Civil Consciousness - 20-ՐԴ ԴԱՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԶԱՐԹՈՆՔԸ
  • :
  • :


20-ՐԴ ԴԱՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԶԱՐԹՈՆՔԸ

1960-ականները համաշխարհային պատմության մեջ բեկումնային եղան. աշխարհի ամենատարբեր կետերում տեղի ունեցան քաղաքացիական շարժումներ, իսկ երբեմն էլ' հեղափոխություններ: Մի շարք երկրների այսօրվա քաղաքական և հասարակական վիճակը կարելի է համարել այդ շրջանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունք:

Կարևորելով 1960-ականների դերը համաշխարհային պատմության մեջ՝ պարբերաբար ներկայացվող հոդվածների տեսքով անդրադառնալու ենք այդ իրադարձություններին և խոսելու դրանց կարևորության մասին:

Շատ է խոսվում 1960-ականներին տեղի ունեցած տարբեր տեսակի շարժումների և պատմության մեջ նրանց ունեցած դերի մասին: Մինչ այժմ մարդկանց հետաքրքրում է մի հարց. ինչպե՞ս էին նույն ժամանակահատվածում երկրագնդի տարբեր կետերում ուսանողներ, աշխատավորներ, սովորական մարդիկ դուրս գալիս փողոց՝ սեփական իրավունքը իրացնելու համար: Հասկանալու համար այս ամենի պատճառները, նախ և առաջ, փորձենք հասկանալ՝ ինչ իրավիճակում էր այդ ժամանակ գտնվում աշխարհը, ինչպիսի աշխարհաքաղաքական բաժանումներ կային, որոնք անմիջական ազդեցություն ունեին տարբեր երկրների հասարակությունների մտածելակերպի և աշխարհընկալման վրա:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ արդեն ջախջախվել էր Հիտլերյան Գերմանիան, հաղթող կողմերը՝ հիմնականում ԽՍՀՄ-ը և Արևմուտքը, սկսեցին նորովի դիրքավորվել միջազգային ասպարեզում և մրցակցել միմյանց հետ: Սկսվեց Սառը Պատերազմի փուլը. մի ժամանակաշրջան, երբ աշխարհը երկբևեռ էր. մի կողմից 1949թ. ապրիլի 4-ին ստեղծված ՆԱՏՕ-ն կամ Հյուսիսատլանտյան դաշինքը, մյուս կողմից՝ 1955թ. ստեղծված ՎՊԵ կամ Վարշավյան պայմանագրի երկրները, որն ընգրկում էր ԽՍՀՄ-ն ու սոցիալիստական ճամբարի այլ երկրներ:

Այս երկու խմբավորումները միմյանց հետ մրցակցում էին ամեն հարցում՝ թե՛ տեխնոլոգիական առաջընթացի, թե՛ սպառազինության և թե՛ գիտական ոլորտում հայտնագործությունների: Որպես օրինակ՝ կարելի է նշել Յուրի Գագարինի թռիչքը դեպի տիեզերք կամ Ալեքսեյ Լեոնովին, ով առաջին մարդն էր, որ գտնվեց բաց տիեզերքում և Նիլ Արմստրոնգին, ով առաջինը ոտք դրեց լուսնի վրա:

Բնականաբար, այսպիսի մրցավազքի պայմաններում զարգանում էին հակադիր ճամբարներում գտնվող երկրները և, բնականաբար, գիտական և տեխնոլոգիական այդպիսի առաջընթացի շրջանում զարգանում էր և ավելի ու ավելի պահանջատեր էր դառնում այդ երկրների հասարակությունը: Օրինակ՝ ֆրանսիական հեղափոխության ժամանակ, որը սկսվեց ուսոնողական տոտալ ընդզվումներից, ուսանողները նշում էին, որ իրենք ուզում են ուսումնասիրել Կ. Մարքս և Կանտ, իսկ ուսումնական հաստատությունները արգելում էին նրանց անել դա: Կամ որ իրենց դասավանդում էին բավական ծեր և, իրենց կարծիքով, առարկան լավ չիմացող և նյութը սուբյեկտիվ մատուցող «ցնդած պրոֆեսորներ»: Այսինքն, ուսանողության գիտակցական մակարդակն այնքան բարձր էր, որ իրենք հետևողական էին որակյալ գիտելիք ստանալու հարցում: Սոցիալիստական ճամբարում երիտասարդության և ուսանողության մոտ գիտակցական մակարդակում ընդզվումների հիմնական նպատակը սեփական երկրի անկախության վերականգնումն էր, քանի որ սոցիալիստական ճամբարի երկրները միայն ձևականորեն էին անկախ համարվում, իսկ, իրականում, գտնվում էին Կրեմլի անմիջական վերահսկողության տակ:

