքներն են, որոնք հիմնավորում են մարդկանց տվյալ խմբի իշխելու իրավունքը:

Պետության զարգացման տարբեր փուլերին բնորոշ քաղաքական հարաբերությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ գոյություն ունեն լեգիտիմության տարբեր չափանիշներ: Մ. Վեբերի առաջարկած լեգիտիմության դասական սահմանումը առ այսօր չի կորցրել իր ճանաչողական նշանակությունը: Լեգիտիմության տարաբնույթ հիմքերը նա հանգեցնում է երեք տարբերակի' ավանդույթների, խարիզմայի և լեգալության:

Ավանդական տիրապետությունն արդարացվում է սովորույթներով, որի նորմերը տիրապետության և ենթակայության հիմքերն են: Դրանք պարտադիր են ինչպես իշխող խմբի անդամների, այնպես էլ բնակչության բոլոր խավերի համար: Ավանդույթների խախտման դեպքում իշխանությունը կորցնում է իր լեգիտիմությունը:

Խարիզմատիկ տիրապետությունը հենվում է իշխողի անձնական հեղինակության վրա, որին վերագրվում է բացառիկ, վերուստ տրված հատկություններ: Բնակչության մեծ մասը այդպիսի իշխողին ընդունում է որպես առաջնորդ, նրա և զանգվածների միջև հաստատվում է ինտենսիվ հուզական կապ: Իր քաղաքական գործունեության ժամանակ նա կարող է անտեսել սովորույթները և իրավական նորմերը և առաջնորդվել ոգեշնչմամբ, նա ձգտում է խարխլել առկա սոցիալ-քաղաքական կարգերի հիմքերը և աչքի է ընկնում քաղաքական արմատականությամբ: Մ. Վեբերը խարիզման դիտում է որպես ավանդական հասարակությունում գոյություն ունեցող «մեծ հեղափոխական ուժ», որն ի վիճակի է փոխել այդ հասարակության շարժունակությունից զրկված համակարգերը:

Սոցիալական համակարգի կայունացման հետ մեկտեղ խարիզմատիկ լեգիտիմությունը վեր է ածվում ավանդական կամ լեգալ լեգիտիմության: Ակնհայտ է, որ լեգիտիմության ավանդական և խարիզմատիկ ձևերը բնորոշ են թույլ զարգացած երկրներին: Եթե այդպիսի երկրներն ունեն բարձր տնտեսական ցուցանիշներ, ապա դա ոչ թե օրինաչափ գործընթացների, այլ որոշակի հանգամանքների արդյունք է: Ըստ կառավարման ձևի դրանք միապետություններ են կամ ոչ ժողովրդական վարչակարգեր:

Լեգիտիմության լեգալ ձևը հենվում է կառավարման և ենթարկման հարաբերությունները կարգավորող իրավական նորմերի վրա: Լեգալ լեգիտիմությունը ծագում և զարգանում է շուկայական հարաբերությունների ձևավորմանը զուգընթաց և մարմնավորվում է իրավական պետությունում: Լեգիտիմության նշված ձևերը քաղաքական կյանքում, որպես կանոն, միահյուսվում են և փոխադարձաբար լարցնում: Այս կամ այն ձևի գերակայությունը պայմանավորված է քաղաքական վարչակարգով:

Ի տաբերություն Մ.Վեբերի սոցիոլոգիական մոտեցման, ամերիկյան քաղաքագետների (Դ. Իստոն) առաջարկած իշխանության հայեցակարգային վերլուծության տարբերակը հնարավորություն է ընձեռում ստեղծել պրակտիկ պահանջներին առավել համապատասխանող և գործառնական լեգիտիմության համակարգ: Քաղաքական իշխանության լեգիտիմացման հիմնական պայմանը նվազագույն արժեքային կոնսենսուսի վրա հիմնված որոշակի սոցիալ-հոգեբանական հարաբերությունների առկայությունն է, որն ապահովում է իշխանության ընդունումը և աջակցությունը: Ընդ որում աջակցությունը հնարավոր է տարբերակել ինչպես ըստ օբյեկտի և բովանդակության (դիֆուզիոն լեգիտիմություն), այնպես էլ ըստ ժամանակի և գործողության (առանձնահատուկ լեգիտիմություն):

Դիֆուզիոն լեգիտիմությունը երկարաժամկետ, հիմնականում հուզական աջակցությունն է քաղաքական իշխանության գաղափարներին և սկզբունքներին՝ անկախ կոնկրետ արդյունքներից: Առանձնահատուկ լեգիտիմությունը իրավիճակային է, կարճատև, կողմնորոշումը կոնկրետ արդյունքն է, հիմնվում է գիտակցված աջակցության վրա:

XX դ. 80-ական թթ. մշակվեցին լեգիտիմության խառը ձևերի՝ դիֆուզիոն-առանձնահատուկ և առանձնահատուկ դիֆուզիոն հայեցակարգերը, որոնք հնարավորություն են ընձեռում ավելի ճշգրիտ «չափել» իշխանության, նրա առանձին ինստիտուտների լեգիտիմությունը:

Ֆրանսիացի քաղաքագետները տարբերում են լեգիտիմության գաղափարախոսական և գոյաբանական ձևերը: Գաղափարախոսականը հենվում է իրականության և դրա պրակտիկ վերափոխման մասին որոշակի պատկերացումների վրա: Գոյաբանականի հիմքում ընկած են մարդկային և սոցիալական կեցության համընդհանուր սկզբունքների և քաղաքական իշխանության համապատասխանության փաստը:


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`948
Տեղադրվել է՝14:12:59 27-06-2014