Civil Consciousness - Նովոչերկասկի աշխատավորների գործադուլը և գնդակահարությունը
  • :
  • :


Նովոչերկասկի աշխատավորների գործադուլը և գնդակահարությունը


1960-ական թվականների սկիզբը Սովետական Միության համար նշանավորվեց արտադրական ծանր ճգնաժամով: 1961թ. ղեկավարությունն առաջին անգամ Կանադայից ցորեն գնեց: Ի տարբերություն Լենինի և Ստալինի՝ Խրուշչովը թույլ չտվեց, որ երկրի բնակչությունը սովամահ լինի: Այդ ժամանակ նա նշում էր, որ ԽՍՀՄ-ն ամեն ինչում կհասնի և կշրջանցի ԱՄՆ-ին, իսկ մարդիկ նրան հավատում էին՝ առաջնորդվելով հետևյալ տրամաբանությամբ. առաջին մարդը, ով թռչեց տիեզերք, Սովետական Միությունից էր և ոչ՝ ԱՄՆ-ից, կամ որ Սովետական Միության բևեռագնացներն առաջինը հասան Հյուսիսային բևեռ և այնտեղ գտնվող «Հյուսիսային բևեռ 10» կայանում տեղադրեցին սովետական դրոշ:

Այս ամենի հետ մեկտեղ, այնուամենայնիվ, խանութներում հացը գնալով պակասում էր, իսկ երկրի տնտեսական վիճակը՝ ավելի վատանում: Իրավիճակը կայունացնելու համար որոշում կայացվեց առաջին անհրաժեշտության ապրանքների, հատկապես ձեթի և մսամթերքի գները թանկացնել: Եթե այս որոշումը ձեռնտու էր գյուղացիներին, ապա մնացյալ աշխատավոր զանգվածի համար իսկական աղետ էր:

Նովոչերկասկում շոգեքարշի արտադրության գործարանում աշխատողների շրջանում գնաճի տեղեկությունը հնչեց «ինչպես ամրոպ անամպ երկնքում»: Բանն այն է, որ ղեկավարությունը կրճատել էր աշխատողների մեկ երրորդի աշխատավորական տեմպերը:

Հատված ԿԳԲ-ի աշխատակցի զեկույցից.

1962թ. հունիսի 1

«Աշխատողները' մոտավորապես 200 մարդ, առավոտյան ժամը 10-ին դադարեցրին իրենց աշխատանքը, իսկ ժամը 11-ին շարժվեցին գործարանի ղեկավարության մոտ' իրենց պահանջները ներկայացնելու: Ճանապարհին նրանց միացավ մոտավորապես 1000 մարդուց բաղկացած հոծ բազմություն»:

Դա Նովոչերկասկում կատարվելիք իրադարձությունների առաջին նշանն էր:

Շուտով գործարանի բոլոր աշխատակիցներն անցան գործադուլի: Մարդիկ զարմացած էին և չգիտեին ինչ անել: Շուտով հանրահավաքի վայր եկավ գործարանի տնօրեն Կուրիչկինը: Նրա պատասխանը եղավ այսպես. «բավական չէ փողը մսի համար, կարտոֆիլով կարկանդակ կերե՛ք»: Այս հանդուգն խոսքերից հետո բազմությունը դժգոհեց, և հենց դա պայթյունի պատճառ դարձավ:

Կեսօրին գործադուլի ալիքն արդեն քաղաքի բոլոր գործարաններում էր:

Առավոտյան ժամը 10-ին Խրուշչովն արդեն տեղյակ էր կատարվող իրադարձությունների մասին: Նա անմիջապես կապ հաստատեց Ներքին գործերի և Պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև ԿԳԲ-ի ղեկավարների հետ: Պաշտպանության նախարար՝ մարշալ Մալինովսկին Խրուշչովին զեկուցեց, որ Հյուսիսային Կովկասի զինվորական շրջանի հրամանատար գեներալ Պլիևին արդեն կարգադրել է ըստ անհրաժեշտության օգտագործել 18-րդ տանկային դիվիզիան:

Խրուշչովը հավանություն տվեց նրա կատարած քայլերին և իր մոտ կանչեց Կոմկուսի անդամ Ա.Կիրելենկոյին և Կենտկոմի քարտուղար Ա. Շվելինին: Իրավիճակը գնահատելու համար վերջիններիս հրամայեց մեկնել դեպքի վայր:

Այդ ընթացքում իրադրությունն ավելի ու ավելի էր դուրս գալիս վերահսկողությունից: Գործադուլավորների թիվը հասավ 5000-ի:

Ֆ.Կոզլովի գլխավորությամբ, ով վճռական էր տրամադրված և կողմնակից էր հարցը ուժով լուծելուն, Ռոստով ժամանեց բարձրաստիճան պաշտոնյաների մի խումբ:

Հանրահավաքի ժամանակ որոշում կայացվեց փակել այդ տարածքով անցնող կարևորագույն նշանակության գնացքի ճանապարհները: Այդ քայլով մարդիկ հույս ունեին, որ Մոսկվան վերջապես կարձագանքի իրենց պահանջներին:

Արդեն կեսօրին երկաթգծերը գրեթե լիովին փակվել էին:

Սովետական տոտալիտար պայմաններում այս աննախադեպ ընդզվման ժամանակ, երբ փողոց դուրս գալն ինքնին արդեն հերոսություն էր, մարդիկ նույնիսկ կարգախոսներ էին մշակում ցուցատախտակների վրա: Դրանցից հատկապես ուշադրություն էին գրավում «միս, ձեթ, աշխատավարձ» և, ավելի ծայրահեղ, «Խրուշչովը՝ մսի վրա» կարգախոսները: Հենց հանրահավաքի վայրում աշխատող հատուկ ծառայությունների աշխատակիցները ֆիքսում էին յուրաքանչյուր բառ կամ նախադասություն, որն ասվում էր իշխանություննների դեմ: Հետագայում՝ այս դեպքերի հետաքննության ժամանակ պարզվեց, որ հատուկ ծառայությունների աշխատակիցները ֆիքսել են ընդվզման յուրաքնչյուր մասնակցի՝ իր նկարով, իսկ առավել ակտիվները ներառվել են շրջանակի մեջ:

Տեղեկություններ կային այն մասին, որ ողբերգությունից խուսափելու համար նույնիսկ իշխանության մեջ եղած մարդիկ փորձում էին հորդորներով փոխել իրավիճակը: Նշվում էր, որ եթե Բասովը, ով Ռոստովյան շրջանի Կոմկուսի ղեկավարն էր, շփվեր գործադուլավորների հետ և պաշտոնից հեռացներ Կուրիչկինին, միայն այդ դեպքում հնարավոր կլիներ մեղմել իրավիճակը: Սակայն նա գերադասեց ցիտել Կուրիչկինին և Կոմկուսի այլ պաշտոնյաների, ինչի արդյունքում հանրահավաքի մասնակիցների կողմից հայտնվեց քարերի տարափի տակ և ստիպված եղավ գործարանի մնացյալ ղեկավարության հետ փակված մնալ շենքում:

Իշխանություններն իրականացնում էին նաև տարբեր տեսակի սադրիչ գործողություններ: Այսպես, օրինակ՝ օրերից մի օր, երբ ջերմաստիճանը 30 աստիճանից բարձր էր, և հրապարակում հավաքված մարդիկ շոգում էին, այնտեղ ժամանեց հանքային ջրով լի մի մեքենա: Իշխանությունները հույս ունեին, որ մարդիկ կջարդեն մեքենան և ուժ կիրառելու առիթ կստեղծվի, սակայն մեքենային ոչ ոք չդիպչեց:

Այդ ժամանակ իր 500 հոգանոց խմբով Նովոչերկասկ ժամանեց գեներալ-մայոր Օլեժկան: Ընդհանուր առմամբ նշվում է 6000 ցուցարարի դեմ գործող 5 զինվորական դիվիզիայի մասին: Երբ պարզ դարձավ, որ իշխանությունները չեն պատրաստվում կոնստրուկտիվ դիալոգի անցնել, որոշում կայացվեց հունիսի 2-ին շարժվել դեպի քաղաքի Կուսակցական կոմիտե և այնտեղ որոշել, թե ինչ անել:

