Civil Consciousness - Թրումենի Դոկտրինան
  • :
  • :


Թրումենի Դոկտրինան

Թրումենի դոկտրինայով նախագահ Հարրի Ս. Թրումենը հաստատեց, որ Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնում ցուցաբերելու քաղաքական, ռազմական և տնտեսական աջակցություն բոլոր այն ժողովրդավարական երկրներին, որոնք գտնվում են արտաքին կամ ներքին բռնապետական ուժերի ներքո: Թրումենի դոկտրինան բավականին արդյունավետ ազդեցություն ունեցավ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա ' փոխելով այն իր սովորական դիրքորոշումից, որն է' հրաժարվել տարածաշրջանային հակամարտություններին ուղղակիորեն ներգրավված լինելուց և հեռու մնալ հակամարտություններից:
Թրումենի դոկտրինայի համար հիմք է հանդիսացել 1947թ. մարտի 12-ին նախագահ Թրումենի Կոնգրեսի նիստում ունեցած ելույթներից մեկը: Ելույթի անմիջական պատճառ էր հանդիսացել Մեծ Բրիտանիայի կառավարության վերջին հայտարարությունը, համաձայն որի նրանք պատրաստվում էին դադարեցնել Հունաստանի կոմունիստական կուսակցության դեմ մղվող քաղաքացիական պատերազմի համար Հունաստանի կառավարությանը ցուցաբերվող ռազմական և տնտեսական աջակցությունը: Թրումենը առաջարկեց Կոնգրեսին աջակցել Հունաստանի կառավարությանը կոմունիստների դեմ պայքարում: Նա դիմեց Կոնգրեսին Թուրքիային աջակցելու առաջարկությամբ ևս, քանի որ նրանք էլ նախկինում կախված են եղել բրիտանական օգնությունից:
Այդ ժամանակ ԱՄՆ կառավարությունը համոզված էր, որ Խորհրդային Միությունը աջակցություն էր ցուցաբերում Հունաստանի կոմունիստական կուսակցությանը և անհանգստանում էր, որ, եթե կոմունիստները հաղթանակ տանեին հունական քաղաքացիական պատերազմում, ապա խորհրդային ուժերն ի վերջո կհաստատվեին Հունաստանում և ազդեցություն կունենային նրա կողմից վարվող քաղաքականության վրա: Իրականում, խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինը դիտավորյալ հրաժարվել էր Հունաստանի կոմունիստական կուսակցությանը որևէ աջակցություն ցուցաբերելուց և անգամ ստիպել էր Հարավսլավիայի վարչապետ Իոսիպ Տիտոյին հետևել իր օրինակին' մեծապես վնասելով խորհրդային-հարավսլավական հարաբերությունները: Այնուամենայնիվ, մի շարք արտաքին քաղաքական այլ խնդիրներ ևս ազդեցին Հունաստանին և Թուրքիային ակտիվորեն օգնություն ցուցաբերելու նախագահ Թրումենի որոշման վրա:
Խորհրդային Միության հետ հարաբերությունների վատթարացումը, խորհրդային ուժերի աճող միջամտությունը հույն-թուրքական հարաբերություններում, ինչպես նաև Հունաստանին ցուցաբերվող բրիտանական աջակցության դադարեցումը ստիպեցին Թրումենի վարչակազմին վերանայել ամերիկյան արտաքին քաղաքականությունը: Ելնելով վերը նշված պատճառներից, իր ելույթում նախագահ Թրումենը Կոնգրեսին առաջարկեց հունական և թուրքական կառավարություններին տրամադրել 400,000,000 $-ի չափով օգնություն, ինչպես նաև՝ հմուտ ռազմական ուժ և սարքավորումներ:
Թրումենն իր առաջարկը հիմնավորում էր այսպես. առաջին, նա պնդում է, որ կոմունիստական ուժերի հաղթանակը Հունաստանի քաղաքացիական պատերազմում կվտանգի նաև Թուրքիայի քաղաքական կայունությունը, որն էլ իր հերթին կխաթարի ամբողջ Մերձավոր Արևելքի քաղաքական կայունությունը: Իսկ դա չէր կարելի թույլ տալ՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների ազգային անվտանգության նկատմամբ տարածաշրջանի ունեցած վիթխարի ռազմավարական կարևորությունը: Երկրորդ, Թրումենը պնդում էր, որ Միացյալ Նահանգները պարտավոր է աջակցել «ազատ ժողովուրդներին» «տոտալիտար ռեժիմների» դեմ մղվող պայքարում, քանի որ ավտորիտարիզմի տարածումը «կարող էր վտանգել խաղաղության միջազգային հիմքերը, հետևաբար նաև Միացյալ Նահանգների անվտանգությունը»: Թրումենի դոկտրինան հիմք դրեց Միացյալ նահանգների նոր քաղաքականությանը, որն էր «աջակցություն ցուցաբերել բոլոր այն ժողովուրդներին, որոնք պայքարում են արտաքին ճնշման ու զինված փոքրամասնությունների դեմ »:
Թրումենը պնդում էր, որ Միացյալ Նահանգները այլևս չի կարող թույլ տալ խորհրդային տոտալիտարիզմի բռնի հաստատումը ազատ և անկախ ազգերի շրջանում, քանի որ գնալով ամերիկյան ազգային անվտանգության խնդիրը դառնում էր ավելին, քան զուտ ֆիզիկական տարածքային անվտանգության խնդիր: Ավելին, Թրումենի դոկտրինայով ԱՄՆ-ն պարտավորվում էր ակտիվորեն աջակցություն ցուցաբերել բոլոր այն ժողովրդավարական պետություններին, որտեղ հարկ կա պահպանելու քաղաքական ամբողջականությունը:

Նյութը պատրաստեց' Անի Թորոսյանը

Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1386
Տեղադրվել է՝21:24:21 25-02-2014