Civil Consciousness - Հյուսիսատլանտյան Դաշինքի Ստեղծման Պատմությունն ու Նպատակները
  • :
  • :


Հյուսիսատլանտյան Դաշինքի Ստեղծման Պատմությունն ու Նպատակները

Հյուսիսատլանտյան դաշինքը ստեղծվել է 1949 թվականին ԱՄՆ-ի, Կանադայի և մի քանի արևմտաեվրոպական երկրների կողմից, որպես Խորհրդային Ռուսաստանի դեմ միասնական անվտանգություն ապահովող կազմակերպություն:

Երկրի արևմտյան կիսագնդում ՆԱՏՕ-ն առաջին խաղաղ ռազմական դաշինքն էր, որին Միացյալ Նահանգներն անդամակցեց: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավերածություններից հետո Եվրոպայի ազգերը պայքարում էին իրենց տնտեսության և անվտանգության վերականգնման համար: Վերջինիս համար պահանջվում էր վիթխարի օգնություն: Միացյալ Նահանգները տնտեսապես ուժեղ, վերազինված և ինտեգրված Եվրոպան դիտարկում էր, որպես կոմունիզմի' ամբողջ մայրցամաքով տարածման կանխարգելիչ ուժ: Այդ նպատակով պետքարտուղար Ջորջ Մարշալն առաջարկեց Եվրոպային լայնածավալ օգնություն ցուցաբերելու իր տնտեսական ծրագիրը: Արդյունքում Եվրոպայի վերականգնման ծրագիրը կամ Մարշալի պլանը ոչ միայն հանգեցրեց Եվրոպայի տնտեսական ինտեգրմանը, այլ նաև նպաստեց Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև ընդհանուր շահերի և համագործակցության գաղափարի զարգացմանը: Խորհրադային Միության կողմից Մարշալի պլանին մասնակցելուց և Արևելյան Եվրոպայում գտնվող իր արբանյակ երկրներին առաջարկվող տնտեսական աջակցությունից հրաժարվելը խթանեց Եվրոպայում արևելքի և արևմուտքի միջև անխուսափելի բաժանմանը:

1947-1948թթ. մի շարք իրադարձություններ հանգեցրեցին Արևմտյան Եվրոպայի բազմաթիվ ազգերի աճող անհանգստությանը սեփական երկրի ֆիզիկական և քաղաքական անվտանգության վերաբերյալ և եվրոպական գործերում Միացյալ Նահանգների ավելի սերտ ներգրավվածությանը: Հունաստանում շարունակվող քաղաքացիական պատերազմը, լարված իրավիճակը Թուրքիայում հանգեցրեցին նախագահ Հարի Թրումանի այն հայտարարությանը, որ Միացյալ Նահանգները երկու երկրներին, ինչպես նաև բռնապետության դեմ պայքարող ցանկացած այլ ազգի կցուցաբերի տնտեսական և ռազմական օգնություն: Չեխոսլովակիայում Խորհրդային Միության հովանավորությամբ իրականացվող հեղաշրջումը հանգեցրեց Գերմանիայի սահմաններում կոմունիստական կառավարության իշխանության գալուն: Ուշադրությունը սևեռված էր նաև դեպի Իտալիայի ընտրությունները, որտեղ կոմունիստական կուսակցությունը լուրջ ձեռքբերումներ էր ունեցել իտալացի ընտրողների շրջանում: Բացի այդ, մեկ այլ մտահոգության պատճառ էր Գերմանիայում տեղի ունեցող իրադարձությունները: 1948 թ. Խորհրդային Միության կողմից Արևմտյան Բեռլինի շրջափակումը Միացյալ նահանգներին և Խորհրդային Միությանը բերեց հակամարտության եզրին, չնայած Բեռլինի օդային կամուրջները օգնեցին կանխելու բացահայտ առճակատումը: Այս իրադարձությունները ԱՄՆ պաշտոնյաներին մեծապես անհանգստացնում էինլ, քանի որ Արևմտյան Եվրոպայի երկրները կարող էին լուծել իրենց անվտանգությանն առնչվող հարցերը Խորհրդային միության հետ բանակցելու միջոցով: Իրադարձությունների այսպիսի հնարավոր շրջադարձը կանխելու նպատակով Թրումենի վարչակազմը սկսեց մտածել եվրոպաամերիկյան դաշինք ստեղծելու մասին, որը կպարտավորեցներ Միացյալ Նահանգներին ամրապնդել Արևմտյան Եվրոպայի անվտանգությունը:

Արևմտյան Եվրոպայի երկրները պատրաստակամ էին քննարկել կոլեկտիվ անվտանգության համար առաջարկվող այդպիսի լուծումը: Ի պատասխան աճող լարվածության և, միևնույն ժամանակ ելնելով անվտանգության նկատառումներից, ռազմական դաշինք ստեղծելու նպատակով Արևմտյան Եվրոպայի մի շարք ներկայացուցիչներ միավորվեցին: 1948 թվականի մարտին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բելգիան, Նիդեռլանդները և Լուքսեմբուրգը ստորագրեցին Բրուսելյան համաձայնագիրը: Այդ համաձայնագիրը ապահովում էր կոլեկտիվ պաշտպանություն. եթե անդամ երկրներից որևէ մեկը հարձակման ենթարկվեր, ապա մյուսները պարտավոր էին օգնություն ցույց տալ տվյալ երկրին: Միևնույն ժամանակ Թրումենի վարչակազմը հաստատեց խաղաղության նախագիծը' բարձրացնելով ռազմական ծախսերը, և կոչ անելով պատմականորեն իզոլացիոն քաղաքականության կողմնակից Հանրապետական Կոնգրեսին հաստատել Եվրոպայի հետ ռազմական դաշինք: 1948 թվականի մայիսին հանրապետական սենատոր Արթուր Հ. Վանդենբուրգը ներկայացրեց լուծման բանաձև' առաջարկելով նախագահին կնքել անվտանգության պայմանագիր Արևմտյան Եվրոպայի հետ, որը թույլ կտար հավատարիմ մնալ Միացյալ Ազգերի կանոնադրությանը, սակայն գոյություն ունենալ Անվտանգության Խորհրդից առանձին, որտեղ Խորհրդային Միությունը ուներ վետոյի իրավունք: Վանդենբուրգի առաջարկած բանաձևը ընդունվեց և Հյուսիսատլանտյան դաշինքի ստեղծման վերաբերյալ բանակցությունները սկսվեցին:

Տևական բանակցությունների արդյունքում 1949 թվականին ստորագրվեց Հյուսիսատլանտյան դաշինքը: Ըստ այդ համաձայնագրի՝ ԱՄՆ-ն, Կանադան, Բելգիան, Դանիան, Ֆրանսիան, Իսլանդիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան և Մեծ Բրիտանիան համաձայնում էին թվարկված երկրներից որևէ մեկի դեմ ուղղված հարձակումն ընդունել իբրև հարձակում ուղղված բոլորի դեմ: Այս կոլեկտիվ պաշտպանության համաձայնագիրը պաշտոնապես կիրառվելու էր միայն Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի փաստաթուղթը ստորագրած երկրների դեմ հարձակումների ժամանակ, չներառելով հակամարտությունները գաղութային տարածքներում: Դաշինքը ստորագրելուց հետո, ստորագրած երկրներից շատերը սկսեցին ԱՄՆ-ից ռազմական օգնություն պահանջել: Ավելի ուշ՝ 1949 թվականին Թրումանը ռազմական օգնության ծրագիր մշակեց և արդեն հոկտեմբերին Փոխադարձ պաշտպանության աջակցության ծրագիրն ընդունվեց Կոնգրեսում, որն իրականացնելու համար պահանջվեց 1.4 միլիարդ դոլար:

Շուտով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ստեղծումից հետո Կորեական պատերազմի պոռթկումն անդամներին ստիպեց կենտրոնական շտաբի միջոցով ավելի արագ ինտգրել և համակարգել իրենց պաշտպանական ուժերը: Հարավային Կորեայի վրա Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված հարձակումը այդ ժամանակ դիտվում էր որպես Մոսկվայի կողմից ուղղորդվող կոմունիստական ագրեսիայի ամենավառ օրինակ, ուստի Միացյալ Նահանգներն անմիջապես քայլեր ձեռնարկեց կանխելու այդ ամենը: 1952 թ. անդամ պետությունները համաձայնեցին ընդունել Հունաստանի և Թուրքիայի անդամակցությունը դաշինքին, ինչին հաջորդեց 1955 թ. Գերմանիայի Դաշնային Հանրապետության անդամակցությունը:

ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանության նպատակն էր տեղավորել ամբողջ Արևմտյան Եվրոպան Ամերիկայի «միջուկային անձրևանոցի» տակ: 1905 թ. ձևավորվեց ՆԱՏՕ-ի առաջին ռազմական դոկտրինան, համաձայն որի անդամ պետություններից որևէ մեկի վրա հարձակմանն ԱՄՆ-ն պատասխանելու էր լայնածավալ ատոմային հարձակմամբ:

Թեպետ ՆԱՏՕ-ն ձևավորվել էր զարգացող Սառը Պատերազմի բարդ հետևանքներից խուսափելու նպատակով, այն շարունակեց գործել անգամ այդ հակամարտության ավարտից հետո' ներառելով նույնիսկ հետխորհրդային որոշ պետություններ: ՆԱՏՕ-ն այսօր էլ շարունակում է մնալ բոլոր ժամանակների ամենամեծ ռազմական դաշինքն ամբողջ աշխարհում:

Նյութը պատրաստեց՝ Սիմա Բոսնոյան

Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1285
Տեղադրվել է՝21:30:19 09-03-2014