Civil Consciousness - Քաղաքականության սոցիալական սուբյեկտներ. շահերի խմբեր
  • :
  • :


Քաղաքականության սոցիալական սուբյեկտներ. շահերի խմբեր


Շահերի խումբը իշխանության սոցիալական սուբյեկտներից է: Այն մեկնաբանվում է որպես շահերի ընդհանրության վրա հիմնված անձանց միավորում, որը ձգտում է ազդել քաղաքական իշխանության (առանձին ինստիտուտների) վրա խմբի համար առավել նպաստավոր և շահավետ որոշումներ ընդունելու նպատակով: «Խումբ» հասկացությունը օգտագործվել է դեռևս Անտիկ աշխարհում: Խմբերի առաջին դասակարգումներից մեկը տվել է Արիստոտելը: Նա տարբերում էր բարեկամների, ընկերների և շահերի խմբեր: Շահերի խմբերի ժամանակակից տեսությունը մշակել են Ա. Բենտլին, Դ. Տրումենը, Դ.Դյունը և այլք:

Նշված տեսությունը պլյուրալիստական հասարակությունը ներկայացնում է որպես իրենց ուրույն շահերը հետապնդող խմբերի ամբողջություն: Քանի որ ընդհանուր շահը պայմանական է՝ խմբերի շահերի փոխգործունեության արդյունք, ապա շահերի խմբերը դառնում են հասարակական կյանքի հիմքը: Խմբերը կարող են մրցակցել, բախվել և համագործակցել:

Շահերի խմբերը դասակարգում են ըստ գործունեության բնագավառի (տնտեսական, սոցիալական, գիտական, մշակութային, կրոնական և այլն) և ըստ ներխմբային կապերի բնույթի (ասոցիատիվ և ոչ ասոցիատիվ): Ամերիկացի քաղաքագետներ Գ. Ալմոնդը և Գ. Պաուելը տարբերում են ինստիտուտացված և անկանոն, իսկ ֆրանսիացի քաղաքագետ Ժ. Բլոնդելը՝ ավանդական, ինստիտուցիոնալ պաշտպանության և աջակցության շահերի խմբեր:

Շահերի խմբերի գործառույթներն են. շահերի արտաբերում, շահերի ագրեգացում (աստիճանակարգում և համաձայնեցում), իրազեկման, քաղաքական էլիտայի ձևավորման և այլն:

Շահերի արտաբերման միջոցով ձևակերպվում են որոշում ընդունող կառույցներին ներկայացվող պահանջները: Ժողովրդավարական համակարգերում նշված գործառույթն իրականացնում են շահերի խմբերը, քաղաքական կուսակցությունները և այլն, իսկ ավտորիտար համակարգերում՝ կորպորատիվ ինստիտուտները: Շահերի արտաբերումը նպաստում է քաղաքական համակարգի և շրջակա միջավայրի (սոցիալական, տնտեսական և այլ կառույցների) կապերի ամրապնդմանը:

Շահերի ագրեգացման (լատ. aggregatus միավորել) միջոցով ի մի են բերվում, համաձայնեցվում և ըստ կարևորության աստիճանակարգվում տարաբնույթ շահերը: Նշված գործառույթը ժողովրդավարական համակարգերում իրականացնում են խորհրդարանը, շահերի խմբերը և այլն: Շահերի ագրեգացման արդյունքում կարող են ձևակերպվել ինչպես ընդհանուր համաձայնություններ, այնպես էլ բևեռացված դիրքորոշումներ:

Շահերի խմբերի նպատակամղված ազդեցությունը իշխանության մարմինների վրա՝ իրենց յուրահատուկ շահերի իրականացման նպատակով ստացել է լոբիզմ անվանումը: Լոբիզմը (անգլ. lobby հետնաբեմ, կողասրահ) շահերի խմբերի նպատակաուղղված գործունեությունն է քաղաքական իշխանության (առանձին ինստիտուտների) վրա՝ սեփական շահերի բավարարման համար:XIX դ. 40-ական թթ. «lobby members» էին անվանում խորհրդարանի միջանցքներն այցելող անձանց, իսկ 60-ական թթ. նշվում է, որ «lobby member» գործում է օրենսդրական գործընթացի կամ օրենսդիրների գործունեության վրա ազդելու նպատակով: Արդի իմաստով առաջին անգամ «լոբիզմ» տերմինն օգտագործվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի արձանագրություններում 1908-ին:

Լոբիզմի առկայությունը պայմանավորված է շահերի խմբերի գործունեությամբ և իշխանության մարմինների վրա ազդելու նրանց հնարավորությամբ: Լոբիզմի տարածվածության  աստիճանը պայմանավորված է պլյուրալիզմի զարգացման և քաղաքական մասնակցության ինստիտուտացման մակարդակով, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների բնույթով:

Լոբիզմը կիրառում է ներգործության տարբեր միջոցներ. ելույթներ պառլամենտական հանձնաժողովներում և կոմիտեներում, ընտրարշավի ֆինանսավորում, պաշտոնատար անձանց «գնում», գիտական հետազոտությունների նախապատրաստում և իրականացում, անձնական հանդիպումներ, բանակցություններ և այլն:


Նյութը պատրաստեց՝ Էմմա Թորոսյան


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`817
Տեղադրվել է՝15:12:31 11-07-2014