Civil Consciousness - ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
  • :
  • :


ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Ցանկացած ավտորիտար կամ ամբողջատիրական կառավարման համակարգ ունեցող երկրի փոխակերպումը դեպի ժողովրդավարականի իրենից բավականին բարդ գործընթաց է ենթադրում: Նմանատիպ կառավարման համակարգ ունեցող երկրների անցումը ժողովրդավարական համակարգի երբեք անցնցում չի լինում և այն առանց դժավարությունների պատկերացնելը նույնիսկ անհնար է: Ոչ ժողովրդավարական կառավարման համակարգն ամբողջությամբ կազմալուծում է հասարակության զարգացման բնականոն ընթացքը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է տարատեսակ կարծրատիպերի և «ավանդույթների» ձևավորմանը, որն էլ հասարակության շրջանում ձևավորում է անկարողության զգացում և տվյալ վարչակարգին անվերապահ հնազանդվելու պատրաստակամություն: Հետևաբար, ցանկացած ոչ ժողովրդավարական համակարգից անցումը ժողովրդավարականի իրենից ներկայացնում է տարաբնույթ հստակ գործողությունների համալիր ծրագիր, որն անմիջականորեն առնչվում է հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչների ներգրավվածության հետ: Որքան ավելի լայն շերտերով է ներգրավված հասարակությունը ժողովրդավարացման գործընթացի մեջ, այնքան ավելի արագ և սահուն է իրականանում տվյալ պետության ժողովրդավարացման գործընթացը:

Պետության ժողովրդավարացման ճանապարհին հասարակության նախաձեռնողականությունը վերջնական նպատակին հասնելու համար կարևորագույն նախապայման է: Սակայն հասարակաության նախաձեռնողականությունն էլ իր հերթին պայմանավորված է պետության վերահսկողությունից դուրս գտնվող և ժողովրդավարական բնույթ ունեցող քաղաքացիական ինստիտուտների առկայությամբ: Որպես նմանատիպ ինստիտուտների օրինակներ կարող ենք դիտարկել ընտանիքները, մշակութային միավորումները, սպորտային ակումբները, տնտեսական ինստիտուտները, առևտրային միությունները, ուսանողական միությունները, ներքին ժողովրդավարություն ունեցող քաղաքական կուսակցությունները, տեղական ինքնակառավարման բարձր անկախություն ունեցող համայնքներն ու գյուղերը, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, գրական ակումբները, հասարակական կազմակերպությունները և այլն: Այս մարմինները ժողովրդավարացման ճանապարհին բավականին կարևոր գործառույթներ են իրականացնում և առանց դրանց առկայության համակարգային փոփոխություն ակնկալելը պարզապես ժամանակի անիմաստ կորուստ է:

Բացի վերոգրյալ գործառույթները, այս մարմինները նաև քաղաքական մեծ նշանակություն ունեն և, ընդհանուր առմամբ, մարդկային հոծ զանգվածների համախմբման հիմնական երաշխիքն են: Հասարակական լայն համախմբումը հնարավոր է միայն հաշվենկատ և կազմակերպված համալիր միջոցառումների շնորհիվ (չնայած հայկական իրականության մեջ այլ կարծրատիպեր կան, որոնք իրենց բնույթով հակագիտական են: Դաշտում առկա կարծրատիպերից յուրաքանչյուրին կանդրադառնանք առանձին հոդվածով): Հասարակական լայն համախմբումը ժողովրդավարացման ճանապարհին հնարավորություն է ընձեռում ազդեցություն գործել հասարակության ընտրած ուղու վրա և դիմադրել այլ խմբերին կամ կառավարությանը, երբ նրանք անարդարացիոնեն հակադրվում են ժողովրդավարական արժեքներին և ժողովրդավարացման ընդհանուր գործընթացին նպաստող գործողություններին: Հետևաբար, եթե վերոնշյալ ժողովրդավարական և տարբեր ազդեցության կենտրոններից անկախ մարմինները գոյություն չունեն, ապա պետության ժողովրդավարացման գործընթացը լրջորեն վտանգված է: Նմանատիպ քաղաքացիական ինստիտուտների առկայության պայմաններում և նրանց անմիջական մասնակցության շնորհիվ աշխարհի տարբեր երկրներում հաստատվել են ժողովրդավարական կառավարման համակարգեր: Այդ ինստիտուտներն ապագայում դառնում են ազատ հասարակությանն անհրաժեշտ կառուցվածքային հիմքի մի մասը: Հետևաբար, դրանց շարունակական անկախությունն ու զարգացումը հաճախ հանդիսանում են պետության ժողովրդավարացման կարևոր նախապայմանները:

1956-1957 թթ.-ին հունգարական հեղափոխության ընթացքում ի հայտ եկան ուղղակի ժողովրդավարական բազմաթիվ խորհուրդներ, նույնիսկ, միավորվեցին, որպեսզի մի քանի շաբաթով ինստիտուտների և կառավարության ամբողջական դաշնային համակարգ ստեղծեն: 1980-ական թթ.-ի վերջերին Հոլանդիայում աշխատողները հիմնեցին անօրինական համերաշխություն քարոզող միություններ, իսկ, որոշ դեպքերում էլ, իրենց վերահսկողության տակ վերցրին պաշտոնական, կոմունիստական առևտրային միությունները: Նման ինստիտուցիոնալ զարգացումները կարող են հանգեցնել կարևոր քաղաքական հետևանքների:

