Civil Consciousness - Արդյո՞ք պատրաստ է ՀՀ բնակիչն ապրել իրական ժողովրդավարական պետությունում
  • :
  • :


Արդյո՞ք պատրաստ է ՀՀ բնակիչն ապրել իրական ժողովրդավարական պետությունում

Ինքն իրեն ՀՀ արժանապատիվ քաղաքացի համարող յուրաքանչյուր անհատ նախևառաջ պետք է գիտակցի, թե իրականում ինքն ի՞նչ դերակատարում ունի պետության կայացման հարցում: Յուրաքանչյուր պետություն առանց գիտակից քաղաքացու կարող է վերածվել բռնապետության, ուստի՝ չափազանց կարևոր է, որպեսզի գիտակից անհատները ստեղծեն քաղաքացիական հասարակություն և տերը դառնան իրենց պետության. մի պետության, որում հարգվում են մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որում քաղաքացին իրացնում է պետության կառավարման ոլորտում իրեն վեհապահված բոլոր գործառույթները: Քաղաքացին իր ծնված օրվանից պետք է դառնա ազատ ապրելու և անկախ դատելու մշակույթի կրողը, որը պետք է հենց իր ընտանիքի կողմից սերմանվի վերջինիս մտածողության մեջ: Յուրաքանչյուր պետության հիմքն ընտանիքն է, որտեղ մարդ քաղաքացի է դառնում. քաղաքացին կարող է դուրս գալ փողոց՝ պայքարի, սակայն փողոցը չէ, որ անհատին քաղաքացի է դարձնում: Փողոցային պայքարին դժվար թե որևէ մեկը միանա՝ առանց գիտակցելու վերջինիս նշանակությունն ու հնարավոր արդյունքները: Ցավոք, ՀՀ-ում փողոցային պայքարը սկսում և ավարտվում է փողոցում՝ վերջնարդյունքում չծառայելով իր առաջնային նպատակին: Շատ քիչ են դեպքերը, երբ փողոցում որևէ հարց է լուծվել:

Ժողովրդավարությունն այն մատչելի միջոցն է, որը քաղաքացուն ազատ գործելու բացառիկ հնարավորություն է տալիս, սակայն այդ հնարավորությունները որևէ արժեք չունեն, քանի դեռ դրանք կիրառողները պատրաստ չեն իրացնել իրենց վերապահված գործառույթները: Ժողովրդավարության էության լիակատար ըմբռնման համար պարտադիր պայման է, որպեսզի պետությունն ունենա ժողովրդավարական ավանդույթներ, որոնք ժամանակի ընթացքում համապատասխանեցված կլինեն տվյալ պետությունում առկա հասարակության առանձնահատկություններին:

Ժողովրդավարության հասնելու ճանապարհին առաջնորդվելով արմատական փոփոխությունների իրականացման նպատակով՝ իրավիճակը վտանգված է հակառակ արդյունքներ արձանագրելով: Համակարգային փոփոխությունները չեն կարող մեկ գիշերվա ընթացքում իրականանալ. հասարակությանը պետք է պատրաստել նոր արժեքների, որը բավականին երկար ժամանակ է պահանջում:

Տարբեր պետություններում ժողովրդավարությունը տարբեր կերպ է գործում, ուստի՝ նախընտրելի տարբերակ չէ ժողովրդավարությունը դիտարկել որպես կաղապարավորված երևույթ: Ժողովրդավարության պայմաններում ապրելու և գործելու մշակույթ ունեցող հասարակություններում ժողովրդավարական կառավարումն այլ կերպ է գործում, քան այնպիսի հասարակություններում, որոնք որևէ պատկերացում չունեն ժողովրդավարական պետություններում ապրելու մասին առհասարակ:

Միշտ առավել հեշտ է իշխանություններին կամ այլ անբացատրելի ուժերին մեղադրելը, սակայն պետք չէ աչքաթող անել այն հանգամանքը, որ քաղաքացին ինքն է պատասխանատու այն պետության համար, որում ապրում է: Ցանկացած բացասական երևույթի միակ մեղավորը քաղաքացին է, քանի որ իր անգործության պատճառով է, որ տեղի են ունեցել և ունենում բոլոր այդ բացասական երևույթները:

Պետությունն իր զարգացման ընթացքն ապահովելու համար ոչ թե սովորական բնակիչների կարիք է զգում, այլ գիտակից քաղաքացիների, ովքեր պետության ինքնիշխանությունը դիտարկում են որպես պետության գոյատևման հիմք: Կոնֆլիկտող տարածաշրջանում գտնվող պետության համար չափազանց կարևոր խնդիր է սեփական պետության ինքնիշխանության պահպանումը, որը վտանգվում է տկար քաղաքացիական հասարակության պայմաններում. մի հասարակության, որի անդամները միավորված չեն միասնական պետության գաղափարի շուրջ և պետական շահը նրանց համար գերակա չէ:

Իրական ժողովրդավարական պետություն դառնալու համար քաղաքացիները պետք է պատրաստ լինեն դառնալ ժողովրդավարական արժեքների կրողը. օրենքի գերակայություն պահանջողներն իրենք պետք է առաջին հերթին հարգեն օրենքները, արդարություն պահանջողները իրենք պետք է անկողմնակալ լինեն բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են պետության բարօրությանը, բազմակարծությունը հարգել պահանջողներն իրենց օրինակով պետք է ցույց տան բազմակարծության կարևորությունը, իսկ նրանք, ովքեր հավասար իրավունքների վեհ գաղափարներից են խոսում, իրենց գործունեությամբ պետք է նպաստեն վերջինիս տարածմանը: Խոսելը, առհասարակ, չափազանց հեշտ է, սակայն միայն խոսելով հնարավոր չէ հասնել արդյունքի: Խնդրահարույց հարցերին փիլիսոփայական մոտեցումներ ցուցաբերելով խնդիրները չեն վերանա, ուստի՝ հարկավոր է, որ քաղաքացիներն առաջին հերթին բոլոր թերացումները փնտրեն իրենց մեջ , ապա նոր միայն՝ լուծումներ:

Ժողովրդավարությունը համալիր գործիքների համակարգ է, որի ճիշտ կիրառման դեպքում հասարակությունը կարող է անգամ վերջ դնել բռնապետական համակարգին և ժողովրդավարական պետություն ստեղծել:

Նյութը պատրաստեց՝ Լուսինե Առաքելյան


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`745
Տեղադրվել է՝16:24:13 28-07-2014