Civil Consciousness - Վուդրո Վիլսոնի Դոկտրինան և Նոր Աշխարհակարգը
  • :
  • :


Վուդրո Վիլսոնի Դոկտրինան և Նոր Աշխարհակարգը

1910 թ. նոյեմբերի 8-ին Վուդրո Վիլսոնն ընտրվում է Նյու Ջերսի նահանգի նահանգապետ: Շուտով դեմոկրատական կուսակցությունը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում առաջադրում է նրա թեկնածությունը և 1912 թ. նոյեմբերի 5-ին նա ընտրվում է ԱՄՆ-ի նախագահ, իսկ 1913 թ. մարտի 4-ին պաշտոնապես ձեռնամուխ լինում իր նախագահական պարտականությունների կատարմանը: Դառնալով ԱՄՆ 28-րդ նախագահը, Վուդրո Վիլսոնը 8 տարի անընդմեջ կառավարում է երկիրը, այնտեղ կատարելով ամերիկյան բազմաշերտ հասարակության համերաշխացմանն ու երկրի դեմոկրատացմանն ուղղված բազմաթիվ հիմնարար բարեփոխումներ:

19-20-րդ դդ. սահմանագծին ԱՄՆ-ի արտաքին քաղաքական հայեցակարգը որակական լուրջ փոփոխություններ կրեց' կախված ժամանակի պահանջներից և ամերիկյան հնարավորությունների մակարդակից: Արդյունքում վերամեկնաբանվեց և զարգացվեց «Մոնրոյի դոկտրինը», որն էր' եթե նախկինում նորաստեղծ պետության կայացման համար կարևոր էր Ամերիկյան մայրցամաքով սահմանափակվելու իրողությունը, ապա այժմ այն խոցելի կողմերից էր: Ըստ այդմ' ամերիկյան անվտանգությունն այլևս անբաժան էր դառնում մնացյալ մարդկության անվտանգությունից: Դա մասնավորապես արտահայտվեց նախագահ Թոմաս Վուդրո Վիլսոնի (1913-1921 թթ.) հայեցակարգում:
Մեծ նշանակություն ունեն նախագահներ Ուիլյամ ՄըքՔինլիի (1897-1901 թթ.), Թեոդոր Ռուզվելտի (1901-1909 թթ.) և Ուիլյամ Հովարդ Տաֆտի (1909-1913 թթ.) հայեցակարգերը, որոնց անվան հետ են կապված ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության էական փոփոխությունները: Դեռ 1899 թ. նախագահ Ու. ՄըքՔինլիի վարչակազմում պետքարտուղար Ջոն Հեյը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ռուսաստանի և Ճապոնիայի կառավարությունների ղեկավարներին ուղարկեց նոտաներ, որոնցում ամրագրված էր ամերիկյան կառավարության' Չինաստանում «բաց շուկա ամբողջ համաշխարհային առևտրի համար» պահպանելու և «միջազգային լարվածության վտանգավոր աղբյուրները վերացնելու» մասին ցանկությունը («բաց դռների» դոկտրին): Ձևակերպվում է ԱՄՆ-ի բացահայտ հետաքրքրությունը Ասիայի նկատմամբ: Այս ձգտումը Թ. Ռուզվելտի մոտ արդեն ստանում է հետևյալ ձևակերպումը. «Մենք չենք կարող մնալ մեր սահմանների շրջանակներում և բացահայտորեն ճանաչել մեզ պարզապես որպես բարեհաջող վաճառականներ, որոնք չեն հետաքրքրվում աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով»: Արդեն 1904 թ. դեկտեմբերի 6-ին Կոնգրեսին հղած իր ուղերձում նա հանդես է գալիս «Մոնրոյի դոկտրինի» սեփական մեկնաբանությամբ, որը հայտնի է «Ռուզվելտի ուղղում» (Roosevelt Corollary) անվամբ. «Չդադարող անօրինական գործողությունները կամ անզորության դրսևորումները, որոնք հասցնում են քաղաքակիրթ հասարակության կապերի ընդհանուր թուլացման' լինի դա Ամերիկայում կամ որևէ այլ տեղում, վերջին հաշվով պահանջում են որևէ քաղաքակիրթ ազգի միջամտությունը: Արևմտյան կիսագնդում «Մոնրոյի դոկտրինայի» պահպանումը Միացյալ Նահանգների կողմից կարող է հարկադրել նրանց, գուցե և հակառակ նրանց