Civil Consciousness - ԼՂ կոնֆլիկտի լուծումը՝ տարածաշրջանային ժողովրդավարացման նախապայման
  • :
  • :


ԼՂ կոնֆլիկտի լուծումը՝ տարածաշրջանային ժողովրդավարացման նախապայման


Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը տարածաշրջանային անվտանգությանը, տնտեսական և քաղաքական համագործակցությանը վնասելուց բացի նաև մեծ վնասներ է հասցնում երկու եկրների ներքին ժողովրդավարությանը: Կոնֆլիկտի արդյունքում 70 տարի կողք-կողքի բարեկամաբար ապրած ժողովուրդները այսօր թշնամանքով են լցված միմյանց նկատմամբ: Բանակցային գործընթացը անընդհատ տարբեր պատճառներով կաթվածահար է լինում և խնդրի լուծումը անընդհատ առկախվում է: Միչև 1998 թվականը ԼՂ-ն բանակցություններին մասնակցում էր, որպես լիիրավ կողմ և բանակցային գործընթացում ներկայացնում էր ԼՂ ժողովրդի կարծիքը: Այնինչ 1998 թվականից ՀՀ ղեկավարության նախաձեռնությամբ ԼՂ պատվիրակությունը դուրս մնաց բանակցային գործընթացից: Այսօր փաստացի կոնֆլիկտի բանակցային ձևաչափը չի ներառում ԼՂ պատվիրակությանը, որպես բանակցության լիիրավ կողմ և այս հանգամանքը ևս ինչ-որ չափով կասեցնում է խնդրի խաղաղ լուծման հեռանկարները:
          1994 թվականի մայիսի 5-ին կնքվեց հրադադարի համաձայնագիրը, սակայն շփման գծում պարբերաբար խախտվում են դրա պայմանները, ինչը դառնում է երկու կողմերի բազմաթիվ զինծառայողների մահվան պատճառ:
Մարդկային զոհերին և ժողովուրդների՝ միմյանց հանդեպ ատելություն սերմանելուն և տնտեսական բլոկադային զուգահեռ ԼՂ կոնֆլիկտը նաև քաղաքական մեծ վնասներ է պատճառում հակամարտության բոլոր երեք կողմերին: Մասնավորապես ԼՂ կոնֆլիկտը ենթարկվում է քաղաքական շահարկումների տեղական իշխանությունների կողմից: Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները պատեհ պահը բաց չեն թողնում, որպեսզի իրենց քաղաքական քարոզարշավների մեջ հիշատակեն ԼՂ կոնֆլիկտի՝ պատերազմի վերածվելու վտանգը: Պատերազմի սպառնալիքը հզոր ներքաղաքական փաստարկ է դարձել և վնասում է ժողովրդավարական գործընթացներին: ՀՀ-ում հակաադրբեջանական տրամադրությունները համատարած և պետական բնույթ չեն կրում ի տարբերություն հարևան երկրի: Ադրբեջանի իշխանությունների կողմից պարբերաբար հակահայկական տրամադրությունների բորբոքումը հանգեցրեց 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությանը:
 Երկու ժողովուրդների միջև թշնամանքի առկայությունն արհեստական բնույթ է կրում և ուղղորդված է իշխանությունների կողմից: Առաջին հայացքից ամեն ինչ բնական է, սակայն երբ սկսում ենք հաշվի առնել նաև փաստերը, ակնհայտ է դառնում, որ կոնֆլիկտի լուծման միակ տարբերակը բանակցող կողմերի և, բնականաբար, Մինսկի խմբի համանախագահների կողմից քաղաքական կամքի դրսևորումն է: Բանակցային գործընթացը թափանցիկ չէ, և երեք հասարակությունները որևէ ձևով տեղեկացված չեն բանակցային գործընթացից: Կապը երեք հասարակությունների միջև, շատ չնչին բացառություններով, ի սպառ բացակայում է: Այսպիսով, կարելի է նաև արձանագրել, որ երեք հասարակությունները պատրաստ չեն ԼՂ հակամարտության կարգավորմանը, քանի որ խնդրի շուրջ հասարակությունների անտեղյակությունը ևս խոչընդոտում է կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը:
Տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից ևս ԼՂ կոնֆլիկտը միայն կասեցնող բնույթ է կրում: Ժողովրդավարացման ամենակարևոր նախապայմաններից մեկը տարածաշրջանային ինտեգրումն է, որը նմանատիպ պայմաններում գործնականում անհնարին է: Տարածաշրջանում ներկայումս գոյություն ունի ռազմական սպառազինությունների մրցավազք, որը սպասարկելը պետությունների կողմից մեծ ռեսուրսներ է պահանջում: Հայաստանը, ի տարբերություն իր հարևանների, չունի համապատասխան ֆինանսական կարողություններ, որպեսզի կարողանա ամբողջությամբ ապահովել անհրաժեշտ ռազմական սպառազինությունները: Այս փաստը օգտագործվում է ի նպաստ գերտերություններից մեկի աշխարհաքաղաքական շահերի: Խոսքը, իհարկե, ՌԴ-ի մասին է, ով ամեն հնարավոր քայլերով փորձում է կասեցնել խնդրի խաղաղ կարգավորումը, որպեսզի վերոնշյալ փաստը կարողանա երկար ծառայեցնել իր քաղաքական շահերին:
Այս համատեքստում ակնհայտ երևում է  Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ կոնֆլիկտի լուծմանը չնպաստելու և եղած ստատուս քվոն պահպանելու տրամադրվածությունը: ՌԴ-ի կողմից այս հակամարտությունը շահարկումների է ենթարկվում: Մասնավորապես վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցած զարգացումները վերոգրյալի ճշմարտացիության խոսուն փաստերն են: ՀՀ-ի կողմից ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող Ասոցացման Համաձայնագրի և ԽՀԱԱՀ փաստաթղթերի նախաստորագրման պատրաստակամություն հայտնելուց և դրան ուղղված կոնկրետ քայլեր կատարելուց հետո ռուսական քաղաքագետներն ու քաղաքական էլիտայի մի շարք ներկայացուցիչներ միանգամից սկսեցին շահարկել ԼՂ կոնֆլիկտը և ՀՀ-ին տարբեր հրապարակումների միջոցով սկսեցին սպառնալ նոր պատերազմով: Արդյունքում 4 տարի ԵՄ-ի այս ծրագրի շուրջ բանակցություններից հետո ՀՀ Նախագահը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարում է ՀՀ-ի կողմից Մաքսային Միությանը անդամակցելու պատրաստակամության մասին: Սերժ Սարգսյանի այս հայտարարությանը հետևեցին տարատեսակ մեկնաբանություններ, որտեղ ամենաշատը խոսվում էր ռուսական կողմից ԼՂ հիմնահարցը շահարկելու և դրանով իսկ Սերժ Սարգսյանին ՀՀ շահերին ակնհայտ հակասող որոշում պարտադրելու մասին: Այս դեպքը ևս մեկ անգամ ապացուցում է այն վարկածը, որ տարածաշրջանային խաղաղությունը և միասնական անվտանգության գոտու ստեղծումը միանշանակ հակասում է ՌԴ շահերին և այս երկիրը ևս ԼՂ հակամարտությունը լուծելու տրամադրվածություն չունի, քանի որ դրանով կթուլանա իր հեգեմոն դերը  տարածաշրջանում:
ԼՂ խնդրի կարգավորման դեպքում երկու երկրները, ինչպես նաև ԼՂ-ն բնականաբար կնախընտրեն ժողովրդավարացման ճանապարհը ինչը այսօր ուղղակիորեն հակասում է ՌԴ-ի շահերին, քանի որ որքան թույլ և ոչ լեգիտիմ են երկրների ղեկավարությունը այնքան ավելի հեշտ է նրանց վրա ճնշումներ գործադրելը: Այս տեսանկյունից ամենահամոզիչը տարածաշրջանի մեկ այլ երկրի Վրաստանի օրինակն է, որը ռուսական ազդեցությունից ազատվելուց հետո միանգամից որդեգրեց ժողովրդավարացման քաղաքականությունը և արդյունքում բազմաթիվ միջազգային կազմակերպությունների գնահատականներով այսօր Հարավային Կովկասում ամենաժողովրդավար և զարգացող երկիրն է համարվում:
Վերջում կցանկանայի նշել, որ այսօր ԼՂ կոնֆլիկտի խաղաղ լուծումը միայնումիայն բխում է երկու ժողովուրդների շահերից: Ժողովրդավարական ճանապարհով ընտրված և ժողովրդի շահերը սպասարկող իշխանությունները կարող են լուծել այս խնդիրը գիտակցելով և առաջնային համարելով ոչ թե սեփական իշխանության վերարտադրումը այլ սեփական ժողովուրդների բարեկեցությունն ու միմյանց հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը, այլապես խնդրի խաղաղ կարգավորման և երկու երկրների ժողովրդավարացման և զարգացման մասին խոսք լինել չի կարող: Միջազգային հանրությունը ևս պետք է այս խնդիրը ուշադրության կենտրոնում պահի և թույլ չտա որևէ գերտերության, սեփական շահերի և աշխարհակալական նկրտումների պատճառով, տորպեդահարել և կաթվածահար անել խնդրի խաղաղ կարգավորումը: Սա ժողովուրդների կոնֆլիկտ չէ, սա իշխանությունների կոնֆլիկտ է ինչի պատճառով երկու ժողովուրդները և իրենց նոր սերունդները  գնալով ավելի ու ավելի են հեռանում միմյանցից և թշնամանում միմյանց հանդեպ:

Նյութի բնօրինակը` http://caucasusedition.net/analysis/nagorno-karabakh-conflict-resolution-as-a-precondition-for-regional-democratization/                                                    Նարեկ Սամսոնյան


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`2858
Տեղադրվել է՝19:03:53 02-11-2013