Civil Consciousness - 20-ՐԴ ԴԱՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԶԱՐԹՈՆՔԸ (1960-ականների ուսանողական շարժումներն Արևմուտքում)
  • :
  • :


20-ՐԴ ԴԱՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԶԱՐԹՈՆՔԸ (1960-ականների ուսանողական շարժումներն Արևմուտքում)

«20-րդ դարի քաղաքացիական զարթոնքը» հոդվածի առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ:

Արևմուտքում տեղի ունեցող գործընթացներից, բնականաբար, կարելի է առանձնացնել 1968թ. Ֆրանսիական հեղափոխությունը, ԱՄՆ-ում Վիետնամական պատերազմի դեմ առաջացած բողոքի հուժկու ալիքը, Մարտին Լյութեր Քինգի մղած պայքարը սևամորթների իրավունքների պաշտպանության համար, գերմանական ուսանողական շարժումը և այլն:

Այսպես, թեև սոցիալիստական ճամբարում առկա ընդվզումները, որոնք սկզբնական շրջանում արտաքուստ կրում էին զուտ բարեփոխումների պահանջի բնույթ, վերջիվերջո դաժանորեն ճնշվում էին Կրեմլի կողմից: Սակայն արևմուտքում չկար այդպիսի խնդիր, քանի որ չկար նաև ինքնիշխանության բացակայության խնդիր: Արևմուտքում տեղի ունեցող շարժումները, մինչև անգամ հեղափոխության հասած 1968թ. Ֆրանսիական ուսանողական շարժումը, հանդես էին գալիս զուտ բարեփոխումների պահանջներով, իսկ իշխանությունները, չնայած որ շատ դեպքերում կիրառում էին առանձին ռեպրեսիաներ, որոնց ժամանակ նույնիսկ ուսանողներ էին սպանվում (ինչպես օրինակ՝ Գերմանիայում 1967թ. «Ձախ ուսանողների» ներկայացուցիչ Բենո Օնեզորգի դեպքում, ով սպանվեց հունիսի 2-ին՝ Իրանի շահի այցելության դեմ տեղի ունեցած ցույցի ժամանակ), այնուամենայնիվ, կատարում էին ուսանողական շարժումների պահանջները: Պետք է նշել, որ Գերմանական ուսանողական շարժումը ուներ բավական հետաքրքիր պատմություն. այն գործեց գրեթե 8 տարի՝ ընթացքում ենթարկվելով բազմաթիվ փոխակերպումների:

Գերմանական ուսանողական շարժումը բազմաշերտ քաղաքական շարժում էր, որը զբաղված էր 1950-1960-ականների ԳՖՀ-ի ռեժիմի ծայրահեղ քննադատությամբ և վերջինիս դեմ պայքարով: Այն իր մեջ ընդգրկում էր ԱՄՆ-ում ձևավորված Միջազգային ուսանողական շարժման մասնիկներից և գտնվում էր Ֆրանկֆուրտյան դպրոցի ազդեցության տակ: Շարժումն իրեն համարում էր էմանսիպացիոն՝ հակաավտորիտար և միանգամայն դեմ էր «մարդը մարդու վրա իշխում է» սկզբունքին: Չնայած շարժման մեջ կային հակակապիտալիստական տարրեր, այնուամենայնիվ, այն վճռականորեն մերժում էր կոմունիզմը և համակրանք ցուցաբերում սոցիալիզմի այլ տեսակների նկատմամբ: Բացի այդ նրանց կողմից խիստ քննադատության էր ենթարկվում այն հանգամանքը, որ իշխանության գլուխ կանգնած էին «Երրորդ ռեյխի դահիճները»: Նրանք պայքարում էին նաև 1950-ականների, իրենց կարծիքով, երեսպաշտ «սեքսուալ» բարոյականության դեմ:

Այսօրվա պատմաբանների և քաղաքագետների կարծիքով «1968-ի հեղափոխական սերունդը» լուրջ փոփոխություններ մտցրեց Գերմանիայի քաղաքական կյանքում և նրա զարգացման միտումներում:

1960-ականներին մեծացած նոր սերունդը Գերմանիայում սկսեց վերստին արժևորել նախնիների, ծնողների պահվածքը շատ ու շատ հարցերում:

Սակայն կային կասկածներ որ առաջադեմ ուսանողությունը կարող է ընկնել նոր ազգայնական կամ ֆաշիստական շարժման մեջ, հատկապես այն բանից հետո, երբ 1964թ. առաջացավ ծայրահեղ աջ «Ազգային-ժողովրդավարական կուսակցությունը», իսկ 1966թ.՝ «Մեծ Կոալիցիան», որի մեջ մտան երկու ամենամեծ ուժերը՝ ԽԴՍ և ԽՍՍ բլոկը և Սոցիալ դեմոկրատները: Այս ամենը բերեց բյուրոկրատական կուսակցական էլիտայի կոնսոլիդացիայի, իսկ պառլամենտում առաջացավ, այսպես ասած, «Ընդդիմադիր Վակուում»:

Այս իրադարձություններին զուգահեռ Գերմանիայում սկսեց ձևավորվել արտախորհրդարանական ընդդիմությունը, որը դարձավ գործող համակարգից դժգոհ բոլոր երիտասարդների հիմնական կոնսոլիդացնողը:

1967թ. հունիսի 2-ին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը սկիզբ դրեց մասսայական փողոցային ընդզվումների.Իրանի շահի այցելության ժամանակ կազմակերպված ցույցի ընթացքում ոստիկանը, մեջքին կրակելով, սպանեց ցույցի մասնակից, ուսանող Բենո Օնեզորգին:

Այս իրադարձությունից հետո ամբողջ երկրում սկսեցին մասսայական ընդզվումներ և բախումներ ոստիկանության հետ: Այդ գործողությունների կենտրոնական անձ և ուսանողների առաջնորդ դարձավ ակտիվիստ Ռուդի Դուչկեն:
Ռուդի Դուչկեն մեծացել էր ԳԴՀ-ում և դպրոցն ավարտելուց հետո ընդունվել Լրագրության ֆակուլտետ: Այնտեղ սովորելու ընթացքում նա հանդես էր գալիս բազմաթիվ քննադատական հոդվածներով: Այդպիսի մի հոդվածի պատճառով, որտեղ քննադատում էր միլիտարիզմի ազդեցության մեծացումը Գերմանական հասարակության մեջ, նա հեռացվեց համալսարանից:

Բեռլինյան պատի կառուցումից առաջ նա տեղափոխվեց ԳՖՀ և դարձավ կապիտալիստական համակարգի ամենածայրահեղ քննադատներից մեկը: Հենց նրա ջանքերով ստեղծվեց ձախ-ծայրահեղական ուղղություն ունեցող գերմանացի ուսանողների սոցիալիստական միությունը, որն անմիջականորեն գործում էր 1968-ի ընդզվումների ժամանակ:

1968թ. ապրիլի 11-ին Դուչկեի նկատմամբ մահափորձ կատարվեց: Դատարանում պարզվեց, որ Բախմանը գործում էր ծայրահեղ աջ պրոպագանդայով հայտնի «Բիլդ» թերթի ազդեցության ներքո, որը համարվում էր իշխանական թերթ: Մահափորձից ոչ շատ առաջ նրանում լույս էր տեսել «Կանգնեցրե՛ք Դուչկեին» հոդվածը: Մահափորձից հետո Դուչկեն ստիպված լքեց երկիրը: Սակայն 1970-ականներին վերադարձավ և դարձավ «Կանաչների կուսակցության» հիմնադիրներից մեկը:

