Civil Consciousness - Քաղաքացիական հասարակության բնորոշ գծերն ու դրա առկայության նախապայմանները
  • :
  • :


Քաղաքացիական հասարակության բնորոշ գծերն ու դրա առկայության նախապայմանները

Քաղաքացիական հասարակությունն այն բաց, պլյուրալիստական հասարակությունն է, որը հարաբերականորեն անկախ է պետությունից, բաղկացած է ազատ և պատասխանատվություն կրող անհատներից, որոնց ինքնուրույն գործունեությունն ուղղված է համընդհանուր քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և այլ խնդիրների լուծմանը: Այն կարելի է համարել հասարակության զարգացման աստիճան՝ իրեն բնորոշ որոշակի ինստիտուտների և հարաբերությունների առկայությամբ:

Քաղաքացիական հասարակությունը ենթադրում է որոշակի քաղաքական համակարգի առկայություն և չի կարող գոյություն ունենալ ցանկացած վարչակարգի պայմաններում:

Քաղաքացիական հասարակությունը ազատ քաղաքացիների և կամավորության սկզբունքով ձևավորված միությունների և կազմակերպությունների ինքնադրսևորման ոլորտն է: Այսպիսի հասարակություններում պետական իշխանության միջամտությունը քաղաքացիների, կազմակերպությունների ու միությունների գործունեությանը սահմանափակված է և կարգավորվում է համապատասխան օրենքներով:

Քաղքացիական հասարակությունն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ (ընդ որում, ներառում է հասարակության ոչ քաղաքական՝ տնտեսական, սոցիալական, բարոյական, կրոնական, բնապահպանական, ազգային և այլ ոլորտների ամբողջությունը), ինստիտուցիոնալ ձևեր, մասնակիցներ, կազմված է քաղաքացիական և սոցիալական կազմակերպություններից և հաստատություններից, որոնք ձևավորում են հասարակությունը՝ ի հակադրություն պետության ուժային իշխանության և պարտադրող կառուցակարգերի:

Քաղաքացիական հասարակության կազմում ընդգրկվում են տարատեսակ հասարակական կազմակերպություններ, միություններ, համայնքային խմբեր, մասնագիտական, արհեստակցական միություններ, սոցիալական շարուժմներ, պաշտպանական խմբեր: Որոշ տեսաբաններ քաղաքացիական հասարակության մաս են համարում միայն ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով արտահայտված քաղաքական գործունեության ոլորտը, մյուսները՝ կամավոր մասնակցության ցանկացած արտահայտություն՝ հասարակական կամ մասնավոր, քաղաքական կամ ոչ քաղաքական ոլորտում:

Այսպիսով՝ քաղաքացիական հասարակությունը կարելի է սահմանել նաև որպես յուրահատուկ տնտեսական, մասնագիտական, ազգային, մշակութային և այլ շահերով առաջնորդվող անհատներից կազմված սոցիալական միավորումների՝ խմբերի, կոլեկտիվների, կազմակերպությունների ամբողջություն, որը դուրս է պետության գործունեության շրջանակներից և կարող է վերահսկել պետական ապարատի գործունեությունը: Այսպիսի հասարակության անդամների միջև առկա են զարգացած տնտեսական, մշակութային, իրավական և քաղաքական հարաբերություններ:

Քաղաքացիական հասարակության մասին հայեցակարգը զարգացել է 17-19-րդ դդ՝ լուսավորականության, գերմանական դասական փիլիսոփայության շրջանակներում: Անտիկ դարաշրջանում հասկացությունն օգտագործվել է որպես «լավ հասարակության» հոմանիշ, ինչի վերաբերյալ իրենց դիրքորոշումն են արտահայտել Սոկրատեսը, Պլատոնը, Արիստոտելը, Ցիցերոնը և այլք: Այս շրջանի մտածողները «քաղաքացիական հասարակություն» և «քաղաքական հասարակություն» հասկացություններն օգտագործում էին որպես հոմանիշներ, կարևորում դրանց դերը կարգուկանոն, խաղաղություն սահմանելու գործում:

