Civil Consciousness - Քաղաքակրթությունների բախում (մաս 6)
  • :
  • :


Քաղաքակրթությունների բախում (մաս 6)

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀԸ. ՊԱՌԱԿՏՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ.

ՄՈԴԵՌՆԻԶԱՑԻԱ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մոդեռնիզացիան և տնտեսական զարգացումը չեն պահանջում մշակութային վեստերնիզացում' արևմտականացում, և չեն հանգեցնում դրան: Ընդհակառակը, դրանք նպաստում են արմատային մշակույթների վերածնմանն ու դրանց հանդեպ կապվածության վերականգնմանը: Անհատական մակարդակով մարդկանց տեղափոխությունը անծանոթ քաղաքներ, անսովոր սոցիալական շրջակայքի և նոր աշխատանքի հետ բախումները քանդում են իրենց ավանդական տեղական կապերը, ստեղծում օտարացման զգացում և գենետիկ արյան արտահոսքի (սակավար-յունություն' անեմիա) իրավիճակ, առաջացնում են ինքնաճանաչողության ճգնա-ժամեր, որոնք կարող է լուծել միայն կրոնը: Հասարակական մակարդակում մոդեռնիզացիան մեծացնում է ամբողջ երկրի տնտեսական զարգացվածությունը և ռազմական հզորությունը, ինչպես նաև մարդկանց մեջ առաջացնում է իրենց ժառանգության հանդեպ վստահություն և նրանց դարձնում է ավելի հաստատակամ' իրենց մշակութային ինքնորոշման արտահայտման մեջ : Արդյունքում, բազմաթիվ ոչ արևմտյան հասարակություններ վերադարձ ապրեցին դեպի տեղական, մայրենի մշակույթները: Հաճախ սա կրոնական բնույթ է ստանում, և կրոնի համաշխարհային վերածննդի անմիջական հետևանքը մոդեռնիզացիան է: Ոչ արևմտյան հասարակություններում, այս վերածնունդը գրեթե միշտ հակաարևմտյան կողմնորոշում ունի, որոշ դեպքերում տանում է արևմտյան մշակույթի մերժման, քանի որ այն քրիստոնեական է և ապակառուցողական, իսկ մյուս դեպքերում' որովհետև աշխարհիկ է և այլասերված: Ավանդականին վերադարձը առավել արտահայտիչ է իսլամական և Ասիական հասարակություններում: Իսլամական Ռենեսանսը դրսևորվեց բոլոր մահմեդական երկրներում, գրեթե յուրաքանչյուրում այն դարձել է կարևոր հասարակական, մշակութային և մտավորական շարժում, ու նրանց մեծ մասում ուժեղ ազդեցություն է ունեցել քաղաքականության վրա: 1996-ին գրեթե ամեն մահմեդական երկիր, բացի Իրանից, իր հայեցողությամբ, ամենօրյա պրակտիկայով և ինստիտուտներով եղել է ավելի իսլամական և ավելի իսլամիստական, քան նրանք 15 տարի առաջ էին: Այն երկրներում, որտեղ իսլամական քաղաքական ուժերը չեն ձևավորել կառավարություն, նրանք անփոփոխ կերպով գերակշռում են կառավարության նկատմամբ ընդդիմության մեջ և հաճախ մոնոպոլիզացնում են այն: Ողջ մուսուլմանական աշխարհում մարդիկ դեմ են դուրս գալիս իրենց հասարակությունների «վեստոկսիկացմանը»' Արևմուտքի կողմից թունավորումներին:

Արևելյան Ասիական հասարակությունները նորից անցել են նախատիպային տեղական և ավանդական արժեքների վերահայտնագործումը, և ավելի ու ավելի հաճախ են մարդիկ հանգում Արևմուտքի համար ամոթալի եզրակացության, երբ Արևմուտքի մշակույթը համեմատում են իրենց սեփական մշակույթի հետ: Արդեն մի քանի դար, նրանք ոչ արևմտյան ազգերի հետ միասին նախանձում են գիտելիքների և տեխնոլոգիաների, տնտեսական, ռազմական ուժի և քաղաքական համախմբվածության բարգավաճում արևմտյան հասարակություններում: Նրանք փնտրում էին այս հաջողության գաղտնիքը արևմտյան արժեքների և ավանդույթների մեջ, և երբ նրանք գտնում էին այն, որը իրենց կարծիքով կարող էր էական լինել, փորձում էին կիրառել այն իրենց հասարակություններում: Բայց հիմա արմատական փոփոխություն է տեղի ունեցել: Այսօր Արևելյան Ասիայի բնակիչները համարում են, որ իրենց տպավորիչ տնտեսական զարգացումը ներմուծվել է ոչ թե արևմտյան մշակույթի միջոցով, այլև իրենց սեփական մշակույթին նվիրվածության շնորհիվ: Նրանք պնդում են, որ սա հաջողվել է ոչ թե որովհետև այն նման է դարձել Արևմուտքին, այլ որովհետև նրանք տարբերվում են նրանից: Գրեթե ճիշտ նույնությամբ, երբ ոչ արևմտյան հասարակությունները իրենց թույլ էին զգում Արևմուտքի նկատմամբ, իրենց առաջնորդներից շատերը դիմել են արևմտյան այնպիսի արժեքների օգնությանը, ինչպիսիք են ինքնորոշումը, ազատականությունը, ժողովրդավարությունը և ազատությունը, որպեսզի արդարացնեն իրենց ընդդիմությունը համաշխարհային տիրապետություն ունեցող Արևմուտքին: Հիմա, երբ նրանք արդեն ոչ այնքան թույլ են, այլ բավականին ավելի հզոր, նրանք դատապարտում են նույն արժեքները, որոնք նախկինում պահպանում էին իրենց շահերը ապահովելու համար, ինչպես օրինակ «մարդու իրավունքների իմպերիալիզմը»: Ճիշտ այնպես, ինչպես Արևմուտքի իշխանությունը արմատացած է անցյալում, նույնը տեղի է ունենում արևմտյան արժեքների և մշակույթի հրապույրի հետ, և Արևմուտքը բախվում է իր արժեքները ոչ արևմտյան հասարակություններին ստիպելու անկարողության հետ: Սկզբունքորեն, աշխարհի մեծ մասը դառնում է ավելի արդիական և քիչ արևմտականացված:

Այս միտման դրսևորումներից մեկն այն է, որ Ռոնալդ Դորը սահմանել է որպես «երկրորդ սերնդի տեղական արմատներին վերադարձի երևույթ» («second-generation indigenization phenomenon») : Բազմաթիվ ոչ արևմտյան քաղաքակրթությունների պատկանող ուսանողներ, որոնք կրթություն են ստանում արևմտյան հասարակություններում, բախվում են այս երևույթի հետ: Նրանք ստիպված են բարգավաճման միջոցներ որոնել սեփական հասարակության մեջ և, հետևաբար, հարմարեցնել դրանք այս հասարակության մեջ տիրող արժեքների և մշակույթի հետ:

Ինդիգենիզացիան (վերադարձ արմատներին) պայմանավորված է ժողովրդավարության պարադոքսով. երբ ոչ արևմտյան հասարակություններում փորձում են անցկացնել արևմտյան չափանիշներին համապատասխան ընտրություններ, իրականում հաղթում են արևմուտքը մերժող և փնովող քաղաքական ուժերը: Ժողովրդավարությունը հասարակությունը դարձնում է ավելի տեղայնացված, ոչ թե ավելի կոսմոպոլիտ: Քաղաքական ուժերը չեն հաղթի ընտրություններում, եթե նրանք ընտրեն Արևմուտքի ժողովրդավարության օրինակները: Իրենց նախընտրական պայքարի ժամանակ նրանք ընտրում են այնպիսի ծրագիր, որը, իրենց հաշվով, առավել հրապուրիչ կլինի հասարակության համար, իսկ սա սովորաբար կրում է էթնիկ, ազգայնական և կրոնական բնույթ: Արդյունքում ամբողջ հասարակությունը տրամադրվում է արևմտյան էլիտայի և առհասարակ Արևմուտքի դեմ:

Ինչպես նշում էր Մայքլ Հովարդը. «Պարզապես սուտ և սխալական է Արևմուտքի այն պարզ կարծիքը, թե մշակութային բազմազանությունն ընդամենը ինչ-որ պատմական թյուրիմացություն է, որը կարելի է հեշտությամբ հաղթահարել միասնական արևմտյան մշակույթի առկայության շնորհիվ, որը կառուցում է մեր հիմնական արժեքային համակարգը» :

Հավատը, թե ոչ արևմտյան հասարակությունները պիտի ընդունեն արևմտյան արժեքներն ու մշակույթը, անբարոյական է իր հետևանքներով: XIX դարի վերջի եվրոպական հզորացման գրեթե տիեզերական թափը և XX դարի կեսի Միացյալ Նահանգների գերիշխանությունը արևմտյան քաղաքակրթության շատ ասպեկտներ տարածեցին ամբողջ աշխարհով: Բայց այսօր եվրոպական գլոբալիզմը արդեն գոյություն չունի, իսկ Միացյալ Նահանգների հեգեմոն դիրքը նվազում է, հենց գոնե այն պատճառով, որ այլևս չկա ԱՄՆ-ը սովետական միության սպառնալիքից պաշտպանելու անհրաժեշտությունը: Կախված այն բանից, թե ինչ կերպ ասիական և մուսուլմանական քաղաքակրթությունները կհայտարարեն իրենց մշակույթի համաշխարհային լինելու մասին, արևմտյան հասարակության հետևորդներն աստիճանաբար կգան այն բանին, որ կտեսնեն ունիվերսալության և իմպերիալիզմի միջև կապը և կգնահատեն բազմակարծիք աշխարհի առավելությունները:


Հոդվածաշարի նախորդ հատվածներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով

http://civilngo.com/am/news/political/53

http://civilngo.com/am/news/political/55

http://civilngo.com/am/news/political/57

http://civilngo.com/am/news/political/59

http://civilngo.com/am/news/political/64

Նարեկ Սամսոնյան


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`2407
Տեղադրվել է՝16:30:04 19-02-2014