կամքի, օրինականության այդպիսի խախտումների կամ անզորության դրսևորման աղաղակող դեպքերում, կատարելու միջազգային ոստիկանական տերության պարտականություններ»: Ինչպես Վ. Լեֆեբրն է ընդգծում. «Մոնրոյի դոկտրինը վերակերպվեց Ռուզվելտի դոկտրինի, որն ամենևին էլ Մոնրոյի դոկտրինի սոսկ հերթական հավելումը չէր: 1912 թ. նախագահ Ու. Հ. Տաֆտը շարադրեց ամերիկյան դիվանագիտության նոր ուղու իր պատկերացումները, որոնք հայտնի են' որպես «դոլարի դիվանագիտություն»: Այսուհետև' ԱՄՆ-ը դիտարկվում է' իբրև հզորացող մի տերություն, որը սեփական ազգային շահերը պաշտպանելու նպատակով անհրաժեշտություն ունի' իր ազդեցությունը տարածելու աշխարհով մեկ: Այս ծավալապաշտական քաղաքականությունն արդարացվում էր ժողովրդավարությունը տարածելու և «աշխարհը փրկելու ամերիկացիների ի վերուստ կանխորոշված առաքելությամբ»:
Ի հավելումն այս ամենի' Վ. Վիլսոնը Սպիտակ տուն է բերում նոր արտաքին քաղաքական կուրս, որն այդ ամենի համադրում-ամփոփումն էր' միջազգային հարաբերությունների կարգավորման իր նորարարական գաղափարները կառուցելով «Մոնրոյի դոկտրինայի» սեփական մեկնաբանության վրա, որի էությունը «Մոնրոյի դոկտրինայի» համաշխարհայնացման (գլոբալիզացիայի) մեջ էր: Համաձայն դրա' այդուհետ ԱՄՆ-ի շահերից էր բխում ոչ միայն Արևմտյան կիսագնդում, այլև ողջ աշխարհում կարգուկանոնի պահպանումը: Այսպիսով, Մոնրոյի դոկտրինան տիրապետության տարածաշրջանային սկզբունքից վերածվում է համաշխարհային սկզբունքի: Համաձայն Վիլսոնի դոկտրինի' ԱՄՆ-ը պետք է ստեղծեր ոչ թե նոր կայսրություն, այլ «գլոբալ ժողովրդավարություն»: Այլ կերպ ասած' աշխարհը պետք է ամերիկանիզացվեր' դարձվեր ամերիկակերպ: Ժողովրդավության «փարոսի» դերից ԱՄՆ-ի' ակտիվ գործողությունների անցնելու հայեցակարգը հետագայում բնորոշվեց «վիլսոնականություն» եզրով: Այն, ըստ էության, կարելի է դիտարկել երկու շրջափուլերով:
Առաջին շրջափուլին բնորոշ էր «ժողովրդավարության պաշտպանությունը», որն իրականացվում էր Լատինական Ամերիկայի թույլ հանրապետությունների շրջանում: Սկզբնապես նախագահ Վ. Վիլսոնը և պետքարտուղար Ուիլիամ Ջենինգս Բրայանը (1913-1915 թթ.) գտնում էին, որ ԱՄՆ-ի պարտականությունն է ժողովուրդների ազատությունն ու ժողովրդավարությունն ավելի շատ պաշտպանել, քան տարածել այն աշխարհով մեկ: Իրականում, սակայն, այս մոտեցումը հեռահար ծրագրերի իրականացման համար նախապատրաստական փուլ էր: Ի մասնավորի' մի կողմից զարգացվում էր Լատինական Ամերիկայի երկրների հետ համագործակցության գաղափարը, մյուս կողմից' ամրագրվում, որ նման համագործակցությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն անխախտ կերպով ամրապնդվում է օրինական կառավարության կազմակերպված գործունեությամբ, որը հիմնված է օրենքի տառի, այլ ոչ թե ուժի կամայական կամ անօրինական գործադրման վրա»: Ըստ այդմ' լատինաամերիկյան կառավարություններին նախազգուշացվում էր առ այն, որ «Միացյալ Նահանգների կառավարությունը ոչ մի պարագայում չի հանդուրժի այնպիսի գործողություններ կամ որոշումներ, որոնք հակասում են ԱՄՆ-ի ազգային շահերին»: Հարդյունս որի' ձևավորվում է Միսիոներական դիվանագիտությունը»:
«Միսիոներական դիվանագիտության» հիմնավորմանն էր ուղղված Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքում Հարավային առևտրային Կոնգրեսում Վ. Վիլսոնի ուղերձը: Պանամայի ջրանցքի վերաբերյալ, որը դեռ կառուցման փուլում էր, իր ուղերձում Վիլսոնը նշում էր. «Ես հավատում եմ, որ նոր բացվելիք ճանապարհով, մինչ մենք ֆիզիկապես մայրցամաքը կտրում ենք տարբեր մասերի, հոգեպես միավորում ենք դրանք»: Որպես եզրափակում' ընդգծում էր իր պարտավորությունը տարածաշրջանում «սահմանադրական կարգի» պահպանման համար և ավելացնում, որ «Միացյալ Նահանգներն էլ երբեք չեն ձգտի ոչ մի հավելյալ ոտնաչափ հողի նվաճման»: Այս համատեքստում լատինամերիկյան տարածաշրջանի երկրների վստահությունը շահելու նպատակով նախագահ Վ. Վիլսոնը համոզեց Կոնգրեսին վերացնել Պանամայի ջրանցքի վերաբերյալ 1912 թ. օրենքը, որը ջրանցքից օգտվելիս հարկերից ազատում էր շատ ամերիկյան նավերի: Կոլումբիայի հետ դեռևս 1903 թ. Պանամայի շուրջ առաջացած լարված հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների արդյունքում 1914 թ. ստորագրվեց պայմանագիր, որը ենթադրում էր, որպես փոխհատուցում, Կոլումբիային վճարել 25 մլն դոլար: Իսկ 1917 թ. Պուերտո Րիկոն ստացավ ամերիկյան տարածքի կարգավիճակ և նրա բնակիչները դարձան Միացյալ Նահանգների քաղաքացիներ:
Նման հայտարարությունները, սակայն, հռետորական բնույթ էին կրում և չէին խանգարում ռազմական գործողություններ իրականացնելուն: Այսպես, 1914 թ. ապրիլի 21-ին «սահմանադրական կարգի» պահպանման համար ԱՄՆ-ը ռազմական ինտերվենցիա սկսեց Մեքսիկայում. Վ. Վիլսոնն ընդունեց Արգենտինայի, Բրազիլիայի և Չիլիի (“ABC”) առաջարկած միջնորդությունը' խնդրի լուծման համար: Մեկ ամիս անց ԱՄՆ-ի, Մեքսիկայի և “ABC”-ի ներկայացուցիչները հանդիպեցին Նիագարայի ջրվեժի կանադական կողմում: Ամերիկյան նախագահը չթույլատրեց իր պատվիրակներին քննարկել Վերակրուսից կամ Տամպիկոյից ամերիկյան զորքերի էվակուացիայի հարցը: Այսպիսով, բանակցությունները մտան փակուղի: Սակայն, խուսափելու համար մեքսիկական որևէ խմբավորման հետ ռազմական բախումից և գերմանական միջամտությունից, Վ. Վիլսոն 1914 թ. նոյեմբերի 23-ին հանեց բոլոր ամերիկյան զորքերը Վերակրուսից: Շուտով ԱՄՆ-ը, de facto ճանաչելով Կարրանզայի սահմանադրականների (Constitutionalist Party) կառավարությունը, քայլեր ձեռնարկեց' կանխելու գերմանա-մեքսիկական դաշինքը:
Արդեն 1915 թ. ամերիկյան ծովային հետևակը ափ իջավ Հայիթիում, որի արդյունքում հաստատվեց ամերիկյան պրոտեկտորատը երկրի նկատմամբ: 1916 թ. Դոմինիկյան Հանրապետությունում և Նիկարագուայում հաստատվեցին ԱՄՆ-ին ցանկալի վարչակարգեր: 1917 թ. ԱՄՆ-ը 25 մլն դոլարով Դանիայից գնեց Վիրջինյան կղզիները' կանխելով դրանց գերմանական նվաճումը: Բոլոր այս գործողությունները Վ. Վիլսոնն այսպես էր հիմնավորում. «Ամերիկայի կողմից ֆիզիկական ուժի գործադրման միակ արդարացումն այն է, որ նա այն գործադրում է' մարդկության շահերից ելնելով»:
Այս գործողությունները ԱՄՆ-ն իրականացնում էր այն ժամանակ, երբ սկսվել էր Առաջին աշխարհամարտը: Կարծես նման իրավիճակը հնարավորություն էր տվել Վ. Վիլսոնին «Մոնրոյի դոկտրինի» մինիգլոբալիզացիոն փորձարկումների համար' հետագայում գլոբալ մակարդակով իրականացնելու նպատակադրմամբ: Պատերազմի առաջին իսկ օրերին Վ. Վիլսոնը հայտարարեց ԱՄՆ-ի չեզոքության մասին: Սակայն «չեզոքության» քաղաքականությունը ժամանակավոր բնույթ էր կրում և շուտով պետք է փոխարինվեր ակտիվ միջամտության քաղաքականությամբ:
Եվրոպական մայրցամաքում ստեղծված իրադրությունը լուրջ վտանգ էր պարունակում'ուժերի հավասարակշռության պահպանման համար: ԱՄՆ-ի մասնակցությունը եվրոպական պատերազմին դառնում էր անխուսափելի: Ստեղծված պայմաններում սկսվում է Վ. Վիլսոնի դոկտրինի երկրորդ շրջափուլը: Նա մեկնարկում է 1916 թ. իր կողմից հռչակված «հաշտություն առանց հաղթանակի» դրույթից: Այսուհետև' «խիստ չեզոքությունը» փոխարինվում է «օրինականության խիստ պահպանմամբ»: Առաջին պլան էր մղվում ԱՄՆ-ի մասնակցությունը «աշխարհի կարգուկանոնի հաստատմանը»:
1917 թ. ապրիլի 2-ին նախագահ Վ. Վիլսոնը ուղերձով դիմեց ԱՄՆ-ի Կոնգրեսին առաջարկելով պատերազմ հայտարարել Գերմանիային: Ուղերձում ասվում էր. «Չեզոքությունն արդեն անհնարին է և անցանկալի, երբ խոսքը ամբողջ աշխարհի խաղաղության և նրա ժողովուրդների ազատության մասին է… Աշխարհը պետք է անվտանգ դառնա ժողովրդավարության համար, այն պետք է կայանա քաղաքական ազատության հիմքի վրա….Սարսափելի բան է ներքաշել մեր մեծ խաղաղ ժողովրդին պատերազմի մեջ, բոլոր պատերազմներից ամենաահավորի և ամենամահաբերի, պատերազմի, որի ելքից կախված է քաղաքակրթության ճակատագիրը: Բայց արդարությունն ավելի թանկ է, քան խաղաղությունը, և մենք կպայքարենք նրա համար, ինչը միշտ մոտ է եղել մեր սրտերին' ժողովրդավարության համար, մարդու իրավունքների համար, փոքր ազգերի իրավունքների և ազատության համար….»: Այսուհետև' ԱՄՆ-ը համաշխարհային առաջնորդության բարոյական մանդատ ուներ: Վ. Վիլսոնը նաև ասում էր. «Որպես գործընկերների… մենք պետք է նախընտրենք նրանց, ովքեր գործում են հանուն խաղաղության և պատվի շահերի, ովքեր պաշտպանում են մասնավոր իրավունքները և հարգում սահմանադրական կարգը»: 1917 թ. ապրիլի 6-ին Կոնգրեսը ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն տվեց Վ. Վիլսոնի «պատերազմ հանուն խաղաղության» առաջարկին: Այժմ արդեն «մոռացված» էին Ջ. Վաշինգտոնի զգուշացումները և Ջ. Մոնրոյի պարտավորեցումները եվրոպական գործերից հեռու մնալու մասին:
ԱՄՆ-ի մուտքը Առաջին աշխարհամարտ (1917 թ. ապրիլի 6) տեխնիկապես հնարավոր դարձրեց համընդհանուր հաղթանակը: Այս քայլով Վ. Վիլսոնը փորձում էր ոչ միայն շտկել, այլև վերաձևել հին մինչպատերազմական աշխարհակարգը, որի համապատկերում անդրօվկիանոսային տերությանը տրված էր լոկ երկրորդական դերակատարում: Ըստ այդմ, Վիլսոնի նոր աշխարհակարգում ուժերի հավասարակշռության հնացած սկզբունքն իր տեղը պետք է զիջեր նոր' ուժերի միավորման սկզբունքին: Վիլսոնը հայտարարում էր, որ այլևս միջազգային հարաբերությունների համակարգը պետք է կառուցվի ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հիման վրա, որի անվտանգությունը պետք է կախված լինի ոչ թե ռազմական դաշինքներից, այլ կոլլեկտիվ գործողություններից:

Նյութը պատրաստեց՝ Լուսինե Առաքելյան


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1691
Տեղադրվել է՝13:47:43 03-03-2014