Եվ այսպես, 1956 թ. նախ Հունգարիայում, ապա՝ 1968թ. Չեխիայում ժողովուրդը, ուսանողության գլխավորությամբ, ոտքի կանգնեց և փորձեց վերականգնել սեփական երկրի անկախությունը: 1953թ. Հունգարիայում կոմունիստական կառավարությունը երկրի գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատեց Մատիաս Ռակուշեին, ով բիրտ կառավարման մեթոդների և վարած տնտեսական վատ քաղաքականության հետևանքով արժանացել էր ժողովրդի վատ վերաբերմունքին: Նրա տեղը նշանակվեց Իմռե-Նաձին, սակայն 1955թ. Կրեմլի հրամանով նա նույնպես ազատվեց զգաղեցրած պաշտոնից և հեռացվեց կուսակցությունից: Մոսկվան դեմ էր նրա կողմից կատարվող բարեփոխումներին և վախենում էր այն փոփոխություններից, որ նա կատարեց 1955թ. գարնանը:

Նրա պաշտոնանկությունը Հունգարիայում ավելի սրեց անհադուրժողականությունը, որը կար կոմունիստական համակարգի նկատմամբ ժողովրդի, հատկապես ուսանողության շրջանում: Բնակչության շրջանում սկսեցին տարածում գտնել «Արգելված ցենզուրա», ինչպես նաև, հայտնի գրող Շանդոր Պետեֆիի հեղինակած՝ հեղափոխական բանաստեղծությունների ժողովածունները:

Պետեֆին 1848թ. Հունգարական հեղափոխության առաջնորդներից էր, ով մահացավ 1849թ. ռուս կազակների դեմ կռվում: 100 տարի անց Պետեֆիի անունով նոր հեղափոխություն էր սկսվում, որի առաջամարտիկը հունգար ուսանողությունն էր:

1955թ. ուսանողները հիմնեցին «Շանդոր Պետեֆիի խմբակ», որը դարձավ բազմաթիվ ազատ բանավեճերի և քննարկումների կենտրոն: 1956թ. ամռանը կոմունիստները փակել տվեցին այդ խմբակը, որն արդյունք չտվեց: Մի քանի ամիս հետո սկսված հեղափոխական գործընթացը սկսեց այն երիտասարդությունը (ուսանողությունը), որն այցելում էր այդ խմբակ: Սակայն, ցավոք սրտի, խորհրդային իշխանությունները արյան մեջ խեղդեցին ըմբոստությունը, իսկ մայրաքաղաք Բուդապեշտն ավերվեց:

Գրեթե նույն իրավիճակն էր Չեխիայում. 1968թ. Դուբչիկի ղեկավարած կառավարությունը բռնել էր բարեփոխումների ուղին՝ փորձելով կառուցել «Մարդկային դեմքով սոցիալիզմ», սակայն Մոսկվան ցույց տվեց, որ սոցիալիզմը չի կարող «մարդկային դեմք» ունենալ:

1968թ. օգոստոսի 21-ին ՎՊԵ երկրների մոտ կեսմիլիոնանոց բանակը նեխուժեց Չեխիա, սկսվեց այդ երկրի վերջնական օկուպացիան: ՉՆայած հուժկու դիմադրությանը, հատկապես ուսանողության կողմից, օգոստոսի 26-ին արդեն ամեն ինչ ավարտվել էր. Կրեմլը հերթական անգամ արյան մեջ խեղդեց սոցիալիստական ճամբարում տեղի ունեցող ևս մեկ ըմբոստություն: Հարկ է նշել, որ այս շարժման մեջ մեծ էր ուսանողության դերը, որը հետագայում ևս չդադարեց պայքարել: Ընդդեմ սեփական երկրի օկկուպացիայի նրանց կողմից կատարվում էին քաղաքացիական անհնազանդության ակտեր՝ նույնիսկ սեփական անձնազոհության գնով:

Այսպես, 1969թ. հունվարի 16-ին 20-ամյա ուսանող Յան Պալախը Պրահայի Վացլավյան հրապարակում ինքնահրկիզվեց, որպես ԽՍՀՄ և ՎՊԵ զորքերի կողմից սեփական երկրի օկուպացիայի դեմ բողոքի արտահայտման ձև: Այս իրադարձությունը ավելի վճռական դարձրեց մարդկանց, իսկ ուսանողի հուղարկավորությունը վերածվեց հարյուրհազարանոց ցույցի:

Բացի երկաթյա վարագույրի երկու կողմերից՝ աշխարհի այլ կետերում ևս տեղի էին ունենում կարևորագույն գործընթացներ, որոնցից հատկապես կարևոր էին Կուբայի հեղափոխությունը և նրանում բազմաթիվ ակտիվ երիտասարդների՝ հերոս Չեի և Կաստրոյի դերակատարությունը: Կարևոր էին նաև 1962թ. Ալժիրի՝ սեփական անկախության համար մղվող պատերազմը, որը տևեց 8 տարի, 1963թ. Իրանում տեղի ունեցած «Սպիտակ Հեղափոխությունը», երբ շահը գահընկեց արվեց: Կարելի է նշել նաև Նիգերիայի քաղաքացիական պատերազմը, 1967-1970թթ Պորտուգալիայի վարած գաղութային պատերազմը, 1961-1974թթ Մշակութային հեղափոխությունը Չինաստանում, 1965-1976 և 1968թ. Մեխիկոյի օլիմպիադայից առաջ տեղի ունեցած հզոր ուսանողական շարժումը, որը, բնականաբար, տեղավորվում է 60-ականների ուսանողական շարժումների համատեքստում:

Մեքսիկան Լատինամերիկյան երկրներից առաջինն էր, որը հյուրընկալում էր Օլիմպիական խաղերը: Մինչ այդ Լատինական Ամերիկայի որևէ երկիր նման հնարավորություն չէր ստացել: Խաղերի կազմակերպման նպատակով կառավարությունը առանձնացրեց 150 մլն դոլար, հսկայական մի գումար, եթե հաշվի առնենք երկրում տիրող աղքատության մակարդակը:

Նախագահ Գուստավո Դիասի կառավարման ժամանակ ճնշվում էին արհմիությունները և ֆերմերային տնտեսությունները: 1958թ. աշխատանքային լիդեր Դեմետրիո Վալյեխոն փորձեց ստեղծել երկաթգծի ճանապարհների աշխատավորների անկախ արհմիությունը, որը մեքսիկական կառավարությունը միանգամից ցրեց, իսկ առաջնորդը՝ ձերբակալվեց: Երկրում, համատարած դժգոհության ֆոնի վրա, ծնվեց ուսանողական շարժումը, որի պահանջներն ի սկզբանե վերաբերում էին երիտասարդության զբաղվածությանը և ուսանողական հաստատությունների ինքնավարության հանդեպ հարգանքի պահանջին: Աշխատավորների և գյուղացիների պայքարը ընդհանուր առմամբ չէր տարբերվում ուսանողների պայքարից: 1968թ. հուլիսի 23-ին ուսանողական շարժումը ուժեղացավ այն բանից հետո, երբ իշխանությունը հարձակվեց Մեխիկոյում գտնվող համար 5 մասնագիտացված տեխնիկական դպրոցի վրա, որը և ուսանողական ինքնավարության առաջին խախտումն էր: Համաձայն ոստիկանների պնդումների՝ նրանք հարձակվել էին այդ դպրոցի վրա, որպեսզի վնասազերծեն այնտեղ հանգրվանած փողոցային խմբավորումներին:

Օգոստոսի 1-ին UNAM-ի (Մեքսիկայի Ազգային Ինքնավար Համալսարան) ռեկտոր Բարոսա Սյերան, կառավարության ռեպրեսիվ գործողությունների և համալսարանական ինքնավարության խախտման դեմ խաղաղ ցույց իրականացնելու նպատակով, 50 000 ուսանող դուրս բերեց: Ցույցի խաղաղ ընթացքն ապացուցեց Մեքսիկայի հանրությանը, որ ուսանողներն ըմբոստներ չէին: Այն նաև ապացուցեց, որ կոմունիստական առաջնորդները չէին համակարգում ուսանողների գործողությունները:

Բողոքի ուղին նախորոք սահմանվել էր, որը շարունակվեց առանց խախտումների և ձերբակալությունների: Այսպես անցավ մի քանի ամիս, մինչև իշխանությունները որոշեցին, որ ժամանակն է գնդակոծել ուսանողներին: 1968թ. հոկտեմբերի 2-ին՝ «Լա Նոչե դե Տլատելոլկո» ժամանակ մոտ 10 000 ուսանող հավաքվեց դե լաս Տրես Կուլտուրաս հրապարակում, որպեսզի իր բողոքն արտահայտի կառավարության գործողությունների դեմ: Չնայած այն հանգամանքին, որ նրանց վանկարկումներում կային «մենք չենք ուզում Օլիմպիական խաղեր, մենք հեղափոխություն ենք ուզում» խոսքերը, նրանք հավաքվել էին առաջին հերթին իրենց խաղաղ մտադրությունները շեշտելու նպատակով:

Կազմակերպիչները նույնիսկ չէին փորձում դադարեցնել բողոքը, երբ նկատեցին աճող ռազմական ներկայությունը տարածքում: Կեսօրից հետո՝ 18:30-ին մոտ, 5 000 զինվոր շրջապատեց հրապարակը: Հրապարակի ուղղությամբ հնչած առաջին կրակոցից հետո կատարվածը տասնամյակներ շարունակ անհասկանալի էր մնում: Կոտորածը սկսվեց մայրամուտին, երբ ոստիկանությունը և զինված ուժերը զրահամեքենաներով և տանկերով շրջապատեցին հրապարակը: Հարցը, թե ով է առաջինը կրակել, անորոշ էր մնում երկար տարիներ: Կառավարությունը հայտարարում էր, որ կրակը բացվել է հրապարակը շրջապատող բնակարաններից, ինչը բանակի պատասխան գործողությունների պատճառ է հանդիսացել: Սակայն ուսանողները պնդում էին, որ ուղղաթիռները վերևից բանակին ամբոխի վրա կրակ բացելու ազդանշան էին արել:

Զոհերի թիվը տատանվում էր մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար: Երկար տարիներ Մեքսիկայում արգելված էր խոսել այս թեմայով, և միայն 2001թ. պատժվեցին և դատապարտվեցին դեպքի մեղավորները:


Նյութը պատրաստեց՝ Դավիթ Ֆիդանյան


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`988
Տեղադրվել է՝16:41:24 24-07-2014