Civil Consciousness - Երիտասարդական շարժումներ
  • :
  • :


Երիտասարդական շարժումներ


Երիտասարդական շարժումները հետ-կոմունիստական հասարակություններում.

«Զորեղ է այն հասարակությունը, որն ունի գիտակից երիտասարդների բազմություն»:

Նախորդ տասնամյակում հետ-կոմունիստական հասարակություններում երիտասարդների քաղաքացիական գիտակցության բավականին բարձր մակարդակը ստիպում էր նրանց հասարակական ակտիվություն ցուցաբերել և իրենց ձայնը լսելի դարձնել: 2000-ական թվականներից սկսած նրանք իրենց երկրների ներքին ընտրությունների նախօրյակին համախմբվում էին իրենց պետությունների ռեպրեսիվ քաղաքական վարչակարգի փոփոխության պահանջով, որը խոր արմատներ էր գցել կոմունիզմի փլուզումից հետո: 2000 թ-ին Սերբիայի Otpor (դիմադրություն) անվանումը կրող հասարակական շարժումը, որը ձևավորվել էր Բելգրադի համալսարանի մի խումբ ուսանողների կողմից, միևնույն գաղափարի շուրջ համախմբեց սերբ երիտասարդներին և հաջողությամբ ընթացող ընտրություններում կարողացավ ապահովել գործող նախագահի պարտությունը: Սերբական «Otpor» շարժումը հետխորհրդային հանրապետությունների մեջ առաջինն էր իր տեսակով, որը կարողացավ տրամագծորեն փոխել երկրում հաստատված արատավոր բարքերի տրամաբանությունը:

Սլոբոդան Միլոշևիչի հրաժարականից 3 ամիս անց Բելառուսում գլուխ բարձրացավ երիտասարդական Zubr (բիզոն) շարժումը, որի նպատակը 2001 թվականին կայանալիք ընտրություններում գործող նախագահի պարտությունն էր: Սակայն, ի տարբերություն սերբ երիտասարդների' բելառուս երիտասարդները չկարողացան իրենց երկրում հաստատել ժողովրդավարական կարգեր:

2003 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Վրաստանի երիտասարդները ձևավորել էին «Kmara» (բավական է) անունը կրող շարժումը՝ իշխանափոխության պահանջով: «Kmara» երիտասարդական շարժման արդյունքում Վրաստանում տեղի ունեցավ «Վարդերի հեղափոխությունը»: Երիտասարդների ցուցաբերած քաղաքական ակտիվության այս ալիքն իր տրամաբանական շարունակությունը գտավ Ուկրաինայի երիտասարդական Pora (ժամանակն է) շարժման տեսքով, որն Ուկրաինայում սկիզբ առավ 2004 թվականի նախագահական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում: Ինչպես Սերբիայի և Վրաստանի պարագայում Ուկրաինայում ևս երիտասարդական շարժումը հաջող ավարտ ունեցավ:

Վերը թվարկած հասարակական շարժումների բազմությունից պարզ է դառնում, որ այս հասարակությունները այլևս պատրաստ չէին հանդուրժել ռեպրեսիվ իշխանություններին և քաղաքական համակարգի փոփոխության անհրաժեշտություն էին առաջ քաշում: Հետ-կոմունիստական երիտասարդությունը նախկինում երբեք այսքան համախմբված չէր եղել: Գրեթե երիտասարդական բոլոր այս շարժումները ձևավորվել են կայանալիք ընտրությունների ժամանակահատվածում: Գործող նախագահները այս շարժումների հիմնական թիրախներն էին, քանի որ այս երկրների ժողովրդավարացման ճանապարհին նրանք միայն խոչընդոտ էին հանդիսանում: Բացի այդ, երիտասարդական բոլոր այս շարժումներն ընտրել էին պայքարի խաղաղ ձևը և խաղաղ անհնազանդության սկզբունքներով էին առաջնորդվում: Այն փաստը, որ հետ-կոմունիստական հասարակությունների երիտասարդները կիսում էին միևնույն քաղաքական արժեքները և քաղաքական մասնակցություն ցուցաբերելիս առերեսվել էին համակարգային միանման խոչընդոտներին, թույլ էր տալիս միաձայն ընդունել պայքարի սերբական' Otpor շարժման որդեգրած ռազմավարությունը, այն է՝ պայքարել առանց ուժի կիրառման: Երիտասարդական այս շարժումների ընդհանուր պահանջները երեքն էին՝ անկախ և արդար ընտրություններ, մամուլի ազատություն և ապաքաղաքականացված համալսարաններ: Երիտասարդներն իրենց պահանջները ներկայացնում էին բավականին կրեատիվ մեթոդներով՝ գրաֆիտիի, ռոք համերգների, փողոցային մասսայական միջոցառումների, թռուցիկների և այլ միջոցներով: Նրանք գիտակցում էին, որ միայն խաղաղ և համակարգված պայքարը կարող էր հաջողությամբ պսակվել և պայքարի ողջ ընթացքում առաջնային պլանում էր գտնվում հնարավորինս շատ այլ շարժումների փորձերին ծանոթանալը և վերլուծություններ կատարելը, որը հնարավորություն կտար նրանց կատարելագործել ընտրված մեթոդների կիրառելիությունը և առավելագույն արդյունքների հասնել:

Հ.Գ. Կարելի է արձանագրել, որ վերջին տասնամյակում Հայաստանում ևս եղել են տարատեսակ երիտասարդական շարժումներ, սակայն ցավոք սրտի պետք է փաստել, որ այդ շարժումները երբեք չեն հասել իրենց կողմից հռչակված խնդիրների լուծմանը: Բացառությամբ անցած տարի տեղի ունեցած տրանսպորտի ուղևարձերի բարձրացման դեմ ծավալված պայքարի հայ երիտասարդների կողմից նախաձեռնված գրեթե բոլոր շարժումները անհաջող ավարտ են ունեցել: Այսպիսի պայմաններում հարկ է ընդգծել նաև, որ մեր պարագայում ձախողումների հիմնական պատճառներից են հանդիսացել միջազգային փորձի ուսումնասիրության բացակայությունը, հստակ օրակարգերի ձևավորումն ու ծավալվող շարժումների ընթացքում մարտավարության և ղեկավար մարմնի բացակայությունը:

Լուսինե Առաքելյան


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1829
Տեղադրվել է՝16:53:10 19-02-2014