Civil Consciousness - ԱՐԵՎՄՏՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԻԱՍԿՈՆ
  • :
  • :


ԱՐԵՎՄՏՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԻԱՍԿՈՆ

Ամիսներ շարունակ Ուկրաինայում ընթանում էին մարտեր՝ ընդդեմ ռուսական հատուկ ծառայությունների կողմից կազմավորված խմբավորումների: Արդյունքում Ուկրաինան, կրելով թե՛ մարդկային, թե՛ նյութական կորուստներ, դեռևս կարողանում է պաշպանվել ռուսական ագրեսիայից: Ռուսաստանի նախագահի և ռուսական իշխանությունների վայրկենական հաղթանակի հասնելու և երկիրն արագ օկուպացնելու պլանները կարծես թե չիրականացան: Սոցցանցերում հայտվեցին կադրեր, որտեղ երևում է, որ ռուսական զորքերը լայնամասշտաբ հարձակման են անցել: Համացանցում հայտված նկարներից երևում է ռուսական տեխնիկայի լայնամասշտաբ տեղաշարժը դեպի Ուկրաինայի սահման: Ինչպես մնացած երկրներում՝ Ուկրաինայում ևս Ռուսաստանը ցանկանում էր վերջնականապես շրջափակել երկիրը և այն դարձնել իր գաղութը՝ միայն թե այլ սցենարով: Ռուսական ագրեսիան աչքի է ընկնում իր առանձնակի դաժանությամբ. որպես ասվածի ապացույց կարելի է նշել ընդամենը 2 օր առաջ տեղի ունեցած ողբերգությունը, երբ ռուսական զինտեխնիկայով զինված ահաբեկչական խմբավորումների կողմից կործանվեց մալազիական մարդատար ինքնաթիռը: Կործանված ինքնաթիռի վերաբերյալ համացանցում արդեն իսկ հայտնվել են բազմաթիվ իրարամերժ տեղեկություններ, սակայն այստեղ ռուսական ձեռագիրը առավել քան ակնհայտ է:

Դեպքերի նմանատիպ զարգացման ֆոնի վրա, մեղմ ասած, անհասկանալի է միջազգային հանրության, գերտերությունների արձագանքը: Արևմտյան պետությունները, կարծես թե, միայն ձևականորեն ինչ-որ սանկցիաներ են կիրառում, որոնք ռուսական իշխանություններին այդքան էլ չեն հետաքրքրում: Այդ սանկցիաներով արգելում են այս կամ այն քաղաքական գործչի մուտքը եվրոպական տարբեր երկրներ և այլն, իսկ այդ ժամանակ զոհվում են Ուկրաինայի քաղաքացիները:

Պատճառներն առաջին հայացքից ոչ այնքան նկատելի են, սակայն, եթե մի փոքր խորանանք, կտեսնենք, որ գերտերությունների համար նմանատիպ իրավիճակները ընդամենը փոքրիկ մարտավարական նշանակություն ունեն: Այս «խաղում» փոքր պետությունների ճակատագիրն արդեն իսկ որոշված է: Աշխարհաքաղաքական քարտեզի մեջ «այս երկրի այսքան մասը քոնն է, այսքանը մերն է, դու չես խառնվում մեր քաղաքական պլաներին, իսկ մենք՝ քոնին: Ուղղակի ձևական հայտարարություններ ենք անում, սանկցիաներ կիրառում՝ շղարշն ապահովելու համար»: Ահա այս տրամաբանությամբ է ընթանում ողջ գործընթացը:

Այս ֆոնին առավել անհասկանալի է ԱՄՆ դիրքորոշումը և լռությունը: Իրեն, որպես ժողովրդավարության ջատագով և ամբողջ աշխարհում ժողովրդավարության պաշտպան հայտարարած երկիրը լուռ հետևում է, թե ինչպես է իմպերալիստական նկրտումներ ունեցող Կրեմլը ոտնահարում ժողովրդավարական արժեքներն ամբողջ Կովկասում:

