Civil Consciousness - 20-ՐԴ ԴԱՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԶԱՐԹՈՆՔԸ (Ուսանողական շարժումներն ԱՄՆ-ում)
  • :
  • :


20-ՐԴ ԴԱՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԶԱՐԹՈՆՔԸ (Ուսանողական շարժումներն ԱՄՆ-ում)

«20-րդ դարի քաղաքացիական զարթոնքը» հոդվածաշարի նախորդ՝ առաջին և երկրորդ մասերին կարող եք ծանոթանալ տրված հղումներով:

1960-ականներին գրեթե նույն իրավիճակն էր ԱՄՆ-ում. մի կողմից սևամորթների' հատկապես ուսանողների պայքարը սեփական իրավունքների համար, մյուս կողմից հակապատերազմական հզոր ելույթները Վիետնամի դեմ պատերազմի ժամանակ: Խոսելով այդ ժամանակահատվածի դեպքերի մասին' պետք է նշել, որ ԱՄՆ-ում, հատկապես հետպատերազմյան շրջանում, առաջացել էր ծնելիության աճ և հետպատերազմյան սերունդը կոչվում էր «Baby Boomer»: Հատկանշական է, որ բնակչության աճի հետ մեկտեղ աճում էր 18-24 տարեկան ուսանողների թիվը, որը կազմում էր բնակչության 9%-ը: Ուսանողների թվաքանակի մեծացման հետ մեկտեղ բնականաբար ավելանում էր նրանց քանակը ուսանողական քաղաքներում: Ընդհանուր առմամբ, այդ ամենը բերում էր հասարակության ժողովրդավարացման և մթնոլորտի փոփոխության: Ուսանողները սկսում էին չընդունել իրենց մատուցվող «հին» նյութերը և կոչ էին անում դասախոսներին «վերադառնալ իրական կյանք» ու, ընդհանրապես, կողմ էին համալսարանը կարգի բերելուն: Արդեն բուն շարժումների ժամանակ կատարած հետազոտությունները ցույց տվեցին, որ կա «սերունդների կոնֆլիկտ». երիտասարդ աղջիկներն ու տղաները չէին ցանկանում ընդունել այն, ինչ մատուցում էին իրենց ծնողները:

Երիտասարդները բերում էին նաև այլ պատճառներ, որոնք, ըստ իրենց, հանգեցնում էին ուսանողական ընդզվումների: Օրինակ՝ Ջոն Կյունենը, ով Կոլումբիայի համալսարանի ուսանող էր, իր էսսեում արդարացնում էր Իստեբիլիշմենթի դեմ ուսանողների ցույցերը և գտնում էր, որ դրա առկայությունը ԱՄՆ-ն դարձնում է ոչ ազատ երկիր:

1969թ. «Fortune» ամսագրում հրապարակվեց երիտասարդության «Դեկլարացիա», որում նշվում էր, որ երիտասարդ ուսանողի առաջին խնդիրը հասարակության մեջ իր տեղը գտնելն էր, այնուհետև նշվում էր իշխանության և բիզնեսի կապը, զինվորական բյուջեի աճը և կորպորացիաների կողմից համալսարանների կառավարումը: Սկզբում երիտասարդ ծայրահեղականների եռանդը գնում էր աֆրոամերիկացիներին քաղաքացիական իրավունքներ շնորհելու համար պայքարին, սակայն Մարտին Լյութեր Քինգի շնորհիվ, ով սկսեց պայքարը տանել խաղաղ անհնազանդության ուղով, ամեն ինչ փոխվեց:

1955թ. սևամորթ դերձակ Ռոզա Պարկսը Մոնտգոմերիում տուգանվեց այն բանի համար, որ հրաժարվել էր ավտոբուսում իր տեղը զիջել սպիտակամորթին: Ձերբակալությունից և տուգանվելուց հետո տեղական արհմիության ղեկավար Էդ Նիքսոնը տեղի սևամորթ համայնքին կոչ արեց բոյկոտել տրանսպորտը: Բոյկոտն այնուհետև սկսեց ղեկավարել սևամորթ եկեղեցական Մարտին Լյութեր Քինգը: Այն տևեց մոտ 381 օր և կոչվեց «Քայլերթ՝ հանուն ազատության»: Արդյունքում ավտոբուսի սեփականատերերը հսկայական վնասներ կրեցին:

Ռասսայական խտրականությանը վերջ դնելուն ուղղված բանակցությունները ոչինչ չտվեցին, ավելին, Մոնտգոմերիի քաղաքային իշխանությունները սկսեցին ճնշումներ գործադրել տաքսու այն վարորդների վրա, ովքեր երբեմն տեղափոխում էին բոյկոտողներին: Այնուհետև անցան տոտալ հետապնդման. 1956թ. հունվարին ռումբ նետվեց Լյութեր Քինգի տան վրա: Այնուհետև իշխանությունները հիշեցին 1921թ. ընդունված «հակաբոյկոտային» օրենքի մասին, որով արգելվում էր բոյկոտելը: Դա առիթ հանդիսացավ, որպեսզի ձերբակալվի ակցիայի ավելի քանի 100 մասնակից:

Այնուամենայնիվ, դատավարության ժամանակ Լյութեր Քինգին և իր կողմնակիցներին հաջողվեց հանրության ուշադրությունը սևեռել այդ խնդրի վրա, և հարցը լուծվեց հօգուտ իրենց: Սակայն հետապնդումները դեռ շարունակվում էին, և երկար ճանապարհ կար անցնելու, մինչև սևամորթներն ԱՄՆ-ում վերջնականապես կընկալվեին որպես հասարակության լիարժեք անդամներ:

1963թ. Մարտին Լյութեր Քինգը 200-300 հազարանոց մարդկային հոծ բազմությունն առաջնորդեց դեպի Վաշինգտոնում գտնվող Աբրահամ Լինքոլնի հուշարձան և այնտեղ ունեցավ իր ամենահայտնի «Ես ունեմ երազանք» ելույթը: Այդ ժամանակ ԱՄՆ-ում սկսեցին ստեղծվել ուսանողական միություններ, որոնք ակտիվ գործունեություն էին ծավալում այս կամ այն խնդրի շուրջ: Հատկապես ակտիվ էին «Ուսանողներ՝ հանուն ժողովրդավար հանրության», «Երիտասարդության ազատագրում» և «Ուսանողների խաղաղ անհնազանդության կոմիտե» միությունները, որոնք զբաղվում էին ռասիզմի դեմ պայքարով: Պետք է նշել, որ շատ դեպքերում իշխանությունը բավական կոշտ և ռեպրեսիվ մեթոդներով էր պատասխանում առաջադեմ ուսանողության պայքարին: Բավական հայտնի է Վիետնամի պատերազմի տարիներին Քենթի համալսարանի ողբերգական դեպքը. 1970թ. մայիսի 4-ին ուսանողները բողոքի ցույց կազմակերպեցին՝ ի պատասխան ամերիկացի զինվորների Կամբոջա ներխուժելուն: Իշխանությունները նախապես արգելել էին հավաքը դեպքի այդ վայր, որտեղ արդեն ժամանել էր ազգային գվարդիան, որը ցույցը ցրելու հրաման ուներ:

Կրակոցների արդյունքում սպանվեց 4 ուսանող, 9-ը՝ վիրավորվեց: Այս դեպքը բավական լուրջ դժգոհություն առաջացրեց ուսանողների շրջանում, իսկ հետաքննող կոմիտեն իր զեկույցում նշեց, որ գվարդիականների կողմից զենքի օգտագործումը եղել է անթույլատրելի: Սակայն ոչ մեկ դրա համար պատասխանատվության չենթարկվեց:

Այս ողբերգության ֆոնին այդ օրերին, ավելի ստույգ մայիսի-15-ին, նույնատիպ միջադեպի ընթացքում Ջեքսոնի համալսարանի տարածքում սպանվեց 2 ուսանող: Այս երկու ողբերգություններից հետո ամբողջ երկրում սկսեցին հուզումներ. ուսանողները դեպի Վաշինգտոն պիկետներ և երթեր էին կազմակերպում:

Խոսելով այս և այլ շարժումների մասին, որոնք տեղի էին ունենում երկրագնդի տարբեր կետերում գրեթե նույն ժամանակ՝ պետք է նշել, որ երիտասարդության մեջ, հատկապես արևմուտքում, ծնվում էին տարբեր տեսակի գաղափարախոսություններ: Դրանցից էր, օրինակ՝ «Հիպպին», որի կրողները քարոզում էին.