Հետագայում այս գաղափարները զարգացրել են Ռուսոն, Լոկը, Մոնտեսքիոն՝ կարևորելով քաղաքացիական հասարակության և պետության հարաբերական անկախության խնդիրը: Իսկ ըստ Հեգելի՝ քաղաքացիական հասարակությունը հասարակության զարգացման որոշակի աստիճան է, երբ առկա են անհատի ազատությունը, տեղեկատվության մատչելիությունը, մասնավոր սեփականությունը, բազմակարծությունը, օրենքների խստագույն կիրառումը: Հեգելը կարևորում էր նաև պետության և քաղաքացիական հասարակության հարաբերությունները՝ առաջնահերթությունը տալով պետությանը:

Քաղաքացիական հասարակության մաս են ոչ թե պարզապես մասնակից անձինք, այլ այն հաստատությունները, որոնցում առկա է նրանց մասնակցությունը:

Քաղաքացիական հասարակությունը, այսպիսով, կարելի է ներկայացնել հետևյալ կերպ.

  • ՔՀ-ն հասարակության ոչ պետական հատվածն է, որում առկա են մարդկանց միջև զարգացած տնտեսական, քաղաքական, իրավական և մշակութային հարաբերություններ: Այն անկախ է պետությունից, բայց սերտորեն համագործակցում է նրա հետ, ստեղծում իրավական հարաբերություններ:
  • ՔՀ-ի կարևոր բնութագրիչներից են հասարակության ինքնակազմակերպման և ինքնակարգավորման բարձր մակարդակը, անձի պատասխանատվության գիտակցումը, հասարակության ինքնաֆինանսավորման հնարավորությունները:
  • ՔՀ-ի առաջացման անհրաժեշտ հանգամանքներից է յուրաքանչյուր քաղաքացու տնտեսական ինքնուրույնության հնարավորությունը՝ մասնավոր սեփականության հիմքով:ՔՀ-ն քաղաքակիրթ շուկայական հարաբերությունների առկայությամբ հասարակությունն է:
  • ՔՀ-ում ապրող անհատն ազատ է, նա այդ հասարակության կարևորագույն արժեքն ու նպատակն է, իսկ առկա սոցիալական, տնտեսական, քաղաքական հարաբերություններն ապահովում են նրա նյութական և հոգևոր պահանջմունքների բավարարումը: Պետության հիմնական խնդիրը մարդու իրավունքների պաշտպանությունն ու երաշխավորումն է:
  • ՔՀ գոյության կարևոր պայմաններից է խոսքի ազատության և ոչ պետական, ազատ ԶԼՄ-ների առկայությունը:

Վերը նշված բնութագրիչների հիման վրա կարելի է պայմանականորեն առանձնացնել քաղաքացիական հասարակության հետևյալ տարրերը.

  • ազատ, ակտիվ, երաշխավորված իրավունքներով անհատների առկայությունը, ովքեր գիտակցում են սեփական պատասխանատվության կարևորությունը,
  • տնտեսության ոլորտում ստեղծվող, տնտեսական հարաբերությունների կարգավորմանն ուղղված զանազան տնտեսական միությունները,
  • սոցիալական ոլորտի զարգացմանն ուղղված սոցիալական տարբեր միավորումները,
  • հոգևոր ոլորտում առկա միավորումները՝ գիտական, մշակութային, կրոնական և այլն, տեղական ինքնակառավարման համակարգը,
  • ազատ ԶԼՄ-ների առկայությունը:
Խոսելով քաղաքացիական հասարակության առկայության կարևորության մասին՝ պետք է նախ և առաջ նշել, որ այն հնարավորություն է տալիս զսպել և սահմանափակել քաղաքական իշխանության բացարձակ տիրապետությունը, նպաստում է մարդկանց նյութական, հոգևոր պահանջմունքների բավարարմանը, կայունացնում հասարակական հարաբերություններն ու գործընթացները: Այս ամենի առկայությամբ էլ պայմանավորված են քաղաքացիական հասարակության կարևորությունը, նրա գոյության անհրաժեշտությունը ժողովրդավարական պետություն հաստատելու գործում, քանի որ ժողովրդավարության կարևոր տարրերից մեկի՝ պետության կառավարման գործընթացում քաղաքացիների ակտիվ մասնակցության ապահովումը կարող է իրականանալ միայն քաղաքացիական հասարակության առկայության դեպքում:

Ճշմարիտ է նաև հակառակը. ակտիվ մասնակցությունը, մարդկանց միավորումը, դրանց համար անհրաժեշտ կառուցակարգերի և համակարգերի ստեղծումը, այսինքն՝ քաղաքացիական հասարակության ձևավորումը նշանակում է ժողովրդավարական պետության ստեղծում և զարգացում: Այդ իսկ պատճառով քաղաքացիական հասարակության գոյությունը բացառվում է ոչ ժողովրդավարական վարչակարգերի պայմանններում:

Ավտորիտարիզմի բնորոշ գծերից է ժողովրդի օտարումն իշխանությունից, քաղաքական բազմակարծության մերժումը. թույլատրվում է զբաղվել ամեն ինչով, բացի քաղաքականությունից: Չնայած հասարակական կյանքի այլ ոլորտներում բազմազանության առկայությանը, այնուամենայնիվ, լիարժեք քաղաքացիական հասարակության գոյությունը դառնում է անհնարին՝ քաղաքական ոլորտում պետության միջամտության և քաղաքացիների լիարժեք ազատության բացակայության պայմանններում: Ծայրահեղ դեպքում, այս վարչակարգը կարող է դիտարկվել որպես քաղաքացիական հասaրակության գոյության համար անհրաժեշտ ինստիտուտների ստեղծման և կայացման, զանազան հասարակական միավորումների հիմնադրման և զարգացման փուլ:

Ամբողջատիրության պայմաններում հասարակական կյանքն ամբողջապես վերահսկում է պետական իշխանությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները ապահովված չեն, տնտեսությունը կառավարվում է վարչահրամայական մեթոդներով, բնականաբար, հասարակական կյանքում մասնակցությունը կարող է լինել միայն որպես պետական իշխանության կողմից առաջարկվող կամ վերահսկվող գործունեություն: Անհատների կողմից տարատեսակ միավորումների ինքնուրույն կազմավորումը, հասարակության՝ սեփական նախաձեռնությամբ խնդիրների լուծումը դառնում են անհնարին: Հետևաբար՝ ամբողջատիրության պայմաններում քաղաքացիական հասարակություն գոյություն ունենալ չի կարող: Ամբողատիրության պայմաններում պետությունը և հասարակությունը նույնանում են:

Բնական է, որ քաղաքական ակտիվ մասնակցությունն ինքնին չի կարող հանգեցնել ժողովրդավարությանը, սակայն մարդկանց ինչ-որ գաղափարների, հանրային խնդիրներ լուծելու շուրջ համախմբելու հնարավորությունը, անձի ազատությունն ու ինքնուրույնությունը պաշտպանելու երաշխիքների հետ համատեղ, ինչպես նաև տնտեսական ազատությունների և մասնավոր սեփականության ապահովումը, այն է՝ քաղաքացիական հասարակության առկայությունը, իսկապես կարող են զարգացնել ժողովրդավարությունը և հասարակության մեջ ստեղծել վստահության և հանդուրժողականության մթնոլորտ:

Քաղաքացիական հասարակության կարևորության օրինակ կարող է ծառայել մարդու իրավունքների պաշտպանության համար ստեղծված զանազան միաջզգային և տեղական հասարակական կազմակերպությունների աշխատանքը, որոնք, լինելով պետությունից անկախ միավորումներ, լուծում են բավական հիմնախնդիրներ և ապահովում են մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի ստեղծում պետական մակարդակում:

Լիլիթ Իվանյան


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1026
Տեղադրվել է՝16:23:42 04-07-2014