Անշուշտ, ասվածի նշանակությունն այն չէ, որ միայն նմանատիպ խմբերի առկայությամբ է հնարավոր իրականացնել պետության ժողովրդավարացումը: Ժողովրդավարացման կարևոր նախապայմաններից է նաև քաղաքացիական ինստիտուտների կազմակերպված և նպատակային միջոցառումներից բաղկացած համալիր միջոցառումների ծրագիր ունենալը: Տարբեր քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար ձևավորվող շարժումներն իրենց նպատակներին հասնելու համար պետք է առավելագույնս կազմակերպված լինեն, ունենան իրենց մեծ ռազմավարությունը, ռազմավարությունը, մարտավարությունը և ցանկացած միջոցառում իրականացնեն՝ հաշվի առնելով դրա իրական արդյունավետությունը: Որպես ասվածի օրինակ կարելի է դիտարկել 20-րդ դարի երկրորդ կեսին ԱՄՆ-ում ծավալված «Հանուն մարդու իրավունքների» շարժումը: Այս շարժման հաջողության բանալին հիմնականում այն էր, որ շարժումը բավականին լայնամասշտաբ բնույթ էր կրում և, չնայած մարդկային ահռելի զանգվածի ներգրավվածությանը, բավականին կազմակերպված և կանոնակարգված բնույթ էր կրում: Շարժման առաջնորդների կողմից կայացված ցանկացած որոշում պայմանավորված էր հանրային շահի գիտակցումով: Շարժման մեջ ներգրավված էին քաղաքացիական անկախ ինստիտուտներ, որոնք ձևավորվել էին շարժման ընթացքում: Չնայած այն հանգամանքին, որ այդ շարժման հազարավոր անդամներ հայտնվում էին բանտերում, նրանց հարազատներն ու համախոհները չէին շտապում նրանց «Քաղբանտարկյալ» հռչակել, քանի որ խորապես գիտակցում էին, որ նույնիսկ ամենատարրական օրենքի խախտման դեպքում պետք է պատասխանատվության ենթարկվեն: Հետաքրքրական մի փաստ ևս. Մարտին Քինգի գլխավորած շարժման ընթացքում բավականին հայտնի կարգախոս կար՝ «Ցանկացած մարդ իրավունք ունի ինքն իր համար գնահատել ցանկացած օրենքի արդար և անարդար լինելը: Հետևաբար, այն մարդն, ով որևէ օրենք անարդար համարելով խախտում է այն և չի հրաժարվում դրա համար պատասխանատվության ենթարկվելուց, ինքն ամենաշատն է հարգում օրենքի գերակայությունը»:

Ժողովրդավարացման ճանապարհին կարևոր նախապայմաններից է նաև պետության ներսում տվյալ պահին իշխող քաղաքական ուժի կողմից արվող համարժեք քայլերը, որոնք անցումային պետությունների պարագայում այդքան էլ պայմանավորված չեն իշխողների «բարի կամքով»: Անցումային պետություններում իշխանության եկած ցանկացած ուժ հակված է այլասերվելու և նախկին բռնապետական իշխանությունների արժանի ժառանգորդը դառնալու: Հետևաբար, նմանատիպ երկրներում ցանկացած իշխանության կողմից իրականացվող քաղաքական քայլերը ֆիկտիվ բնույթ են կրում այնքան ժամանակ, քանի դեռ չեն հանդիպում հասարակության կողմից առարկայական և կազմակերպված դիմադրողական գործողությունների: Հետևաբար, կարելի է արձանագրել, որ տվյալ պարագայում ցանկացած իշխող ուժի էությունն ուղիղ համեմատական է հասարակության և քաղաքացիական անկախ ինստիտուտների ակտիվությանը:

Քաղաքագիտական առումով՝ երկրի ժողովրդավարացումը բավականին ծավալուն և բարդ գործընթաց է, սույն հոդվածում հնարավորինս հակիրճ ներկայացված են այդ կարևորագույն գործընթացին նպաստող հիմնական նախապայմանները, որոնք ամեն մեկն իրենց հերթին մասնագիտական ծավալուն ուսումնասիրությունների առարկա են հանդիսանում: Ցավոք սրտի, վերոգրյալը հայկական իրականության հետ անհամեմատելի է: Արդեն երկու տասնամյակից ավել է մեր երկիրը հռչակել է իր անկախությունը, սակայն այս պահի դրությամբ մեր պետությունը ժողովրդավարացման ճանապարհին, մեղմ ասած, տարակուսելի արդյունքներ է արձանագրել: Մեր քաղաքացիների մեծամասնությունն արդեն վաղուց երկրի ժողովրդավարացումը չի կապում քաղաքական կուսակցությունների հետ, քանի որ, դասական առումով, մեր երկրում կուսակցական համակարգ գոյություն չունի, իսկ քաղաքացիական անկախ ինստիտուտները դեռևս վերջնականորեն կայացած չեն: Եվ, չնայած վերջին հինգ տարիների ընթացքում քաղաքացիական դաշտում ոգևորիչ ակտիվություն է նկատվում, սակայն ըստ վիճակագրության՝ այդ ակտիվությունը բնավ չի վկայում երկրի ժողովրդավարացման գործընթացում դրական արդյունքներ գրանցելու մասին: Այդ փաստը բազմաթիվ տարակուսելի հետևությունների առիթ է հանդիսանում, սակայն, ինչպես ասում են, ոչինչ միանգամից չի լինում: Այնուամենայնիվ, կարելի է հստակ ընդգծել, որ երկրում համակարգային փոփոխությունների անրաժեշտությունը գնալով ավելի ու ավելի առարկայական է դառնում և այդ խնդիրը լուծելու համար մեզ պակասում է վերոնշյալ նախապայմանների առկայությունը:

Նարեկ Սամսոնյան


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`898
Տեղադրվել է՝18:03:31 30-07-2014