Civil Consciousness - Ի՞նչ ասել է Եվրոպական Արժեքներ
  • :
  • :


Ի՞նչ ասել է Եվրոպական Արժեքներ

Վերջերս հայկական իրականությունում շատ է արծարծվում «Եվրոպական արժեքներ» արտահայտությունը և փորձ է արվում ապատեղեկատվություն տարածել վերջինիս վերաբերյալ: Այդ իսկ պատճառով հարկ ենք համարում ներկայացնել, թե իրականում ինչ ասել է «Եվրոպական արժեքներ»:

Եվրոպան հիմնվում է ազատության և ժողովրդավարության հիմնական արժեքների վրա: Եվրոպական այս արժեքները ձևավորվել են լուսավորության շրջանում և իրենց քաղաքական արտահայտությունն են գտել 1789թ. Ֆրանսիական հեղափոխության մեջ: Դրանք այսօր շարադրված են Եվրախորհրդի մարդու իրավունքների խարտիայում և Եվրոպական Միության Հիմնական իրավունքների խարտիայում:

Եվրոպական Միությունը արժեքների համայք է: Եվրոպական Միության մասին պայմանագրի (ԵՄ պայմանագիր) 2-րդ հոդվածը սահմանում է.

«Արժեքները, որոնց վրա հիմնվում է Միությունը, հանդիսանում են հարգանքը և մարդու արժանապատվությունը, ժողովրդավարությունը, հավասարությունը, իրավական պետությունը և մարդու իրավունքների պահպանումը, ներառյալ փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքները: Այս արժեքները համընդհանուր են այն հասարակության բոլոր անդամ պետությունների համար, որին բնորոշ են բազմակարծությունը, խտրականության բացառումը, հանդուրժողականությունը, արդարությունը, համերաշխությունը և կանանց ու տղամարդկանց իրավահավասարությունը»:

Եվրամիությունն իր սկզբունքները շարադրել է Հիմնական իրավունքերի խարտիայում, որը հանդիսավորությամբ ստորագրվել է 2000 թ. և հանդիսանում է 2009 թվականից գործող Լիսաբոնյան պայմանագրի մի մասը: Բայց այս Հիմնական իրավունքերը բնականաբար չեն հորինվել կամ զարգացվել Եվրամիության կողմից: Հակառակը, դրանք եվրոպական ժառանգության մաս են կազմում:

18-րդ դարի վերջին 1789 թ. Ֆրանսիական հեղափոխությունը դրեց եվրոպական արժեքային և սահմանադրական կարգի հիմնաքարերը և 1791թ.-ին ստեղծվեց լեհական առաջին Սահմանադրությունը: Այն ժամանակ պահանջված քաղաքացիական ազատությունները, դեմոկրատիան և իրավական պետությունը հետագայում ընդունվեցին ավելի ու ավելի շատ պետությունների կողմից և այսօր հանդիսանում են նաև Եվրամիության յուրաքանչյուր անդամ պետության և հենց Եվրամիության հիմնարար արժեքները:

«Ազատությունը», «Հավասարությունը» և «Եղբայրությունը» 1789 թվականի Ֆրանսիական հեղափոխության առաջատար արժեքներն էին: Եղբայրության փոխարեն այսօր կասեին Համերաշխություն: Ֆրանսիական հեղափոխության նվաճումների թվին են պատկանում քաղաքացիների անձնական ազատությունը, կարծիք արտահայտելու ազատությունը, օրենքի առաջ քաղաքացիների հավասարությունը, բոլոր քաղաքացիների հավասար հարկումը և պետության կաշկանդվածությունը սահմանադրությամբ: Թեև Ֆրանսիական հեղափոխությունն անմիջականորեն ժողովրդավարական հարաբերություններ չստեղծեց, այլ սարսափի տիրապետության և հետագայում նապոլեոնյան կայսրության օրոք ունեցավ նաև դիկտատորական փուլեր, այնուամենայնիվ նրա առաջատար արժեքների ժառագայթող ուժը մնաց անսասան և մինչ օրս ներգործում է Եվրոպայի հետագա զարգացման վրա:

Եվրոպական տարածքում առաջին դեմոկրտական սահմանադրությունը ֆրանսիական գաղափարներով ոգեշնչված լեհական սահմանադրությունն էր, որն ընդունվեց 1791 թվականի մայիսի 3-ին: Թեև մեծ տերությունների կողմից՝ Լեհաստանի բաժանման հետևանքով, այն ժամանակ այդ սահմանադրությունը հազիվ թե կարողացավ ազդեցություն ունենալ, այնուամենայնիվ այն ճանապարհ հարթեց եվրոպական այլ սահմանադրությունների համար: Այն առաջին ժամանակակից Սահմանադրությունն էր Եվրոպայում և այս տեսակի մեջ երկրորդ փաստաթուղթը աշխարհում՝ ամերիկյան սահմանադրությունից հետո: Լեհական սահմանադրության մեջ կարգավորվեցին Լեհաստանում բուրժուազիայի ու ազնվականության հավասարությունը և քաղաքացիական իրավուքների ընդլայնումը: Սահմանադրության մեջ ներառվեց նաև կրոնի ազատությունը: Այս սահմանադրության ընդունման օրը ՝ մայիսի երեքը, այսօր լեհերի ազգային տոնն է:
Նյութն արտատպված է Ֆրիդրիկ Նաոմանի անվան' «Հանուն ազատության» հիմնադրամի կողմից տպագրված «Հայաստան և Եվրոպա. Առասպելներ, մարտահրավերներ և հնարավորություններ» գրքից


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1567
Տեղադրվել է՝18:39:48 06-03-2014