Դուչկեի դեմ մահափորձը հետագայում պայքարն ավելի ծայրահեղական դարձրեց: Սակայն ընթացքում առաջացած գաղափարական բախումները և շարժման բաժան-բաժան լինելն ու տարբեր թևերի առաջացումը բերեցին նրան, որ ուսանողական տարբեր խմբեր սկսեցին պայքարել միմյանց դեմ: Այնուամենայնիվ, հարկ է ընդգծել, որ ուսանողական այդ շարժումը, որը տարբեր փուլերով տևեց մոտ 8 տարի, իր լուրջ ներդրումն ունեցավ Գերմանիայի՝ որպես պետություն կայացման գործում:

Այդ ժամանակ Ֆրանսիան նույնպես «եռում» էր: 1968թ. երկրում սկսեցին ուսանողական այնպիսի ընդզվումներ, որոնք հետագայում վերաճեցին հեղափոխության և ինչի արդյունքում իշխանությունից հեռացվեց Գեներալ Դը Գոլը:

1958թ.՝ իշխանության գալուց հետո Դե Գոլը ավտորիտար իշխանություն ձևավորեց: Նա իրականացնում էր այնպիսի փոփոխություններ, որոնք թուլացնում էին պառլամնետի դերը՝ ամրապնդելով նախագահի դիրքերը:

Նրա ծրագիրն էր գործող ընդհանուր կոնցեպցիայի սահմաններում զարգացման նպատակով կատարել «մոբիլիզացիոն ցատկ»: Պատմական փորձը ցույց է տալիս, որ այդպիսի գործողության հաջողությունը նպաստում է ուժեղ ավտորիտար իշխանություն ձևավորելուն:

Բարեփոխումները, այնուամենայնիվ, բավարար չէին հետպատերազմյան շրջանում գտնվող երկիրը լիովին ոտքի հանելու համար: Ըստ վիճակագրության՝ դեռ 3 միլիոն փարիզեցի ապրում էր, մեղմ ասած, վատ պայմաններում, իսկ երկրում բնակվող մոտ 6 միլլիոն ֆրանսիացի գտնվում էր ծայրահեղ աղքատության շեմին:

Դժվարացել էր նաև ուսանողների կյանքը. ուսանողական քաղաքներում վատ պայմանները և սահմանված կտրուկ կանոնակարգային կյանքը, ինչպես նաև, ուսանողների իրավունքների սահմանափակումը ստիպեցին երիտասարդներին դուրս գալ հրապարակներ:

Հետաքրքիր մի փաստ. 1968թ. ֆրանսիական ուսանողական շարժման ժամանակ ընդզվումների պատճառներից մեկն էլ այն էր, որ իշխանություններն ուսանողներին թույլ չէին տալիս մասնակցել բարձրագույն դպրոցի կառավարմանը: Ուսանողները պահանջում էին ԲՈՒՀ-երի ինքնավարություն և կրթական համակարգում փոփոխություններ: Դրա հետ մեկտեղ բարձրագույն դպրոցը կտրված էր հասարակական հարցերից՝ ամենաչնչինից մինչև Վիետնամի պատերազմ: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ ուսանողները դժգոհում էին ուսման որակից. նրանց կարծիքով իրենց դասավանդում էին «ոչ պետքական առարկաներ», իսկ դասախոսական անձնակազմն էլ բաղկացած էր «ծեր և ցնդած պրոֆեսորներից»:

«Մենք չարչարվում ենք տարբեր տեսակի լեֆորների, տավոների, մյունեների ձեռքում, որոնց միակ «հաջողությունը» եղել է այն, որ դարձել են պրոֆեսորներ, իսկ մեզ չեն թողնում ուսումնասիրել Մերլո-Պոնտի,Սարտրի և փիլիսոփայության մտքի մյուս տիտաններին», - ասում էին Օրսեի ուսանողները հանրահավաքի հռչակագրում:

Փաստորեն ուսանողների ինքնագիտակցությունը այնքան բարձր էր, որ նրանք, որպես սպառողներ, պահանջում էին ոչ միայն հարգել իրենց իրավունքները, այլև իրենց տալ որակյալ կրթություն՝ պրոֆեսիոանալ դասախոսական անձնակազմի կողմից:

