Civil Consciousness - Քաղաքակրթությունների բախում (մաս 1)
  • :
  • :


Քաղաքակրթությունների բախում (մաս 1)

«Քաղաքակրթությունների բախում» թեմայով քաղաքագիտական այս հոդվածաշարը սկսելու համար հիմք է հանդիսացել ներկայումս համաշխարհային քաղաքագիտական գրականության հայերեն թարգմանությունների բացակայությունը, ինչպես նաև այս դաշտում տիրող տարբեր տեսակի հակաքաղաքագիտական բանավեճերի առկայությունը: Մեր կայքում պարբերաբար կհրապարակվեն քաղաքագիտական վերլուծական հոդվածներ, որոնց հեղինակները «Քաղաքացիական Գիտակցություն» ՀԿ անդամներն են: Կայքում տեղ կգտնեն նաև օտարազգի հայտնի քաղաքագետների տեսությունները հայերեն տարբերակով:

«Քաղաքակրթությունների բախման» թեմայի արդիականության պատճառը, որը առավել խորը ուսումնասիրվել է Ս. Հանթինգթոնի կողմից, առաջին հերթին, ժամանակակից հասարակության մեջ գլոբալիզմի ընդարձակումն է: Ինչպես ցույց է տալիս պատմական փորձը' ազգի և մշակույթի կոնցեպցիաները աստիճանաբար իրենց տեղը զիջում են քաղաքակրթությունների կոնցեպցիային: Այդ պատճառով, ինչպես քաղաքակրթությունների բախման կոնցեպցիայի, այդպես էլ դրանց բնույթի և տարատեսակ հակումների ուսումնասիրությունը անչափ կարևոր է: Շատ մշակութաբանական կոնցեպցիաներ ապացուցում են, որ Արևմուտքի և Արևելքի մշակույթներն ու քաղաքակրթությունները չեն կարող համակցվել:

Քաղաքակրթությունների խնդրի իմացությունը կօգնի հասկանալ Արևմուտքի և Արևելքի, Հյուսիսի և Հարավի, Ասիայի, Աֆրիկայի, Եվրոպայի, Լատինական Ամերիկայի մշակույթների մոտեցումը: Չէ որ այս մոտենալու գործընթացը իրական ընթացք է, որը հսկայական պրակտիկ իմաստ ձեռք բերեց թե ամբողջ աշխարհի և թե յուրաքանչյուր մարդու համար: Հարյուր հազարավոր մարդիկ արտագաղթում են և հայտնվում արժեքային նոր համակարգի մեջ, որին նրանք պիտի տիրապատեն: Իսկ մեկ այլ ազգի նյութական և հոգևոր արժեքների ձեռքբերումը բնավ հեշտ գործ չէ:

XX դարի 90-ական թվականներին քաղաքագետների և գիտնականների շրջանակում տարածում գտավ «քաղաքակրթույունների բախում» հասկացությունը, որը առաջ քաշեց Ս. Հանթինգթոնը. «Ես կարծում եմ, որ գալիք աշխարհում կոնֆլիկտների հիմնական աղբյուրը կլինի արդեն ոչ իդեոլոգիան և ոչ էլ տնտեսությունը… Քաղաքակրթությունների բախումը կդառնա համաշխարհային քաղաքականության գերակշռող գործոնը: Քաղաքակրթությունների միջև պառակտման եզրերը ապագա ճակատների եզրերն են»: Ս. Հանթինգթոնը եզրակացնում է, որ առավել հավանական է համարվում քրիստոնեական (ԱՄՆ-ի գլխավորությամբ) և իսլամական քաղաքակրթությունների միջև բախումը:

Տվյալ թեմայի պարզաբանման համար օգտագործվել է ինչպես Սամուել Հանթինգթոնի աշխատությունները, այնպես էլ օտար լեզուներով այլ համապատասխան գրականություն:

Հոդվածում կլինեն Հանդինգտոնի պարզաբանումները քաղաքակրթությունների բնույթի և համընդհանուր հատկանիշների մասին: Հանթինգթոնը ուսումնասիրում է հարաբերությունները ինչպես Արևմուտքի և մնացյալ աշխարհի (ոչ Արևմուտքի), այնպես էլ Արևելքի երկրների միջև:

Ս. Հանթինգթոնը քննարկում է համաշխարհային պատմությունը' որպես ժամանակակից աշխարհի տարաբնույթ բախումների հիմք: Շատ բաներ հասկանալի և բնական են դառնում այն բանից հետո, երբ կարդում ես առաջնակարգ մասնագետ սոցիոլոգ և քաղաքագետ Ս. Հանթինգթոնի մեկնաբանությունները բոլորին հայտնի պատմական իրադարձությունների վերաբերյալ:

Հոդվածում կանդրադառնանք նաև Հանթինգթոնի' քաղաքակրթությունների բախման թեորիային, որտեղ բացատրվում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ինդիգենիզացիան, վեստոկսիկացիան, անեմիան և այլն: Հոդվածին կցված է նաև քննադատություն' գիտնական Ինոզեմցևի կողմից, որը բավական պատճառաբանված մեկնաբանություններ է տալիս Հանթինգթոնի աշխատության վերաբերյալ: Շարունակելի....

Նարեկ Սամսոնյան


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`2045
Տեղադրվել է՝16:26:35 19-02-2014