Իշխանությունները որոշեցին մեկ քայլ առաջ անցնել. երեկոյան արդեն գործարանի շրջակայքում տանկեր և զինվորականներ էին հավաքվել: Սկսվել էին առավել ակտիվ ցուցարարների և ղեկավարների ձերբակալությունները: Հայտարարվեց նաև արտակարգ դրություն, մարդկանց կոչ էր արվում փողոց դուրս չգալ:

Փողոցներում զիվորական հերթապահող խմբեր էին շրջում, որոնց հրամայված էր ձերբակալել կասկածելի արտաքինով բոլոր մարդկանց և ուղարկել ԿԳԲ-ական նկուղներ: Բացի այդ, նրանց հրամայված էր նաև անհնազանդության դեպքում կրակել մարդկանց վրա:

Երեկոյան հերթափոխներից մեկը փողոցում նկատեց երկու երիտասարդի և վերջիններիս կոչ արեց կանգնել, սակայն նրանք վազեցին, ինչին ի պատասխան հնչեցին կրակոցներ, և սպանվեց 24-ամյա Վիկտոր Սալավյովը, ով գործարանի աշխատողներից էր: Գիշերվա ընթացքում քաղաքի ռազմավարական նշանակության գրեթե բոլոր օբյեկտներն արդեն զինվորականների հսկողության տակ էին:

Հունիսի 2-ի առավոտյան մարդիկ սովորականի պես գնում էին աշխատանքի և, հասնելով գործարանի մոտ, նրանք ապշեցին՝ տեսնելով ավտոմատ կրող զինվորականների:

Ամբողջ գործարանը շրջապատված էր զինվորականներով: Սակայն աշխատավորները չէին շտապում անցնել գործի և զինվորականների հորդորներին ի պատասխան ասում էին. «եթե օկուպացրել եք գործարանը, ապա ինքներդ էլ աշխատեք»: Շուտով մարդկանց հոծ բազմությունն ուղղակիորեն լքեց տարածքը՝ երթով շարժվելով դեպի քաղաք՝ Կուսակցական կոմիտե: Ճանապարհին նրանց միանում էին նաև այլ գործարանների աշխատողներ:

Նրանց ճանապարհը երկար էր՝ մոտավորապես 10 կմ: Կամուրջի մոտ նրանց ճանապարհին հայտնվեց զինվորական տանկային շարասյունը: Մարդիկ մի պահ կանգնեցին, սակայն այնուհետև շարժվեցին առաջ, իսկ զինվորները չխանգարեցին նրանց: Երբ Կոզլովն իմացավ, որ մարդիկ անցել են շարասյունը, հունից դուրս եկավ, իսկ Գեներալ Շապրշիկը նշեց՝ մարդիկ խաղաղ երթ էին կատարում իրենց երեխաների հետ, և զենքի օգտագործումն անթույլատրելի կլիներ: Սակայն տեսնելով Կազլովի հայացքը՝ լռեց:

Հունիսի 2-ին Խրուշչովը պետք է ելույթ ունենար հանրահավաքին, որը նվիրված էր Խորհրդա-Կուբական ընկերությանը: Ելույթից երկու ժամ առաջ Կոզլովը զեկուցեց նրան, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Լավ իմանալով, որ իրեն լսելու են ռադիոյով, հատուկ Նովոչերկասկի գործադուլավորների համար ելույթի ժամանակ արտաբերեց հետևյալ տողերը. «Նույնիսկ երբ թշնամիները ջախջախված են կռվում, նրանք շարունակում են մնալ ժողովրդի շրջանում և շարունակել իրենց պայքարը մեր դեմ, սակայն այս անգամ թաքուն մեթոդներով, չնայած որ կրում են նույն աշխատավոր համազգեստը»: Ելույթից հետո ինքը՝ Խրուշչովը զանգահարեց Կոզլովին և նշեց, որ «թշնամուն պետք չէ խղճալ: Պետք է գործել չոր, ինչպես որ պահանջում է իրավիճակը»: Երբ Խրուշչովն իմացավ, որ երթի մասնակիցներն անցել են զինվորական և տանկային շարասյունը և մոտենում են քաղաքի Կուսակցական կոմիտեին, ափերից դուրս եկավ և կարգադրեց բոլոր միջոցներով կանգնեցնել նրանց:

Տագնապով ոտքի հանվեցին Նովոչերկասկի բոլոր ստորաբաժանումները և ուղղվեցին դեպի հրապարակ և Կուսակցական կոմիտեի շենք:

Աշխատավորները պահանջեցին, որ շենքից որևէ մեկն իրենց մոտ դուրս գա և բացատրություն տա որոշման համար: Սակայն ոչ ոք դուրս չեկավ: Մարդիկ սկսեցին գրոհել շենքը: Իրավիճակը ավելի թեժացավ այն ժամանակ, երբ ամբոխի միջից մի կին հայտարարեց, որ գիշերվա ընթացքում բազմաթիվ ձերբակալություններ են եղել և պետք է գրոհել ոստիկանության շենքը:

Սակայն երբ մարդկանց մի մասը մոտեցավ ոստիկանության շենքին, ոստիկանները հայտնեցին նրանց, որ ձերբակալվածներ չկան և, անհրաժեշտության դեպքում, կարող են մի քանի հոգանոց պատվիրակություն կազմել, որին ոստիկանները կուղեկցեն բաժին, որպեսզի ցույց տան, որ ձերբակալված մարդ չկա:

Մարդիկ հանգստացան, սակայն 10-15 րոպե անց սկսեցին գրոհել շենքը: Հենց այդտեղ հեղվեց առաջին արյունը: Բախման ժամանակ ինքնաձիքներից կրակում էին մարդկանց վրա: Խառնաշփոթի ժամանակ վերջիններս փորձում էին խուսափել կրակահերթի տակ ընկնելուց և հայտնվում դատարկ բանտախցերում: Իշխանությունները բացատրում էին, որ կատարվել է հարձակում պահպանվող օբյեկտի վրա և ստիպված օգտագործվել է զենք: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, այն կինը, ով կոչ էր անում գրոհել ոստիկանության շենքը, ոչ այլ ինչ էր, քան պրոֆեսիոնալ սադրիչ:

Ի՞նչ խնդիր էր լուծում իշխանությունը՝ այդ սադրանքը կիրառելով. պարզ է, որ հրապարակում կանգնած ժողովրդին ցրելու համար առիթ էր պետք: Իսկ այդ առիթը սադրանքի միջոցով ոստիկանական շենքը գրավելու փորձն էր, որի արդյունքում եղան առաջին զոհերը:

Իր մի քանի հարյուր ավտոմատավորներով Կուսակցական կոմիտեի շենքի մոտ ժամանեց գեներալ Օլեժկան: Նրանք կանգնեցին մարդկանց դեմ հանդիման, և Գեներալ Օլեժկան հորդորեց նրանց ցրվել, այլապես կկիրառվեն միջոցներ, նկատի ունենալով, որ կկրակեն օդ:

Դա նրա վերջին խոսքն էր. սկսվեցին կրակոցներ, մարդիկ սկսեցին նահանջել, սակայն, տեսնելով, որ կրակում են օդ, չշարունակեցին նահանջը: Ականատեսները վկայում են, որ զիվորները կրակում էին օդ, սակայն վայրկյաններ անց հրապարակում հայտնվեցին առաջին դիակները:

Հրապարակում աշխատավորների հետ կանգնած էին նաև կանայք և երեխաներ: Նրանց մեջ էր 15-ամյա Վալենտինա Կոբելեվան, ով վիրավորվել էր ոտքից:

ԿԳԲ-ի կողմից կազմված ցուցակներով բժշկական օգնության էր դիմել միայն 46 մարդ: Դա վկայում էր այն մասին, որ մարդիկ ուղղակի վախենում էին դիմել բուժօգնության: Իսկ վիրավարորների թիվը, բնականաբար, ավելի մեծ էր: Բոլոր մահացածներին գիշերով տեղափոխեցին և թաղեցին գաղտնի գերեզմանոցներում, որպեսզի երբեք չիմացվի, որ այդ մարդիկ սպանվել են փամփուշտներից:

Ամբողջ հրապարակը շաղախված էր արյունով: Իշխանությունները փորձեցին մաքրել հետքերը, սակայն չստացվեց: Ուստի նրանք պարզապես ասֆալտապատեցին այդ տարածքը:

Այսպիսով, հարցական էր մնում, թե ովքեր էին կրակել մարդկանց վրա, քանի որ զինվորները, ըստ ականատեսների, միայն օդ էին կրակում: Դեպքերի հետաքննության ժամանակ հայտնվեցին առաջին վկաները, որոնք զիվորականներ էին: Նրանց վկայությամբ այդ դեպքերի ժամանակ տեսել են շենքի երկրորդ հարկում՝ պատուհանների մոտ պուլյիմյոտային զենքով զինված մի քանի մարդու: Որոշներն էլ վկայում էին, որ տեսել են դիպուկահարների: Ըստ տեղեկությունների՝ այդ ժամանակ Նովոչերկասկում էին գտնվում 9-րդ վարչության պետական պաշտոնյաների պահպանության համար նախատեսված ծառայողներ, ովքեր, և ըստ ամենայնի, կրակել են ցուցարարների վրա: Ցուցարարներից բացի զոհվեցին նաև պատահական անցորդներ և բավական հեռու գտնվող վարսավիրանոցի աշխատակիցներ:

Խրուշչովը հասկանում էր, որ տեղական և միջազգային մամուլում այս դեպքերի մասին խոսքը լրջագույն հարված կլինի Սովետական Միությանը և ձեռնամուխ եղավ տեղեկատվության տոտալ վերահսկողությանը:

Դեպի քաղաք ուղղվեցին 5 ռադիոլոկացիոն սարքավորումներ, որոնք խափանում էին ռադիոյի աշխատանքը: Քաղաքացիական ոստիկաններն ուշիուշով գրաքննության էին ենթարկում լույս տեսնող պարբերականները:

Նովոչերկասկում սկսվեցին զանգվածային ձերբակալություններ: Նրանց, ովքեր ԿԳԲ-ական աշխատողների կողմից արված նկարներում ներառվել էին շրջանակի մեջ, հունիսի 1-2 ցույցերի ժամանակ գողանում էին գիշերով այնպես, ինչպես Ստալինի ժամանակներում: Ձերբակալվածներին մեղադրանք էին առաջադրում բանդիտիզմի և սովետական իշխանության վերացման փորձի համար:

Սկսվեցին փակ դատավորություններ: Մարդկանց հիմնականում դատապարտում էին 10-15 տարի ազատազրկման: Ցավալին այն է, որ տիրում էր համատարած վախի մթնոլորտ և այդ պայմաններում մարդիկ ընդունում էին իրենց վերագրվող մեղադրանքները:

Տասնամյակներ շարունակ արգելված էր խոսել Նովոչերկասկի դեպքերի մասին: Բացի հանիրավի դատապարտվածներից, մարդկանց մեջ կային նաև այնպիսիներն, ովքեր վիրավորվել էին այդ դեպքերի ժամանակ, և հիվանդանոցից դուրս գրվելուց նրանց սպառնացել էին և արգելել խոսել:

Միայն Սովետական Միության փլուզումից հետո՝ 1992թ. հետաքննության շրջանակներում ի հայտ եկան առաջին կենդանի մնացած վկաները, որոնք պատմեցին այն ամենի մասին, ինչի մասին արգելված էր խոսելտասնյակ տարիներ շարունակ:

Մինչև այժմ հայնտի չէ այդ դեպքերի ժամանակ սպանվածների ստույգ թիվը, քանի որ իշխանությունները մարդկանց մարմինները գիշերով տանում և թաղում էին, որպեսզի վերացնեն այդ հետքերը: Սակայն հետաքննության ընթացքում հաջողվեց գտնել սպանվածների որոշ մասի մարմնի մնացորդները և տեղափոխել Նովոչերկասսկի հուշահամալիր, որտեղ թաղված են այդ սպանդի զոհերը:

Նշվում է, որ 24 մարդ թաղվել է գիշերով գաղտնի գերեզմանոցներում: Սակայն, հաշվի առնելով Խորհրդային ԿԳԲ-ի կողմից կիրառվող աշխատաոճը և գործողության գաղտնի լինելը, հիմք կա ենթադրելու, որ սպանդի զոհերի ոչ բոլոր մարմիններն են հայտնաբերվել:

Դավիթ Ֆիդանյան

Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1874
Տեղադրվել է՝20:06:51 13-08-2014