Civil Consciousness - Կուբայի Հեղափոխությունը
  • :
  • :


Կուբայի Հեղափոխությունը

ԿՈՒԲԱՅԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
1958 թվականի վերջին օրերին ապստամբների անկազմակերպ մի խումբ ձեռնամուխ եղավ կուբացի բռնապետ Ֆուլխենսիո Բատիստային հավատարիմ ուժերի հեռացման գործընթացին: Մինչ Նոր Տարին, երբ ամբողջ ազգն արդեն սատարում էր նրանց, Ֆիդել Կաստրոն, Չե Գևարան, Ռաուլ Կաստրոն, Կամիլո Սենֆուեգոսն ու նրանց համախոհները հաղթականորեն մտան Հավանա և հավերժ մնացին պատմության մեջ: Այնուամենայնիվ, հեղափոխությունը սկսվել էր ավելի վաղ. ապստամբների վերջնական հաղթանակը երկար տարիներ ձգվող դժվարությունների, պարտիզանական պատերազմի և հակաքարոզչական պայքարի արդյունքն էր:

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՎԹՈՒՄԸ ԲԱՏԻՍՏԱՅԻ ԿՈՂՄԻՑ
Հեղափոխությունը սկսվեց 1952 թվականին, երբ ընտրական թեժ պայքարի ընթացքում նախկին սերժանտ Ֆուլխենսիո Բատիստան իշխանությունն իր ձեռքը վերցրեց: 1940-1944 թթ. Բատիստան պաշտոնավարել էր որպես նախագահ, իսկ ահա 1952 թվականին կրկին պայքարում էր այդ պաշտոնի համար: Սակայն, նույնիսկ, նախքան ընտրությունների անկցկացումը (որոնք հետագայում չեղյալ հայտարարվեցին), երբ անխուսափելի պարտությունն ակնհայտ դարձավ, նա զավթեց իշախանությունը: Զազրելով Բատիստայի այդ արարքից՝ շատ կուբացիներ սկսեցին նախապատվությունը տալ Կուբայի ժողովրդավարներին՝ իրենց թերություններով հանդերձ: Նրանցից մեկն էլ իր հայտնության ճանապարհին գտնվող Ֆիդել Կաստրոն էր, ով ամենայն հավանականությամբ կընտրվեր Կոնգրեսի անդամ, եթե միայն 1952-ի ընտրությունները տեղի ունենային: Տեսնելով իրադարձությունների այսպիսի ընթացքը՝ Կաստրոն անմիջապես ձեռնամուխ եղավ Բատիստայի տապալման ռազմավարության մշակմանը:

ՄՈՆԿԱԴԱՅԻ ԳՐՈՀՈՒՄԸ
1953 թվականի հուլիսի 26-ին Կաստրոն կատարեց իր առաջին քայլը: Հեղափոխության հաջողության համար, նախ և առաջ, անհրաժեշտ էր զինամթերք: Այդ նպատակով, որպես թիրախ, Կաստրոն ընտրեց Մոնկադայի մեկուսի զորանոցները: Լուսադեմին 138 տղամարդկանցից բաղկացած խումբը հարձակվեց զորանոցի վրա: Ակնկալվում էր՝ անակնկալ հարձակումը որոշ չափով կմեղմացնի ապստամբների փոքրաթիվ լինելու փաստն ու զինամթերքի բացակայությունը: Այնուամենայնիվ, գրեթե հենց սկզբից հարձակումն անհաջողության մատնվեց, և ժամեր տևած կրակահերթից հետո ապստամբները ետ մղվեցին: Շատերը գերի ընկան, տասնինը դաշնային զինվորներ սպանվեցին, իսկ մեծամասնությունն էլ զոհ դարձավ գերի ընկած ընկերների համար բարձրացրած ըմբոստության ճանապարհին: Ֆիդել և Ռաուլ Կաստրոներին հաջողվեց փախչել, սակայն ավելի ուշ նրանք էլ գերի ընկան:

«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆ ԻՆՁ ԿԱՐԴԱՐԱՑՆԻ»
Ֆիդել և Ռաուլ Կաստրոներն ու մնացած ապստամբները հանձնվեցին հանրային դատին: Ֆիդելը, լինելով փորձված իրավաբան, դատավարության ընթացքը փոխեց ընդդեմ Բատիստայի բռնապետությանն ու նրա կողմից իշխանության զավթմանը: Նրա հիմնական փաստարկն այն էր, որ, լինելով հավատարիմ Կուբացի, իր քաղաքացիական պարտքն էր համարել զենք վերցնել տիրող բռնապետության դեմ: Նա երկար ելույթներ ունեցավ, որից հետո կառավարությունը փորձեց փակի տակ պահել նրան՝ պնդելով, որ նա չափազանց վատառողջ է, նույնիսկ, սեփական դատավարությանը ներկա գտնվելու համար: Դատավարության ընթացքում հնչեցրած նրա ամենահայտնի արտահայտությունն է. «Պատմությունն ինքն ինձ կարդարացնի»: Չնայած նա դատապարտվեց տասնհինգ տարվա ազատազրկման՝ այնուամենայնիվ, արդեն իսկ դարձել էր ճանաչված ազգային կերպար և հերոս բազմաթիվ աղքատ կուբացիների համար:

ՄԵՔՍԻԿԱՆ ԵՎ «ԳՐԱՆՄԱՆ»
1955 թվականի մայիսին Բատիստայի կառավարությունը, տեղի տալով բարեփոխումներ կատարելու միջազգային ճնշմանը, ազատ արձակեց բազմաթիվ քաղբանտարկյալների՝ այդ թվում նաև Մոնկադայի վրա կատարված հարձակման մասնակիցներին: Ֆիդել և Ռաուլ Կաստրոները վերախմբավորման և հեղափոխության հաջորդ քայլի մշակման նպատակով գնացին Մեքսիկա: Այնտեղ հանդիպեցին բազմաթիվ Կուբացի աքսորյալների, ովքեր միացան «Հուլիսի 26 Շարժմանը», որի անվանումը կապված է Մոնկադայի վրա հարձակման ամսաթվի հետ: Նոր անդամների թվում էին նաև կուբացի խարիզմատիկ աքսորյալ Կամիլո Սենֆուեգոսն ու Արգենտինացի բժիշկ էռնեստո Չե Գևարան: 1982 թվականի նոյեմբերին 82 տղամարդիկ, տեղավորվելով «Գրանմա» անունով փոքրիկ նավակում, ուղևորվեցին դեպի Կուբա, դեպի հեղափոխություն:
Բատիստայի մարդիկ, տեղեկացված լինելով վերադարձող ապստամբների մասին, անակնկալ հարձակման ենթարկեցին նրանց: Արդյունքում՝ Ֆիդել և Ռաուլ Կաստրոները ստիպված եղան շարժվել դեպի կենտրոնական բարձրադիր վայրեր ողջ մնացած փոքրաթիվ մեքսիկացիների՝ այդ թվում Սենֆուեգոսի ու Գևարայի հետ: Թշնամու համար դժվարհասանելի բարձրադիր վայրերում ապստամբները վերախմբավորվեցին՝ ներգրավելով նոր անդամներ, հավաքագրելով զինամթերք և իրականացնելով պարտիզանական հարձակումներ ռազմական թիրախների վրա: Չնայած մեծ ջանքերի՝ Բատիստային չհաջողվեց պարզել նրանց տեղը: Այդ նույն ընթացքում հեղափոխության առաջնորդները օտարերկրյա լրագրողներին թույլ էին տալիս այցելել իրենց, արդյունքում՝ նրանց տված հարցազրույցները տպագրվում էին ամբողջ աշխարհում:
Տեսնելով «Հուլիսի 26» շարժման հաջողությունները՝ ապստամբություն իրականացնող այլ խմբեր ևս սկսեցին պայքար ծավալել: Կաստրոյին դաշնակից բազմաթիվ ապստամբ խմբեր սկսեցին քաղաքներում կայծակնային հարձակումներ իրականացնել, որոնց արդյունքում գրեթե մոտ էին Բատիստայի սպանությանը:
Բատիստան վճռական քայլերի անցավ. 1958 թվականի ամռանը իր զորքի մեծ մասին ուղղարկեց բարձրադիր վայրեր Կաստրոյին թաքստոցից մեկընդմիշտ հեռացնելու նպատակով: Սակայն շարժումը հակառակ արդյունքը տվեց. խելամիտ ապստամբները զինվորների վրա պարտիզանական հարձակումներ իրականացրեցին, որոնց արդյունքում նրանցից շատերը ապստամբների կողմն անցան, մյուսներն էլ զոհվեցին: Իսկ ահա 1958 թվականի վերջին Կաստրոն արդեն պատրաստ էր վերջնական հարված հասցնել:
1958 թվականի վերջերին Կաստրոն իր ուժերը բաժանեց երկու մասի: Մի մասին՝ Սենֆուեգոսի և Գևարայի գլխավորությամբ ուղղարկեց երկրի հարթավայրային շրջաններ, իսկ ինքը՝ մնացած ապստամբների հետ հետևեց նրանց: Ճանապարհին ապստամբները գրավում էին գյուղեր և քաղաքներ, որտեղ նրանց ընդունում էին որպես ազատագրողների: Դեկտեմբերի 30-ին Սենֆուեգոսը գրավեց Յագուաջայի փոքր կայազորը, իսկ դեկտեմբերի 28-ից 30-ն ընկած հատվածում Գևարան և երեք հարյուր ուժասպառ ապստամբներ պարտության մատնեցին Սանտա Կլառայի ավելի մեծաթիվ զորքի' արդյունքում զավթելով նաև արժեքավոր ռազմամթերք: Այդ նույն ընթացքում պետական պաշտոնյաները բանակցում էին Կաստրոյի հետ՝ փորձելով փրկել իրավիճակն ու դադարեցնել արյունահեղությունը:

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Տեսնելով, որ Կաստրոյի հաղթանակն անխուսափելի է' Բատիստան և նրա ներքին օղակի ներկայացուցիչները վերցրեցին հնարավոր ողջ ավարն ու փախան: Իր ենթականերից որոշներին Բատիստան լիազորեց հետևել Կաստրոյին և նրա ապստամբներին: Կուբայի ժողովուրդը դուրս եկավ փողոցներ՝ ապստամբներին ուրախությամբ դիմավորելու: Հունվարի 2-ին Սենֆուեգոսը և Գևարան՝ իրենց մարդկանց ուղեկցությամբ մտան Հավանա և զինաթափեցին մնացյալ բոլոր ռազմական կայանքները: Հունվարի 9-ին Կաստրոն վերջապես հասավ Հավանա՝ ճանապարհին գտնվող յուրաքանչյուր գյուղում և քաղաքում խնդության մեջ գտնվող ամբոխների առջև ելույթ ունենալուց հետո:

ՀԱՋՈՐԴՈՂ ՇՐՋԱՆՆ ՈՒ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԹՈՂԱԾ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Կաստրո եղբայրները բավականին արագ ամրապնդեցին իրենց իշխանությունը՝ վերացնելով Բաստիստայի համակարգի բոլոր մնացորդները: Ռաուլ Կաստրոն և Չէ Գևարան լիազորվեցին հավաքագրել դատաքննության հանձնվող խումբն ու մահապատժի ենթարկել այն «ռազմական հանցագործներին», որոնք Բատիստայի ռեժիմի շրջանակներում ներգրավված էին կտտանքներ և սպանություններ իրականացնելու մեջ:
1959 թվականին Կաստրոն ամենևին հայնտի չէր, միայն ավելի ուշ նա հայտնի դարձավ որպես կոմունիստ: Տասնամյակներ շարունակ Կոմունիստական Կուբան ԱՄՆ-ի համար խանգարող հանգամանք էր. դրա պատճառով տեղի ունեցան այնպիսի միջազգային միջադեպեր, ինչպիսիք են Խոզերի Ծովածոցի (Bay of Pigs) միջադեպն ու Կուբայի Հրթիռային Ճգնաժամը: Ինչպես նաև 1962 թվականին Միացյալ Նահանգների կողմից դրված առևտրային էմբարգոն, որը Կուբայի ժողովրդին տարիներ շարունակվող դժվարությունների առջև կանգնեցրեց:
Կաստրոյի ղեկավարության ներքո Կուբան դարձավ կարևոր դերակատար միջազգային ասպարեզում: Ասվածի ամենավառ օրինակը Անգոլայում Կուբայի միջամտությունն էր, երբ 1970-ական թվականներին հազարավոր կուբայական զորքեր ուղղարկվեցին այնտեղ ծավալվող ձախ շարժմանն անջակցելու նպատակով:
Կուբայի հեղափոխության թողած ամենամեծ ժառանգությունը թերևս եղել է ապագա Չէերի և Ֆիդելների համար անգնահատելի օրինակը: Նրանց օրինակին հետևեցին լատինամերիկյան գրեթե բոլոր երկրներում, որտեղ երիտասարդ կանայք և տղամարդիկ զենք վերցրեցին իրենց կողմից ատելի կառավարությունը նորով փախարինելու նպատակով: Դրանք հանգեցրեցին ամենատարբեր հետևանքների: Օրինակ՝ Նիակարագուայում Սանդինիստաս ապստամբ կազմակերպությանը վերջիվերջո հաջողվեց տապալել կառավարությունն ու իշխանության գալ: Իսկ Հարավային Ամերիկայի հարավային ջրջանում Մարքսիստական հեղափոխական այնպիսի խմբերի աճը, ինչպիսիք են Չիլիական ՄԻՌ-ը (Chile's MIR) կամ ՈՒրուգվայի Տուպամառոս Ազգային Ազատագրական Շարժումը, հանգեցրեց աջակողմյան ռազմական կառավարությունների կողմից իշխանության զավթմանը. ասվածի վառ օրինակն է Ավգուստո Պինոչետին: Չնայած հետագայում Մարքսիստական ապստամբությունները կանխվեցին՝ այնուամենայնիվ, արդյունքում զոհվեցին բազմաթիվ անմեղ քաղաքացիներ:
Այս ամենով հանդերձ դեռևս կան բազմաթիվ կուբացիներ, ովքեր համամիտ չեն հեղափոխության հետ: Միջին և բարձր խավի հազարավոր կուբացիներ, ովքեր դժվար պահին փախել էին երկրից՝ լքելով սեփական ժողովրդին (մեծ մասամբ գնալով Մայամի), ատում են Կաստրոյին: Այնուամենայնիվ, այսօր Կուբայում քիչ չեն նաև նրանք, ովքեր սիրում են Կաստրոյին և շարունակում են բռնած հեղափոխության ուղին: Արդյո՞ք պատմությունը կարդարացնի նրանց: Միայն ժամանակն է ի զորու ցույց տալ:

Նյութը պատրաստեց՝ Լիլիթ Իվանյան


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1393
Տեղադրվել է՝00:16:04 15-03-2014