Civil Consciousness - Քաղաքակրթությունների բախում (մաս 2)
  • :
  • :


Քաղաքակրթությունների բախում (մաս 2)

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒՅԹԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՋԵՎ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԸՍՏ Ս. ՀԱՆԹԻՆԳԹՈՆԻ

Սառը պատերազմի ժամանակ աշխարհը բաժանվեց «առաջինի», «երկրորդի» և «երրորդի»: Բայց հետո այդպիսի բաժանումը կորցրեց իր իմաստը: Հիմա ավելի տեղին կլինի խմբավորել երկրները' հիմնվելով ոչ թե նրանց քաղաքական կամ տնտեսական համակարգերի, նրանց տնտեսական զարգացման աստիճանի վրա, այլ ելնելով նրանց մշակութային և քաղաքակրթական չափանիշներից:

Ի՞նչ ի նկատի ունենք, երբ խոսքը վերաբերում է քաղաքակրթությանը: Քաղաքակրթությունը որոշակի մշակութային էություն է: Գյուղերը, շրջանները, էթնիկ խմբերը, ազգերը, կրոնական համայնքները, որոնք արտացոլում են մշակութային անհամասեռության տարբեր մակարդակները, բոլորն ունեն իրենց յուրահատուկ մշակույթը: Հարավային Իտալիայի գյուղը իր մշակույթով կարող է տարբերվել Հյուսիսային Իտալիայի նույնպիսի գյուղից, բայց դրա հետ մեկտեղ' նրանք միևնույն է շարունակում են մնալ հենց իտալական գյուղեր, և դրանք չես շփոթի գերմանականների հետ: Իրենց հերթին' եվրոպական երկրները ունեն ընդհանուր մշակութային եզրեր, որոնք դրանք տարբերում են չինական կամ արաբական աշխարհից:

Այստեղ մենք հասնում ենք հարցի էությանը: Քանզի արևմտյան աշխարհը, արաբական շրջանը և Չինաստանը չեն հանդիսանում առավել լայն մշակութային համայնքի մաս, նրանք քաղաքակրթություններ են: Մենք կարող ենք հիմնավորել քաղաքակրթությունը' որպես բարձրագույն տարատեսակի մշակութային համայնք, մարդկանց մշակութային ինքնության ամենալայն մակարդակ: Արդեն հաջորդ աստիճանը ներառում է այն, ինչը տարբերում է մարդկային տեսակը կենդանի արարածների այլ տեսակներից:

Քաղաքակրթությունները բնորոշվում են օբյեկտիվ կարգապահության ընդհանուր գծերի առանձնացմամբ, ինչպիսիք են լեզուն, պատմությունը, կրոնը, ավանդույթները, ինստիտուտները, ինչպես նաև մարդկանց սուբյեկտիվ ինքնաճանաչողությամբ: Ինքնաճանաչողությունն ունի տարբեր մակարդակներ. այսպես Հռոմի բնակիչը կարող է իրեն բնութագրել որպես հռոմեացի, իտալացի, կաթոլիկ, քրիստոնյա, եվրոպացի, արևմտյան աշխարհի մարդ: Քաղաքակրթությունը ամենալայն մակարդակն է այն համայնքի, որի հետ նա իրեն կապում է: Մարդկանց մշակութային ինքնաճանաչողությունը կարող է փոխվել, և արդյունքում փոխվում են այս կամ այն քաղաքակրթության բաղադրությունն ու սահմանները:

Քաղաքակրթությունը կարող է ներառել մարդկանց մեծ մասսա' օրինակ Չինաստանը, որի մասին Լյուսյեն Պայն ասել է. «քաղաքակրթություն, որը երկիր է ձևանում»: Բայց այն կարող է և չափազանց փոքրաթիվ լինել' օրինակ Կարիբյան ավազանի կղզիների անգլալեզու բնակիչների քաղաքակրթությունը: Քաղաքակրթությունը իր մեջ կարող է ընդգրկել մի քանի ազգ-պետություններ, ինչպես արևմտյան, լատինոամերիկյան կամ արաբական քաղաքակրթությունների դեպքում, կամ մեկ միակ ազգ-պետություն, ինչպես Ճապոնիայի դեպքում: Ակնհայտ է, որ քաղաքակրթությունները կարող են խառնվել, ավելանալ մեկը մյուսի վրա, ներառել ենթաքաղաքակրթություններ:

Արևմտյան քաղաքակրթությունը գոյություն ունի երկու հիմնական տարբերակներով' եվրոպական և հյուսիսամերիկյան, իսկ իսլամականը բաժանվում է արաբականի, թուրքականի և մալայականի: Չնայած այս ամենին' քաղաքակրթությունները իրենցից որոշակի ամբողջություն են ներկայացնում: Նրանց միջև սահմանները հազվադեպ են լավ արտահայտված լինում, բայց դրանք իրական են: Քաղաքակրթությունները դինամիկ են. դրանք ունենում են վերելք և անկում, դրանք առանձնանում և միաձուլվում են: Եվ, ինչպես գիտի ցանկացած պատմաբան ուսանող, քաղաքակրթություններն անհետանում են, դրանց ոչնչացնում է ժամանակը:

Արևմուտքում ընդունված է կարծել, որ ազգ-պետությունները միջազգային դաշտում հիմնական գործող անձիք են: Բայց դրանք այդ դերում հանդես են գալիս ընդամենը մի քանի դար: Մարդկության պատմության հիմնական մասը քաղաքակրթությունների պատմությունն է: Ա. Տոյնբիի հաշվարկներով' մարդկության պատմությանը հայտնի է եղել 21 քաղաքակրթություն: Դրանցից միայն 6-ը գոյություն ունի ժամանակակից աշխարհում:

Եթե սառը պատերազմի ժամանակաշրջանում ճգնաժամերի և արյունահեղությունների հիմնական օջախները կենտրոնացել էին քաղաքական և իդեոլոգիական սահմանների համաձայն, ապա հիմա դրանք տեղավորվում են քաղաքակրթությունների միջև առկա բաժանման եզրերի վրա: Սառը պատերազմը սկսվել է այն պահից, երբ «երկաթե վարագույրը» Եվրոպան քաղաքականապես և իդեոլոգիապես բաժանեց: Սառը պատերազմը վերջացավ «երկաթե վարագույրի» վերացման հետ: Բայց հենց որ Եվրոպայի իդեոլոգիական բաժանումը ոչնչացվեց, կրկին վերածնվեց դրա մշակութային բաժանումը' մի կողմից արևմտյան քրիստոնեության, մյուս կողմից'ուղղափառության և իսլամի միջև:

Հնարավոր է, որ, ինչպես կարծում է Ու. Ուոլլիսը, Եվրոպայի առավել կարևոր բաժանման եզր է արևմտյան քրիստոնեության արևելյան սահմանը, որը հաստատվել է 1500-ականներին: Այն այժմյան սահմաններով տարածվում է Ռուսաստանի և Ֆինլանդիայի միջև, մերձբալթյան երկրների և Ռուսաստանի միջև, կտրում-անցնում է Բելոռուսն ու Ուկրաինան, թեքվում է դեպի արևմուտք' Տրանսիլվանիան Ռումինիայի մյուս մասից առանձնացնելով, իսկ հետո, մոտենալով Հարավսլավիային, գրեթե ճշտությամբ համընկնում է այն սահմանի հետ, որն այժմ բաժանում է Խորվաթիան և Սլովենիան Հարավսլավիայի մնացած մասից: Բալկաններում այս գիծը իհարկե համընկնում է Գաբսբուրգի և Օսմանական կայսրության պատմական սահմանի հետ: Այս գծից ավելի հյուսիս և ավելի արևմուտք ապրում են բողոքականներն ու կաթոլիկները: Նրանք եվրոպական պատմության ընդհանուր փորձ ունեն. ֆեոդալիզմ, Վերածնունդ, Ռեֆորմացիա, Լուսավորչականություն, ֆրանսիական Մեծ հեղափոխություն, արդյունաբերական հեղափոխություն: Նրանց տնտեսական իրավիճակը, որպես կանոն, շատ ավելի լավ է, քան ավելի արևելք ապրողներինը: Հիմա նրանք միացյալ եվրոպական տնտեսության և ժողովրդավարական քաղաքական համակարգերի փոխգործունեության շրջանակներում կարող են ավելի սերտ համագործակցություն հուսալ: Այդ գծից ավելի արևելք և հարավ ապրում են ուղղափառ քրիստոնյաներն ու մուսուլմանները: Պատմականորեն նրանք պատկանել են կամ Օսմանյան, կամ Ցարական կայսրությանը, և նրանց միայն հասնում էր Արևմուտքի ճակատագիրը որոշող պատմական իրադարձությունների խուլ արձագանքը: Նրանք տնտեսապես զիջում են Արևմուտքին, և կարծես, թե ավելի անպատրաստ են ժողովրդավարական քաղաքական համակարգ ստեղծելուն: Եվ հիմա մշակույթի «մետաքսե վարագույրը» փոխարինել է «երկաթե վարագույրին»' որպես Եվրոպայի կարևորագույն տարբերանշանային գիծ: Հարավսլավիայի իրադարձությունները ցույց տվեցին, որ դա ոչ միայն մշակութային տարբերությունների գիծ է, այլ ժամանակ առ ժամանակ նաև արյունալի կոնֆլիկտների:

Արդեն 13 դար է, ինչ կոնֆլիկտը ձգվում է արևմտյան և իսլամական քաղաքակրթությունների միջև բաժանման սահմանի երկայնքով: Արաբների և մավրերի' իսլամի առաջացման ժամանակաշրջանից սկսած շարժումը դեպի արևմուտք և հյուսիս ավարտվեց միայն 732 թվականին: XI-XIII դարերում խաչակիրները փոփոխական հաջողությամբ փորձում էին Սուրբ Երկիր բերել քրիստոնեությունը և այնտեղ քրիստոնեական կառավարություն հաստատել: XIV-XVII դարերում առավելությունը իրենց ձեռքը վերցրին օսմանյան թուրքերը: Նրանք իրենց տիրապետությունը տարածեցին Մերձավոր Արևելքում և Բալկաններում, գրավեցին Կոնստանդնուպոլիսը և երկու անգամ պաշարեցին Վենան: Բայց XIX-ից մինչև XX դարի սկզբները օսմանյան թուրքերի իշխանությունը սկսեց անկում ապրել: Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի մեծ մասը մնաց Անգլիայի, Ֆրանսիայի և Իտալիայի հսկողության տակ:

Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ավարտին եկավ արևմուտքի նահանջելու ժամանակը: Վերացան գաղութային կայսրությունները: Իրենց մասին հռչակեցին սկզբում արաբական նացիոնալիզմը, իսկ այնուհետև իսլամական ֆունդամենտալիզմը: Արևմուտքը ծանր կախվածության մեջ հայտնվեց Պարսից ծոցի երկրներից, որոնք նրան ապահովում էին էներգակիրներով: Նավթով հարուստ մուսուլմանական երկրները հարստանում էին ֆինանսներով, իսկ ցանկության դեպքում նաև զենքով: Մի քանի պատերազմներ տեղի ունեցան արաբների և Իսրայելի միջև, որոնք ծրագրավորվել էին Արևմուտքի կողմից: 50-ական թվականների ընթացքում Ֆրանսիան անդադար արյունահեղ պատերազմներ էր իրականացնում Ալժիրում: 1956 թվականին բրիտանական և ֆրանսիական զորքերը ներխուժեցին Եգիպտոս: 1958 թվականին ամերիկացիները մտան Լիբանան: Արդյունքում, նրանք բազմաթիվ անգամներ վերադառնում էին այդտեղ, ինչպես նաև հարձակումներ էին գործում Լիբիայի վրա և բազմաթիվ զինված բախումների էին մասնակցում Իրանի դեմ: Ի պատասխան այս ամենին' արաբական և իսլամական ահաբեկիչները, ամենաքիչը երեք մերձարևելյան կառավարությունների աջակցությամբ, օգտվեցին թույլերի զենքից և սկսեցին պայթեցնել արևմտյան ինքնաթիռներ, շինություններ և պատանդներ վերցնել: Արևմուտքի և արաբական երկրների միջև պատերազմական իրավիճակը գագաթնակետին հասավ 1990 թվականին, երբ ԱՄՆ-ը Պարսից ծոց ուղարկեց բազմահազարանոց զորքը' որոշ արաբական երկրներ մյուսների ահաբեկչությունից պաշտպանելու: Այս պատերազմի ավարտին' ՆԱՏՕ-ի ծրագրերը կազմվում են' «հարավային սահմանների» երկայնքով տիրող հավանական վտանգը և անկայունությունը հաշվի առնելով:

Հոդվածաշարի առաջին հատվածին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

http://civilngo.com/am/news/political/53

Նարեկ Սամսոնյան


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`2033
Տեղադրվել է՝16:27:08 19-02-2014