1.մարդը պետք է ազատ լինի,

2.ազատության հասնելու համար պետք է փոխել ներաշխարհը,

3.արտաքին և ներքին գեղեցկությունը միմյանց փոխլրացնում են, և առանց մեկի մյուսը ոչինչ է:

Այս ուղղության դերը հատկապես կարևորվում է ԱՄՆ-ում Վիետնամի պատերազմի դեմ հակապատերազմյան հզոր ալիք կազմակերպելու մեջ: Հատկապես հայտնի են 1968թ. Չիկագոյում «Դեմոկրատական կուսակցության» համագումարի ժամանակ կազմակերպած ակցիաները, և 1967թ. դեպի Վաշինգտոն կազմակերպած երթը, որի ժամանակ 100 000 ուսանող դուրս եկավ փողոց՝ պահանջելով դադարեցնել պատերազմը Վիետնամում: Մարդկանց մեծամասնությունը բողոքում էր այդ ամենի դեմ՝ ելնելով բարոյական սկզբունքներից, մյուս մասն էլ՝ այնտեղի բնակչության հանդեպ ունեցած սոլիդարությունից: Հատկապես ակտիվ էին սևամորթները:

Պայքարն էլ ավելի սրվեց 1968թ.՝ Մարտին Լյութեր Քինգի սպանությունից հետո, երբ ուսանողները չէին ցանկանում ծառայել բանակում, իսկ որոշներն էլ անդամագրվում էին նոր ձախերին:

1968թ. այն կոալիցիան, որն իշխանության էր բերել նախագահ Ջոնսոնին, վերացավ: Նախագահական ընտրություններից առաջ շատերը պաշտպանում էին Ջորջ Ուոլեսի թեկնածությունը, որոնց թվում էին աֆրոամերիկացիներ, ուսանողներ, մտավորականության ներկայացուցիչներ: Ջոնսոնը ստիպված հրաժարվեց սեփական թեկնածությունից, քանի որ նույնիսկ սեփական կուսակցությունում հենարան չուներ: Նրա փոխարեն նախագահի թեկնածու դարձավ Ռոբերտ Քեննեդին: «Դեմոկրատական կուսակցության» նախընտրական համագումարը ուղեկցվում էր Վիետնամի պատերազմի դեմ ուսանողների կողմից կազմակերպված բողոքի միջոցառումներով: Նախագահի գլխավոր թեկնածու դարձավ Ռիչարդ Նիքսոնը, ում նախընտրական արշավի կարևորագույն կետերից մեկը Վիետնամի հարցում հստակություն մտցնելն էր: Թեկնածուն իր ընտրողներին խոստացավ «Խաղաղություն՝ արժանապատվությամբ»:

1968թ. նախագահական ընտրություններում հաղթելուց հետո Նիքսոնն առաջարկեց մի մարտավարություն, որը պատմության մեջ մնաց «Նիքսոնի դոկտրինա» անվամբ: Ըստ նրա՝ ամերիկյան շահերի տեսլականը սահմանափակվում էր միայն կոմունիզմին դիմագրավելով, իսկ լոկալ պատերազմների ամբողջ ծանրությունը տեղափոխվում էր այդ տարածաշրջանում դաշնակից երկրների վրա: Համաձայն այդ «Դոկտրինայի»՝ ԱՄՆ-ն յուրաքանչյուր պահի կարող էր դուրս հանել զորքերը Վիետնամից՝ չսպասելով պատերազմի ավարտին:

Այս բոլոր շարժումների մեջ կարևոր էին նաև մշակույթի, հատկապես, երաժշտության մեջ տեղի ունեցող փոփոխությունները. 50-ականների ջազին սկսում էր փոխարինել հեղափոխական ռոքը, և բազմաթիվ հայտնի խմբերի ստեղծագործություններում նշվում էին այդ ժամանակվա բոլոր տեսակի թե՛ մշակութային, թե՛ արժեհամակարգային և թե՛ համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը, որոնք հսկայական դերակատարում ունեցան հատկապես ուսանողական շարժումների մեջ:

Ընդհանրապես, այդ տարիներին փոփոխություններ տեղի էին ունենում գրեթե բոլոր բնագավառներում՝ սկսած մարդկանց գիտակցականից մինչև մշակութային կամ սեքուալ հեղափոխություններ:

1951թ. Ջոն Սելինջերը գրեց «The Catcher in the Rye» գիրքը, որում նկարագրվում էր 16- ամյա պատանու վարքը, կենսակերպը, որով վերջինս ընդհանրապես առանձնանում էր հասարակությունից և հասարակական կյանքի ընդհանուր կանոններից, որոնք այդ ժամանակ գործում էին ԱՄՆ-ում: Այս ստեղծագործությունը հիմնականում մեծերի համար էր, սակայն մեծ հեղինակություն ուներ նաև երիտասարդության շրջանում:

Իսկ ահա 1968թ. Ջոն Լենոնն արդեն երգում էր հեղափոխության մասին:

Պատերազմի ավարտից հետո Արևմտյան Եվրոպայում սկսվեց տնտեսական և սոցիալական վիճակի բարելավում: Օրինակ՝ Գերմանիայում մարդիկ արդեն մոռացել էին նացիստներին և նրանց հանցագործությունները: Այս ամենի հետ մեկտեղ, սակայն, առաջադեմ երիտասարդությունը և ուսանողությունը ավելին էր ուզում, քան նյութական ապահովությունը: 1950-ականներին Եվրոպայում մոդայիկ էր դարձել Էքսիստենցիալիզմի փիլիսոփայությունը, հատկապես Սարտրի աշխատանքները: Այն նոր մտածողության փիլիսոփայություն էր, որը մերժում էր անցյալի աշխարհայացքները, օրինակ՝ կրոնը: Համաձայն նրա տեսության՝ աներևակայելի և անիմաստ աշխարհում ուշադրության կենտրոնում անհատն էր:

ԱՄՆ-ում նոր Բիթ-սերունդի լիտերատորներ Ջեք Քերուաքը, Ուիլյամ Բերոուզը և Ալլեն Գինզբերգը կազմեցին հետպատերազմյան սերնդի մասին սեփական տեսլականները, որոնց մեջ քարոզվում էր անհատի ազատությունը հասարակության մեջ գործող կարծրատիպերից:

Այսպես ուրեմն, ի՞նչ էին իրենցից ներկայացնում 1960-ականների իրադարձությունները: Ըստ երևույթին, դրանք երկրագնդի տարբեր կետերում գործող համակարգերի դեմ համատարած դժգոհության արտահայտություններն էին, որոնք փողոց դուրս հանեցին գրեթե բոլոր սոցիալական շերտերին: ԱՄՆ-ն, Արևմտյան Եվրոպան, Չինաստանը և շատ այլ երկրներ կանգնած էին լուրջ խնդիրների առջև, որոնց տարբեր լուծումներ տրվեցին: Օրինակ՝ ԱՄՆ-ն կարողացավ դիմագրավել այդ «տենդին», ԽՍՀՄ-ը չդիմացավ և արդյունքում 20 տարի հետո փլուզվեց: Այնուամենայնիվ, 1960-ականների տեկտոնական սոցիալական շարժումները դեռևս կարողանում են լուրջ ազդեցություն թողնել համաշխարհային պատմության ընթացքի վրա:

Նյութը պատրաստեց՝ Դավիթ Ֆիդանյան


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`929
Տեղադրվել է՝17:22:30 29-07-2014