Ընդհանուր առմամբ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը, մեղմ ասած, ադեկվատ չէ ստեղծված իրավիճակին: ԱՄՆ-ի և Եվրամիության ներկայիս արտաքին քաղաքականությունը ընդհանուր աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում ուղղակիորեն պարտվողական է: Մեր տարածաշրջանում ևս արևմտյան քաղաքականությունը ուղղակիորեն տապալվել է: Որպես ասվածի վառ ապացույց ուղղակի կարելի է վերցնել և համեմատել վերոնշյալ երկրների Հայաստանում հավատարմագրված դեսպանատների գործունեությունը ռուսական դիվանագիտական գործունեության հետ: Արևմտյան երկրների դեսպանատների կողմից ֆինանսավորվող ծրագրերը, մեղմ ասած, զավեշտալի են: Վերոգրյալ ծրագրերից բացակայում է քաղաքական բաղադրիչը: Մասնավորապես, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Հայաստանում իր ողջ գործունեության ընթացքում աչքի ընկավ տարատեսակ կոռումպացված պաշտոնյաների հետ պարեր պարելով և ռուսական ազդեցության տակ գտնվող տարրերին «ժողովրդավարական արժեքների ջատագով ներկայացնելով»: Նմանատիպ գործունեությամբ այս մարդիկ ուղղակիորեն խեղաթյուրում են ժողովրդավարական արժեքների մասին համընդանուր պատկերացումները

Վերդառնանք Ուկրաինային.

Ուկրաինայում տիրող ներկայիս իրավիճակը կարելի է համեմատել 1950-ական թվականների Հունգարիայի հետ: 1956թ., երբ սկսվեց հունգարական ազատագարական պայքարը, քաղաքացիները հասարակ զենքերով պայքարում էին սովետական տանկերի և զրահատեխնիկայի դեմ: Հունգարացիները պայքարում էին հանուն ժողովրդավարական արժեքների հաստատման և վստահ էին, որ ամերիկյան ուժերը օգնության ձեռք կմեկնեն իրենց: Իսկ երբ Սովետական զորքերը Հունգարիայում սկսեցին լայնամասշտաբ օպերացիան, մասնավորապես մայրաքաղաք Բուդապշտի վրա, և սկսվեց քաղաքի ռմբակոծությունը տանկերով, քաղաքացիները կրկին շարունակում էին պայքարել, այն հույսով, որ ամերիկացիները կհասնեն օգնության, սակայն կրկին այդ օգնությունը չեկավ, ինչի արդյունքում Հունգարական ազգային ազատագրական պայքարը խեղդվեց արյան մեջ:

Գերտերությունների ձեռքում իրենց «գծած» աշխարհաքաղաքական քարտեզներում փոքր և միջին պետությունները եղել են և կլինեն սակարկման, զիճումների գնալու առարկա, իսկ այդ պետությունների տեղեկատվական դաշտը, մամուլը, լինի համացանցային լրատվությունը, ռադիոն, թե հեռուստատեսությունը, ուղղակի ապահովել և ապահովում են շղարշը, ձևականությունը:

Ժողովրդավարության պահպանումը կամ ժողովրդավարության հաստատումը գերտերությունների համար դարձել է իրենց իրական նպատակները քողարկելու միջոց:

Այն երկրները, որոնք ցանկանում են պաշտպանել իրենց ակնախությունը և ինքիշխանությունը, որոնք ցանկանում են ապրել ժողովրդավարական արժեքներ ունեցող երկրում, պարտավոր են հույսը դնել միայն ու միայն իրենց քաղաքացիների և իշխանությունների վրա: Միայն բաց հասարակություն, սեփական երկրի շահերով առաջնորդվող իշխանություններ և քաղաքացիական գիտակցությամբ օժտված քաղաքացիներ ունեցող երկրներն են ի զորու և արժանի ունենալ ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող և ինքնիշխան պետություն:

Իշխան Խոսրովյան


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`953
Տեղադրվել է՝18:02:25 19-07-2014