1967թ. նոյեմբերի 9-ին ուսանողները բազմահազարանոց ցույց անցկացրին Փարիզում՝ պահանջելով Մշակույթի, Կրթության և Գիտության նախարարների հրաժարականը: Բողոքի ցույցը վերածվեց հանրհահավաքի՝ ի հիշատակ Բոլիվիայում սպանված Չե Գևարայի: Ուսանողները բացականչում էին «Չեն հերոս է», «Մահ Բուրժուազիային», «Մահ Կապիտալին», «Կեցցե՛ Հեղափոխությունը»:

1968թ նոյոմբերի 21-ին ուսանողները գրավեցին Նանտերի ռեկտորատը և ստիպեցին ադմինիստրացիային թույլ տալ ուսանողներին, որպեսզի նրանք մասնակցեն ԲՈՒՀ-ի ինքնավար օրգանների կառավարմանը:

Նմանատիպ ընդվզումներ տեղի էին ունենում նաև Մեցում, Դիժոնում, Լիլում, Ռեյմսում, Կլեմոն Ֆերմանայում: Իշխանությունները փորձում էին սանձել այդ ընդվզումները:
1968թ. փետրվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում տեղի ունեցավ 49 ուսանողական ընդզվում, իսկ մարտի 14-ը հայտարարվեց «Ուսանողների գործողության ազգային օր»:

Այս ամենին զուգահեռ մշակվում էին նաև ուսանողական պայքարի նոր մեթոդներ: Օրինակ՝ մարտի 21-ին ուսանողները Նանտերում բոյկոտեցին հոգեբանություն առարկայի քննությունները՝ պատճառաբանելով, որ իրենց մատուցված նյութը «չափից դուրս հասարակ» է:

Սակայն ուսանողական քաղաքներում տեղի ունեցող այս ընդզվումներն աստիճանաբար վերածվեցին ոստիկանության հետ փողոցային բախումների: Ոստիկանությունը ձերբակալեց «Վիետնամի պաշտպանության կոմիտեի» 6 ակտիվիստի, որն էլ մարտի 22-ին Նանտերում հանրահավաքի և «Մարտի 22 շարժման» ստեղծման պատճառ դարձավ: Շարժումը ղեկավարում էր Դանիել-Կոն Բենդիտը:

Դանիել Կոն-Բենդիտը ծնվել է 1945թ. ԳՖՀ-ում: Նա Սորբոնում ուսումնասիրում էր սոցիոլոգիա: Իր ելույթներում վերջինս խոսում էր բուրժուազիայի վերացման անհրաժեշտության մասին, մասնավորապես այն մասին, որ պետք է հեղափոխություն իրականցվի այստեղ և հիմա: Այդպես նա համակրանք ձեռք բերեց ուսանողների շրջանում և դարձավ 1960-ականների հեղափոխության կարևորագույն դեմքերից մեկը:

Այսպես, մարտի 22-ին Նանտերում ուսանողները գրավեցին ադմինիստրատիվ կորպուսը՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալվածներին: Իրադրությունը գնալով ավելի էր սրվում. «Մարտի 22» շարժումը հեղափոխական գործընթացի մեջ ներգրավեց բազմաթիվ ուսանողների: Իրավիճակը հարթելու նպատակով իշխանությունները փորձեցին օգտագործել քաղաքացիական ոստիկանների և սադրիչների, սակայն ուսանողները նրանց նկարահանեցին և համալսարանում յուրատեսակ ցուցահանդես կազմակերպեցին:

Մայիսի 1-ին 100 000 մարդ դուրս եկավ Փարիզի փողոցներ: Երիտասարդությունը վանկարկում էր «աշխատանք երիտասարդներին»: Հրապարակվեցին աշխատանքային ժամերի և արհմիությունների գործունեության հետ կապված բազմաթիվ պահանջներ:

Մայիսի 4-ին փակվեց Սորբոնի համալսարանը, ոստիկանությունը գրոհեց ուսանողներին, ի պատասխան՝ ուսանողները կազմեցին բարիկադներ և սկսեցին պաշտպանվել: Արդյունքում ձերբակալվեց 596 ուսանող:

Շարժման ընթացքում ուսանողներին աջակցեցին տարբեր տեսակի արհմիություններ, աշխատավորներ, նաև ֆրանսիական մտավորականության վառ ներկայացուցիչներ՝ Սարտրը, Սիմոնա Դը Բուվարը, Ֆրանսուազա Սագանը, Մորիակը և ուրիշներ:

Մայիսի 10-ին 20 000 ուսանող փորձեց շարժվել դեպի ազգային հեռուստատեսության շենք, սակայն ոստիկանությունը կրկին բիրտ մեթոդներով ցրեց նրանց:

Սա վերջին կաթիլն էր. մայիսի 10-11-ի գիշերը Փարիզում տեղի ունեցան բախումներ, որոնց արդյունքում արդեն հաջորդ օրը թերթերում լույս տեսան «Բարիկադների գիշեր» վերտառությամբ հոդվածներ:

Մայիսի 13-ին արհմիությունները կոչ են անում սատարել ուսանողներին և անցնում գործադուլի, որին մասնակցում էր մոտ 10 միլիոն մարդ: Նշենք, որ մինչ այդ վարչապետ Ժորժ Պոմպիդուն պատրաստակամություն էր հայտնել զիջումների գնալ, մասնավորապես նշելով, որ մայիսի 13-ին Սորբոնը կբացվի, իսկ ձերբակալված ուսանողների գործերը կվերանայվեն: Սակայն արդեն ուշ էր:

Փարիզում մայիսի 13-ին տեղի ունեցավ 800 000 մարդու մասնակցությամբ ցույց, որի ղեկավարներն էին ժորժ Սեգին և Դանիել Կոն-Բենդիտը:

Հենց այդ օրն ուսանողները գրավեցին Սորբոնը:

Մայիսի 16-ին Սորբոնում գտնվող արտասահմանցի լրագրողները զարմանքով նայում էին գրված կարգախոսներին. «եղե՛ք ռեալիստ, պահանջե՛ք անհնարինը», «իշխանությունը՝ երևակայությանը», «սեքսը հրաշալի է», «ամեն ինչ և անհապաղ», «հեղափոխությունը փողկապներով չեն իրականացնում», «համակարգն է մարդու համար, այլ ոչ մարդիկ՝ համակարգի»:

Սորբոնը սկսեց կառավարվել օկկուպացիոն կոմիտեի կողմից, որը բաղկացած էր 15 մարդուց:

Այսպես, գործադուլները, հանրհավաքները, բախումները շարունակվեցին ամբողջ երկրում մինչև մայիսի 30-ը, երբ Դը Գոլը հանդես եկավ կարճ ելույթով, որում ասվում էր, որ հրաժարվում է հանրաքվեի գաղափարից և արձակում է պառլամենտը:

Այնուհետև Ելիսեյան դաշտերում տեղի ունեցավ Դը Գոլի կողմնակիցների հինգ հարյուր հազարանոց ցույցը, որով նրանք իրենց հավատարմությունն էին հայտնում վերջինիս: Դա իրավիճակի փոփոխություն էր. պառլամենտական ընտրություններում իրենց ընտրարշավը կազմեկերպելով, հակառակ կողմին ներկայացնելով որպես Կոմունիստական դավադրության կողմնակիցներ' Գոլլիստները հաղթեցին պառլամենտական ընտրություններում: Սակայն պարզ էր, որ համակարգի ներսում լուրջ խնդիրներ էին առաջացել, և նույնիսկ կառավարությունում Դը Գոլի կատարած փոփոխությունները իրավիճակը չփրկեցին: Դրան գումարվեց նաև 1968թ. նոյեմբերին առաջացած ֆինանսական ճգնաժամը և, արդյունքում, 1969թ. ապրիլի 28-ին Դը Գոլը հրաժարական տվեց:

Շարունակելի...

Նյութը պատրաստեց՝ Դավիթ Ֆիդանյան


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1007
Տեղադրվել է՝15:23:19 26-07-2014